Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար 1.7 մլն դրամի տուգանք է նշանակվել․ ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) մայրաքաղաքում իրականացրել է վերահսկողական միջոցառումներ՝ օդի աղտոտվածության կանխարգելման, շինհրապարակներում փոշու արտանետումների նվազեցման, ինչպես նաև քաղաքացիների ահազանգերի հիման վրա։

Հուլիսի 27-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգայցերի արդյունքում Երևանի տարբեր վարչական շրջաններում գործունեություն իրականացնող մի շարք շինարարական կազմակերպություններում արձանագրվել են մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումներ։

Խախտումներ են արձանագրվել հետևյալ ընկերություններում․

  • «ՄԵՏՏԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ,

  • Անհատ ձեռնարկատեր Արա Լևոնի Տեր-Մինասյան,

  • «ՊՈՍՏԵՌՈՒՄ» ՍՊԸ,

  • «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ,

  • «ԱՎԱ ՀՈԼԴԻՆԳ 2017» ՍՊԸ,

  • «ՎԲ ԿՈՆՍՏՐԱՔՇՆ» ՍՊԸ,

  • «360 ՊԱՆՈՐԱՄԱ» ՍՊԸ,

  • «ՊՐԵՏՈՐ» ՍՊԸ,

  • «ԲԻԴԵՔ» ՍՊԸ,

  • «ԲԻՊԼԱՆ» ՍՊԸ,

  • «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ,

  • «ԶԵՅԹՈՒՆ ՍԱՌՑԱՐԱՆ» ԲԲԸ։

Մասնավորապես, արձանագրված խախտումները վերաբերել են հետևյալին․

  • Հղկման աշխատանքների ընթացքում չեն օգտագործվել փոշու արտանետումները բացառող սարքեր,

  • Օդի դրական ջերմաստիճանի դեպքում շինհրապարակները պարբերաբար չեն ջրվել,

  • Առկա ավազի կույտերը չեն եղել ծածկված անթափանց ծածկոցով,

  • Բացակայել են անհրաժեշտ ցանկապատումները և այլն։

Խախտումներով կատարվող աշխատանքներն անհապաղ դադարեցվել են:

Արձանագրված խախտումների վերաբերյալ կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ, և իրավախախտների նկատմամբ կիրառվել են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։ Տնտեսավարողների նկատմամբ նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 1,700,000 ՀՀ դրամ։

ՌԴ-ն պատրաստ է վերականգնել հայկական գյուղմթերքի ներկրումը՝ խիստ պայմաններով

ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է, որ պատրաստ է վերականգնել հայկական գյուղատնտեսական ապրանքների մուտքը ռուսական շուկա, եթե հայկական կողմն ապահովի արտադրանքի անվտանգությունն ու թունաքիմիկատների խիստ վերահսկողությունը։ Բացի այդ, ռուսական կողմը պահանջում է, որ տեղական արտադրողներն օգտագործեն բացառապես սեփական հումքը, ինչպես նաև ներդրվի մատակարարումների ամբողջական հետագծելիության համակարգ։ Գերատեսչության պնդմամբ՝ հենց այս պահանջների չպահպանումն էլ պատճառ էր դարձել ներմուծման կասեցման համար։

Հիշեցնենք, որ Ռուսաստանն արդեն տևական ժամանակ է, ինչ սահմանափակումներ է կիրառում Հայաստանից ներկրվող գյուղմթերքի նկատմամբ՝ դա պատճառաբանելով որակական և անվտանգային խնդիրներով։

ԱԺ ընդդիմությունը՝ ցածր IQ-ներով․ծառայում են նույն արքային

Քաղաքական վերլուծաբան, տնտեսագետ
Բագրատ Առաքելյանի խոսքերով՝ Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժը ոչ թե պրոռոսական, այլ
կոնկրետ ռուսական ուժ է
«Իրենք ոչ մի հայաստանանպաստ
գաղափարներ առաջ չեն մղում, իրենց խոսքում առաջ են տանում Ռուսաստանի շահերը։ Յուրաքանչյուր
գործակալական ցանց իր աշխատանքը լավագույնս կատարում է, երբ գտնվում է ինչ-որ կառույցի
ներսում»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։

 

Առաքելյանի դիտարկմամբ՝ փաստը, որ «Ուժեղ Հայաստան»-ն է ղեկավարելու
Եվրաինտեգրման հանձնաժողովը, նշանակում է, որ ներսից փորձելու են խոչընդոտել այդ կառույցի
աշխատանքը
«Ինչպե՞ս։ Իրենք կարող
են ցանկացած որոշման հետ կապված ժողովներ, քննարկումներ նշանակել, հարցադրումներ բարձրացնել՝
արդյոք դա չի խոչընդոտում ԵԱՏՄ-ի շահերին իսկ Ռուսաստանի կարծիքը բերեք մի հատ ՌԴ-ի
հետ խորհրդակցենք։ Չեն կարող պարալիզացնել, որովհետև մեծամասնությունը «Քաղաքացիական
պայմանագրինն է», բայց լուրջ կերպով կարող են խոչընդոտել ու ձգձգել աշխատանքը»,-նկատեց
վերլուծաբանը։

 

Ինչ վերաբերում է ԹՐԻՓՓ-ի շուրջ «Հայաստան» դաշինքի ու «Ուժեղ
Հայաստան»-ի կարծիքների տարբերությանը, Բագրատ Առաքելյանը նշեց
«Չեմ կարծում իրենց ներսում կարող են լուրջ տարաձայնություններ
լինեն, որովհետև իրենք բոլորը ծառայում են մի արքայի ու այդ արքան ինչ որոշում կայացնի՝
իրենք կընդունեն։ Փաստը, որ ամեն անգամ փորձում են  կառչել Ալիևի կամ Ադրբեջանի  պաշտոնական կամ ոչ պաշտոնական, երրորդ կարգի մարդու
ինչ-որ ժողովում հնչեցրած որևէ խոսքից ու դա փորձում տարածել, խոսում է այն մասին, որ
իրենք պարզապես փորձում են հայկական միջավայրում վախ տարածել»,-եզրափակեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Ուկրաինային է փոխանցվել 261, Ռուսաստանին՝ 24 զինծառայողի մարմին

Օգոստոսի 13-ին Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել 261 զոհված զինծառայողի մարմին։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի Ռազմագերիների հարցերով համակարգող շտաբը։

Ուկրաինական կողմի փոխանցմամբ՝ առաջիկայում փորձագետները կիրականացնեն դիակների նույնականացման աշխատանքներ։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ էլ՝ փոխանակման արդյունքում Կիևը Մոսկվային է փոխանցել 24 մարմին։

Զոհվածների մարմինների նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել հուլիսի 16-ին, երբ Ուկրաինային էր վերադարձվել 501, իսկ Ռուսաստանին՝ 31 մարմին։

Հայաստանն ու Լեհաստանը համաձայնագրով կկարգավորեն գաղտնի տվյալների փոխանցման և պաշտպանության հարցերը

Հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության կառավարությունների միջև գաղտնի տեղեկությունների փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը։ 

Փաստաթղթով սահմանվում են գաղտնի տվյալների պաշտպանության, դրանց փոխանցման ու օգտագործման կանոնները, ինչպես նաև երկու երկրների իրավասու մարմինների համագործակցության ընթացակարգերը։ Համաձայնագիրը կարգավորում է նաև անվտանգության պահանջների հնարավոր խախտումների դեպքում ձեռնարկվելիք քայլերը։

Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ ՆԳՆ ոստիկանություն

Մեղրիի համայնքային ոստիկանները Շվանիձոր բնակավայրում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները նախապես օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Շվանիձոր գյուղի վարչական տարածքում ապօրինի արդյունահանման աշխատանքներ են իրականացվում։

Օգոստոսի 10-ին իրականացված ստուգումների արդյունքում նշված տարածքում հայտնաբերվել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկին պատկանող էքսկավատոր, ինչպես նաև մեկ այլ ընկերության երեք բեռնատար՝ արդեն իսկ բեռնված ավազակոպճային հանքանյութով։

Ստուգման պահին տարածքում առկա է եղել շուրջ 5,5 հազար խորանարդ մետր հանքանյութ, որը, ըստ նախնական տվյալների, պետք է տեղափոխվեր Վարդանիձորում գտնվող երրորդ ընկերության արտադրամաս՝ հետագա մշակման նպատակով։

Բեռնատարները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք, էքսկավատորը վերցվել է հսկողության տակ, իսկ կազմված նյութերն ու փաստաթղթերը փոխանցվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

Մեկնարկել են Աբովյան-Արզնի-Նոր Գեղի 6.7 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները. Դավիթ Խուդաթյան

Մեկնարկել են Աբովյան-Արզնի-Նոր Գեղի 6,7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Միքայել Աջապահյանի գործով

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 25.06.2026թ. կայացված որոշման դեմ։

Վարդապետյանը համաձան չէ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հետ և Վճռաբեկ դատարանից խնդրել է բեկանել որոշումը:

Հիշեցնենք, որ հունիսի 25–ի որոշմամբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի տնային կալանքը վերացվել էր։ Երևանի վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի կայացրած դատավճիռը։ Վարույթը փոխանցվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

Գևորգ Պապոյանն ու ՌԴ գյուղատնտեսության նախարարը քննարկել են հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացումը

Ալմաթիում տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսվարողների կողմից ՌԴ տարածք արտադրանքի մատակարարման, Ռուսաստանի տարածքով դեպի այլ երկրներ տարանցման ընթացքում առկա սահմանափակումների վերացմանը, ինչպես նաև լրացուցիչ վերահսկողական միջոցների կիրառմանն առնչվող խնդիրներին։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնելու ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) և ՌԴ «Ռոսսելխոզնադզորի» միջև փոխգործակցությունը։

Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ առկա հարցերի շուրջ կառուցողական երկխոսությունն ու փոխադարձ լուծումների որոնումը առանցքային նշանակություն ունեն երկու երկրների տնտեսական համագործակցության հետագա զարգացման համար։