Ամփոփվել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի հերթական փուլը

Ամփոփվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար նախատեսված «Կրթության կառավարում և առաջնորդություն» յոթամսյա վերապատրաստման ծրագրի հերթական փուլը։ Ծրագրի մասնակիցները ստացել են հավաստագրեր։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի համագործակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Գաբրիելյանը, «Հ․ Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի ղեկավար Կորյուն Խաչատուրյանը, վերապատրաստող փորձագետները, ծրագրի մասնակիցները։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ իրականացված համատեղ աշխատանքն ուղղված է հանրակրթության ոլորտում դպրոցի կառավարման դժվարությունները հաղթահարելուն: Նա ընդգծել է, որ վերջին շրջանում տնօրենների հավակնորդները, որոնք մասնակցում են թափուր հաստիքների մրցույթին, ավելի պատրաստված են ներկայանում՝ հիմքից պատկերացնելով խնդիրները, ինչը, ըստ նրա, ուսուցչական փորձի, ներսից խնդիրները դիտարկելու արդյունք է. «Մեզ համար կարևոր է՝ ուսուցիչները, որոնք աշխատել կամ աշխատում են դպրոցում և իրենց մեջ նկատում են առաջնորդական հատկություններ, նախաձեռնողականություն, սկսում են հավատալ, որ կարող են այս գործընթացով անցնել և դառնալ կառավարիչ»:

Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին՝ ցուցաբերած հետաքրքրության, մասնագիտական զարգացման շարունակականության, ինչպես նաև գործընկերներին՝ հաջող համագործակցության համար՝ նշելով, որ փորձը ցույց է տալիս՝ միայն բովանդակային ծրագիր և լավ դասավանդողներ ունենալը բավարար երաշխիք չեն պատրաստված հավակնորդ լինելու համար, և այսօրինակ վերապատրաստումներն ամբողջացնում են հավակնորդների պատրաստվածությունը:

Նա բոլոր մասնակիցներին բարի ընթացք է մաղթել՝ հույս հայտնելով, որ նրանց հետ կհանդիպեն արդեն հարցազրույցների փուլում:

«Մենք խորապես գնահատում ենք ուսուցիչների և դպրոցների տնօրենների դերը Հայաստանում կրթության որակը բարելավելու գործում և մեր առաքելությունն ենք համարում նրանց օժանդակելը: Կրթության կառավարման և առաջնորդության վերապատրաստման ծրագրերը «Այբ» հիմնադրամը նախաձեռնում և իրագործում է հենց այս տեսլականով: Սա պարզապես անհատների վերապատրաստման ծրագիր չէ, սա ծրագիր է մարդկանց համար, որոնք, լիահույս ենք, իսկապես վերափոխելու են իրենց դպրոցները մասնավորապես, կրթությունը՝ ընդհանրապես»,- ասել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Գաբրիելյանը:

Դասընթացը մեկնարկել է 2025 թ․ սեպտեմբերին և շարունակվել մինչև 2026 թ․ ապրիլը: Վերապատրաստման մասնակիցները հնարավորություն են ունեցել ձեռք բերելու դպրոցի զարգացման ծրագրի մշակման և դրա որակի գնահատման հմտություններ, զարգացնելու կրթական կառույցի ռազմավարական կառավարման գիտելիքներն ու կարողությունները։

Ծրագրի մասնակցելու հայտ է ներկայացրել 298 մասնակից, որոնցից ընտրվել է 60-ը: Աշխատանքներն իրականացվել են 2 խմբով՝ համակցված ձևաչափով, ընդհանուր տևողությունը (2 խմբի պարագայում) 252 ժամ, որից 143 ժամն առկա, 109 ժամը՝ առցանց:

«Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագիրը մշակել է և իրականացրել է «Այբ» կրթական հիմնադրամը՝ միջազգային գործընկերոջ՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի (UCL IOE) հետ համագործակցությամբ: Դասընթացի հերթական փուլն իրականացվել է «Հ․ Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Դասընթացի նախորդ փուլն իրականացվել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկերությամբ:

Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա 5-9 աստիճանով

Ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ը, մայիսի 1-3-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ապրիլի 29-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան,2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը ապրիլի 28-ի և 29-ի ցերեկը աստիճանաբար կնվազի ևս 2-3 աստիճանով, ապրիլի 30-ին և մայիսի 1-3-ը աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով։

Երևանում ապրիլի 28-ին՝ կեսօրից հետո, 29-30-ին՝ գիշերը և կեսօրից հետո, մայիսի 1-3-ը՝ երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Իրավապահները ընտրակաշառքների հարցով գործելու են շատ խիստ․ անկախ նրանից կգործեք բաց կապով, թե աղունիկով․ Սիմոնյան

28.04.2026

Քաղաքականություն

Իրավապահները ընտրակաշառքների հարցով գործելու են շատ խիստ․ անկախ նրանից կգործեք բաց կապով, թե աղունիկով․ Սիմոնյան

«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Ապրիլի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Լ. Ս.-ն իր վարած «Տեսլա» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի 4-րդ ոլորանում, կիսակողաշրջված հայտնվել է ձորում՝ բախվելով ծառին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Փրկարարները ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ ավտոմեքենան դուրս բերելու անվտանգ վայր։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ։

TRIPP-ը միայն Ադրբեջան-Նախիջևան կապ չէ, այն տարածաշրջանային ռազմավարական նախագիծ է. ԱԳ փոխնախարար

TRIPP նախագիծը շատ ավելի լայն ռազմավարական նշանակություն ունի և չի սահմանափակվում միայն Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապով։Համաշխարհային քաղաքականության համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը անդրադարձել է TRIPP նախագծին և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։

Կոստանյանը նշել է, որ TRIPP նախագծին աջակցելու ձևակերպումը լիովին ճշգրիտ չէ։

«ԹՐԻՓՓ նախագծին աջակցելը Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների թերևս ամենաճշգրիտ բնորոշումը չէ, քանի որ, նախ՝ TRIPP-ն այնպիսի նախագիծ է, որի լիակատար սեփականատերը Հայաստանն է, և երկրորդ՝ մենք ինքներս խիստ շահագրգռված ենք տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ նախագիծը ունի շատ ավելի լայն ռազմավարական նշանակություն։

«ԹՐԻՓՓ-ը միայն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի կապը չէ․ այն շատ ավելի մեծ և ռազմավարական նախագիծ է՝ Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապելու, ինչպես նաև փոխադարձ օգուտների ապահովման հանձնառությունը հասկանալու համար»,- նշել է Կոստանյանը։

Նա ընդգծել է, որ ապաշրջափակման արդյունքում Հայաստանը կարող է կապվել սեփական տարածքի տարբեր հատվածների միջև։

«Սա նաև գործնականում նշանակում է, որ Հայաստանի հարավային հատվածը կարող է կապվել հյուսիսային հատվածի հետ՝ օգտագործելով Նախիջևանի երկաթուղին»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ գործընթացը հնարավորություն կտա կապել Արևելքը Արևմուտքի, ինչպես նաև Ծոցը Սև ծովի հետ։

Կոստանյանի խոսքով՝ Հայաստանը հետաքրքրված է նախագծի իրականացմամբ և ակտիվ քննարկումներ է վարում ամերիկյան կողմի հետ։

«Ակտիվ քննարկումներ են ընթանում ամերիկացի գործընկերների հետ այն մասին, թե ինչպես ենք պատրաստվում Հայաստանում ստեղծել հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն»,- նշել է նա։

Նա նաև ընդգծել է, որ արդեն առկա են տարածաշրջանային համագործակցության գործնական օրինակներ։

«Արդեն մեկնարկել ենք ոչ միայն իրագործելիության ուսումնասիրությունը, այլ նաև հենց տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը, քանի որ օգոստոսի 8-ից հետո, օրինակ, ունենք Ղազախստանից՝ Ադրբեջանի և Վրաստանի երկաթուղային համակարգերով հացահատիկ ներմուծելու նախադեպ»,- ասել է Կոստանյանը՝ դա գնահատելով որպես համագործակցության արդյունավետ օրինակ։

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ Կոստանյանը նշել է, որ կողմերը խոսում են խաղաղության հաստատման մասին։

«Երկու երկրների առաջնորդներն էլ բազմիցս նշել են, որ խաղաղությունն արդեն հաստատված է Հայաստանի և Ադրբեջանի միջև, և այն գործընթացները, որոնք այժմ ընթանում են, նախընտրում ենք անվանել խաղաղության ինստիտուցիոնալացում»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ այս գործընթացի շրջանակում իրականացվում են տնտեսական և այլ քայլեր։

«Արդեն սկսել ենք երկկողմ ուղիղ առևտուրը՝ Ադրբեջանից վառելիքի ներմուծմամբ, և հուսով ենք, որ մոտ ապագայում դա տեղի կունենա ևս՝ արդեն հստակեցրել ենք, թե ինչ ենք արտահանելու Հայաստանից Ադրբեջան»,- նշել է Կոստանյանը։

Նա հավելել է, որ աշխատանքներ են տարվում նաև հասարակությունների միջև շփումների ուղղությամբ։

«Կազմակերպվում են հանդիպումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև»,- ասել է նա՝ ընդգծելով, որ այդ հանդիպումները տեղի են ունենում ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում և Ադրբեջանում։

Կոստանյանը կարևորել է նաև տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափերը։

«Ունենք նաև շատ կարևոր ձևաչափ, որը հաստատվել է մեր վրացի գործընկերների հետ՝ արտաքին գործերի նախարարությունների միջև եռակողմ խորհրդակցությունների տեսքով»,- նշել է նա։

ԱԳ նախարարի տեղակալի խոսքով՝ տարածաշրջանում համագործակցության հեռանկարները լայն են։

«Մենք տարածաշրջանային համագործակցության մեծ հեռանկար ենք տեսնում ոչ միայն Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև, այլև մեր ավելի լայն հարևանության հետ»,- եզրափակել է Կոստանյանը։

ԱՄՆ-ն չի հասել իր նպատակներին, դրա համար էլ բանակցություններ է խնդրում․ Աբբաս Արաղչի

ԱՄՆ-ը Իրանին բանակցություններ է առաջարկել, և Թեհրանը ներկայումս դիտարկում է այդ հնարավորությունը։ Այս մասին Ռուսաստան կատարած այցի շրջանակներում «Վեստիի» լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանության մեջ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչի։

Նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ը Իրանի հետ դիմակայությունում չի հասել իր և ոչ մի նպատակին։

«Այդ դեպքում ինչո՞ւ նա [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը] առաջարկեց բանակցություններ։ Ակնհայտ է, որ Իրանը դիմակայում է աշխարհի ամենամեծ գերտերությանը, և նրանք չեն հասել իրենց և ոչ մի նպատակին. ահա թե ինչու է նա բանակցություններ խնդրում, և մենք հիմա դիտարկում ենք այդ տարբերակը», — ասել է նա՝ անդրադառնալով նրան, որ Թրամփն իրեն «հաղթող» է անվանել։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպել է Սանկտ Պետերբուրգում երկուշաբթի օրը՝ ապրիլի 27-ին։

Մի թույլիկ կուսակցություն կա, որին բռնում են «ուժեղ» ընտրակաշառք բաժանելիս․ Գևորգ Պապոյան

Մի թույլիկ կուսակցություն կա, որին բռնում են «ուժեղ» ընտրակաշառք բաժանելիս․ Գևորգ Պապոյան

Մի թույլիկ կուսակցություն կա, որին բռնում են «ուժեղ» ընտրակաշառք բաժանելիս․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ սուր քննադատության է ենթարկել Սամվել Կարապետյանի հետ փոխկապակցված «ուժեղ» հռետորաբանությամբ հայտնի քաղաքական ուժին։

Նախարարը հեգնանքով է անդրադարձել այդ կուսակցության գործունեությանը՝ նշելով, որ նրանք հանրությանը հայտնի են միայն երկու բացասական դրվագով։

Որպես առաջին և ամենաակնառու բնութագրիչ՝ Գևորգ Պապոյանը մատնանշել է իրավապահների կողմից պարբերաբար արձանագրվող ընտրակաշառքի դեպքերը։

«Մի թույլիկ կուսակցություն կա, որի անդամներին մեր իրավապահները բավականին հաճախ բռնում են ուժեղ ընտրակաշառքներ բաժանելիս։ Ու զուգահեռ նաև պարզվում է, որ ոչ միայն ընտրակաշառք են բաժանում, այլ նաև հայհոյում են այդ ընտրակաշառքը վերցնող քաղաքացիներին»,- նշել է նախարարը։

Նա շեշտել է, որ քաղաքացիներին վիրավորելու համար այդ ուժի ներկայացուցիչները «գլուխները պատին են տալիս»։

Երկրորդ դրվագը, ըստ Պապոյանի, վերաբերում է այդ ուժի ներկայացուցիչների տարօրինակ վարքագծին սոցիալական ցանցերում։

Նախարարի խոսքով՝ կուսակցության անդամները պարբերաբար հոլովակներ են նկարում, որտեղ առանց լուրջ ասելիքի պարզապես բարձր գոռում են՝ «ուժեղ, ուժեղ, ուժեղ»։

Պապոյանն ընդգծել է, որ բացի այս երկու հանգամանքից՝ ընտրակաշառքից և «ուժեղ» գոռալուց, այս «թույլիկ կուսակցությունից» այլ բան հնարավոր չէ մտաբերել։

Թրամփի կինը Սպիտակ տանը մեղվաբուծությամբ է զբաղվում

ԱՄՆ նախագահի վարչակազմը հայտարարություն է տարածել մեղրի արտադրության և մեղվաբուծության ծրագրի ընդլայնման մասին։ Սպիտակ տնից հայտնել են, որ ամերիկյան առաջնորդի տիկինը մասնակցել է Հարավային մարգագետնի տարածքում Սպիտակ տան տեսքով նոր փեթակի տեղադրմանը։

Նշվում է, որ նոր փեթակի տեղադրմամբ ԱՄՆ նախագահի նստավայրում մեղվաընտանիքների թիվը հասել է չորսի։

Հունգարիան կարող է վերադառնալ Erasmus ծրագրին և ստանալ 11 միլիարդ եվրո վերականգնման հիմնադրամից. Reuters

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Հունգարիայի ապագա վարչապետ Պետեր Մադյարը ապրիլի 29-ին կքննարկեն այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են Բուդապեշտին՝ Եվրամիության սառեցված 17 միլիարդ եվրո միջոցները հասանելի դարձնելու համար:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությանը, այդ միջոցների մի մասը՝ մասնավորապես 11 միլիարդ եվրոն, հատկացվելու է հետհամավարակային Վերականգնման հիմնադրամից: Բանակցությունները կենտրոնացած կլինեն ֆինանսավորման ապասառեցմանն ուղղված քայլերի վրա, սակայն կարող են ներառել նաև այլ հարցեր, օրինակ՝ Հունգարիայի վերադարձը Erasmus ուսանողական փոխանակման ծրագրին, որին մասնակցությունը կասեցվել էր 2023 թվականի սկզբից՝ ակադեմիական ազատությունների վերաբերյալ մտահոգությունների պատճառով:

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովը սառեցրել էր Հունգարիայի համար նախատեսված 27 միլիարդ եվրոյից 17 միլիարդը: Ըստ տեղեկությունների՝ ֆինանսավորումը դադարեցվել էր այն պատճառով, որ Վիկտոր Օրբանի հեռացող կառավարությունը ենթադրաբար չէր համապատասխանում իրավունքի գերակայության ոլորտում ԵՄ չափանիշներին: