ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում դիվանագետների աշխատաժողովի ժամանակ քննարկվել են միջազգային զարգացումները

Շարունակվում են ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի աշխատանքները։Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ 

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է այս տարվա դեսպանաժողովի ուղերձի կարևորությունը․ Հայաստանի Հանրապետությունը՝ ներառյալ դիվանագիտական ծառայությունը թևակոխում են նոր փուլ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ եթե նախորդ տարվա՝ օգոստոսի 8-ից հետո նույն ձևաչափով կայացած քննարկման հիմնական ուղերձը հաստատված խաղաղության շարունակական ամրապնդման կարևորությունն էր, այսօր խաղաղությունն արդեն իրողություն է։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ այսօրվա իրողությունների պայմաններում թե՛ մարտահրավերները, թե՛ հնարավորություններն այլ են, և դրանց համապատասխանաբար հասցեագրման և առավելագույնս իրացման գործում դիվանագիտական ծառայությունը շարունակելու կարևորագույն դեր կատարել՝ կյանքի կոչելով ՀՀ ժողովրդից ստացած նոր՝ ՀՀ անկախության և դիմակայունության հետևողական ամրապնդման առաջադրանքը։

Անդրադարձ է կատարվել նաև նախորդ հինգ տարիների ընթացքում եղած ծանրագույն մարտահրավերներին և դրանց հաղթահարման ճանապարհին համատեղ իրականացված աշխատանքին։

Անդրադառնալով ՀՀ զարգացման և տարածաշրջանային փոխկապակցվածության ցանցին արդյունավետ ինտեգրման նոր հեռանկարներին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ-ն այսօր ունի պատմական հնարավորություն, և կառավարությունը հետևողական ջանքեր է գործադրում այս ուղղությամբ նշանակալի արդյունքների ապահովման ուղղությամբ։

Նախարար Միրզոյանը պատասխանել է դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հարցերին։

Քննարկվել են ինչպես հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման, այնպես էլ լայն աշխարհագրությամբ գործընկերությունների խորացման, կապերի դիվերսիֆիկացման հարցեր՝ կարևորելով նաև տնտեսական բաղարիչի լիակատար իրացումը։

Անդրադարձ է կատարվել խաղաղության շարունակական ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերին։

Մտքեր են փոխանակվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև բազմակողմ հարթակներում ՀՀ ներգրավածության նոր առաջնահերթությունների շուրջ։

17 երկրների առաջնորդներ՝ Բիշքեկում․ Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանը ևս կմասնակցեն

Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին կմասնակցեն 17 պետությունների առաջնորդներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությանը։

Գագաթնաժողովը կանցկացվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ Քննարկվելու են միջազգային և տարածաշրջանային օրակարգը, ՇՀԿ-ի հետագա զարգացումն ու քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, թվային և այլ ոլորտներում համագործակցությունը։

Հանդիպման արդյունքներով նախատեսվում է ընդունել ՇՀԿ-ի 25-ամյակին նվիրված հռչակագիր, ինչպես նաև մի շարք որոշումներ և թեմատիկ հայտարարություններ։

Վրաստանում աբխազ TikTok-երի մահվան գործով օտարերկրացի կնոջ են ձերբակալել

Վրաստանում Դաուր Բուավայի մահվան գործով օտարերկրացի կին է ձերբակալվել՝ վտանգավոր վիճակում մարդուն թողնելու մեղադրանքով, հայտնել է երկրի ՆԳՆ-ն։

Գերատեսչության տվյալներով՝ Բուավան և կինը ընկերներ են եղել և Թբիլիսիի Դիդի-Դիգոմի թաղամասում գտնվող ժամանակավոր բնակարանում միասին թմրանյութ են օգտագործել։ Դրանից հետո երկուսի ինքնազգացողությունը վատացել է։

Քննության վարկածով՝ Բուավան գտնվել է կյանքի համար վտանգավոր վիճակում, սակայն կինը նրան մենակ է թողել, բնակարանը դրսից կողպել և հեռացել՝ առանց օգնություն կանչելու։

Գործը քննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ և 128-րդ հոդվածներով՝ ինքնասպանության հասցնելու և վտանգավոր վիճակում թողնելու հատկանիշներով։ Քննությունը շարունակվում է։

31-ամյա Դաուր Բուավան հայտնի էր TikTok-ի իր տեսանյութերով։ Նա Վրաստանի քաղաքացի էր և հրապարակայնորեն քննադատում էր Աբխազիայի իշխանություններին ու ռուս-աբխազական կապերը։

Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրիի մի շարք հասցեներում ջրալցվել են նկուղներ

Օգոստոսի 28-ի երեկոյան հորդառատ անձրևի հետևանքով Գյումրի քաղաքի Անի թաղամասի մի շարք հասցեներում ջրալցվել են նկուղներ։

Ժամը 20։16-ից սկսած Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ահազանգերին արձագանքել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկները։

Փրկարարները տարբեր հասցեներում մոտոպոմպերի միջոցով իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ նկուղներից հեռացնելով ընդհանուր մոտ 125 խմ ջուր։

Այսօրվա երթուղին կազմեց 138 կիլոմետր. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Այսօրվա երթուղին կազմեց 138 կիլոմետր՝ Ֆեյսբուքում տեսանյութին կից գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ հեծանվային արշավը կշարունակվի նաև օգոստոսի 30-ին։ Նախատեսված երթուղին բաղկացած է երեք հատվածից՝ 24 կմ, 26,1 կմ և 28,7 կմ։ Այսպիսով՝ երկրորդ օրը մասնակիցները կանցնեն շուրջ 79 կմ՝ հասնելով վերջնագծին Սևանի թերակղզում։

Երկու օրերի ընթացքում հեծանվորդները, ըստ նախնական երթուղու, կանցնեն շուրջ 215 կմ ճանապարհահատված՝ Սևանի շուրջը։ Արշավի բոլոր մասնակիցներին կտրվեն մասնակցության հավաստագրեր։ Միջոցառումը մրցանակային հիմնադրամ չի նախատեսում։

 

Երկօրյա նախաձեռնության նպատակն է նպաստել Հայաստանում հեծանվային արշավների ավանդույթի ձևավորմանն ու զարգացմանը, խթանել հեծանվային մշակույթը և առողջ ապրելակերպը։

 

Միջոցառումն անցկացվում է սեպտեմբերի 10-13-ը նախատեսված Tour of Armenia միջազգային բազմօրյա հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ:

 

Մոսկվայի և Եվրոպայի միջև հարաբերությունների բարելավման տեսանելի նախադրյալներ չկան․ Պեսկով

Եվրոպան ամբողջությամբ մոբիլիզացնում է իր ռազմական ներուժը և այն ուղղորդում Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ ներկայումս Մոսկվայի և Եվրոպայի միջև հարաբերությունների բարելավման համար տեսանելի նախադրյալներ չկան։

Նա ընդգծել է, որ եվրոպական երկրների քաղաքականությունն այս փուլում շարունակում է մնալ Ռուսաստանի նկատմամբ առճակատման տրամաբանության շրջանակում։

Եվրոպան ձմռանն ընդառաջ գազի պաշարների խնդիր ունի․ The Guardian

Եվրոպան ջեռուցման սեզոնին մոտենում է գազի պաշարների վերջին 13 տարվա ամենացածր մակարդակով, գրում է The Guardian-ը։

Օգոստոսի վերջին եվրոպական գազապահեստարանները լցված էին մոտ 63%-ով՝ նախորդ տարիների նույն ժամանակահատվածի շուրջ 80%-ի փոխարեն։ Փորձագետները զգուշացնում են, որ ցուրտ ձմռան դեպքում գազի գները կարող են կտրուկ աճել։

Գազի գինը վերջին շաբաթներին գերազանցել է €68-ը մեկ ՄՎտ·ժ-ի համար։ Goldman Sachs-ի վերլուծաբանները չեն բացառում, որ ձմռանը այն կարող է անցնել €100-ը, եթե Մերձավոր Արևելքից մատակարարումները չվերականգնվեն։

Հատկապես խոցելի է Մեծ Բրիտանիան, որը մեծապես կախված է գազի ներմուծումից։ Սակայն փորձագետները կարծում են, որ Եվրոպան այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, ֆիզիկական գազի դեֆիցիտ չի ունենա։

Տարեվերջին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու․ ՆԳՆ

ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների թվայնացման գործընթացը շարունակվում է։ Օգոստոսի 27-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի շրջանակում ներկայացվել է Հայաստանում օտարերկրացիների բնակության թույլտվությանն առնչվող փաստաթղթերի՝ կացության կարգավիճակների տրամադրման համար դիմումների ընդունման և դրանց ընթացքի թվայնացման նպատակով ներդրվող առցանց հարթակի նախնական տարբերակը։

Քննարկմանը մասնակցել են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը և Ծառայության ներկայացուցիչներ։

Նոր հարթակի ներդրումը պայմանավորված է «Օտարերկրացիների մասին» օրենքում կատարված փոփոխություններով, որոնց համաձայն՝ նոյեմբերի 1-ից կթվայնացվեն Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները։

Մեքսիկայում միգրանտներին թունելներով ԱՄՆ տեղափոխող խմբավորման 8 անդամ է ձերբակալվել

Մեքսիկայում ձերբակալվել է միգրանտներին ստորգետնյա թունելներով ԱՄՆ տեղափոխելու մեջ կասկածվող La Tía («Մորաքույր») խմբավորման ութ անդամ, այդ թվում՝ ենթադրյալ առաջնորդը, հայտնում է AFP-ն։

Իշխանությունների տվյալներով՝ խմբավորումը զբաղվել է նաև թմրանյութերի առևտրով, առևանգումներով և շորթմամբ։ Ձերբակալությունները տեղի են ունեցել Խալիսկո և Չիուաուա նահանգներում։ Գործողության ընթացքում առգրավվել են երկու պիկապ, 31 հեռախոս և էլեկտրոնային սարքավորումներ։

Հետաքննությունը սկսվել էր ԱՄՆ-ի դիմումից հետո։