Մոսկվայի և Եվրոպայի միջև հարաբերությունների բարելավման տեսանելի նախադրյալներ չկան․ Պեսկով

Եվրոպան ամբողջությամբ մոբիլիզացնում է իր ռազմական ներուժը և այն ուղղորդում Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ ներկայումս Մոսկվայի և Եվրոպայի միջև հարաբերությունների բարելավման համար տեսանելի նախադրյալներ չկան։

Նա ընդգծել է, որ եվրոպական երկրների քաղաքականությունն այս փուլում շարունակում է մնալ Ռուսաստանի նկատմամբ առճակատման տրամաբանության շրջանակում։

Եվրոպան ձմռանն ընդառաջ գազի պաշարների խնդիր ունի․ The Guardian

Եվրոպան ջեռուցման սեզոնին մոտենում է գազի պաշարների վերջին 13 տարվա ամենացածր մակարդակով, գրում է The Guardian-ը։

Օգոստոսի վերջին եվրոպական գազապահեստարանները լցված էին մոտ 63%-ով՝ նախորդ տարիների նույն ժամանակահատվածի շուրջ 80%-ի փոխարեն։ Փորձագետները զգուշացնում են, որ ցուրտ ձմռան դեպքում գազի գները կարող են կտրուկ աճել։

Գազի գինը վերջին շաբաթներին գերազանցել է €68-ը մեկ ՄՎտ·ժ-ի համար։ Goldman Sachs-ի վերլուծաբանները չեն բացառում, որ ձմռանը այն կարող է անցնել €100-ը, եթե Մերձավոր Արևելքից մատակարարումները չվերականգնվեն։

Հատկապես խոցելի է Մեծ Բրիտանիան, որը մեծապես կախված է գազի ներմուծումից։ Սակայն փորձագետները կարծում են, որ Եվրոպան այս ձմռանը, ամենայն հավանականությամբ, ֆիզիկական գազի դեֆիցիտ չի ունենա։

Տարեվերջին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու․ ՆԳՆ

ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների թվայնացման գործընթացը շարունակվում է։ Օգոստոսի 27-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի շրջանակում ներկայացվել է Հայաստանում օտարերկրացիների բնակության թույլտվությանն առնչվող փաստաթղթերի՝ կացության կարգավիճակների տրամադրման համար դիմումների ընդունման և դրանց ընթացքի թվայնացման նպատակով ներդրվող առցանց հարթակի նախնական տարբերակը։

Քննարկմանը մասնակցել են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը և Ծառայության ներկայացուցիչներ։

Նոր հարթակի ներդրումը պայմանավորված է «Օտարերկրացիների մասին» օրենքում կատարված փոփոխություններով, որոնց համաձայն՝ նոյեմբերի 1-ից կթվայնացվեն Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները։

Մեքսիկայում միգրանտներին թունելներով ԱՄՆ տեղափոխող խմբավորման 8 անդամ է ձերբակալվել

Մեքսիկայում ձերբակալվել է միգրանտներին ստորգետնյա թունելներով ԱՄՆ տեղափոխելու մեջ կասկածվող La Tía («Մորաքույր») խմբավորման ութ անդամ, այդ թվում՝ ենթադրյալ առաջնորդը, հայտնում է AFP-ն։

Իշխանությունների տվյալներով՝ խմբավորումը զբաղվել է նաև թմրանյութերի առևտրով, առևանգումներով և շորթմամբ։ Ձերբակալությունները տեղի են ունեցել Խալիսկո և Չիուաուա նահանգներում։ Գործողության ընթացքում առգրավվել են երկու պիկապ, 31 հեռախոս և էլեկտրոնային սարքավորումներ։

Հետաքննությունը սկսվել էր ԱՄՆ-ի դիմումից հետո։

Հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները պատժամիջոցներ չեն․ Գալուզին

Հայկական գյուղատնտեսական արտադրանքի որոշ տեսակների ներմուծման նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումները որպես «պատժամիջոցներ» ներկայացնելը չի համապատասխանում իրականությանը։ РИА Новости-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով՝ Հայաստանի մի շարք պաշտոնյաներ և լրատվամիջոցներ սահմանափակումները ներկայացնում են որպես Ռուսաստանի կողմից կիրառվող «պատժամիջոցներ», մինչդեռ դրանք, ըստ Մոսկվայի, պայմանավորված են բուսասանիտարական վերահսկողության պահանջներով։

Գալուզինը նշել է, որ ռուսական կողմը մշտապես ուշադրություն է դարձրել այդ պահանջների պահպանմանը։ Դրանք ներառում են հայկական արտադրողների կողմից սեփական հումքի օգտագործումը, թունաքիմիկատների նկատմամբ վերահսկողությունը և մատակարարումների հետագծելիության ապահովումը։

Նա նաև նշել է, որ Հայաստանի ղեկավարությունն ավելի վաղ ընդունել է որոշ ապրանքների որակի հետ կապված խնդիրների առկայությունը։

Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ հունիսի 12-ից սահմանափակում է Հայաստանից կարանտինային ենթակա արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև դրա տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ։

Ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը սահմանափակումները պայմանավորել էր արտադրողների մոտ որակի արդյունավետ վերահսկողության բացակայությամբ։

Ռուսաստանը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը

Ռուսաստանի կառավարությունը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի, ինչպես նաև գազոյլների արտահանման արգելքը՝ անմիջական արտադրողների համար։

Կառավարության փոխանցմամբ՝ որոշումն անհրաժեշտ է ներքին վառելիքի շուկայում կայունությունը պահպանելու համար։ Վառելիքի արտահանման ընդհանուր արգելքը գործում է մինչև 2027 թվականի հունվարի 31-ը։

4 րոպեում տարել են 1.7 մլն եվրոյի ոսկի․ Իսպանիայում կողոպտել են հնագիտական թանգարանը

Իսպանիայի Ալիկանտե նահանգի Վիլենա քաղաքի հնագիտական թանգարանից հինգշաբթի վաղ առավոտյան անհայտ անձինք գողացել են «Վիլենայի գանձի»՝ բրոնզեդարյան ոսկյա զարդերի և այլ արժեքների եզակի հավաքածուի զգալի մասը: Հափշտակված ոսկու շուկայական արժեքը գնահատվում է մինչև 1.7 միլիոն եվրո, իսկ հավաքածուի պատմամշակութային արժեքը համարվում է անգնահատելի։

Հանցագործությունը տևել է 4 րոպեից էլ պակաս։ Նախնական տվյալներով՝ հանցագործները նախ փորձել են կոտրել թանգարանի գլխավոր մուտքը, ապա ներս են ներխուժել կողային պատուհանից՝ շրջանցելով առկա անվտանգության և պաշտպանիչ համակարգերը։

«Վիլենայի գանձը» հայտնաբերվել է 1963 թվականին։ Այն բաղկացած է մ.թ.ա. 1000–1250 թվականներով թվագրվող 59 առարկաներից, որոնք պատրաստված են ոսկուց, արծաթից, երկաթից ու սաթից, և համարվում է Եվրոպայում բրոնզե դարի ոսկերչական արվեստի կարևորագույն հավաքածուներից մեկը։

Հանցագործները տարել են ոսկյա իրերի մեծ մասը, ինչպես նաև ավելի ուշ շրջանի մի քանի ոսկյա ու արծաթյա առարկաներ՝ թողնելով միայն արծաթյա անոթներն ու որոշ ցուցանմուշներ։

Դեպքին նախորդել է Վիլենայի մարզադահլիճում հնչած կեղծ ահազանգը, որը շեղել է ոստիկանական ուժերին դեպի քաղաքի մեկ այլ հատված։ Դրանից րոպեներ անց ահազանգ է միացել թանգարանում, սակայն իրավապահների հասնելու պահին գողերն արդեն փախուստի էին դիմել։

Ալիկանտեի իշխանությունների ներկայացուցիչ Մանուել Պինյեդան հայտնել է, որ տեսախցիկները ֆիքսել են թանգարանին մի քանի մեքենաներով մոտեցած անձանց։ Իրավապահները վստահ են, որ հանցագործությունը եղել է պրոֆեսիոնալ մշակված և նախապես ծրագրված։ Գործի քննությունը վարում են Իսպանիայի քաղաքացիական գվարդիան ու ոստիկանությունը։

Մոսկվային մտահոգում են Հայաստանում ընդդիմադիրների ձերբակալությունները․ ՌԴ նախագահի օգնական

Բիշքեկում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կքննարկեն Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու ձգտումներն ու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ համագործակցության հարցերը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Նախատեսում ենք զրույց ունենալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է․ Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ զգալի օգուտներ քաղելով ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունից։ Այս հարցը որոշակի լուծում է պահանջում, և երկրների ղեկավարներն անկասկած կանդրադառնան դրան»,- նշել է Ուշակովը։

ՌԴ նախագահի օգնականն անդրադարձել է նաև Հայաստանում տեղի ունեցող ձերբակալություններին՝ ընդգծելով, որ դրանք Մոսկվայում «մեծ մտահոգություն» են առաջացնում։

«Ակնհայտ է, որ այս հանդիպումը տեղի կունենա յուրահատուկ ֆոնին, երբ ընդդիմադիր գործիչները զանգվածաբար ձերբակալվում են, հատկապես նրանք, ովքեր հանդես են գալիս հայ-ռուսական ավանդական բարիդրացիական կապերի վերականգնման օգտին։ Հետևաբար, այս թեման նույնպես անպայման կքննարկվի։ Հայաստանի ղեկավարության որդեգրած այս քաղաքական գիծը մեզ համար խիստ մտահոգիչ է»,- հավելել է նա։

ՇՀԿ գագաթնաժողովը նախատեսված է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ Ռուսական պատվիրակության կազմում ընդգրկված են նաև ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և նախագահի օգնական Մաքսիմ Օրեշկինը։

Մարտուն Գրիգորյանի որդու՝ Կամո Գրիգորյանի կողմից ապօրինի զենք կրելու, խուլիգանության և ֆիզիկական ներգործության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ.Գ.-ն (Մարտուն Գրիգորյանի որդին՝ Կամո Գրիգորյանը) 2025 թվականի հունիսի 20-ին մի խումբ անձանց հետ Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտա 1/1 հասցեի դիմաց վիճաբանել է Վ.Կ.-ի հետ, որի ընթացքում՝ խմբի կազմում, իր կողմից ապօրինի կրած զենքի գործադրմամբ, հասարակության նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք՝ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ: Այնուհետև, վճաբանության ընթացքում արձակվել է 2-ից 3 կրակոց, ինչի հետևանքով խափանվել է հասարակական նշանակության օբյեկտի բնականոն աշխատանքը և սննդի կետի աշխատակիցների մոտ առաջացել է վախի զգացում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

«Բացի դրանից՝ Կ.Գ.-ն մի խումբ անձանց հետ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, Վ.Կ.-ի նկատմամբ գործադրել է ֆիզիկական բռնություն, այն է՝ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Նախաքննության ընթացքում Կ.Գ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք կրելը), իսկ Վ.Կ.-ի նկատմամբ՝ 195-րդ հոդվածի 1-ին մասով (ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը):

Հունիսի 19-ին Շիրակի մարզային քննչական վարչություն է ներկայացվել հետախուզման մեջ գտնվող Կ.Գ.-ն, իսկ հաջորդ օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, որը հետագայում դատարանի որոշմամբ փոխվել է այլընտրանքային խափանման միջոցներով:

Կ.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Հիշեցնենք, որ մյուս մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթը մարտի 4-ին ուղարկվել է դատարան»,- ասվում է հաղորդագրությունում: