Էկոլուրը էկոկրթական հանդիպում անցկացրեց Երևանի Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 հիմնական դպրոցում

Էկոլուրը  էկոկրթական հանդիպում անցկացրեց Երևանի Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 հիմնական դպրոցում

2026թ․ ապրիլի 10-ին Երևանի Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 հիմնական դպրոցի հրավերով Էկոլուրի թիմն էկոկրթական հանդիպում անցկացրեց 9-րդ դասարանի աշակերտների հետ։

Հանդիպումը կազմակերպվել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2025-2026թթ․ ուստարվա «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» կարգախոսի շրջանակներում, հանդիպան թեման էր «Բնապահպանական անվտանգություն, բնապահպանական աղետներ»։

Հանդիպմանը մասնակցեցին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանն ու լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանը։ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց կլիմայի փոփոխության հիմնական պատճառներն ու հետևանքները։ Խոսեց կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և բնական աղետների փոխկապակցվածության մասին։

Աշակերտների հետ քննարկվեցին կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման, կենսաբազմազանության պահպանության, բնական աղետների ռիսկերի նվազեցման հարցերը։  

Այնուհետև, խաղի միջոցով, իրենց ստացած գիտելիքներն օգտագործելով, աշակերտները քննարկեցին հնարավոր անտառահատման միջոցով ներդրումային ծրագրի իրականացման տնտեսական օգուտներն ու բնապահպանական վնասները, հնարավոր բնական աղետների ռիսկերը։ Թեժ քննարկման արդյունքում որոշեցին, որ անտառի պահպանումն ավելի կարևոր է։



Ապրիլ 15, 2026 at 14:30

Կովկասի բնության հիմնադրամը 285 հազար եվրո է հատկացրել ՀՀ պահպանվող տարածքներին

Կովկասի բնության հիմնադրամը 285 հազար եվրո է հատկացրել ՀՀ պահպանվող տարածքներին

Շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ գտնվող չորս ՊՈԱԿ-ներ Կովկասի բնության հիմնադրամի (CNF) կողմից ստացել են 2026թ․ ֆինանսական տարվա համար նախատեսված գումարային առաջին փոխանցումները՝ ընդհանուր 285 հազար եվրոյի չափով։ Այս մասին հայտնում են հիմնադրամից:

Հատկացված միջոցներից 90 հազար եվրոն ուղղվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 75 հազար եվրոն՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 70 հազար եվրոն՝ «Դիլիջան» ազգային պարկին, իսկ 50 հազար եվրոն՝ «Արփի լիճ» ազգային պարկին։

Գումարները պետբյուջեի հետ համաֆինանսավորման սկզբունքով կուղղվեն ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերի ապահովմանը՝ նպաստելով պահպանվող տարածքների արդյունավետ կառավարմանը և բնական միջավայրի պահպանության աշխատանքների իրականացմանը։

Նշենք, որ ավելի վաղ Վայոց ձորի մարզի «Արփա» պահպանվող լանդշաֆտին նույնպես հատկացվել էր 50 հազար եվրո՝ տարածքի պահպանության և օպերացիոն ծախսերի ֆինանսավորման նպատակով։

Ապրիլ 14, 2026 at 15:45

Ինչքան դեռ կարելի է երկարացնել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը, ներկայացնում է «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն տեխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանը

Ինչքան դեռ կարելի է երկարացնել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը, ներկայացնում է «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն տեխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանը

 «2036թ.-ից հետո, դա իմ անձնական կարծիքն է, կարելի է ատոմակայանը շահագործել ևս 5 տարի: Ատոմակայանը պետք է աշխատի բազիսում, ատոմակայանի հզորությունը չի կարելի բարձրացնել, իջեցնել։ Այսօր մենք ստանում ենք օպերատորից՝ իջացրեք 30%-ով առավոտյան, երեկոյան բարձրացրեք 30%-ով։ Սա անթույլատրելի է։ Գոյություն ունի չափաքանակ, թե քանի անգամ կարող են բարձրացնել, իջեցնել հզորությունը, այն գերազանցելու դեպքում կարող ենք վնաս հասցնել ռեակտորի ջերմանջատիչ էլեմենտներին». «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Վահրամ Պետրոսյան։

2026թ․ մարտի 12-ին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի մամուլի ակումբում տեղի ունեցավ «Ատոմային էներգետիկայի խնդիրներն ու հեռանկարները Հայաստանում» թեմայով մասնագիտական քննարկում։ «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Վահրամ Պետրոսյանը հանդես եկավ «Հայկական ատոմային էլեկտրակայանի վիճակի մասին» զեկուցմամբ։

ՀԱԷԿ-ի վերաթողարկման մասին

Հայկական ԱԷԿ-ը բաղկացած է երկու էներգաբլոկներից` ՋՋԷՌ-440 տիպի (В-270 մոդելի) ռեակտորներով: ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկն արդյունաբերական շահագործման հանձնվեց 1976թ-ին, իսկ երկրորդը` 1980թ-ին: Էներգաբլոկների դրվածքային հզորությունը կազմում է 440 ՄՎտ, շահագործման նախագծային ժամկետը` 30 տարի:

ԽՍՀՄ մինիստրների խորհրդի որոշմամբ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո 1989թ. փետրվարին և մարտին կանգնեցվեցին №1 և №2  էներգաբլոկները, որին հաջորդեցին ԽՍՀՄ փլուզումը, Հայաստանի շրջափակումը, ծանր էներգետիկ ճգնաժամը։ Ստեղծված իրավիճակով  պայմանավորված՝ Հայկական ԱԷԿ-ի աշխատանքը վերսկսելու մասին որոշում ընդունվեց:  

«Վերագործարկման համար այս տիպի կայանների համար պետք է անպայման անվտանգության միջոցառումների շարք կատարվեր։ 3 հիմնական հարց կար դրված, 1-ին՝ կայանի շինհրապարակի սեյսմիկ վիճակի գնահատում, 2-րդ՝ ռեակտորի իրանի՝ հատկապես 4-րդ կարի գնահատում, և 3-րդ՝ ինչ դիագնոստիկ ախտորոշիչ համակարգեր կան՝ հատկապես արտահոսքերի հայտնաբերման ու գնահատման։ Այս ուղղությամբ բոլոր աշխատանքները կատարվելուց հետո՝ 1995թ. նոյեմբերի 5-ին, վերաթողարկվեց ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկը»,- ասաց Վահրամ Պետրոսյանը։

Այնուհետև, որոշ ժամանակ անց ՄԱԳԱՏԷ-ն առաջարկեց TECDOC-640 փաստաթուղթը, որով առաջարկվում էր ՋՋԷՌ-440 էներգաբլոկների անվտանգության մակարդակի բարձրացումն իրականացնել՝ համաձայն նշված փաստաթղթի: «2015թ. TECDOC-640 փաստաթղթով պահանջված բոլոր միջոցառումները ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկում իրականացվեցին: Այսինքն՝ ՄԱԳԱՏԷ-ի կողմից ներկայացված բոլոր պահանջները, որոնք վերաբերում էին ՋՋԷՌ-440  ռեակտորներով ԱԷԿ-ներին, կատարվեցին»,-  ասաց Վահրամ Պետրոսյանը։ Նա հիշեցրեց, որ ՀՀ նախագահին կից ստեղծվեց անկախ խորհրդակցական մարմին` ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ, որի կազմում էին 8 երկրների 12 մասնագետ։ «Խորհրդի գլխավոր նպատակն այն էր, որ այդ մասնագետները ճիշտ գնահատեն անվտանգության մակարդակը և առաջարկություններ տան հայկական կողմին, այդ թվում նաև արտերկրների համապատասխան կազմակերպություններին ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի և հետագա անելիքների վերաբերյալ, որն իրականացվեց»,- ասաց Վահրամ Պետրոսյանը։

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացում

2016թ․ լրանում էր Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման 30 տարվա նախագծային ժամկետը։  ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց երկարացնել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը։ Այս քայլին գնացել են աշխարհի մի շարք երկրներ։ Վահրամ Պետրոսյանը թվեց դրանցից մի քանիսին՝ Հունգարիա, Ռուսաստան, Ֆինլանդիա, Ուկրաինա, ԱՄՆ։ «Ամերիկայում 30 տարի նոր ատոմակայան չեն կառուցել, այլ իրենց ամբողջ ֆինանսական և մտավոր կարողությունները դրել են եղած բլոկների շահագործման ժամկետների երկարացման վրա և երկարացնում են», – ասաց Վահրամ Պետրոսյանը։

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար ՀԱԷԿ-ում կատարվեցին մեծածավալ արդիականացման և վերազինման աշխատանքներ շուրջ 270 միլիոն ԱՄՆ դոլար ՌԴ-ից ստացված վարկի և 30 միլիոն դրամաշնորհի  միջոցներով:

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման միջոցառումներից Վահրամ Պետրոսյանն առանձնացրեց հետևյալները․ Այստեղ ի՞նչ գլխավոր խնդիր մենք այդ պահին ունեինք: Առաջին կոնտուրում ունենք ДУ 32, ДУ 100, ДУ 200 և ДУ 500 մմ տրամագծով խողովակներ։ Ըստ նախագծի՝ կար մինչև ДУ 32 միլիմետրանոց խողովակից արտահոսքի կոմպենսացիա: Եվ այստեղ  համար մեկ խնդիրը դրվեց՝ հասցնել այն վիճակի, որ ДУ 100-ի պատռվածքի դեպքում մենք կկարողանանք կոմպենսացնել այն։ 2-րդ ամենակարևոր խնդիրը ռեակտորի մետաղի ստուգումն էր։ Ընտրեցինք այն տարբերակը, որ գնանք մետաղի թրծման։ Այնպես չէ, որ ամբողջ ռեակտորի մետաղը թրծվեց։ 4-րդ կարի երկու կողմից՝ մոտավորապես մի 50-40 սմ  վերև և ներքև, 475 աստիճան ջերմաստիճանի տակ թրծում կատարվեց Ռուսաստանի Դաշնության կազմակերպությունների կողմից: Արդյունքում ունեցանք մետաղի վերականգնում  և հիմնավորոււմ, որ ռեակտորի իրանը կարելի է շահագործել մինչև 2039թ.։ Ամբողջությամբ փոխվեցին երկրորդ կոնտուրի հիմնական սարքավորումները՝ շոգետուրբինը, գեներատորը, կոնդենսատորը և այլն»,- ասաց Վահրամ Պետրոսյանը։ Նա նշեց, որ իրականացված միջոցառումներից բացի անհրաժեշտ էր հիմնավորում ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից արտոնագիր ստանալու համար: Դրա համար պետք էր ունենալ անվտանգության հիմնավորման հաշվետվություն։ «Այդ անվտանգության հիմնավորման հաշվետվությունը 20 էջ չէ, 1000 էջ  չէ, 2000 էջ չէ։ Եթե բոլորը շարենք իրար գլխի, մոտավորապես 16 000 էջ՝ ներառյալ տարբեր տեսակի հաշվարկներով։ Եվ հաշվարկներով հիմնավորվեց, որ ատոմակայանի կյանքի տևողությունը կարելի է երկարացնել, և դրա հիման վրա ՀԱԷԿ-ը ստացավ արտոնագիր մինչև 2031թ.: Բայց դեռևս պահպանվում են անվտանգության որոշ դեֆիցիտներ։ Այդ դեֆիցիտները պետք է ժամանակի ընթացքում վերացվեն: Այսպես, ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ժամկետը երկարացվեց 10 տարով մինչև 2026թ.։ Այս տարվա սեպտեմբերին 10 տարին կլրանա, և հիմա ընթանում են աշխատանքներ ևս 10 տարով մինչև 2036թ. երկարացնելու շահագործման ժամկետը»,- ասաց Վահրամ Պետրոսյանը։

Անվտանգության հիմնավորման հաշվետվության վերանայված տարբերակը մինչև մարտի վերջ պետք է ներկայացվի կարգավորող մարմին։ 2026թ․ապրիլի 1-ից ՀԱԷԿ-ը կանգնում է 5 ամսով պլանային վերանորոգման։ «Այս 5 ամսվա ընթացքում պետք է կարողանալ բոլոր փոփոխությունները կատարել, և այդ փոփոխությունների մեջ կա մի շատ լուրջ աշխատանք՝ կապված ДУ 200 միլիմետրանոց խողովակի հետ։ Այսինքն՝ առաջին կոնտուրը վերազինել և արդիականացնել այնպես, որ դրա պատռվածքի դեպքում կարողանանք արտահոսքը կոմպենսացնել: Իսկ ինչ վերաբերում է ДУ 500 մմ խողովակաշարերի պատռվածքին, առայժմ այդ հարցը չենք քննարկում: Այսինքն՝ մենք գնում ենք նրան, որ մինչև 2036 թիվը երկարացնենք ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը։ Մտածում ենք 2031թ-ին նորից մետաղի թրծում անել։ Արտոնագիրը տրված է մինչև 2031 թիվ։  Կարգավորող մարմնի կողմից ստանալ արտոնագիր մինչև 2041 թիվը։ Ինչ ասեմ, մոտ 49 տարի եմ աշխատել, շատ մասնագետների հետ եմ  աշխատել և շատ ճանաչված գիտնականների հետ եմ առիթ ունեցել գործնական քննարկումներ անցկացնել։ Իմ բազային կրթությունը «Ատոմային էլեկտրակայաններ և տեխնոլոգիաներ» է։ Ես ասում եմ, դա իմ անձնական կարծիքն է, որ 2036թ-ից հետո կարելի է ևս 5 տարի երկարացնել շահագործման ժամկետը, իսկ 2041թ-ից հետո՝ ոչ»,- ասաց Վահրամ Պետրոսյանը։

Ինչ ռիսկեր կան ատոմակայանի հզորության իջեցնելու և բարձրացնելու դեպքում

Վահրամ Պետրոսյանը խոսեց նաև ՀԱԷԿ-ի հզորության իջեցնելու և բարձրացնելու ռիսկերի մասին։ Հզորության փոփոխման, պատճառը, ըստ մասնագետի, արևային էներգետիկայի զարգացումն է մեր երկրում։

«Ատոմակայանը պետք է աշխատի բազիսում, ատոմակայանի հզորությունը չի կարելի բարձրացնել, իջեցնել։ Գոյություն ունի այսպիսի մի տերմին՝ ռեակտորի «թունավորում» (отравление реактора)։ 10 %-ով, թե 20 % ես իջեցնում հզորությունը, դու ինչ-որ չափով թունավորում ես ռեակտորը: Կար միջուկային ռեակտորների կինետիկայի մի համաշխարհային դեմք, ով ասում էր, որ ատոմակայան շահագործող մասնագետը միշտ պետք է ուղեղում ունենա, որ անցողիկ ռեժիմներում կարող են ի հայտ գալ այնպիսի պահեր, որ ռեակտորը հայտնվի ոչ ռեգլամենտային իրավիճակում»,- ասաց Վահրամ Պետրոսյանը:

Ինչ մոդելի ատոմային էներգաբլոկ է նախընտրելի կառուցել Հայաստանում

«Մենք, մեր երկրի էներգետիկ անվտանգությունն ապահովված կլինենք, եթե ունենանք նոր միջուկային էներգաբլոկ։ Հիմա հարց կծագի, ո՞րը», – ասաց Վահրամ Պետրոսյանը։ Նա ներկայացրեց տարբեր մոդելներ, որոնք դիտարկվում են։ Մոդուլային ատոմակայանների վերաբերյալ ասաց, որ փոքր մոդուլային ռեակտորներով ատոմակայանները գտնում են նախագծման, իսկ որոշները՝ լիցենզավորման փուլում։ Դեռ կառուցված նման կայան չկա։ «Կառուցվելուց հետո մի 2, 3 տարի շահագործվելուց հետո միշտ ծագում են խնդիրներ, որոնք լուծման կարիք են ունենում: Մեզ ավելի ցանկալի է, որ փորձն ունենալուց հետո նոր որոշում կայացնենք դրանց ընտրման և կառուցման վերաբերյալ»:

Նա նշեց, որ հետաքրքրական են նաև ջուր-ջերմատարով աշխատող 600-ՄՎՏ էներգաբլոկները,  որոնք կառուցվելու են Ռուսաստանի Դաշնությունում: Դրանք 1000 մեգավատտանոց կորպուսի մեջ  են հավաքվում, հուսալի են անվտանգության տեսակետից և կառավարման նոր մոտեցումներ են կիրառված: 600-ՄՎՏ հզորությունը համահունչ և ընդունելի է ՀՀ էլեկտրական ցանցերի համար:  ՌԴ-ում պլանավորում են մինչև 2035թ. կառուցել այն «Կոլա»  ԱԷԿ-ի հարակից տարածքում: Այս ուղղությամբ նույնպես պետք է մտածել:

Ապրիլ 14, 2026 at 11:14

Հայաստանի կենսաբազմազանության պահպանման օրակարգը COP17-ին ընդառաջ

Հայաստանի կենսաբազմազանության պահպանման օրակարգը COP17-ին ընդառաջ

ge.boell.org, Ին­գա Զա­րա­ֆյան, Վիկ­տո­րյա Բուռ­նա­զյան

2026թ. հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը: Սա պատմական իրադարձություն է, երբ կքննարկվեն Կունմին-Մոնրեալի շրջանակի «Գլոբալ վերանայման » (Global Review) մեխանիզմների վերաբերյալ:

Այս նպատակով Հայաստանը մշակել է Ազգային ռազմավարություն և գործողությունների պլան՝ ուղղված գլոբալ նպատակի իրականացմանը՝ մինչև 2030 թ-ն ապահովել Երկիր մոլորակի ցամաքային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի առնվազն 30%-ի արդյունավետ պահպանումը: Այս նպատակին հասնելու ճանապարհին Հայաստանը բախվում է բազմաթիվ մարտահրավերների՝ հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտների բիզնեսի շահերի բախման, անտառի և այլ կենսառեսուրսների վերաբերյալ վստահել ի տվյալների բացակայության, գենետիկ ռեսուրսների անբավարար վերահսկողության ։

Հոդվածում ուսումնասիրվել են Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները: Վերլուծվել է հանքարդյունաբերության, փոքր ՀԷԿ-երի և անտառահատումների ազդեցությունը էկոհամակարգերի վրա, ընդգծվել են օրենսդրական բացերն ու քաղաքական կամքի անհրաժեշտությունը կենսաբազմազանության պահպանության համար։

Ուսումնասիրությունը՝ այստեղ։

Այս հոդվածում արտահայտված մտքերը հեղինակինն են և չեն արտահայտում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետը։

Ապրիլ 13, 2026 at 15:42

Հարկատուները՝ Իշխան Զաքարյանի բիզնեսի համաֆինանսավորող

Հարկատուները՝ Իշխան Զաքարյանի բիզնեսի համաֆինանսավորող

www.azatutyun.am, Մկրտիչ Կարապետյան

Հայաստանի կառավարությունը մտադիր է 5 տարի շարունակ իր վրա վերցնել պատգամավոր Իշխան Զաքարյանի հասարակական կազմակերպության ներդրումային ծրագրով նախատեսված կառուցապատման տարեկան վճարը. այդ գումարը կկազմի ավելի քան 165 միլիոն դրամ։ Որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում։

Զաքարյանը մտադիր է սպորտային ավան կառուցել Ջրվեժում՝ հենց անտառպարկում։ Դրա համար տարածքը կառավարությունը տրամադրել էր անցած տարի՝ արագացված կարգով։ Հիմա էլ գործադիրը որոշեց մուծել իր իսկ տրամադրած տարածքի կառուցապատման վճարը՝ ազատելով Զաքարյանին ներդրումային ծրագրի որոշակի ֆինանսական բեռից։

Անտառպարկի 23 հեկտարը՝ Իշխան Զաքարյանին

Անցած օգոստոսին կառավարությունը որոշեց Երևանի մերձակա «Ջրվեժ» անտառպարկի տարածքից ավելի քան 23 հեկտար հատկացնել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե հասարակական կազմակերպությանը, որի նախագահը Իշխան Զաքարյանն է։ Վերջինս այժմ անկախ պատգամավոր է, սակայն 2021-ին խորհրդարան էր մտել Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով, ապա՝ ամիսներ անց լքել ընդդիմադիր խմբակցությունը։

Կառավարությունը անտառային պարկի հսկա տարածքը տրամադրել է, որպեսզի Զաքարյանի կազմակերպությունը բազմաֆունկցիոնալ սպորտային ավան կառուցի։ Ըստ նախագծի՝ այս ավանում պետք է ապրեն Համահայկական խաղերի՝ Հայաստան ժամանող մասնակիցները. նախատեսվում է տարածքում կառուցել 600 տնակ, բժշկական կենտրոն, լեռնադահուկային ուղի, ճոպանուղի, մարզասրահներ, հեծանվահրապարակներ և այլն։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կառավարությունը գնահատել է մոտ 20 միլիարդ դրամ, որը ներդնելու են «գործընկեր կազմակերպություններն ու անհատները»։ Ներդրումային ծրագիրը պետք է ավարտվի 13 տարի անց՝ 2038-ին:

Կառավարությունը կվճարի Զաքարյանի ՀԿ-ի փոխարեն

Կառավարության որոշման հիմնավորումներից տեղեկանում ենք, որ «Ջրվեժ» անտառպարկի ավելի քան 23 հեկտար տարածքի կառուցապատման իրավունքի տարեկան վճարը կազմելու է 24.5 միլիոն դրամ՝ հիմք ընդունելով շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի հաշվարկի բանաձևը։ Գործադիրը հիմնավորել է, թե «ծրագրի իրականացման սկզբնական փուլը ենթադրում է զգալի նախապատրաստական աշխատանք ու կապիտալ ներդրումներ…դեռևս առանց գործունեությունից համարժեք եկամուտների ձևավորման»։ Ու քանի որ ներդրողը այս փուլում եկամուտ չի ստանում, կառավարությունը որոշել է կառուցապատման իրավունքով հողի տրամադրման տարեկան վճարի բեռը վերցնել ՀԿ-ից և 5 տարի՝ 60 ամիս, պետական աջակցության հատուկ մեխանիզմ ներդնել։ Սա ենթադրում է 24.5 միլիոն դրամի (մոտ 65 000 դոլարի) աջակցություն։

Երկրորդ ուղղությունը, որով կառավարությունը նախատեսում է փոխհատուցում տրամադրել, անտառային հողերը Զաքարյանի ՀԿ-ին տրամադրող «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ին է վերաբերում. ըստ որոշման՝ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխարեն տարեկան կառուցապատման վճարը վճարելուց հետո ՊՈԱԿ-ը ևս պետք է հարկ վճարի՝ տարեկան 9.8 միլիոն դրամի ավելացված արժեքի հարկ և 3.5 միլիոն դրամի շահութահարկ։ Ընդհանուր՝ տարեկան 13 միլիոն դրամը ևս կվճարի կառավարությունը։

Երևանից 11 կիլոմետր հեռավորության վրա գտնվող անտառպարկը հիմնադրվել է մոտ կես դար առաջ՝ 1977 թվականին՝ Երևանի էկոլոգիական վիճակի առողջացման նպատակով։ Այս տարածքում են աճում Հայաստանի Կարմիր գրքում գրանցված անհետացող ու հազվագյուտ 21 բուսատեսակներ։

«Հետք»-ը նոյեմբերին ներդրումային ծրագրի վերաբերյալ զրուցել էր Իշխան Զաքարյանի հետ, ով վստահեցրել էր՝ կառուցապատումն իրականացվելու է պարկի այն տարածքում, որտեղ անտառ չկա: «Անտառին որևէ մեկը չի կպնում, որևէ ծառ չի վնասվում, որևէ բան չի խաթարվում, ընդհակառակը՝ անտառազուրկ, ամայի տարածքը սարքելու ենք անտառ»,- վստահեցրել էր նա ու ասել, որ տարածքում 20 հազար ծառ է տնկվելու։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին հատկացված տարածքը ներառում է նաև անտառպարկի ոռոգման համակարգի մի մասը։ Զաքարյանն ասել էր, որ մտադիր են ոռոգման նոր համակարգ ներդնել։

Ո՛չ կառավարության կողմից, ո՛չ ՀԿ-ի կողմից դեռ չի բացահայտվել, թե ովքեր են ֆինանսավորելու այս ներդրումային նախագիծը, խոսվում է միայն սփյուռքահայ բարեգործների ներգրավվածության մասին։

Այսօր կառավարությունում հարցի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ անտառպարկի տարածքում այս ծրագրի իրականացմանը. «Սա դե յուրե անտառային հող էր, բայց երբ մենք դա ուսումնասիրում ենք, այնտեղ քար ու քռի տրամաբանության մեջ գտնվող հող է…..ֆունկցիոնալ առումով ես գնահատականները կարդացել եմ։ Այն տեղերում, որտեղ հողերը անտառային նշանակության են, մենք նույնիսկ փոքր ներդրումները արգելափակում ենք, որը պրոբլեմ է։ Չվնասելով որևէ համակարգի՝ մենք պիտի այստեղ վերագնահատում ու քարտեզագրում անենք»:

Ծրագրին կողմ արտահայտվեցին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը նաև հայտարարեց՝ ոչ ոք չի կարող անտառի պահպանմամբ ավելի շահագրգռված լինել, քան այն անձը, որը, օրինակ, 10 միլիոն դոլար է ներդնելու այնտեղ։

Ե՛վ ներդրող, և՛ ապօրինի ծագում ունեցող գույքի պատասխանող

Իշխան Զաքարյանը մի կողմից կառավարության աջակցությամբ ներդրումային ծրագիր է իրականացնում, մյուս կողմից՝ Գլխավոր դատախազության կողմից կասկածվում ապօրինի ծագմամբ գույք ունենալու մեջ։ 2024-ից դատախազությունը պահանջում է Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Զաքարյանից ու նրա ընտանիքի անդամներից բռնագանձել 1 անշարժ գույք Կոտայքի մարզում, երկու անշարժ գույք Երևանում, 2 ընկերություններում մասնակցություն, ավելի քան 43 մլն դրամի ավանդներ։ Զաքարյանի գույքերի վրա 755 միլիոն դրամի չափով արգելանք է դրվել։ Դատաքննությունը դեռ շարունակվում է։

Ընդ որում, քրեական այս գործը հարուցվել էր նախորդ ընտրություններից անմիջապես հետո՝ 2021-ի հուլիսին։ Թեև ԿԸՀ-ն այդ ժամանակ արդեն ամփոփել էր ընտրությունների արդյունքներն ու բաշխել մանդատները, դատախազությունը ընդդիմադիր Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ այդպես էլ ԱԺ չմտավ։ Փոխարենը ամիսներ անց՝ նոյեմբերին, ինքը՝ Իշխան Զաքարյանը, հայտարարեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ից դուրս գալու մասին։ Արդյունքում, 107 պատգամավոր ունեցող խորհրդարանում առանձնացավ մեկ «անկախ» ձայն, որը վճռորոշ նշանակություն ուներ ՔՊ-ի համար սահմանադրական մեծամասնությամբ ընդունվող որոշումների դեպքում։ Օրինակ՝ ՀՀ նախագահի ընտրության ժամանակ, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախագահում էր նիստը և չէր կարող քվեարկել, հենց Զաքարյանն օգնեց, որ ապահովվի անհրաժեշտ 71 ձայնը։ ՔՊ թեկնածու Վահագն Խաչատուրյանն ընտրվեց՝ իշխանական 70-պատգամավորների և անկախ Իշխան Զաքարյանի ձայներով։

Տարիներ անց՝ 2024-ի հունիսին, սակայն, երբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրերին ընդդիմությունը սկսեց քննարկել վարչապետ Փաշինյանի պաշտոնանկության հարցը, Զաքարյանը նրանց պակասող մեկ ձայնը այդպես էլ չապահովեց։ Իմփիչմենթի նախագիծ ներկայացնելու համար անհրաժեշտ էր 35 քվե, ընդդիմությունն ուներ 34։ Զաքարյանն այդ օրերին «անհետացավ»՝ ոչ խորհրդարան էր գալիս, ոչ էլ լրագրողների զանգերին արձագանքում։ Ճիշտ այդ ժամանակ հայտնի դարձավ, որ երեք տարի առաջ նրա նկատմամբ հարուցված փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու քրեական գործը կարճվել է։ Թե ինչ հիմքով՝ հայտնի չդարձավ։

Ի դեպ, Իշխան Զաքարյանը լիազորություններն ավարտող այս խորհրդարանի ամենաշատ բացակայող պատգամավորն էր։ «Ազատություն»-ը գրել էր, որ այս բացակայությունները ԱԺ նախագահի կողմից համարվել են հարգելի, և Զաքարյանը մյուս պատգամավորների պես լիարժեք աշխատավարձ, ավելին՝ պարգևավճարներ է ստացել՝ չմասնակցելով նիստերին։

2024-ին Զաքարյանը պարգևատրվել էր նաև Ռուսաստանի նախագահի կողմից։ Պուտինը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահին արժանացրել էր «Բարեկամության» շքանշանի՝ Ռուսաստանի և Հայաստանի մերձեցման, համագործակցության խորացման ու մշակույթի տարածման համար։

Ապրիլ 13, 2026 at 14:13

Ուշադրություն․ ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, սպասվում է նաև բուք

Ուշադրություն․ ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, սպասվում է նաև բուք

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթանցմամբ պայմանավորված ապրիլի 10-ի ցերեկը, 11-13-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում ձյան տեսքով։

Նշված հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ավտոճանապարհներին մերկասառույց։ Ապրիլի 10-ի ցերեկը, 11-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24մ/վ արագությամբ։

Երևանում ապրիլի 10-ի ցերեկը, 11-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 14-ին հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում ապրիլի 10-ի ցերեկը, 11-13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ։ Տեղումները լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։ Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 10-ի ցերեկը, 11-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը և 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։

Ապրիլ 10, 2026 at 15:41

2026 թվականի մարտն ամենատեղումնառատ էր Հայաստանի համար

2026 թվականի մարտն ամենատեղումնառատ էր Հայաստանի համար

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է.

2026 թվականի մարտ ամսվա օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -0․3 °C, որը նորմայի սահմաններում էր։

Մարտն ամենատեղումնառատ էր` սկսած 1935 թվականից։ Տեղումների ամսական քանակը Հայաստանի տարածքում կազմել է 98․7 մմ կամ նորմայի 199 %-ը։

Մարտ ամսվա յուրաքանչյուր տասնօրյակին դիտվեցին տեղումներ, որոնք ընդգրկեցին հանրապետության բոլոր շրջանները, սակայն առավել տեղումնառատ էր վերջին տասնօրյակը։ Ամսական տեղումների առավելագույն քանակը դիտվել է Արագածոտնի լեռնային շրջաններում՝ Ամբերդ և Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայաններում՝ կազմելով 217.9 մմ-ից 278.6 մմ, որը գերազանցել է ամսական նորման 3-ից 5 անգամ։

Մարտի 31-ի դրությամբ ձյան շերտի առավելագույն բարձրությունը կազմել է 274 սմ Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում, սակայն ամսի 28-ին ձյան շերտի բարձրությունը հասավ 324 սմ-ի, որը ռեկորդային բարձր ցուցանիշ է մարտ ամսվա համար։ Առանձին լեռնային շրջաններում ձյան շերտի բարձրությունը մարտի 31-ին տատանվել է 64 սմ-ից 110 սմ-ի սահմաններում՝ Ամբերդ, Ջերմուկ և Որոտանի լեռնանցք օդերևութաբանական կայաններում, իսկ նախալեռնային և ցածրադիր շրջաններում ձնածածկույթը բացակայել է։

2026 թվականի մարտ ամսվա ամենացածր ջերմաստիճանը դիտվել է ամսի 10-ին Ծաղկահովիտում՝ -20․5 °C, իսկ ամենաբարձր ջերմաստիճանը մարտի 21-ին՝ Կապանում՝ 23․5 °C ։

1935 թվականից իրականացվող դիտարկումների տվյալների համաձայն` ամենատաք մարտը դիտվել է 2023 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 4․5 °C, իսկ ամենացուրտը՝ 1943 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր -6․3 °C։

Ամենաչոր մարտը դիտվել է 1951 թվականին, երբ տեղումների քանակը կազմել էր 13 մմ։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ մարտ ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 3․6 °C-ով 1935-2026 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 8 %-ով։

Ապրիլ 10, 2026 at 15:52

2026 թվականի մարտն ամենատեղումնառատ էր Հայաստանի համար

2026 թվականի մարտն ամենատեղումնառատ էր Հայաստանի համար

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է.

2026 թվականի մարտ ամսվա օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -0․3 °C, որը նորմայի սահմաններում էր։

Մարտն ամենատեղումնառատ էր` սկսած 1935 թվականից։ Տեղումների ամսական քանակը Հայաստանի տարածքում կազմել է 98․7 մմ կամ նորմայի 199 %-ը։

Մարտ ամսվա յուրաքանչյուր տասնօրյակին դիտվեցին տեղումներ, որոնք ընդգրկեցին հանրապետության բոլոր շրջանները, սակայն առավել տեղումնառատ էր վերջին տասնօրյակը։ Ամսական տեղումների առավելագույն քանակը դիտվել է Արագածոտնի լեռնային շրջաններում՝ Ամբերդ և Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայաններում՝ կազմելով 217.9 մմ-ից 278.6 մմ, որը գերազանցել է ամսական նորման 3-ից 5 անգամ։

Մարտի 31-ի դրությամբ ձյան շերտի առավելագույն բարձրությունը կազմել է 274 սմ Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում, սակայն ամսի 28-ին ձյան շերտի բարձրությունը հասավ 324 սմ-ի, որը ռեկորդային բարձր ցուցանիշ է մարտ ամսվա համար։ Առանձին լեռնային շրջաններում ձյան շերտի բարձրությունը մարտի 31-ին տատանվել է 64 սմ-ից 110 սմ-ի սահմաններում՝ Ամբերդ, Ջերմուկ և Որոտանի լեռնանցք օդերևութաբանական կայաններում, իսկ նախալեռնային և ցածրադիր շրջաններում ձնածածկույթը բացակայել է։

2026 թվականի մարտ ամսվա ամենացածր ջերմաստիճանը դիտվել է ամսի 10-ին Ծաղկահովիտում՝ -20․5 °C, իսկ ամենաբարձր ջերմաստիճանը մարտի 21-ին՝ Կապանում՝ 23․5 °C ։

1935 թվականից իրականացվող դիտարկումների տվյալների համաձայն` ամենատաք մարտը դիտվել է 2023 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 4․5 °C, իսկ ամենացուրտը՝ 1943 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր -6․3 °C։

Ամենաչոր մարտը դիտվել է 1951 թվականին, երբ տեղումների քանակը կազմել էր 13 մմ։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ մարտ ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 3․6 °C-ով 1935-2026 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 8 %-ով։

Ապրիլ 10, 2026 at 15:52

Հայաստանում կներդրվի Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ

Հայաստանում կներդրվի Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ

multimedia.alttv.am

Հայաստանում շուտով կընդունվի Արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասին օրենք։ Սա տնտեսական գործիք է, որը մի շարք ապրանքների և դրանցից գոյացած թափոնների համար նոր կառավարման մոդել է ստեղծում։ Ավելի հստակ, ապրանք ներմուծուղներին և արտադրողներին դարձնում է պատասխանատու այդ ապրանքների սպառումից հետո գոյացած թափոնների նկատմամբ։ Այս մասին Մեծամորում կայացած հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնի փորձագետ, դասախոս և ծրագրեր ղեկավար Հարություն Ալպետյանը և ավելացրեց․  «Խնդիրը նրանում է, որ թափոնները հիմնականում գնում են աղբավայրեր, թափոններ կան, որոնք վերամշակելի են, վտանգավոր թափոններ կան, որոնք պետք է ոչնչացվեն։ Եթե  խոսում ենք անվադողերի, կամ մարտկոցների մասին, ապա անվադողերից կարելի է ստանալ վառելիք, բայց օրինակ մարտկոցները ոչնչացման ենթակա են, քանի որ վտանգավոր թափոններ են։ Հայաստանի համար ամենաիրագործելի մոդելն այն կլինի, որ այդ մարտկոցները (կենցաղային մարտկոցների մասին է) պահեստավորվեն և օրինակ մի երկրից կգա ոչնչացման կայան, տեղում կոչնչացնի կգնա, որովհետև մենք տարանցիկ խնդիր ունենք վտանգավոր թափոնների արտահանման մասով։ Այդ ամեն ինչը գին ունի բնականաբար և դա ինչոր մեկը պետք է վճարի։ Այսօր որևէ մեխանիզմ չկա որտեղից այդ ծախսերը ծածկել, դրա համար վերը նշված թափոնները գնում են աղբանոց։ Անգամ վերամշակելի թափոնների գործածությունն է ծախսատար։ Օրինակ պլաստիկ շշի մեկ կիլոգրամը 40 դրամ է, բայց դրա հավաքման գործընթացը այնքան թանկ է կազմում, որ այդ 40-50 դրամը չի ծածկում հավաքման ծախսերը։ Այստեղ էլ առաջանում է այդ տնտեսական բացը, որը արտադրողի ընդլայնված պատասխանատվության տնտեսական գործիքի միջոցով պետք է լուծվի։ Այսինքն արտադրողները իրենց ապրանքների գոյացած թափոնների համար այն գումարն են վճարելու, որը թույլ կտա այդ թափոնը չգնա աղբանոց, այլ գնա վերամշակման»։

Նշենք, որ Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հակոբյան կենտրոնը «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականությունը» ծրագիրը իրականացնում է Շվեդիայի աջակցությամբ, որի շրջանակներում տեխնիկական աջակցություն է տրամադրում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը հանդիսանալով լիազոր մարմին «Արտադրողի ընդլայնված պատասխանատվության» օրենսդրության ներդրմանը։

Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն 4-ամյա ծրագրի շրջանակներում «Էկոլուր» հասարակական կազմակերպությունը իրականացնում է Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման վերաբերյալ իրազեկման միջոցառումներ։ Մեծամոր համայնքում հանդիպման ժամանակ ասաց «էկոլուր» տեղեկատվական ՀԿ փոխնախագահ Վիկտորիա Բուռնազյանը։

Ըստ Բուռնազյանի՝ ընկերությունները, որոնք պետք է պատասխանատվություն ստանձնեն թափոնների տեսակավորման և վերամշակման համար, ստեղծելու են հատուկ կազմակերպություններ՝ արտադրողի պատասխանատվության կազմակերպություն։ Վճարելու են այդ կազմակերպություններին գումարներ, որպեսզի այդ նրանք զբաղվեն այդ ամբողջ հարցերով։ Իրազեկում ապահովեն, համայնքապետարանների հետ աշխատեն, կամ պատվիրակեն այլ ընկերությունների, որպեսզի այդ աշխատանքները կատարեն։

«Արդեն ունենք մի պիլոտային ծրագիր։ Երեք խոշոր կազմակերպություններ ստեղծել են «Էկո փակ» հիմնադրամը, որը զբաղվում է արտադրողի կողմից առաջացրած թափոնների տեսակավորմամբ և վերամշակմամբ։ Պիլոտային ծրագիրը մեկնարկել է Հրազդանում, որին օգնում է «Մաքրություն» ՍՊ ընկերությունը, որը նաև Մեծամոր համայնքում է աշխատում։ Մենք տեսանք, որ Մեծամորում նույնպես որոշակիորեն տեսակավորվում է աղբը, պլաստիկն է տեսակավորվում և ուղարկվում վերամշակման, այսինքն Մեծամոր համայնքը լավ օրինակներից է, որը սկսել է տեսակավորման գործընթացը և այդ օրինակը կարող է ուսանելի լինել մյուս համայնքների համար» ասաց էկոլուր տեղեկատվական ՀԿ փոխնախագահը և ավելացրեց․ «Ունենք կարծրատիպեր, որ Հայաստանում վերամշակում չկա, կամ շատ թույլ է մշակված, բայց մասնագետները նշում են, որ եթե ունենանք հումք, կարող ենք վերամշակում ապահովել։ Համայնքապետարանը կարող է ինքնուրույն տեսակավորել թափոնները և դրանք վաճառել արտադրող ընկերությունների կողմից ստեղծված կազմակերպությանը, կամ թողել հենց այդ կազմակերպությանը, որ նրանք այդ գործընթացը կազմակերպեն։ Այսինքն համայնքի համար ստեղծվում է մի շարք հնարավորություններ, որով համայնքը ձերբազատվում է թափոնների որոշակի ծավալից։ Բեռնաթափվում են աղբամանները, հնարավորություն է ստեղծվում որոշակի գումարներ վաստակել թափոնների վաճառքից, աղբավայրերում աղբի ծավալը կրճատել և թափոնների կրճատման առումով օգուտներ քաղել։

Հայաստանի բնակավայրերում տարեկան առաջանում է շուրջ 690 հազար տոննա կոշտ կենցաղային աղբ։ Գոյացող աղբի մեծ մասը հեռացվում է ներկայում շահագործվող 300 աղբանոցներ։ Ստեղծված իրավիճակի բարելավմանը կնպաստի երկրում «աղտոտողը վճարում է» սկզբունքի կիրառումը, որի դեպքում կգոյանան թափոնների տեսակավորված հավաքման և հետագա պատշաճ գործածության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ։ Արտադրողի պատասխանատվության և «աղտոտողը վճարում է» սկզբունքների կիրառումը ամրագրված է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով։ Հայաստանում ԱԸՊ-ի ներդրումը կօգնի խթանել երկրում վերամշակման արդյունաբերությունը և ցուցանիշը, նվազեցնել աղբավայր հեռացվող թափոնների ծավալները և դրանց վնասակար ազդեցությունները, ապահովել ԱԸՊ թափոնների պատշաճ գործածման համար ֆինանսական միջոցներ, թեթևացնել ՏԻՄ-ների՝ թափոնների կառավարման բեռը, ստեղծել աշխատատեղեր թափոնների վերամշակման ոլորտում, իրագործել կայուն սպառման և արտադրության մոդելներ, պայքարել կլիմայի փոփոխության և դրա ազդեցությունների դեմ։

Հոդվածի սկզբնաղբյուրը՝ այստեղ։

Ապրիլ 10, 2026 at 12:00

COP17-ին կներկայացվի ավելի քան 50 նախագիծ

COP17-ին կներկայացվի ավելի քան 50 նախագիծ

Հայաստանում 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի համաժողովին՝ COP17-ին քննարկվելու է ավելի քան 50 նախագիծ, այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը օրերս կայացած COP17-ի կազմկոմիտեի նիստի ժամանակ։ Նա ներկայացրեց հիմնական և հարակից միջոցառումները։ COP-17-ը խոստանում է լինել բազմաշերտ՝ լինելու են առաջնորդների, երիտասարդների, քաղաքների, բնության և մշակույթի գագաթնաժողովներ, գործարար ֆորում, գենդերային ֆորում, գիտության, տեխնոլոգիային, նորարարության և ֆինանսների ֆորումներ, հարակից միջոցառումներ։

COP-17-ի կապույտ գոտին ընտրված է «Մերիդիան» էքսպո կենտրոնը, որտեղ իրականացվում են շինարարական և բարեկարգման աշխատանքները։ Կազմկոմիտեի անդամները ՀՀ շրջակա միջավայրի նախարարի գլխավորությամբ շրջայց կատարեցին «Մերիդիան» էքսպո կենտրոնում, ծանոթացան աշխատանքների ընթացքին։

COP17-ի կազմկոմիտեի նիստին մասնակցում էր նաև «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը։ Նիստի ընթացքում ներկայացվեցին COP17-ի նախագահության կողմից իրականացվող միջազգային գործընթացները, արդեն իսկ իրականացված աշխատանքները, քննարկվեցին անելիքները։

Լուսանկարը՝ Շրջակա միջավայրի նախարարություն

Ապրիլ 09, 2026 at 16:02