
«Հանրային լրագրության ակումբը» (ՀԼԱ) հայտարարություն էր տարածել Հաղորդակցության եւ ծրագրերի համակարգողի թափուր հաստիքի համար։ Հայտարարության մեջ բավական մանր…
Category: Hraparak
Գյուղատնտեսության զարգացման ի՞նչ տեսլական ունեք․ Մնացականյանը՝ Թունյանին

Գյուղատնտեսության զարգացման ի՞նչ տեսլական ունեք․ Մնացականյանը՝ Թունյանին
Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա․ Վարդևանյան

Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա․ Վարդևանյան
Ինչ սարքել եմ՝ սարքել են զրոյից, ինչը ձեռք եմ բերել՝ եղել է կիսավեր. Ծառուկյան

Նախորդ ուղերձում ես իմ մտորումներն էի ներկայացրել բարեգործության թեմայով։ Հիմա ուզում եմ կիսվել իմ մտքերով՝ գործարարության մասին։
Ես կայացել եմ զրոյից՝ առանց որևէ ազդեցիկ բարեկամի, ժառանգված կապիտալի։ Սկսել եմ փոքր բիզնեսից, անցել եմ բոլոր դժվարությունների միջով։ Սա ասում եմ մեկ պարզ պատճառով. հայաստանյան գործարարության ամբողջ բովանդակությունը ես իմ մաշկի վրա գիտեմ։
Վստահաբար ասում եմ. գործարար խավը Հայաստանի Հանրապետության կայացման գործում, հաջողությունների և զարգացման գործում ունեցել է բացառիկ դերակատարում։
Անկախության հենց սկզբից՝ 90-ականների ահռելի դժվարությունների փուլից՝ շրջափակում, վտանգավոր ճանապարհներ, տնտեսական համակարգի փլուզում, ֆինանսական ճգնաժամ, պատերազմ, մեծապես մեր գործարարների տաղանդի, աշխատասիրության և հայրենասիրության շնորհիվ է, որ Հայաստանը դիմացավ փորձություններին ու բռնեց զարգացման ճանապարհը։
Մեր գործարարներն անհավանական հաջողությունների են հասնում աշխարհի տարբեր ծայրերում, վայելում հարգանք և հեղինակություն։
Բազմաթիվ անգամներ հրապարակային ասել եմ, որ Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է։ Որքան այս խավը պինդ լինի, ունենա զարգանալու հնարավորություն, այնքան մեր երկիրը ամուր կլինի։ Եվ պետության խնդիրն է՝ ճիշտ տնտեսական քաղաքականությամբ օգնել այս շերտին։
Ասել եմ նաև, որ բիզնեսի կայացումը կարող է տևել տարիներ, պահանջել երկար տարիների դժվար աշխատանք, բայց քանդվելը կարող է լինել ամիսների, եթե ոչ՝ շաբաթների հարց։
Առանձնահատուկ ուզում եմ խոսել դրսի, արտահանման շուկաների մասին։ Ժամանակակից աշխարհում ոչ ոք ոչ մեկին չի սպասում։ Շուկա գտնելը, հարմարվելը չափազանց բարդ խնդիր է։ Ապրանքի որակը, գինը անշուշտ կարևոր են, բայց կարևոր են նաև անձնական կապերը, վստահությունը, ձևավորված հարաբերությունները։
Հիմա մեր բազմաթիվ արտահանողներ կանգնած են լուրջ խնդիրների առաջ։ Մեծագույն սխալ է մտածելը, թե իբր հարցերը միևնույն է՝ մի օր կկարգավորվեն, ու հայ արտահանողները կվերադառնան իրենց ավանդական շուկաները։ Բիզնեսում ժամանակը կանգ չի առնում։
Զգուշացնում եմ՝ ամեն ինչ այդքան հեշտ չէ։ Շուկայում մեր տեղերն արդեն իսկ գրավում են ուրիշները։ Չեն էլ թաքցնում, դա անում են հրապարակայնորեն և ցուցադրաբար։ Բազմաթիվ հայկական ապրանքների տեղերում այսօր արդեն ադրբեջանական ապրանքներ են։ Այս պրոցեսի մասին դեռևս մեկ-երկու ամիս առաջ եմ ասել։
Չկան մշտական շուկաներ։ Այսպես շարունակվելու դեպքում, խնդիրները չկարգավորելու դեպքում վաղը հայկական կոնյակների, գինիների, օղիների , պանրի, ձկնեղենի, գյուղմթերքի, ծաղիկների, ցանկացած արտադրանքի տեղը վերցնելու են վրացական, ադրբեջանական, մոլդովական, ուզբեկական և այլ երկրների արտադրողները։ Սա կյանքն է, սա բիզնեսի դաժան օրենքն է։
Ու պետք է լավ պատկերացնել, որ սա միայն գործարարների խնդիրը չէ։ Սպառման շուկայի կորուստը կբերի ամբողջ ցիկլի խաթարմանը։ Բոլորը կզգան սրա հետևանքները։
Մենք իսկապես ունենք տաղանդավոր գործարար շերտ։ Ես միշտ մեծ ուրախությամբ շփվում եմ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Նրանց հոգսը, խնդիրները գիտեմ 100 տոկոսով։ Ինձ համար անասելի ցավ է այս շերտի դժվարությունները տեսնելը։ Ես տեսնում եմ խնդիրները, ու շատ հարցեր ինձ լրջորեն մտահոգում են։ Ես տեսնում եմ նաև լուծումները, որոնք թույլ կտան խուսափել վատագույնից։
Ես մի կողմ եմ դնում քաղաքական ենթատեքստերը։
Իմ մեջ խոսում է այն մարդը, որի հանդեպ կատարվում է ակնհայտ անարդարություն։ Ամբողջ կյանքիս ընթացքում իմ հայրենիքում իմ ստեղծածը, կառուցածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք։ Ինչ սարքել եմ՝ սարքել են զրոյից, ինչը ձեռք եմ բերել՝ եղել է կիսավեր, կիսաքանդ, ու ես դրանք սարքել եմ ժամանակակից, ամենաբարձր ստանդարտի ձեռնարկություններ։ Փառք Աստծո, բոլոր փաստերը պահպանված են։ Բայց իմ մեջ հիմա խոսում է նաև զրոյից կայացած մարդը, որը սկզբում չուներ ոչինչ՝ բացի իր աշխատասիրությունից ու հավատից, և որն անցնելով շատ դժվար ճանապարհ՝ հասել է մեծ հաջողությունների։ Ես շատ լավ եմ հասկանում, թե ինչ են զգում այն արտահանողները, գործարարները, որոնց զրոյից սկսած, կյանքի ու մեծագույն ջանքի ներդրումով ստեղծած բիզնեսները հայտնվել են ոչնչացման վտանգի առջև։ Այս մարդկանց վրա է պահվում մեր պետությունը, այս մարդիկ մեր երկրի տնտեսական ողնաշարն են։ Նրանց շահը ամբողջ երկրի շահն է, նրանց վնասը բոլորիս վնասն է։ Այս գիտակցությամբ պիտի շարժվի պետությունը։
Կենտրոն ՔԿՀ
«Հրապարակ». Նոր դատավորն ո՞ւմ կընտրի` Աստծո՞ւն, թե՞ Նիկոլ Փաշինյանին, պարզ կլինի առաջիկա օրերին

Հարցազրույց քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանի հետ
– Մեր պատմության մեջ առաջին անգամ Հայոց հայրապետը կանգնեց դատարանի առաջ: Ինչպե՞ս բացատրենք այս դատավարությունը, կարո՞ղ ենք համարել սահմանադրական:
– Աննախադեպ երեւույթ է, երբ Ամենայն հայոց հայրապետն այժմ դատվում է, որովհետեւ իրականացրել է մի քայլ, որը բացառապես իր իրավունքն է: Այսինքն, Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր խորհրդի իրավունքն է՝ կարգալույծ անել նրան, ում ինքն է ուզում: Տվյալ պահին այս գործը հարուցվել է` կապված Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի հետ, որին հոգեւոր խորհրդի որոշմամբ կարգալույծ արեցին եւ հեռացրին զբաղեցրած հոգեւոր պաշտանից: Հիմա մենք բախվում ենք մի իրականության, որով խախտվում է նաեւ Սահմանադրությունը, որովհետեւ պետությունը որեւէ իրավունք չունի խառնվելու Եկեղեցու ներքին գործերին եւ թելադրելու: Բայց սա առիթն է, ոչ թե պատճառը, որ քրեական գործ հարուցեն Վեհափառի դեմ, ներառյալ նաեւ 6 եպիսկոպոսների դեմ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կատարի այն, ինչը որ ամրագրել էր իր նախընտրական խոստման մեջ: Ի դեպ, դա նույնպես աննախադեպ երեւույթ է, երբ քաղաքական ուժը գնալով ընտրություն` իր նախընտրական խոստումներում ամրագրում է, որ պետք է հեռացնի կաթողիկոսին:
– Կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանին խեղդամահ արեցին Վեհարանում, 1938-ին: Հիմա մենք վերադառնում ենք բոլշեւիկյան իրականությո՞ւն, թե՞ դեռ այնտեղ ենք:
– Հիմա՝ 21-րդ դարում, Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին, մենք տեսնում ենք, որ թիրախում Հայ առաքելական եկեղեցին է, եւ այստեղ ամենեւին այն պատճառաբանությունը չէ, թե իբր խախտվել է կուսակրոնության ուխտը: Այդ ամենն ընդամենը պատճառներ ու առիթներ են, որ Նիկոլ Փաշինյանը հանրագումարի բերի այն ողջ ծրագիրը, որը ցանկանում է իրականացնել: Ունենալ թույլ եկեղեցի, ունենալ իշխանության կողմից ուղիղ կառավարվող հայոց հայրապետ: Ակնհայտորեն, թուլանալու են նաեւ պետության հիմքերը, որովհետեւ մեր պատմության ընթացքում Եկեղեցին ապացուցել է, որ նույնիակ պետականության չգոյության պայմաններում ինքն է դարձել ազգապահպանման առաջամարտիկը եւ մշտապես վառ է պահել հետագայում պետականության վերականգնման նախադրյալները: Իսկ հիմա թուլացնելով այդ ամենը` Նիկոլ Փաշինյանը պարզապես շարունակում է իր ամբողջական ծրագիրը, այն է` ունենալ ազգային արժեքներից զուրկ հասարակություն, ազգային արժեքների վրա չհիմնված պետություն, թույլ եկեղեցի եւ իրենց կողմից ղեկավարվող հոգեւորականներ: Բայց Նիկոլ Փաշինյանը պարտվելու է այս արշավի ընթացքում, որովհետեւ եթե նույնիսկ դատարանն ապօրինի որոշում կայացնի, որ Արման Սարոյանը պետք է վերականգնվի որպես Մասյացոտն թեմի առաջնորդ, միեւնույն է, դա չի լուծում Նիկոլ Փաշինյանի խնդիրը եւ չի նշանակում, որ նա հաջողելու է Հայ առաքելական եկեղեցու եւ Վեհափառի դեմ գրոհը:
– Հասկացանք, հրահանգը` հրահանգ: Իսկ դատավորը հաշիվ տալի՞ս է իրեն, թե ում է դատում, ինչու է դատում եւ ինչ օրենքով ու իրավունքով է դատում:
– Հիմա նոր դատավորի են մակագրել այդ գործը` Սերժ Ռուշանյան: Չգիտենք, թե առաջիկա դատական նիստն ինչպես կընթանա: Բայց նաեւ փաստենք, որ նախորդ նիստի ժամանակ դատավորն ինքնաբացարկ հայտնեց: Անկախ պատճառներից նշենք, որ դատավորը նույնպես մարդ է: Այլ բան է դատել ինչ-որ քաղաքական գործչի, ինչ-որ պաշոնյայի եւ այլ բան է դատել Վեհափառին՝ կանգնել նրա առաջ ու դատական վճիռ կայացնել: Թեպետ ես համոզված եմ, որ նման գործերում ոչ թե վճիռներ կայացնում են դատավորները, այլ նրանք կարդում են այն վճիռները, որոնք նրանց հրամցվում են: Բայց այլ բան է, երբ վճիռը կարդում են քաղաքական գործչի նկատմամբ, այլ բան է, երբ կարդում են Վեհափառի նկատմամբ, որովհետեւ մարդը կարող է նաեւ վախ ունենալ Աստծուց: Հիմա այս նոր դատավորն ում կընտրի` Աստծուն, թե Նիկոլ Փաշինյանին, պարզ կլինի առաջիկա օրերին:
– Իսկ ո՞րն է Փաշինյանի նպատակը, երբ թուլացնում է Եկեղեցին, պառակտում հասարակությանը եւ անողնաշար դարձնում պետությունն ու պետականութունը: Կարո՞ղ ենք ենթադրել, որ թշնամու ծրագիրն է իրագործում:
– Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը խոսի, թե տեւական ժամանակ է, որ մենք փաստացի խաղաղության մեջ ենք, չկան կրակոցներ, սահմանին զինվոր չի զոհվում, դրանից չպետք է փարատվել, որովհետեւ այլ բան է փաստացի խաղաղությունը, եւ այլ բան է ամբողջացված խաղաղությունը: Խաղաղությունն ամբողջացնելու համար պետք է խաղաղության պայմանագիր: Իսկ Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը պարզապես չի ստորագրում: Հետեւաբար, խաղաղություն մենք ունենք այնքանով, որքանով որ այս պահին ցանկանում է Ալիեւը: Եթե վաղը փոխվեն նրա քաղաքական առաջնահերթությունները, ապա չի բացառվում, որ մենք ականատես լինենք ե՛ւ սահմանային սրացումների, ե՛ւ կրակոցների: Հիմա խաղաղության պայմանագրի վերջնական կնքման համար Ալիեւն առաջադրում է տարատեսակ պայմաններ: Առաջնային պայմանը պաշտոնական Բաքվի կողմից` մեր Սահմանադրության փոփոխությունն է, որից պետք է հանվեն, ըստ իրենց ընկալումների, այն կետերը, որոնք տարածքային պահանջներ ունեն Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ: Ուղղակի հանվի Անկախության հռչակագրին հղումը: Բայց դրան զուգահեռ կան նաեւ պայմաններ, որոնք պաշտոնական Բաքուն չի թելադրում անմիջապես, սակայն փոխանցում է տարբեր մարդկանց բերանով, որոնցից մեկը Փաշազադեն է: Հիշենք, որ Հայ առաքելական եկեղեցու եւ Վեհափառի դեմ գրոհն սկսվեց անմիջապես այն օրը, երբ Փաշազադեն հայտարարեց, որ մեր եկեղեցին եւ կաթողիկոսը խոչընդոտում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրմանը:
– Արդեն երրորդ անգամ Փաշինյանն ընտրվեց վարչապետ: Կարո՞ղ ենք ասել, որ ժողովուրդն օրինականացնում է նրա բոլոր գործողությունները եւ իր համերաշխությունը հայտնում:
– Նիկոլ Փաշինյանը Եկեղեցու դեմ գրոհը, ի վերջո, ամփոփեց իր նախընտրական ծրագրում՝ դրանով ստեղծելով պատրանք, որ իբր ինքը ժողովրդի կողմից ստացել է քվե՝ Վեհափառին փոխելու: Սակայն ժողովուրդը նրան նման քվե չի տվել: Եթե 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը կեղծիքով վերարտադրվեց, ապա այս ընտրություններում հիմքը շանտաժն էր եւ այն մանիպուլյացիան, որպեսզի հետագայում իր բոլոր քայլերը, իր բոլոր գործողությունները գցի ժողովրդի գրպանը եւ հայտարարի, որ ես անում եմ այն, ինչ ժողովուրդն է պահանջում: Այդ թվում՝ նաեւ մարդկանց ձերբակալելը, կալանավորելը, ունեզրկելը եւ այլն, եւ այլն: Սակայն մարդիկ նրան չեն տվել նման մանդատ: Եվ ես չեմ հավատում, որ որեւէ մեկը Նիկոլ Փաշինյանին կասեր, թե ես քեզ կընտրեմ միայն նրա համար, որ դու, օրինակ, կալանավորես, ունեզրկես Գագիկ Ծառուկյանին եւ հեռացնես Վեհափառին: Ոչ: Նիկոլ Փաշինյանն իր ստացած քվեների հիմքը թող սոցիալական հարցերում փնտրի եւ գտնի: Նման ազգային հարցեր լուծելու համար, այն էլ՝ Վեհափառին հեռացնելու համար, մանդատ Նիկոլ Փաշինյանը չի ստացել:
Բայց եկեք միայն ուշադրություն դարձնենք նրա լեքսիկոնի փոփոխությանը, որ ուղիղ ազդում է նաեւ ՔՊ-ականների խոսելաձեւի վրա: Մինչ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ես Գարեգին Բ անունով կաթողիկոս չեմ ճանաչում, որեւէ ՔՊ-ական նման բան չէր ասում: Հիմա Նիկոլ Փաշինյանն արդեն ամրագրում է, որ մենք այս պահին դեռեւս չունենք Ամենայն հայոց կաթողիկոս, եւ ՔՊ-ականները մի մարդու պես կրկնում են, որ Գարեգին Բ-ն կաթողիկոս չէ, այդ տեղն այս պահին թափուր է: Այսինքն, ՔՊ-ն աննահանջ գնում է իր ծրագրի իրականացմանը: Նա հանրության գիտակցության մեջ ուզում է նստեցնել այն գաղափարը, որ Ամենայն հայոց կաթողիկոսի գահը թափուր է, հետեւաբար՝ մեզ անհրաժեշտ է նոր կաթողիկոս: Սա է ձգտում անել Նիկոլ Փաշինյանը: Նա սկզբում փորձում է լվանալ մարդկանց ուղեղները, այնուհետեւ անցնել ակտիվ գրոհի:
– Մի կողմում այս իշխանությունն է, մյուս կողմում` սրանց իշխանության պահող ժողովուրդը: Իսկ այդ երկուսի արանքում ի՞նչ կանխատեսում կարող ենք անել՝ որպես երկրին սպասվող ապագա:
– Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չփոխվի, ապա մենք փափուկ ուժի կիրառմամբ վերածվելու ենք թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող մի միավորի, այսինքն` Հայաստանն այլեւս չի լինելու քաղաքական սուբյեկտ: Ես հեռու եմ այն մտքից, երբ ասում են, թե Հայաստան չի լինելու: Իհարկե, լինելու է Հայաստան, որպես այդպիսին` ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետություն: Բայց կարեւորը բովանդակությունն է, թե ինչպիսի պետություն ենք լինելու մենք: Լինելու ենք ընդամենը մի տարածք, որտեղ որ ապրում են հայեր, նաեւ դրան գումարվելու են ադրբեջանցիներ: Երբ ընդդիմությունն ասում է, որ 300 հազար ադրբեջանցիներ վերադառնալու են, շեշտադրումը մի քիչ սխալ է անում, եւ իշխանությունն այդ հողի վրա կարողանում է խաղալ: Որովհետեւ ստեղծվում է տպավորություն, թե 300 հազար ադրբեջանցիներ պետք է հավաքվեն եւ իրար հետ մի մեծ ավտոշարասյուն կազմեն ու մի օրում, ոստիկանների ուղեկցությամբ, մտնեն Հայաստան: Իհարկե, այդպես չեն գալու: Այդ 300 հազարը գալու են մաս-մաս՝ խաղաղության անվան տակ եւ տարբեր պատրվակներով: Մեր իշխանությունը կձեւակերպի որպես վերադարձ իրենց հայրական տներ, որոնք լքել էին 1988 թվականի շարժման հետեւանքով, իսկ Ադրբեջանի իշխանությունը կվերնագրի որպես վերադարձ պատմական հայրենիք: Սակայն դրանից իրականությունը չի փոխվելու. ադրբեջանցիները կբնակեցվեն Հայաստանում:
Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է մնալ, ապա մեծանում է այն վտանգը, որ, ի վերջո, գուցե հասնենք այն օրվան, որ զրկվենք ազգային երազանքներից ու նպատակներից, թուլանա մեր պատմական հիշողությունը, աստիճանաբար վերածվենք սպառողական զանգվածի: Հայաստանի Հանրապետությունը դառնա մի տարածք, որն ամբողջությամբ թուրք-ադրբեջանական գերիշխանության տակ է լինելու եւ սպասարկելու է նրանց շահերը: Չունենանք այլեւս բանակ, որն ի զորու կլինի լուծել մեր անվտանգության հարցը: Մեզ այլեւս աշխարհում որեւէ մեկը լուրջ գործընկերոջ տեղ չի դնելու, եւ մենք կզրկվենք թե՛ լուրջ գործընկերներից, թե՛ լուրջ դաշնակիցներից: Այսինքն` մենք աստիճանաբար կվերածվենք մի այնպիսի պետության, որի անունն այլեւս ոչ ոք չի տա:
Ղազարյանը հստակ ասաց՝ վայր դնելու է մանդատը, թե ոչ

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հերքել է տեղեկությունները, թե խմբակցությունում քննարկվել է իր պատգամավորական մանդատը վայր դնելու հարցը։
Լրագրողների հարցին՝ արդյոք նման հարց քննարկվե՞լ է, Ղազարյանը պատասխանել է, որ նման քննարկում չի եղել։
Նա ընդգծել է, որ խմբակցության ներսում գործընկերների հետ ձևավորված է փոխըմբռնման և համագործակցության լավ մթնոլորտ։ Պատգամավորի խոսքով՝ իր յուրաքանչյուր ելույթը, հարցադրումը կամ խորհրդարանական քննարկումը չպետք է ընկալվի որպես մեծ քաղաքական իրադարձություն։
Ղազարյանը նաև հերքել է, որ քննարկել է անկախ պատգամավոր դառնալու հնարավորությունը։ Նա նշել է, որ շարունակում է մնալ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ և պատրաստվում է շարունակել իր աշխատանքը խմբակցության կազմում։
Անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում իր նստատեղը փոխելու հարցին՝ պատգամավորը պարզաբանել է, որ դա քաղաքական որոշում չէ, այլ տեխնիկական և կազմակերպական բնույթի հարց, որը, իր խոսքով, դեռ վաղուց էր քննարկվում։
Տվյալ անձնավորությունը զոհվածի գերեզմանաքարի փողի շորթման գործով դատված է եղել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը արձագանքել է ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի նախորդ օրվա ելույթին և կասկածի տակ դրել նրա ներկայացրած տեղեկությունների մի մասը։
Ալեքսանյանը խորհրդարանում տեսանյութ էր ցուցադրել, որում երևում էր շղթայակապ տղամարդ, և պնդել էր, որ դեպքը տեղի է ունեցել 2001 թվականին Մանվել Գրիգորյանի առանձնատանը։ Նրա խոսքով՝ տեսանյութում պատկերված անձը ազատամարտիկ Աշոտ Իսախանյանն է, որը մասնակցել է առաջին արցախյան պատերազմին և հինգ անգամ վիրավորվել։
«Այո, իհարկե, Ձեր ցույց տված տեսանյութը խիստ դատապարտելի է ու չնայած այն հանգամանքին, թե ով է եղել այդ անձը: Դատապարտելի է նաև, որ տվյալ անձնավորությունը զոհվածի գերեզմանաքարի փողի շորթման գործով դատված է եղել: Պարոն Ալեքսանյան, կխնդրեմ ասել՝ այդ ազատամարտիկը որտեղ է կռվել, մարտական ինչ առաջադրանք է կատարել ու հինգ անգամ որտեղ է վիրավորվել»,- ասել է նա։
Պատերազմից հետո փառատոն- ֆեստիվառ անելը սրիկայությու՞ն չէր․ ահա որն է սրիկայությունը

Զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը, անդրադարձել է վերջին օրերին հանրային ու քաղաքական դաշտում հնչող «սրիկայություն» բառի շուրջ քննարկումներին։
Նա հիշատակել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մասունքների հետ կապված դեպքերը՝ ընդգծելով, որ, իր գնահատմամբ, դրանց համար պատասխանատուները պատշաճ պատասխանատվության չեն ենթարկվել։
Մարգարյանը նաև քննադատել է պատերազմից հետո, դեռևս դրա ավարտից կարճ ժամանակ անց, փառատոնային միջոցառումների կազմակերպումը՝ հարց բարձրացնելով, թե արդյոք նման քայլերը նույնպես կարելի է բնութագրել որպես անարգալից վերաբերմունք զոհերի հիշատակի նկատմամբ։
Զոհված զինծառայողի մայրը նշել է, որ անընդունելի է համարում նաև պատերազմում զոհվածների հիշատակը հանրային օրակարգից դուրս մղելու ցանկացած փորձ։
«Մեր տղաների մասունքներն էին՝ անարգված, գետնին շպրտված, ու դրա համար ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց։ Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր։ Մոռացության եք ուզում տալ տղաների հիշատակը, դա սրիկայություն չէ՞»,- նշել է նա։
Այսօր հետաքրքիր է լինելու․ առջևում են դեռ ելույթները

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը չի բացառել, որ խորհրդարանում այսօր ևս թեժ քննարկումներ ու կոշտ ելույթներ կլինեն։
Լրագրողները Կարապետյանից հետաքրքրվել են՝ արդյոք արդարացի է, որ Էդգար Ղազարյանի երեկվա ելույթից հետո իշխանության արձագանքը բավական կոշտ էր, մինչդեռ նույն օրը իշխանական շրջանակների ներկայացուցիչների կողմից հնչած վիրավորական արտահայտությունները, այդ թվում՝ Տարոն Չախոյանի կողմից օգտագործված «սրիկա» բառը, նույն արձագանքին չեն արժանացել։
Հարցին՝ արդյոք բարեկրթության սահմանները միայն Էդգար Ղազարյանի նկատմամբ են կիրառվում, Կարապետյանը կարճ պատասխանել է.
«Ելույթները դեռ առջևում են, այսօր հետաքրքիր է լինելու»։
«Հրապարակ». Երկինք քարը նետված է, ուրիշի համար փոսը` փորված, ցանկապատը քանդվելու վրա է, օձի խայթոցն էլ չի ուշանա

Հայոց առաքելական սուրբ եկեղեցու եւ կաթողիկոսի դեմ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն շարունակում են իրենց պայքարը։ Այն ուղղորդվում է Ադրբեջանից ու Թուրքիայից եկող հրահանգներով եւ ունի քաղաքական դրդապատճառներ։ Հայ առաքելական եկեղեցին, լինելով ազգային եկեղեցի, կարող է առանցքային հակազդեցության կենտրոն դառնալ` ընդդեմ հակահայկական ընթացքի, ինչով էլ շատերը պայմանավորում են հակաեկեղեցական այս արշավը իշխանությունների կողմից։ «Հրապարակը» զրուցել է Գորիսի տարածաշրջանային հոգեւոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանի հետ։
– Ամենայն հայոց կաթողիկոսն ու վեց եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ կանչվել են դատարան՝ հորինովի ու անտրամաբանական մեղադրանքով։ Այս արշավը, ըստ Ձեզ, ի՞նչ թաքնված կամ արտաքին նպատակներ ունի։
– Եկեղեցին միակ աստվածահաստատ ազգային-հոգեւոր ամրոցն է մնացել, որ սրանք չեն կարողացել գրավել ու ապականել։ Վեհափառի եւ սրբազան հայրերի դատավարությունը Եկեղեցին գրավելու արդեն երրորդ փորձն է։ Չարաբաստիկ «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժումը, որը տապալվեց, Վեհարանի գրավումը, որն էլի տապալվեց, հիմա փորձում են դատական գործընթացի միջոցով արդյունքի հասնել։ Չգիտեմ, կկարողանա՞ն գտնել մահապարտ մի դատավորի, որն իրեն դժոխքի մատնելուց զատ, իր 7 սերունդը նզովքի տակ կդնի։ Սպասենք։ Պարսկական, արաբական, մոնղոլ-թաթարական, սելջուկ թուրքական արշավանքների փշրանքներն են սրանք։ Ինչ չեն կարողացել անել վերը նշվածները, հիմա փորձում են անել գենետիկ հետք թողած դրանց ժառանգները։
– Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ական թիմակիցներն ամեն առիթ օգտագործում են՝ հայտարարելու համար, որ Գարեգին Երկրորդ անունով կաթողիկոս չունենք։ Ինչո՞ւ են նման հայտարարություն անում, կարո՞ղ ենք ենթադրել, որ իրականում իրենք իրենց Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ չեն համարում։
– Վեհափառի անունը լսելուն պես դիվահարվում են։ Վեհափառը, ինչպես նաեւ բոլոր քահանաներն ու եպիսկոպոսները Աստծո օծյալներն են։ Քրիստոս առաքյալներին ասաց. «Ով ձե՛զ է ընդունում, ի՛նձ է ընդունում, եւ ով ի՛նձ է ընդունում, ընդունում է ինձ ուղարկողի՛ն». Մաթեւոս 10; 40։ Մերժելով Աստծո օծյալին, փաստացի մերժում են Քրիստոսին, հետեւաբար՝ ենթակա են Աստծո դատաստանին, ինչի ականատեսը, անշուշտ, մենք կլինենք։ Աստվածաշնչում մի այդպիսի գեղեցիկ պատմություն կա. հրեաները Սավուղ անունով մի թագավոր ունեին, որին Աստված մերժել էր եւ Սամուել մարգարեի միջոցով հայտնել, որ Դավթին է ընտրել որպես թագավոր։ Այդ իմանալով՝ Սավուղն ուզում էր սպանել Դավթին։ Պատերազմի ժամանակ Սավուղը վիրավորվում է։ Իր ծառային կանչում է եւ հրամայում, որ իրեն սպանի, որպեսզի օտարազգիներին գերի չընկնի։ Ծառան սպանում է, գալիս է լուրը հայտնում Դավթին։ Լուրը լսելուն պես Դավիթը հրամայում է սպանել այդ ծառային՝ ասելով. «Դու ինչո՞ւ ես ձեռք բարձրացրել Աստուծո օծյալի վրա»։ Դե ինչ, նմանօրինակ մի իրադարձության ականատեսը կլինենք հաստատ։
– Փաշինյանը Վեհափառի ու Հայ եկեղեցու դեմ արշավն ամրագրել է նաեւ իր նախընտրական ծրագրում, ի՞նչ եք կարծում՝ այս արշավը միայն նմանատիպ դատական գործերով կսահմանափակվի, թե՞ էլ ավելի սուր ու վատ դրսեւորումներ կարող է ստանալ։
– Նախ, չեմ ուզում հավատալ, որ որեւէ դատավոր կմտնի այդ բանադրանք-նզովքի տակ, բայց սպասենք իրադարձությունների զարգացումներին։ Ինչ վերաբերում է ՔՊ-Քեմալական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում Վեհափառին հեռացնելուն, ապա կասեմ. Փաշազադեի, Ալիեւի, Էրդողանի աչքը լույս։ Ըստ օդում կախված լուրերի, նրանց հրամանով Եկեղեցու վրա են հարձակվում, Սահմանադրություն են ուզում փոխել, երկրի սահմաններն են օր-օրի փոքրանում… էլ չասեմ, որ թմրամոլությունը, խաղամոլությունն ու աղանդավորությունն են հովանավորում… Դե պիղծ տեղից մաքուր բան սպասելն էլ միամտություն կլինի։ Սողոմոն Իմաստունն ասում է. Երկինք քար նետողի գլխին կընկնի քարը, ուրիշի համար փոս փորողն ինքը կընկնի դրա մեջ, ցանկապատ քանդողին կխայթի օձը։ Այնպես որ, երկինք քարը նետված է, ուրիշի համար փոսը` փորված, маски сброшены, ցանկապատը քանդվելու վրա է, օձի խայթոցն էլ չի ուշանա։
– Փաշինյանը սեփական նախաձեռնությա՞մբ է սա անում, թե՞ «խորհուրդներ» է ստանում։
– Դուք սրա «Երկրի հակառակ կողմը» գիրքը կարդացե՞լ եք: Ամբողջն այլասերվածություն է, 15 տարեկան տղա, ապա արձան բռնաբարելուց մինչեւ «քած դատախազ» եւ այլն։ Ու դուք մտածում եք, որ այս կարգի այլասերված հոգու տեր մարդը մտահոգվա՞ծ է Եկեղեցու մասին, լո՞ւրջ։ Նա իսկապես մեր երկրի հակառակ կողմից եկավ նախորդի դավադրության արդյունքում։ Ըստ Ձեզ, աղանդավորների հոգեկործան քարոզները տարածողն իսկապե՞ս մտածում է Քրիստոսաէջք Եկեղեցու մասին։ Սրա նախորդը լալահառաչ ասում էր. «Ես սրան չեմ պարտվել, այլ ավելի հզոր ուժերի»։ Եթե նախորդը ուրիշին պարտվածի կամքով սրան բերեց իշխանության, պարզ չէ, որ սա, այ, հենց այդ ուժերից ստացած հրահանգներն է կատարում։
– Արդյո՞ք Վեհափառին ուղղված հանրային աջակցությունը որ այսօր կա, բավարար է, թե՞ Դուք ավելին էիք ակնկալում։
– Հայ մարդը չի կարող չարձագանքել, չմտահոգվել, որովհետեւ այդ ամենն ուղիղ հարվածում է հենց հայի ինքնությանը, հոգուն, էությանը, հայի երկրին, իսկ Դուք ի՞նչ եք կարծում՝ հայրենիք, հավատք, սրբություն ունեցող հայ մարդը չի՞ մտահոգվի։ Ասացվածքն ասում է. «Ժողովուրդն առյուծի պես է, որ զարթնեց, էլ չի քնի», իսկ արթնությունը այս անզգամների համար մի անսպասելի ժամի կլինի, որովհետեւ Սուրբ Գիրքն ասում է. «Անզգամների կործանումն անսպասելի է լինում»։ «Չար է լինելու անիրավ մարդկանց կործանումը: Դա է ճանապարհը բոլոր նրանց, որ անիրաւություն են գործում, որովհետեւ ամբարտաւանութեամբ նրանք սպանում են իրենց հոգին». Առակաց 1; 18-19:
– Սփյուռքը որեւէ դերակատարում կարո՞ղ է ունենալ։
– Կաթողիկոսն աշխարհասփյուռ բոլոր հայերի կաթողիկոսն է։ Սատանայի առաքյալների կողմից Եկեղեցու եւ հոգեւորականության դեմ տեղի ունեցող այս հոգեցունց իրադարձությունները չեն կարող չանհանգստացնել սփյուռքի մեր հայրենակիցներին։ Վստահ եմ ու հավատում եմ, որ իրենց հնարավորի շրջանակներում սփյուռքի մեր հայրենակիցներն իրենց խոսքը կասեն ու կգործեն։
– Մինչեւ ո՞ւր կարող է գնալ Նիկոլ Փաշինյանը, քանի որ Վեհափառն իր խոսքում բազմիցս շեշտել է, որ իր կյանքի գնով էլ լինի, երբեք կաթողիկոսական գահից չի հրաժարվի։
– Ամենայն հայոց կաթողիկոսն օդում, ջրում, ցամաքում թե բանտում՝ կաթողիկոս է։ Թե դիվախոնարհ էս երեւույթներն ինչքան հեռուն կգնան, չգիտեմ, բայց որ Վեհափառը պինդ մարդ է ու անսասան կանգնած, դա՝ հաստատ, եւ հենց այդ անսասանությունն էլ խոսում է Քրիստոսի Եկեղեցու հաղթանակի մասին։ Պարզապես զարմացած եմ Վեհափառի համբերության վրա, որ այդքանից հետո չի բանադրում դրան` յոթ պորտով մեծ տառապանքով դժոխք գնան։ Ես կանեի, մանավանդ՝ փորձն էլ ունեմ։ Շատ մեծահոգի է։ Միշտ հիշենք, որ մենք եկել ենք մի աշխարհ, որը մենք չենք ստեղծել, հետեւաբար, պետք է այս աշխարհը ստեղծողի կարգուկանոն-պատվիրանով ապրենք, հակառակ դեպքում պարտությունն անխուսափելի է՝ իր բոլոր ծանր ու դառը հետեւանքներով հանդերձ։ Ու միշտ հիշենք, որ դագաղը գրպաններ չունի, մեկ օր բոլորն են կանգնելու Աստուծո դատի առաջ։ Վերջում մի առակ պատմեմ․ մի մարդ անցնում է թանկարժեք ռեստորանի կողքով եւ տեսնում մի ցուցանակ, որի վրա գրված է. «Ուտում են հայրերը, վճարում են որդիները»։ Նա ուրախ մտնում է ներս, պատվիրում ամենաթանկարժեք ուտեստը, ուտում է եւ երբ պատրաստվում է դուրս գալ ռեստորանից, մոտենում է մատուցողը եւ ներկայացնում հաշիվը։ Մարդը ցույց է տալիս ցուցանակը։ Մատուցողը ժպտալով ասում է. «Դու քո հոր կերածի համար ես վճարում»։ Զուր չէ Աստվածաշունչն ասում. «Հայրերը կերան ազոխը (խակ պտուղը` Հ. Ա.), որդիների ատամներն արյունոտվեցին»։