Փափկասեր Արայի՞կն է որոշում, թե ով է արցախցի

Իշխանությանը ոչ ոք այնպես լավ չի կարող խայտառակել, որքան իրենք։ Կառավարությունից Ազգային ժողովում հայտնված Արայիկ Հարությունյանը կառավարությունից բերել է հայ ժողովրդի մի հատվածի՝ արցախցիների նկատմամբ անարդար դատավճռի ողջ ծանրությունը։ Ու այսօր զարմանալի չէ, երբ նա ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, Արցախից տեղահանված Արեգա Հովսեփյանին հարցնում է՝ Արցախը ճանաչո՞ւմ եք, թե ոչ: Երբեմն մի անկեղծ պատասխան ջնջում է քաղաքական գորշ հետքերը և պարզում հանրության աչքերը։

Արեգա Հովսեփյանի պատասխանը հենց դրա մասին է խոսում։ Նա անկեղծորեն հարցնում է՝ «Ցավացնելու համա՞ր եք հարցնում»․ «Արդյո՞ք ես ճանաչում եմ Արցախը Ադրբեջանի կազմում, ես ճանաչում եմ իմ հայրենիքը, ես ճանաչում եմ այն տեղը, որտեղ ծնվել եմ, այն ծննդավայրը, որտեղ մեծացել եմ, ամուսնացել եմ, որտեղ գտնվում են իմ ապուպապերի և հոր գերեզմանը: Ես ճանաչում եմ դա ու երբեք չեմ մոռանալու, ինչպես որ չեն մոռանալու 120,000-ը և շատ հայեր։

Ինձ մոտ միշտ հարց էր առաջանում, ի՞նչ է զգում հայը, երբ նման հարցադրում է անում արցախցուն, արցախահային, ի՞նչ նպատակով է նա դա հարցնում, ցավեցնելու՞, գիտեք, ձեր հարցերը վաղուց չեն կարողանում ցավեցնել, ես տեսել եմ Արցախի անկումը, ավելին, դրանից իմ դիմադրողականությունը ավելի է բարձրացել, ցավեցնում են հիշողությունները»։

Արցախցու համար դա սովորական հարց չէ։ Արցախը տուն է, որն այլևս քոնը չէ։ Տուն, որտեղ մնացել է իր մանկությունը, իր օրորոցը, իր բակը, իր ծնողների հիշողությունը, իր հարազատների գերեզմանները։ Արեգա Հովսեփյանը հիշեցրեց ամենակարևորը՝ իր հոր գերեզմանը Արցախում է։

Երբ հարցը հասնում է նրան, թե «դու ինչո՞ւ էիր Երևանում, ուրեմն որքանո՞վ ես արցախցի», արդեն ուրիշ սահման ենք անցնում։ Արայիկ Հարությունյանը հենց այդ կարմիր գծերն անցավ, որը և առաջացրեց սոցիալական հարթակի դժգոհությանը։ Դու մոտավոր նույնություն ունի Փաշինյանի հարցի հետ՝ ինչու՞ դու չես զոհվել։ Փափկակենցաղ Արայի՞կն է որոշում՝ թե ով է բավականաչափ արցախցի։

Ամենացավալին այն է, որ արցախցին այսօր ստիպված է ոչ միայն ապացուցել, որ հայրենիք ունի, այլ ապացուցել, որ իրավունք ունի այդ հայրենիքը կարոտելու։ Ապացուցել արայիկ կոչվողներին, որ Արցախը իրենց հայրենիքն է, Տունը։ Կա մի երկիր, ուր մարդը դեռ իր ներսում չի կորցրել։ Եվ ամենակարևորը՝ կա վերադարձի հույս։ Այդ հույսը կարելի է վիճարկել քաղաքականության մեջ։ Բայց մարդու սրտից այն խլել՝ ոչ ոք իրավունք չունի։

Նիստը վարողը խախտում էր ԱԺ Կանոնակարգ օրենքը․ Ինչու հեռացրին Ղազինյանին

Նիստը վարողը պարբերաբար խախտում էր ԱԺ Կանոնակարգ օրենքը և մեկնաբանում յուրաքանչյուր ելույթ ունեցող ընդդիմադիրի հետևից մեկնաբանություն հնչեցնում, ինչը նախատեսված չէ Կանոնակարգ օրենքով։ Դավիթ Ղազինյանի կողմից այդ մասին հիշեցումից հետո տեղի ունեցավ այն, ինձ տեսնում եք։

Մարիաննա Ղահրամանյանի էջից

Լարված իրավիճակ ԱԺ-ում․ Վահագն Ալեքսանյանը հեռացրեց դահլիճից Դավիթ Ղազինյանին


Լարված իրավիճակ ԱԺ-ում․ Վահագն Ալեքսանյանը հեռացրեց դահլիճից Դավիթ Ղազինյանին

Հյուսիս-Հարավի շինարարությունը փակել է Կոշ-Արուճ ճանապարհը․ հողագործների բերքը դաշտում փչանում է

Հյուսիս–Հարավ մայրուղու շինարարական աշխատանքներից հետո տևական ժամանակ փակ է Կոշ–Արուճ ճանապարհի այն հատվածը, որով Արագածոտնի մարզի Կոշ համայնքի հողագործները հասնում են իրենց մոշի և դեղձի այգիներ։ Արդյունքում գյուղացիներն ու հողագործները հայտնվել են լուրջ խնդրի առաջ․ բերքը դաշտում է մնում, իսկ դրա տեղափոխումը դարձել է գրեթե անհնար։

«Հրապարակ»-ին ահազանգել են կոշեցիները, հողագործ Դավիթ Գալստյանը, որ երկար տարիներ զբաղվում է մոշի մշակությամբ և բավականին մեծ տարածքներ ունի, ասում է, որ այս տարի ճանապարհի փակ լինելու պատճառով իր և մյուս հողագործների համար բերքը հավաքելն ու շուկա հասցնելը լուրջ խնդիր է դարձել։

Դավիթ Գալստյանը պատմում է, որ այգիներին մեքենայով հասնել այլևս հնարավոր չէ, և բերքը հավաքելուց հետո այն մոտ 400-500 մետր պետք է ձեռքով տեղափոխեն մինչև մեքենաները։

«Եվ բերքը հավաքողին ենք փող տալիս, և հիմա արկղերով կրելու համար, որպեսզի հասցնեն 400-500 մետր տարածությունը, կտրեն, հասցնեն դեպի ավտոմեքենաներ, բանվորներին ենք գումար տալիս։ Ծանր վիճակ է ստեղծվել։ Ստիված դեղձը տևական ժամանակ է չենք հավաքում, մոշը այդտեղը փչանում, դեղձը չենք հավաքում, դեղձի ամբողջ այգին, կարելի է ասել, այս պահին դեղձենիները փչացել են», ֊ասաց նա։

Հողագործի խոսքով՝ նման պայմաններում բերքը տեղափոխելու համար անհրաժեշտ լրացուցիչ աշխատուժի ծախսերը գյուղացիներն այլևս չեն կարող իրենց վրա վերցնել։ Արդյունքում մի դեպքում մոշն է դաշտում փչանում, մյուս դեպքում՝ դեղձը, որը ժամանակին չհավաքելու հետևանքով կորցնում է իր ապրանքային տեսքը։

Կոշեցիները պնդում են, որ խնդրի մասին իրենք փորձել են տեղեկացնել նաև պատասխանատու կառույցներին։ Դիմել են Ճանապարհային դեպարտամենտ, որտեղից, ըստ նրանց, առաջարկել են զանգահարել թեժ գիծ։ Սակայն թեժ գծից իրենց փոխանցված մի քանի հեռախոսահամարներով զանգերը, չգիտես ինչու, այդպես էլ անպատասխան են մնում։

Հողագործների խոսքով՝ ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում տարածքում աշխատանքները վերահսկող Ռադիկ անունով պատասխանատու անձը իրենց խոստացել էր, որ ճանապարհի հետ կապված խնդիրը շուտով կլուծվի և այն խոչընդոտ չի հանդիսանա գյուղացիների համար։ Բայց Ռադիկը գնաց, խոստումն էլ մնաց, հիմա անգամ հեռախոսազանգերին չի պատասխանում։
«Հրապարակը» նույնպես փորձեց կապ հաստատել Ռադիկի հետ․ հողագործները մեզ փոխանցեցին նրա հեռախոսահամարը, սակայն զանգի պահին այն ժամանակավորապես անհասանելի էր։

Այս պահին Կոշի հողագործները պատասխանատու մարմիներից պահանջում են հնարավորինս արագ լուծել ճանապարհի հասանելիության խնդիրը՝ նշելով, որ յուրաքանչյուր կորցրած օր իրենց համար նշանակում է դաշտում մնացած և փչացող բերք ու նոր ֆինանսական կորուստներ։

Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել Սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը

Հայաստանի խորհրդարանի ամբիոնից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժի) պատգամավոր Արման Եղոյանը հարցրել է, թե ովքեր են Արամ Համբարյանը (Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի տնօրենը), Գասպար Կարապետյանը (Բրյուսելի Հայ դատի գրասենյակի տնօրենը) ու Մուրադ Փափազյանը (CCAF-ի համանախագահ և ՀՅԴ Բյուրոյի անդամ), և թե քանի հոգու անունից են նրանք խոսում։

Իր ելույթի ընթացքում վերոնշյալ պատգամավորը հատկապես փորձել է արժեզրկել Սփյուռքը, թերագնահատել դրա օգտակարությունը և վերջում պաշտպանել այն անհեթեթ թեզը, թե ավելի ուժեղ Սփյուռքը նշանակում է ավելի թույլ Հայաստան։ Մեր անձնական գործոնն այստեղ հիմնական խնդիրը չէ։ Իրական խնդիրը հայ ազգի, նրա պատմության և ապագայի վերաբերյալ նրանց պատկերացումն է։ Մենք երբեք չենք հավակնել խոսել բոլոր հայերի անունից։

Մենք խոսում ենք մեր համոզմունքների, մեզ վստահված պատասխանատվության և Հայաստանի, Արցախի ու Հայ դատի ծառայությանը նվիրված տասնամյակների հանրային գործունեության անունից։ Լեգիտիմությունը չի սահմանափակվում միայն ընտրական մանդատով. այն բխում է նաև ծառայությունից, հետևողականությունից, համախմբելու կարողությունից և ձեռք բերված արդյունքներից։ Կառավարությունը ժամանակավոր է, պետությունը՝ մնայուն։ Իսկ հայ ազգը դրանից էլ ավելի ընդգրկուն է։

ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԵԿ ԴԱՐ

Ժամանակակից հայկական Սփյուռքը չի ծնվել հարմարավետության ընտրությունից։ Այն մեծապես Ցեղասպանության, աքսորի, տեղահանությունների և Օսմանյան կայսրության հայկական համայնքների ոչնչացման հետևանք է։ 1915 թվականից հետո իրենց հողից, ունեցվածքից և հաճախ նաև ընտանիքներից զրկված վերապրածները հավաքական կյանք վերակերտեցին Լիբանանում, Սիրիայում, Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում, Կանադայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Հունաստանում, Կիպրոսում, Իրանում, Եգիպտոսում, Ավստրալիայում և տասնյակ այլ երկրներում։ Նրանք կառուցեցին եկեղեցիներ, դպրոցներ, մշակութային կենտրոններ, երիտասարդական տներ. հիմնեցին թերթեր, սոցիալական և բարեգործական կառույցներ։ Նրանք փոխանցեցին հայոց լեզուն՝ հատկապես այսօր վտանգված արևմտահայերենը, մեր հավատքը, մշակույթը, հիշողությունը և նույն ազգին պատկանելու գիտակցությունը։ Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, Համազգայինը, ՀՄԸՄ-ն, Հայ Կապույտ Խաչն ու Հայ Օգնության Միությունը, ինչպես նաև հազարավոր կրթական, մշակութային, մարզական և բարեգործական կազմակերպություններ թույլ չտվեցին, որ աշխարհասփյուռ վիճակը վերածվի անհետացման։ Այս կառույցները կատարյալ չեն։ Ոչ մի մարդկային հաստատություն կատարյալ չէ։ Սակայն ժխտել դրանց պատմական դերը՝ նշանակում է ջնջել մշակութային և ազգային դիմադրության մի ամբողջ դար։ Առանց դրանց՝ Սփյուռքի մեծ մասը կլուծվեր ձուլման մեջ։ Առանց դրանց՝ վերապրածների միլիոնավոր ժառանգներ չէին պահպանի ո՛չ լեզուն, ո՛չ հիշողությունը, ո՛չ էլ կենդանի կապը Հայաստանի հետ։

ՀԱՅՈՒԹՅԱՆ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Խորհրդային տարիներին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը չուներ ինքնիշխան դիվանագիտություն, որը կարող էր ազատորեն պաշտպանել հայ ժողովրդի ազգային իրավունքները։ Այս պայմաններում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ու Հայ դատի հանձնախմբերի համաշխարհային ցանցը ստանձնեցին ոչ պաշտոնական իրական դիվանագիտության դերը։ Վաշինգտոնում, Փարիզում, Բրյուսելում, Օտտավայում, Լոնդոնում, Բուենոս Այրեսում, Բեյրութում, Թեհրանում և բազմաթիվ այլ մայրաքաղաքներում դրանք միջազգային հանրային ու քաղաքական օրակարգում պահեցին Հայոց ցեղասպանության հիշողությունը, հայ ժողովրդի իրավունքներն ու հենց Հայաստանի գոյության հարցը։ 1991 թվականի անկախության հռչակումից հետո այս աշխատանքը չդադարեց. այն ծառայեց Հայաստանի Հանրապետությանը, դրա անվտանգությանը, զարգացմանն ու միջազգային հեղինակությանը։ Սփյուռքը համախմբվեց 1988 թվականի երկրաշարժից հետո, շրջափակման տարիներին, պատերազմական ծանր շրջանում՝ հանուն Արցախի պաշտպանության, փախստականների աջակցության, մարդասիրական ծրագրերի ֆինանսավորման, ներդրումների ներգրավման և Հայաստանի ներկայացուցիչների առջև օտարերկրյա քաղաքական հաստատությունների դռները բացելու։ Հայաստանի որևէ կառավարության քաղաքականությանը ընդդիմանալը երբեք չի նշանակել ընդդիմանալ հայկական պետությանը։ Երբեմն հենց կառավարության դեմ հանդես գալն է պետությանը երկարաժամկետ ծառայելու լավագույն ձևը։

ԱՆՎԻՃԵԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ինքնստինքյան չի տրվել. այն վերապրածների, նրանց ժառանգների, պատմաբանների, եկեղեցիների և Սփյուռքի կազմակերպությունների տասնամյակների աշխատանքի արդյունքն է, որոնց շարքում վճռորոշ դեր են ունեցել Հայ դատի հանձնախմբերը։ 2026 թվականի դրությամբ առկա միջազգային տվյալների համաձայն՝ Հայաստանից բացի, Հայոց ցեղասպանության ճանաչումը տարբեր իրավական ձևերով՝ օրենքով, խորհրդարանական բանաձևով կամ կառավարության որոշմամբ, արձանագրվել է երեսուներեք պետության կողմից՝ Արգենտինա, Ավստրիա, Բելգիա, Բոլիվիա, Բրազիլիա, Կանադա, Չիլի, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Լիբանան, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մեքսիկա, Նիդերլանդներ, Պարագվայ, Լեհաստան, Պորտուգալիա, Ռուսաստան, Սլովակիա, Շվեդիա, Շվեյցարիա, Սիրիա, Սուրբ Աթոռ, Վենեսուելա, Միացյալ Նահանգներ և Ուրուգվայ։

Միջազգային մակարդակում պաշտոնական փաստաթղթեր, զեկույցներ կամ հայտարարություններ են ընդունվել, մասնավորապես, Եվրոպական խորհրդարանի, ՄԱԿ-ի Խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովի, ՄԱԿ-ի Պատերազմական հանցագործությունների հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամների, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, Մերկոսուրի խորհրդարանի, Ժողովուրդների մշտական տրիբունալի և Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության կողմից։ Դրանց գումարվում են Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի, Էլի Վիզելի հիմնադրամի, Մարդու իրավունքների լիգայի, Ամերիկյան հրեական համայնքների միության, Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիայի, վտարանդի Քրդստանի խորհրդարանի և միջազգային այլ գիտական ու բարոյական հեղինակավոր կառույցների աշխատանքները։ Ահա թե ինչ է տալիս կազմակերպված Սփյուռքը․ այն ջնջման վտանգի տակ գտնվող հիշողությունը վերածում է միջազգայնորեն ճանաչված ճշմարտության։

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ

Մենք պայքարել ենք նաև Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեմ այնքան ժամանակ, քանի դեռ Անկարան շարունակում էր Հայոց ցեղասպանության ժխտումը, Հայաստանի շրջափակումը, Կիպրոսի օկուպացիան և եվրոպական նախագծի հիմքում ընկած հիմնարար սկզբունքների խախտումը։ Այդ պայքարն ուղղված չէր թուրք ժողովրդի դեմ. այն պաշտպանում էր Եվրոպայի արժանահավատությունը և ճշմարտության, արդարության, ժողովրդավարության ու ժողովուրդների նկատմամբ հարգանքի արժեքները։

2005 թվականին հենց Եվրոպական խորհրդարանը սահմանեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է նախապայման լինի Թուրքիայի անդամակցության համար։ Այդ դիրքորոշումը երբեք չէր ընդունվի առանց Եվրոպայի հայկական կազմակերպությունների տարիների հետևողական աշխատանքի։

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ

Ֆրանսիայում մեր երկու երկրները միավորող բացառիկ կապերը սոսկ դիվանագիտական հայտարարությունների արդյունք չեն։ Դրանք տասնամյակներ շարունակ կառուցվել են հայկական համայնքի, դրա կառույցների և ակտիվիստների կողմից՝ բոլոր քաղաքական ուղղությունների ֆրանսիացի պատասխանատուների հետ համագործակցությամբ։

2001 թվականի հունվարի 29-ի՝ Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն ճանաչող ֆրանսիական օրենքը, Հայաստանի և Արցախի օգտին ընդունված խորհրդարանական բանաձևերը, քույր քաղաքների կապերը, ապակենտրոնացված համագործակցությունը, ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր Ֆրանսիայի Հանրապետության պաշտոնական օրացույցում ամրագրելն ու ֆրանսիացի ընտրված պաշտոնյաների մշտական համախմբումն այդ աշխատանքի արդյունքն են։

Ես իմ բաժինն եմ ունեցել այս պայքարում՝ հաճախ լինելով առաջին գծում։ Շատերի հետ միասին նպաստել եմ, որ ֆրանս-հայկական բարեկամությունը դառնա քաղաքական և ռազմավարական իրականություն։ Մենք դռներ ենք բացել Փարիզում, Ազգային ժողովում, Սենատում, Եվրոպական խորհրդարանում և Ֆրանսիայի Հանրապետության տարբեր նախագահների աշխատակազմերում։ Բայց պետք է արժանին մատուցել տասնամյակների ընթացքում գործած հազարավոր ակտիվիստների աշխատանքին. սա անձնական հաջողություն չէ։

ԻՄ ԱՐՏԱՔՍՈՒՄՆ ՈՒ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Հենց այն պատճառով, որ մասնակցել եմ այս պայքարին և հրաժարվել եմ լռել՝ դատապարտելով Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, 2022 թվականի հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը Հայաստանի իշխանություններն արգելեցին ինձ մուտք գործել իմ իսկ Հայրենիք և արտաքսեցին «Զվարթնոց» օդանավակայանից։ Որպես պատրվակ ներկայացվեց իմ ենթադրյալ մասնակցությունը 2021 թվականի հունիսի 1-ին Փարիզում Նիկոլ Փաշինյանի դեմ կազմակերպված ցույցին։

Դատական գործընթացի ընթացքում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը դատարանում նույնիսկ չներկայացրեց այդ պատրվակը. իմ նկատմամբ կիրառված միջոցը հիմնավորող որևէ փաստարկ արդարադատությանը չցուցադրվեց։ Տասնութ ամիս տևած դատական պայքարից հետո՝ 2024 թվականի հունվարին, Երևանի վարչական դատարանը վճիռ կայացրեց իմ օգտին և պարտավորեցրեց հանել ինձ անցանկալի օտարերկրացիների ցուցակից։ Այս հաղթանակը ցույց տվեց, որ որևէ կառավարություն չի կարող կամայականորեն որոշել, թե իր իշխանությանը անհարմարություն պատճառող ակտիվ հայը կարող է անցանկալի համարվել իր Հայրենիքում։

ԱԶԱՏ ՍՓՅՈՒՌՔԸ ԵՐԲԵՔ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԸ ՉԻ ԼԻՆԻ

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսօր փորձում է շրջանցել Սփյուռքի պատմական կառույցները և դրանք փոխարինել իր իսկ ընտրած զրուցակիցներով ու «հանձնակատարներով»։ Հայաստանի պետությունն, իհարկե, իրավունք ունի կազմակերպելու Սփյուռքի հետ իր հարաբերությունները, սակայն այն իրավունք չունի որոշելու, թե ովքեր են ներկայացնում ժողովրդավարական երկրներում ապրող ազատ քաղաքացիներին։

Սփյուռքը ո՛չ Նիկոլ Փաշինյանի ընտրատարածքն է, ո՛չ էլ Երևանի կառավարության վարչական հավելվածը։ Սփյուռքի հետ չեն երկխոսում՝ ընտրելով միայն իշխանությանը հավանություն տվողներին և դուրս մղելով իրեն քննադատողներին. դա երկխոսություն չի կոչվում, դա ենթարկեցնելու փորձ է։ Այդ փորձը ձախողվելու է։ Սփյուռքի խոշոր հաստատությունները գոյություն են ունեցել ներկայիս կառավարությունից առաջ և կշարունակեն գոյություն ունենալ դրանից հետո։ Դրանց լեգիտիմությունը բխում է իրենց պատմությունից, անդամներից և գործունեությունից, այլ ոչ թե որևէ նախարարական կաբինետի հավանությունից։

ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԱՆԿԱՐԱՅԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԵՏ

Իլհամ Ալիևը հրապարակայնորեն համաշխարհային «հայկական լոբբին» անվանել է Ադրբեջանի թիվ մեկ թշնամի։ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հայկական սփյուռքին մեղադրել է հարաբերությունների կարգավորման իր պատկերացումներին խոչընդոտելու մեջ՝ Հայաստանի կառավարությանը կոչ անելով չեզոքացնել դրանց ազդեցությունը։
Երբ Հայաստանի իշխանությունները հարձակվում են Սփյուռքի պատմական կազմակերպությունների վրա, փորձում ապալեգիտիմացնել Հայ դատի գործիչներին և բազմակարծությունը փոխարինել հնազանդությամբ, դրանք օբյեկտիվորեն իրականացնում են այն, ինչ Անկարան ու Բաքուն տասնամյակներ շարունակ ցանկացել են։ Այս համընկնումն արձանագրելու համար գաղտնի հրահանգների շղթա պատկերացնելու կարիք չկա. քաղաքական արդյունքը մեր աչքի առջև է․ Ցեղասպանության հիշողությունը, Արցախի իրավունքներն ու Հայաստանի շահերը պաշտպանող կառույցները թուլացնելու փորձն ուղղակիորեն ծառայում է Էրդողանի և Ալիևի ռազմավարություններին։

Պանթյուրքական նախագիծը չի վախենում լուռ, բաժանված և անկազմակերպ Սփյուռքից. այն վախենում է գիտակից, կազմակերպված, ազդեցիկ և խոշոր ժողովրդավարական երկրներում գործելու ունակ Սփյուռքից։

ՈՒԺԵՂ ՍՓՅՈՒՌՔ ՉԻ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՏԱՐԿԵԼՈՎ

Փաշինյանի վարչախմբի տրամաբանությունը հիմնված է սկզբունքային սխալի վրա․ այն շփոթում է ժողովրդագրական ուժը քաղաքական ուժի հետ։ Սփյուռքը չի ուժեղանում միայն այն պատճառով, որ հայեր են հեռանում Հայաստանից. այն ուժեղանում է, երբ կազմակերպում է արդեն գոյություն ունեցող համայնքները, լեզուն փոխանցում նոր սերունդներին, պատրաստում քաղաքական գործիչներ, գիտնականներ, լրագրողներ, իրավաբաններ ու ձեռնարկատերեր, ստեղծում փորձագիտական ցանցեր և համախմբում իր տնտեսական ու դիվանագիտական ներուժը։ Այս գործողություններից ոչ մեկը Հայաստանից չի հեռացնում թեկուզ մեկ բնակչի։
Մենք կարող ենք միաժամանակ ցանկանալ, որ ավելի շատ հայեր ապրեն Հայաստանում, որ ավելի շատ հայրենադարձություն լինի, և որ Սփյուռքն ավելի կազմակերպված ու ազդեցիկ դառնա։ Այս նպատակները հակասական չեն. դրանք փոխլրացնող են։ Հայաստանն ու Սփյուռքը երկու հաղորդակից անոթներ չեն, որոնցից մեկը պետք է դատարկվի, որպեսզի մյուսը լցվի. դրանք նույն ազգի երկու չափումներն են։ Հայաստանն իր քաղաքացիների ինքնիշխան պետությունն է, բայց այն նաև ամբողջ հայ ազգի հայրենիքն է։

ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՆԱ Ո՛Չ ԱՐՑԱԽԸ, Ո՛Չ ԲԱՔՎԻ ՊԱՏԱՆԴՆԵՐԻՆ

Այս ազգը երբեք չի մոռանա Արցախը, 2023 թվականին բռնի տեղահանված 120 000 հայերին, սեփական հողի վրա անվտանգ ապրելու նրանց իրավունքն, ինչպես նաև այսօր վտանգված հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը։ Այն չի մոռանա նաև Արցախի նախկին ղեկավարներին, զինվորականներին, քաղաքացիական անձանց և մյուս հայ գերիներին, որոնք դեռ պատանդառվում են Բաքվի բանտերում։
Նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը պետք է լինի Ադրբեջանի հետ ցանկացած քննարկման կենտրոնական, հրապարակային ու անսակարկելի պահանջը։ Անընդունելի է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այս հարցը բանակցությունների կենտրոնում չի դնում. գերիներին լքելու, Արցախը ջնջելու և Սփյուռքին լռեցնելու վրա կառուցված խաղաղությունը ո՛չ արդար կլինի, ո՛չ էլ կայուն։

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ ՈՒ ԳՆՈՒՄ, ԱԶԳԸ ՄՆՈՒՄ Է

Պարոն Եղոյան, Ձեր և Ձեր գործընկերների մանդատը ժամանակավոր է, հայ ազգը՝ մնայուն։ Դուք հարցնում եք՝ ո՞վ է Մուրադ Փափազյանը։ Ես միլիոնավոր հայերից մեկն եմ՝ մի պատմության ժառանգորդ, որը ոչ ոք չի կարող վերացնել, և ծառայում եմ մի հայրենիքի, որը ոչ ոք չի կարող ինձանից խլել։

Ես Նիկոլ Փաշինյանի կառավարությունից թույլտվություն չեմ խնդրում հայ լինելու համար, և առավել ևս թույլտվություն չեմ խնդրում պաշտպանելու Հայաստանը, Արցախը, Բաքվի բանտերում պահվող հայերին կամ Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտությունը։ Մենք շարունակելու ենք պայքարել Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության և անվտանգության համար։ Մենք շարունակելու ենք պաշտպանել հայությանը, նրա ժառանգությունն ու շահերը բոլոր այն երկրներում, որտեղ ներկա ենք։

Ուժեղ Սփյուռքը սպառնալիք չէ Հայաստանի համար. այն ռազմավարական խորություն է, անփոխարինելի դիվանագիտական, մշակութային, տնտեսական և քաղաքական ուժ։ Թուլացնել Սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. դրանց միմյանց դեմ հանել՝ նշանակում է ծառայել նրանց ծրագրին, ովքեր ցանկանում են լռեցնել հայ ազգը։ Այդ ծրագրին մենք հակադրելու ենք մեր հիշողությունը, մեր միասնությունն ու մեր վճռականությունը։
Կառավարությունները գալիս են ու գնում, Հայաստանն ու հայ ազգը մնում են։

Մուրադ Փափազյան
ՀՅԴ Բյուրոյի անդամ

Ռուսական բանակն անցավ վճռորոշ հարձակման

Ռուսական բանակը հարվածել է Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված վառելիքաքսուքային նյութերի պահեստարաններին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Օգոստոսի 19-ին «Չեռնոմորսկ» նավահանգստում խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված վառելիքաքսուքային նյութերի պահեստարանները», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նախարարությունը նաև հայտնել է, որ գիշերվա ընթացքում ՀՕՊ համակարգերը Ռուսաստանի տարածքում 453 ուկրաինական ԱԹՍ են ոչնչացրել:

Անօդաչուները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Վորոնեժի, Կալուգայի, Վլադիմիրի, Նիժնի Նովգորոդի, Վոլոգդայի, Օրյոլի, Տուլայի, Լիպեցկի, Ռյազանի, Յարոսլավլի, Վոլգոգրադի, Ռոստովի, Սարատովի, Սամարայի, Ուլյանովսկի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության, Բաշկորտոստանի և Սև ծովի ջրատարածքի երկնքում։

«Հրապարակ». Թատրոն, որտեղ ոչ մի պետական չինովնիկ չի փորձի ինչ-որ բան ուղղել, ինչ-որ բան կառավարել

Հարցազրույց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի հետ

– Մի քանի շաբաթ առաջ տեղեկացանք, որ Ձեր թատրոնն եք ստեղծում: Ինչո՞ւ եւ ինչպե՞ս զգացիք դրա անհրաժեշտությունը:

– Ուղիղ 2 տարի առաջ Գալյա Նովենց թատերական դպրոցում ես հավաքեցի դերասանառեժիսորական կուրս: Երբ սկսեցինք դասընթացները, հասկացա, որ բավականին տաղանդավոր ու հեռանկարային երեխաներ են հավաքվել իմ շուրջը, եւ իմ մեջ վերածնվեց սեփական թատրոն ունենալու տասնյակ տարիների երազանքս: Ես դասընթացները սկսեցի տանել այդ հեռանկարով, այսինքն` ապագայում թատրոն ունենալու հեռանկարով: Արեցի ամեն ինչ, որպեսզի երիտասարդները մեծանան պրոֆեսիոնալ միջավայրում, հասկանան, ճանաչեն թատրոնը եւ ամենակարեւորը` սիրեն թատրոնը: Եվ արդյունքում մենք ունեցանք մոտ 4-5 ներկայացում: Եկավ նրանց ավարտելու, վկայականներ հանձնելու ժամանակը: Այդ փուլն ավարտեցինք եւ սկսեցինք ավելի լուրջ ու հետաքրքիր փուլ, դա նոր թատրոն ստեղծելու ճանապարհն է, որը մեզ համար նախագծել ենք:

– Ձեր թատրոնն ինչո՞վ է լինելու առանձնահատուկ եւ հետաքրքրական:

– Ես միշտ փորձել եմ ժամանակակից հետաքրքիր պիեսներ բեմադրել, եթե դրանք ի հայտ են գալիս: Դա դեռեւս գալիս է իմ ուսուցչի դաստիարակությունից: Ռուս մեծ բեմադրիչ Անդրեյ Գոնչարովը մեզ միշտ ասում էր, որ եթե ձեր ձեռքն ընկնի ժամանակակից հետաքրքիր պիես, բոլոր պլանները ծալեք, մի կողմ դրեք եւ սկսեք բեմադրել այդ պիեսը: Եվ, ահա, սեպտեմբերի 15-ին թատրոնը կբացվի: Կոչվում է Հայ եւ ռուս արդի դրամային թատրոն: Մենք հիմնականում կբեմադրենք հայ եւ ռուս դրամատուրգների ժամանակակից պիեսներ, որոնք կկազմեն խաղացանկի մոտ 80-90 տոկոսը:

– Ինչո՞ւ հատկապես հայ եւ ռուս թատրոն, ասենք` ոչ թե հայ եւ վրաց կամ հայ եւ ֆրանսիական:

– Որովհետեւ ես, որպես բեմադրիչ, դաստիարակվել եմ Ռուսաստանում: Ավարտել եմ Խորհրդային Միության գլխավոր թատերական բուհը: Կապերը մեծ են Ռուսաստանի հետ, եւ այնտեղ ես ունեմ հայտնի թատերական գործիչ ընկերներ, որոնց հետ կապը փորձում եմ ամեն կերպ պահպանել՝ անկախ այս քաղաքական ալեկոծումներից: Եվ ես մտածեցի, որ սրանով մենք ինչ-որ տեղ կօգնենք նաեւ այն մշակութային դիվանագիտությանը, որը շատ անհրաժեշտ է, եւ ոչ մի պարագայում մենք չպետք է տանենք նրան, որ այն խզվի: Էլ չեմ ասում այն մասին, որ ռուսական թատրոնն աշխարհի հզորագույն թատրոնն է, ինչպես ռուսական թատերական դպրոցն է աշխարհում հզորագույնը: Նույնիսկ այսօրվա Հոլիվուդի ամենահզոր աստղերը ժամանակին ուսումնասիրել են ռուսական թատերական դպրոցը, Ստանիսլավսկու դպրոցը: Կարծում եմ, որ որեւէ բացահայտում չեմ անում: Սա ինչ-որ տեղ նաեւ ինձ հնարավորություն կտա ավելի հեշտ աշխատել, քանի որ, կրկնում եմ, մինչ օրս բավականին լուրջ կապեր ունեմ ռուսաստանյան թատրոնների հետ եւ ամեն կերպ նրանցից կստանամ հետաքրքիր պիեսներ, որոնք կընդգրկվեն թատրոնի խաղացանկում:

– Որտե՞ղ եւ ի՞նչ պայմաններով է գործելու թատրոնը:

– Թատրոնը գործելու է Թատերական գործիչների միությունում, եւ կապ չունի, որ ես եմ միության նախագահը: Մենք միության դահլիճը վարձակալելու ենք եւ միությանը պետք է տանք այնքան գումար, որ դեռ ոչ ոք չի տվել այդ դահլիճի համար: Մենք հնարավորություն ունենք վարձակալելու ուրիշ տարածք, բայց ես որոշեցի դա անել մեր միությունում, որովհետեւ միությունն այժմ լրացուցիչ ֆինանսական օգնության կարիք ունի: Մեր գույքահարկերը տարեցտարի մեծանում են, մենք անընդհատ պարտքերով, դրանք մի կերպ փակելով գնում ենք առաջ, դեռ էլի են ավելանալու, եւ մեզ այդ գումարը պետք է այստեղ: Ես դրանով փորձեցի ինչ-որ տեղ օգտակար լինել նաեւ միությանը: Իսկ միության դահլիճը տեղավորում է մոտ 70 հոգի:

– Մենք գոնե վերջին տասնամյակներին Պարոնյանի անվան թատրոնը Ղազանչյան ազգանվան հետ ենք նույնացնում. Երվանդ Ղազանչյան, հետո՝ Հակոբ Ղազանչյան: Ի՞նչն էր պատճառը, որ թողեցիք թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:

– Նախ՝ ես չեմ գտնում, որ պաշտոնը պետք է հավերժ լինի նույնիսկ գեղարվեստական ղեկավարների համար: Բայց ես Պարոնյան թատրոնից գնացի, որովհետեւ ուզեցի գնալ: Իսկ, անկեղծ, ես երբեք էլ այդ թատրոնն իմ թատրոնը չէի համարում, այնտեղ ես գնացի զուտ հորս օգնելու, կողքին լինելու համար: Այդպես 2 տարի ես եղա նրա կողքին: Մահից հետո մեխանիկորեն մի քանի տարի մնացի եւ Կարոյի` տնօրենի հետ աշխատեցի: Բայց երբ տնօրենի փոփոխություն եղավ թատրոնում, արդեն ես զգացի, որ այլեւս չպետք է մնամ, ուղղակի չուզեցի մնալ: Երկու ամիս արձակուրդ վերցրի իմ հաշվին, այդ ընթացքում բեմադրություն արեցի Թբիլիսիում` Ռուսթավելու անվան թատրոնում, հետո եկա դիմումս գրեցի, հանգիստ, առանց կոնֆլիկտի: Նորմալ հարաբերություններ եմ պահպանում ներկա տնօրենի հետ, որեւէ խնդիր չկա, գնում եմ առաջնախաղերին: Էլի եմ ասում` ոչ ոք չպետք է մտածի, որ ինքը հավերժ է կոնկրետ պաշտոնում:

– Թատրոնը, կինեմատոգրաֆիան ձեւավորում են հասարակություն, ճաշակ: Ինչպիսի թատրոն ունես, այնպիսին էլ հասարակությունն է, սկսած անտիկ աշխարհից: Ի՞նչ կասեք մեր օրերի մասին:

– Որքան կուզենայի, որ այդպես լիներ, այդպես էր մի ժամանակ: Իսկ հիմա մարդկությունն այնպիսի դեգրադացիա է ապրում այս հեռախոսային, ինտերնետային դարում, որ ե՛ւ թատրոնն է անօգնական, ե՛ւ կինոն՝ այդ երեւույթի դեմ: Ցավով եմ ասում, բայց ե՛ւ դպրոցն է անօգնական: Մինչեւ դպրոց գնալը երեխաները կարող են հեռախոսով տեսնել, խաղալ ինչ ասես: Սա համաճարակից ավելի վատ երեւույթ է: Պատկերացնո՞ւմ եք, ոստիկանը, որ պետք է հսկի փողոցի երթեւեկությունը, մեքենայի մեջ նստած՝ երկու հոգով, օրը ցերեկով, հեռախոսին են նայում: Երիտասարդ մայրը երեխայի հետ մանկասայլակով անցնում է փողոցի ամենավտանգավոր հատվածով եւ հեռախոսին նայելով է անցնում: Եթե ուշադիր նայեք փողոցով քայլող մարդկանց, 10-ից 1-ին կտեսնեք, որ հեռախոսին չի նայում: Սա սարսափ է, սա մարդկությանը տանում է այնպիսի անգրագիտության, տգիտության, որ ես չգիտեմ, թե ինչ է լինելու հետեւանքը, եւ չգիտեմ, թե երբ կավարտվի կամ ավարտ կունենա այս երեւույթը: Բայց, անկախ ամեն ինչից, ես կփորձեմ անդրադառնալ լուրջ դրամատուրգիային:

– Ի՞նչ կասեք ժամանակակից հայ դրամատուրգիայի մասին: Մենք ունե՞նք, գրվո՞ւմ են համապատասխան պիեսներ՝ լավ թատրոն ունենալու համար:

– Եթե ասեմ, որ շատ հարուստ է ժամանակակից դրամատուրգիան անուններով, սխալ կլինի: Հիմա շատ-շատ մարդիկ են պիես գրում: Բայց պիես գրելուց առաջ պետք է թատրոն իմանալ` ինչպե՞ս կառուցել պիեսը: Պետք է հասկանալ ֆաբուլայի եւ սյուժեի առաջնայնությունը, որովհետեւ առանց դրամատուրգիական կառուցվածքի, ինչքան հետաքրքիր մտքեր ուզում ես դիր դիալոգների, տեսարանների մեջ, միեւնույն է, դրանք պիես չեն դառնում: Եթե անկեղծ ասեմ, հիմա ինձ երկու օրը մեկ պիես են բերում, որոնք 5 էջից ավելի չի լինում կարդալ: Ինչո՞ւ, որովհետեւ իմ այդ նշած կարեւորագույն պայմանները չկան: Դեռ անտիկ ժամանակներից պիեսը ծնվել է թատրոնում, եւ մինչեւ հիմա վեճ կա՝ պիեսը գրականությո՞ւն է, թե՞ թատրոն: Պիեսը պետք է ծնվի թատրոնում եւ թեմայից, գաղափարից սկսած, պետք է միավորի ապագա դրամատուրգին ու ապագա բեմադրիչին:
Այն դրամատուրգները, որոնց հետ ես աշխատել եմ` Սամվել Խալաթյան, Կարինե Խոդիկյան, Գուրգեն Խանջյան, Քրիստ Մանարյան, Անուշ Ասլիբեկյան, նրանց պիեսները որ ես ձեռնարկել եմ` բեմադրված եւ ապագայում բեմադրվելիք, դրանք եղել են թատրոնի հետ աշխատելուն զուգընթաց: Այսինքն, պիեսն իր վերջնական տեսքը ստանում է բեմադրիչի կոնցեպտի պարագայում եւ բեմի վրա: Այս առումով չէի ասի, որ հիմա կարող եմ 5-6 անունից ավելին տալ, բայց դա էլ բավական է, որպեսզի մենք ունենաք ժամանակակից թատրոն: Չեմ բացառում եւ պարտադիր եմ համարում գրական գործերի բեմականացումը: Խորհրդային թատերագիտության մեջ այսպիսի կարծիք կար, որ ամենալավ դրամատուրգը Դոստոեւսկին է, բայց նա պիես չի գրել: Բավական է վերցնենք «Ոճիր եւ պատիժը»՝ դրանում համոզվելու համար: Եվ ես չեմ բացառում, որ կլինեն հետաքրքիր արձակ գործեր, որոնք կբեմադրվեն: Ես կարծում եմ, որ մեր թատրոնները մեծ պարտք ունեն ժամանակակից հայ գրականության հանդեպ: Այսինքն, հայ ժամանակակից գրականությունը թատրոնների խաղացանկում չկա, գոյություն չունի: Դա շատ սխալ է, ինչ-որ տեղ հանցագործ մոտեցում է: Եվ ես կարծում եմ, որ մենք ամեն ինչ կանենք, որ հայ ժամանակակից գրողները ներկայանան, այսինքն` նրանց գործերը վերածվեն պիեսի եւ հետագայում դառնան ներկայացում:

– Դասականներին բեմադրելը շահեկան է, բայց Դուք այն համարձակությունն ունեք, որ շեշտը դնում եք ժամանակակիցների վրա: Չե՞ք համարում, որ ռիսկային է:

– Անկեղծ ասեմ` այնքան էլ ռիսկային չեմ համարում դա: Ամեն դեպքում, հանդիսատեսն ավելի շատ ցանկանում է բեմում իր ժամանակի մարդկանց տեսնել, ճանաչել: Նույնիսկ ինքն իրեն տեսնել ինչ-որ տեղ: Ցավոք սրտի, այդ առումով, հանդիսատեսի պահանջներին մենք չենք հնազանդվի: Այսինքն, փառք Աստծո, մենք կոմերցիայով զբաղվելու պահանջ, կարիք չունենք: Մենք ունենք գործընկեր, որ «Դիալոգ» հասարակական կազմակերպությունն է: Ամեն դեպքում, ես էժան ճանապարհով գնալու խնդիր չեմ դնում եւ երբեք թույլ չեմ տա, որ սկսենք բեմադրել այնպիսի պիեսներ, որոնք հատուկ արել են, որպեսզի հանդիսատեսը գա նստի, ծիծաղի եւ հաճույք ստանա դրանից: Ցավոք սրտի, այդ տոկոսը շատ-շատ մեծ է հասարակության մեջ: Այդպիսի խնդիր ես չեմ դնում իմ առջեւ: Ժամանցային ներկայացումներ չեն լինի:

– Մենք տեսնում ենք, որ թատրոնները փակվում են, իսկ Դուք բացում եք: Ո՞րն է անհրաժեշտությունը:

– Անհրաժեշտությունն անկախ թատրոն ունենալն է: Թատրոն, որտեղ ոչ մի պետական չինովնիկ չի փորձի ինչ-որ բան ուղղել, ինչ-որ բան կառավարել: Գործընկեր ունենք, բայց փորձելու ենք ինքներս գումար աշխատել, եթե դա ստացվի: ԿԳՄՍ նախավերջին փոխնախարարի ռեֆորմներով պետք է գեղարվեստական ղեկավարների հաստիքներն ընդհանրապես վերանային թատրոններից: Հիմա կարծում եմ, որ ինչ-որ դրական տեղաշարժ կլինի, բայց դա արդեն, որպես բեմադրիչի, ինձ չի վերաբերի: Որպես միության նախագահ՝ կարող եմ ուրախանալ եւ աջակցել, որպեսզի գեղարվեստական ղեկավարների հաստիքները վերականգնվեն թատրոններում: Բայց այդ էքսպերիմենտները, որ պետք է տնօրինական ղեկավարում լինի, որ պետք է կոմերցիան գա առաջին պլան, այսինքն` ստեղծագործական հաստատությունում առաջինը ստեղծագործությունը չպետք է լինի, այլ՝ կոմերցիան: Պետք է լինի այնպիսի ներկայացում, որ փող բերի: Էլ չեմ ասում այն երեւույթի մասին, թե բոլոր տարածքները տվեք արենդայով, սրճարան բացեք, էս արեք, էն արեք: Եվ չեմ ասում, որ թատրոնների պլանները մեծացրին, ինչն էլ, ինքնըստինքյան, պետք է ստիպի թատրոնների ղեկավարներին, որ գնան այդպիսի նախագծերի: Ընդ որում՝ ավելացվեց պլանը անհասկանալի, անմարդկային ձեւով: Այսինքն, եթե լուրջ դատենք, ոչ մի տնօրեն չի կարող դուրս գալ պլանի տակից: Բայց, ըստ էության, ստեղծագործական հիմնարկներն այդ ճանապարհով վերածվում են ինչ-որ կոմերցիոն հաստատությունների, ֆաբրիկաների: Իսկ էլ ինչո՞ւ են պետական: Պետական թատրոնի իմաստն այն է, որ պետությունը ձեզ փող է տալիս, որպեսզի դուք ստեղծեք արվեստի գործեր: Իսկ ով չի կարողանում ստեղծել արվեստի գործեր, նրան ազատեք, նշանակեք ուրիշին, բայց ոչ վերացրեք ստեղծագործական ղեկավարի պաշտոնը, այդպես չի կարելի: