

2026թ․ օգոստոսի 3-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն COP17-ին ընդառաջ իրազեկման հանդիպում անցկացրեց։ Հանդիպման նպատակն էր քննարկել համայնքի բնակիչների և տեղական կառույցների մասնակցության հնարավորությունները Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17), ինչպես նաև որոշել, թե ինչ խնդիրներ և առաջարկներ կարող է համայնքը ներկայացնել միջազգային հարթակում։
Հանդիպմանը մասնակցեցին Վայոց ձորի մարզպետարանի, Եղեգնաձոր համայնքի ՏԻՄ-ի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և տեղի ակտիվ բնակիչներ։ Քննարկման ընթացքում շեշտադրվեց, որ համայնքի մասնակցությունը COP17-ին չպետք է սահմանափակվի միայն առկա խնդիրների ներկայացմամբ։ Առաջարկվեց միջազգային կազմակերպություններին ներկայացնել նաև դրանց հնարավոր լուծումները, համայնքի փորձը և համագործակցության կոնկրետ առաջարկներ։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց COP17-ի Կանաչ գոտում համայնքային միջոցառում անցկացնելու գաղափարը։ Նախատեսվում է այդ հարթակում ներկայացնել համայնքների փորձը՝ ինչպես են պահպանում և օգտագործում բնությունը, ինչ մարտահրավերների են բախվում և ինչ լուծումներ են առաջարկում։ Նախատեսվում է նաև միջոցառմանը հրավիրել միջազգային կազմակերպությունների, որոշում կայացնող կառույցների։ Համայնքների առաջարկները նախատեսվում է ամփոփել հռչակագրում, որը կներկայացվի COP17-ի քարտուղարությանը և համաժողովին մասնակցող միջազգային կազմակերպություններին։

Ի՞նչ կարող է ներկայացնել Եղեգնաձորը COP17-ում
Հանդիպման ընթացքում որպես նախնական թեմաներ առաջարկվեցին Եղեգնաձորի կենսաբազմազանության պահպանությունն ու կայուն օգտագործումը, մարդ-բնություն հարաբերությունը, կլիմայի փոփոխության ազդեցությունը կենսաբազմազանության վրա, համայնքի մասնակցությունը բնապահպանական որոշումների կայացման գործընթացում և ագրոկենսաբազմազանությունը Եղեգնաձորում։
Վիկտորյա Բուռնազյանն առավել կարևորեց ագրոկենսաբազմազանության թեման՝ նշելով, որ Եղեգնաձորն ունի գինեգործության, անասնապահության և գյուղատնտեսության այլ ճյուղերի զարգացման լավ փորձ։ «Մենք տեսել ենք, որ ունեք գինու խաղողի այգիներ, տեսել ենք պանրի գործարանը։ Էստեղ շատ լավ անասնապահությունն է զարգանում։ Սրանք կարելի է ցույց տալ, որ հարուստ կենսաբազմազանությամբ այս տարածքը մարդն օգտագործում է, ու դրան զուգահեռ՝ ինչ մարտահրավերների հետ են բախվում, և համայնքը ոնց է պայքարում դրանք հաղթահարելու համար», – նշեց նա։
Հանդիպման ընթացքում բնակիչներից մեկը բարձրացրեց Վայոց ձորի գյուղատնտեսական հողերի ոռոգման խնդիրը և առաջարկեց քննարկել Թեքսարի հարևանությամբ ջրամբարի կառուցման հնարավորությունը։ Նրա խոսքով՝ ջրամբարի կառուցումը կարող է նպաստել հարյուրավոր հեկտարների ոռոգմանը և միաժամանակ դրական ազդեցություն ունենալ գյուղատնտեսության, զբոսաշրջության, բնապահպանության և բնակիչների բարեկեցության վրա։
Վայոց ձորի մարզպետարանի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը ներկայացրեց մարզի ջրային ռեսուրսների և գյուղատնտեսական հողերի ոռոգման հետ կապված խնդիրները։ Նրա խոսքով՝ Վայոց ձորի մարզը Հայաստանի 10 մարզերից կլիմայի փոփոխության նկատմամբ ամենախոցելիներից է։ Նա առանձնացրեց Ազատեկը, Զեդեան, Գլաձորը, Վերնաշենը, Մալիշկան և Ելփինը՝ որպես առավել խոցելի բնակավայրեր, որոնք, ըստ ներկայացված գնահատականի, 2035-2040 թվականներին կարող են կանգնել անապատացման լուրջ վտանգի առաջ։

Նա նաև նշեց, որ Վերնաշենն ու Կարմրաշենը Վայոց ձորի այն բնակավայրերից են, որտեղ ջրովի վարելահողերի ցուցանիշը զրոյական է։ Միաժամանակ նա ընդգծեց, որ ջրամբարի կառուցումը բարդ և թանկ ծրագիր է, և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ է նաև կաթիլային ոռոգման զարգացում։ Նրա խոսքով՝ կաթիլային ոռոգումը կարող է ապահովել ջրի՝ շուրջ 70 տոկոս խնայողություն։
Գեղամ Մարգարյանը ներկայացրեց նաև մարզերի միջև ոռոգելի հողերի տարբերությունը։ Նրա խոսքով՝ Արարատի մարզում ոռոգելի հողերի մասնաբաժինը կազմում է 84 տոկոս, Արմավիրում՝ 91 տոկոս, Կոտայքում՝ 71 տոկոս, իսկ Վայոց ձորում՝ ընդամենը 17 տոկոս։

Գեղամ Մարգարյանի խոսքով՝ Վայոց ձորի մարզի ջրային ռեսուրսների զգալի մասը չի օգտագործվում մարզի գյուղատնտեսական կարիքների համար, մինչդեռ մարզում կան հազարավոր հեկտարներ անջրդի հողեր։ Քննարկման մասնակիցների համար ջրի հարցը կապվում է ոչ միայն գյուղատնտեսության, այլև կենսաբազմազանության, բնակավայրերի պահպանման և մարդկանց՝ համայնքներում մնալու հնարավորության հետ։ «Մալիշկան 5000 ծխանոց բնակավայր է, որը տարիներ շարունակ եղել է հանրապետության 2-րդ կամ 3-րդ բնակավայրը։ Այսօր 5 դռնից 3 դուռը փակ է, մարդ չկա այնտեղ։ Որպեսզի ապրի մարդը, հող պետք է մշակի, այլապես ի՞նչ պետք է անի, որ ապրի։ Դրա համար էլ մնացել է անմշակ ու գնացել են», – ասաց նա։
Վերնաշենի բնակիչ Հայկ Իսախանյանը շեշտեց, որ Վայոց ձորի կենսաբազմազանությունը վտանգված է ինչպես բնական աղետների, այնպես էլ՝ մարդու գործունեության հետևանքով։ Ըստ նրա՝ Վայոց ձորի համար առանցքային խնդիր է ջրային աղբյուրների պահպանումը։ «3 ջրային աղբյուր ունենք։ Առանց ջրի կենսաբազմազանություն գոյություն չի լինի։ Էս 3 ջրային աղբյուրները, եթե վտանգվեց, մենք չենք կարող խոսել ընդհանրապես կենսաբազմազանության մասին», – ասաց նա։

Հայկ Իսախանյանի խոսքով՝ Թեքսարի հարակից տարածքների կենսաբազմազանության վերաբերյալ միջազգային փաստաթղթերում նույնպես կան կարևոր հիշատակումներ։ Նա նշեց, որ այդ տարածքը կարևոր է հազվագյուտ թիթեռների և չվող թռչունների պահպանության համար։ «Ես տեսել եմ, թե 1000-ավոր, միլիոնավոր թիթեռներ էս տարածքից ոնց են այլ տարածք գնում։ Ապրում ենք Վերնաշենում, Գլաձորում, տեղյակ չենք, որ այդպիսի բան կա», – ասաց նա։
Քննարկման ընթացքում բարձրաձայնվեց նաև բնապահպանական կրթության և համայնքի ներսում բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորման խնդիրը։ Բնակիչներից մեկը նշեց,որ բնապահպանական խնդիրների մասին խոսելիս պետք է ընդունել նաև սեփական պատասխանատվությունը։ «Մենք միշտ բողոքում ենք, բայց ներսից մենք էլ պետք է ինչ-որ բան անենք։ Ես որ փողոցում քայլում, տեսնում եմ երեխեքը ոնց են ծառի ճյուղը պոկում, ոչ թե վրայի բերքը քաղում, արդեն ցավ եմ ապրում։ Դրա համար պետք է մենք կարողանանք մեր երեխաներին սովորեցնել բնությունը պահպանել», – ասաց նա։
Քննարկմանը մասնակցած՝ «Դու մենակ չես» կանանց աջակցման հարցերով զբաղվող կազմակերպության ներկայացուցիչը կարևորեց համայնքի մասնակցությունը COP17-ին և ընդգծեց, որ կենսաբազմազանության պահպանումը միայն բնապահպանական խնդիր չէ։ Նրա խոսքով՝ այն նաև մարդու իրավունքների հարց է, իսկ բնապահպանական քաղաքականությունը լիարժեք չի կարող լինել առանց կանանց և երեխաների մասնակցության։ «Ես կարծում եմ, որ մենք անպայման պետք է համաժողովին ներկայանաք։ Կենսաբազմազանության պահպանումը միայն բնապահպանական խնդիր չէ, դա մարդու իրավունքների հարց է», – ասաց նա։ Նա առաջարկեց նաև իր ղեկավարած կազմակերպության աջակցությունը՝ համայնքում հետագա իրազեկման միջոցառումների կազմակերպման և COP17-ի հետ կապված աշխատանքներին մասնակցելու հարցում։
Քննարկման ավարտին Գեղամ Մարգարյանն առաջարկեց ստեղծել նախաձեռնող խումբ, որը կզբաղվի COP17-ում Եղեգնաձորի ներկայացման նախապատրաստմամբ։
«Քաղաքացիական հասարակության առաջնորդության և կենսաբազմազանության կառավարման ամրապնդումը՝ Հայաստանում կայանալիք COP17-ի նախօրեին» ծրագիրն իրականացնում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ։
Այս հոդվածում արտահայտված մտքերը հեղինակինն են և չեն արտահայտում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետը։
Օգոստոս 24, 2026 at 13:48