
Իշխանությանը ոչ ոք այնպես լավ չի կարող խայտառակել, որքան իրենք։ Կառավարությունից Ազգային ժողովում հայտնված Արայիկ Հարությունյանը կառավարությունից բերել է հայ ժողովրդի մի հատվածի՝ արցախցիների նկատմամբ անարդար դատավճռի ողջ ծանրությունը։ Ու այսօր զարմանալի չէ, երբ նա ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, Արցախից տեղահանված Արեգա Հովսեփյանին հարցնում է՝ Արցախը ճանաչո՞ւմ եք, թե ոչ: Երբեմն մի անկեղծ պատասխան ջնջում է քաղաքական գորշ հետքերը և պարզում հանրության աչքերը։
Արեգա Հովսեփյանի պատասխանը հենց դրա մասին է խոսում։ Նա անկեղծորեն հարցնում է՝ «Ցավացնելու համա՞ր եք հարցնում»․ «Արդյո՞ք ես ճանաչում եմ Արցախը Ադրբեջանի կազմում, ես ճանաչում եմ իմ հայրենիքը, ես ճանաչում եմ այն տեղը, որտեղ ծնվել եմ, այն ծննդավայրը, որտեղ մեծացել եմ, ամուսնացել եմ, որտեղ գտնվում են իմ ապուպապերի և հոր գերեզմանը: Ես ճանաչում եմ դա ու երբեք չեմ մոռանալու, ինչպես որ չեն մոռանալու 120,000-ը և շատ հայեր։
Ինձ մոտ միշտ հարց էր առաջանում, ի՞նչ է զգում հայը, երբ նման հարցադրում է անում արցախցուն, արցախահային, ի՞նչ նպատակով է նա դա հարցնում, ցավեցնելու՞, գիտեք, ձեր հարցերը վաղուց չեն կարողանում ցավեցնել, ես տեսել եմ Արցախի անկումը, ավելին, դրանից իմ դիմադրողականությունը ավելի է բարձրացել, ցավեցնում են հիշողությունները»։
Արցախցու համար դա սովորական հարց չէ։ Արցախը տուն է, որն այլևս քոնը չէ։ Տուն, որտեղ մնացել է իր մանկությունը, իր օրորոցը, իր բակը, իր ծնողների հիշողությունը, իր հարազատների գերեզմանները։ Արեգա Հովսեփյանը հիշեցրեց ամենակարևորը՝ իր հոր գերեզմանը Արցախում է։
Երբ հարցը հասնում է նրան, թե «դու ինչո՞ւ էիր Երևանում, ուրեմն որքանո՞վ ես արցախցի», արդեն ուրիշ սահման ենք անցնում։ Արայիկ Հարությունյանը հենց այդ կարմիր գծերն անցավ, որը և առաջացրեց սոցիալական հարթակի դժգոհությանը։ Դու մոտավոր նույնություն ունի Փաշինյանի հարցի հետ՝ ինչու՞ դու չես զոհվել։ Փափկակենցաղ Արայի՞կն է որոշում՝ թե ով է բավականաչափ արցախցի։
Ամենացավալին այն է, որ արցախցին այսօր ստիպված է ոչ միայն ապացուցել, որ հայրենիք ունի, այլ ապացուցել, որ իրավունք ունի այդ հայրենիքը կարոտելու։ Ապացուցել արայիկ կոչվողներին, որ Արցախը իրենց հայրենիքն է, Տունը։ Կա մի երկիր, ուր մարդը դեռ իր ներսում չի կորցրել։ Եվ ամենակարևորը՝ կա վերադարձի հույս։ Այդ հույսը կարելի է վիճարկել քաղաքականության մեջ։ Բայց մարդու սրտից այն խլել՝ ոչ ոք իրավունք չունի։