Իշխանությունն իր վախերն այլևս չի կարողանում թաքցնել. «Հրապարակ» | ՄԱՄՈՒԼ.ամ

Իշխանությունն իր վախերն այլևս չի կարողանում թաքցնել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հունիսի 7-ի համապետական ընտրություններին սահմանադրական մեծամասնության հավակնող և այդ քվեներն արդեն իր գրպանում երևակայող իշխող ուժը երեկ բացահայտեց, որ իրականում բոլորովին այդպես չէ, և իրենք ամեն գնով փորձում են փակել ընդդիմադիրների ճանապարհը: Երեկ ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանական ծանր մարտերից հետո ՔՊ-ին մի կերպ հաջողվեց հաղթանակ տանել և Ընտրական օրենսգրքում փոփոխություն իրականացնել, որ ընդդիմադիր ուժը` «Ուժեղ Հայաստանը», չկարողանա ընտրություններին մասնակցել Սամվել Կարապետյանի անվան տակ։ Մի քանի ձախողված փորձից հետո թեժ պայքարում անցկացրին Ընտրական օրենսգրքում փոփոխությունների աղմկահարույց նախագիծը, որով ասվում է. «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձևեր»։
     Պարզ է, որ այս նախաձեռ­նությունը հստակ ուղղված է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատիրոջ` Սամվել Կարապետյանի դեմ, որի անունն ու ազգանունը ներառված են իր կուսակցության՝ «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ստեղծված ընտրական դաշինքի անվանման մեջ: Իշխանությունները, որ անցած տարվանից կատաղի պայքար են սկսել Կարապետյանի դեմ՝ է՛լ ունեցվածքն են խլում, է՛լ ապօրինի քրեական հետապնդման ենթարկում, մինչեւ անգամ նրա լուսանկարների դեմ պայքարում, ոչ մի կերպ չեն հանգստանում` պարտության վախը հզոր է։ Մի կողմից, իշխանական ողջ ռեսուրսն ուղղել են Կարապետյանի դեմ, արգելել են նրան հրապարակային հանդես գալ, ծաղրում են, թե արհեստական բանականության միջոցով է հանդես գալիս ու չունի ժողովրդի վստահությունը, մյուս կողմից էլ կռիվ են տալիս անգամ նրա անվան ու ստվերի դեմ՝ մատնելով իրերի իրական վիճակը: ՔՊ-ն տագնապած է և փորձում է անգամ փրփուրներից կախվել` իշխանությունը պահելու համար։

Հիմա ներկայացնենք այս օրենսդրական նախաձեռնության պատմությունը. ընդամենը երկու տարի առաջ՝ 2024 թվականի դեկտեմբերին, ՔՊ-ն Ընտրական օրենսգրքից հեռացրել էր այն դրույթը, որով արգելվում էր, որ կուսակցությունների դաշինքները պարունակեն անձնանուններ։ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանն օրերս հիշեցրել էր, որ 2025 թվականից առաջ Ընտրական օրենսգիրքն արգելում էր նման հնարավորությունը, սակայն 2024թ. դեկտեմբերին ԿԸՀ-ի առաջարկությամբ, առանց քաղհասարակության հետ խորհրդակցելու, այդ արգելքը հանվել է։

«Ինձ ահագին զարմացնում է իշխանություններից որոշների ինքնավստահությունը, որոնք կարծում են, թե կարող են գաղտագողի փոխել Ընտրական օրենսգիրքը, բայց հետո այդ փոփոխության պատճառով գլուխները պատով են տալիս»,- նշել էր Իոաննիսյանը։ Թե որն է այս դրույթը հանել-դնելու պատճառը, ինչու է այն հանվել օրենսգրքից, ապա վերականգնվել, և հիմա նորից են փորձում վերականգնել, ՔՊ-ից երեկ այդպես էլ հստակ պատասխաններ չհնչեցին: Միակ բացատրությունն այն էր, թե իբր տեխնիկական վրիպակ է եղել, չեն նկատել, երբ նկատել են՝ այսինքն հիմա, որոշել են կրկին չեղարկել, քանի որ ամբողջովին համամասնական ընտրակարգի դեպքում իբր անթույլատրելի է անձանց անունով քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրություններին։ Փաստորեն, մի քանի տարվա ընթացքում տասնյակ անգամներ Ընտրական օրենսգիրք փոխած իշխող ուժում չի գտնվել գեթ մեկ կոճակ սեղմող, որ սեղմելուց առաջ իրեն նեղություն տար և կարդար օրենքի նախագիծը, մինչդեռ միլիոնավոր դրամների պարգեւավճար են ստանում՝ իբր լավ աշխատանքի համար։

Եթե անգամ ընդունենք, որ այդ փոփոխության բովանդակային մասով, իսկապես, չկան առարկություններ, սակայն ընտրություններից երկու ամիս առաջ Վենետիկի հանձնաժողովն արգելել է խաղի կանոնների փոփոխություն կատարել և ԸՕ հիմնական դրույթներ փոխել։ Երեկ, ընդդիմադիրների այս նկատառումներին ի պատասխան, ՔՊ-ականները թութակի պես պնդում էին, որ ընդամենը տեխնիկական վրիպակ են շտկում։ Եվ այդ համառ ու անհիմն պնդումներով էլ ցույց էին տալիս, որ նոր փոփոխությունն արվում է բացառապես ընդդեմ Սամվել Կարապետյանի՝ բացահայտելով իշխող ուժի սարսափն ընդդիմադիր թիվ մեկ դաշինքից։ Անգամ պրոիշխանական Դանիել Իոաննիսյանը, որ երեկ խորհրդարան էր եկել այլ գործերով, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ այդ կարգավորումը, արգելքը պետք է, բայց այդ արգելքն ընտրություններից երկու ամիս առաջ բերելը խնդրահարույց է։ «Եթե այս փոփոխությունը լիներ գոնե մի քանի ամիս առաջ, մենք դա կողջունեիք։ Ակնհայտորեն, որոշ քաղաքական ուժեր որոշակի բրենդինգ են ձեւավորել կամ ձեւավորում, եւ հիմա նրանք որոշակի ռեբրենդինգի կարիք են ունենալու»,- ասաց նա»:

Մանրամասները՝ թերթի համարում:

«Վախենում եմ միլիարդատերից դառնաս բոմժ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Վախենում եմ միլիարդատերից դառնաս բոմժ». Նիկոլ Փաշինյան

«Կալուգացի Սամվելն իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է՝ չվախենալ. ախր ո՞նց չվախենամ. վախենում եմ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ»,- ֆեյսբուքյան եթերում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իսրայելն աջակցում է Իրանին հարվածները դադարեցնելու Թրամփի որոշմանը | ՄԱՄՈՒԼ.ամ

Իսրայելն աջակցում է Իրանին հարվածները դադարեցնելու Թրամփի որոշմանը

Իսրայելն աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին հարվածները երկու շաբաթով դադարեցնելու որոշմանը, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։

«Իսրայելն աջակցում է նախագահ Թրամփի որոշմանը՝ երկու շաբաթով դադարեցնել Իրանի վրա հարվածները՝ պայմանով, որ Իրանը անհապաղ բացի նեղուցները և դադարեցնի Միացյալ Նահանգների, Իսրայելի և տարածաշրջանի երկրների վրա բոլոր հարձակումները»,- ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերել է Times of Israel-ը։

Հայտարարության համաձայն՝ Իսրայելը նաև աջակցում է ԱՄՆ-ի կողմից ձեռնարկվող միջոցառումներին, որոնք ուղղված են Իսրայելի, ԱՄՆ-ի և արաբական երկրների համար «միջուկային, հրթիռային և ահաբեկչական» սպառնալիքի վերացմանը, որը ենթադրաբար գալիս է Իրանից։

«ԱՄՆ-ն հայտարարել է Իսրայելին, որ հանձնառու է առաջիկա բանակցություններում հասնելու այս նպատակներին, որոնք կիսում են ԱՄՆ-ն, Իսրայելը և տարածաշրջանում Իսրայելի դաշնակիցները»,- հայտնել է Նեթանյահուի գրասենյակը։

Ըստ հայտարարության, երկշաբաթյա հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա։

Սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում (լուսանկար) | ՄԱՄՈՒԼ.ամ

Սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում

Հյուսիսարևմուտքից ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված ապրիլի 9-10-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Այդ օրերին նշված հատվածներում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում 20-50սմ-ով, սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Ապրիլի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում քամու ուժգնացում՝ 24-27մ/վ արագությամբ։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 8-ին, 11-12-ին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 9-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։

եղանակը Երևանում

եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 8-12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում ապրիլի 9-10-ին՝ ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
     Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց:
     Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 11-ին նույնքան կբարձրանա։

եղանակը ՀՀ մարզերում

եղանակը ՀՀ մարզերում

Երևան քաղաքի ապրիլի 08-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 29°C (2013թ.)
     Օդի նվազագույն ջերմաստիճա – 1.9°C (1965թ.)
     Օդի միջին օրական ջերմաստիճան 12.1°C

Եղանակային առաջիկա կանխտեսումներին կարող եք ծանոթանալ այստեղ:

«Իրանի հետ երկկողմ հրադադարը կգործի երկու շաբաթ». Թրամփ | ՄԱՄՈՒԼ.ամ

«Իրանի հետ երկկողմ հրադադարը կգործի երկու շաբաթ». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև երկու շաբաթ երկկողմ հրադադար կգործի։

Թրամփը Truth Social-ում նշել է. «Համաձայն եմ երկու շաբաթով դադարեցնել Իրանի վրա ռմբակոծություններն ու հարձակումները։ Սա երկկողմանի հրադադար կլինի։ Պատճառն այն է, որ մենք արդեն հասել և գերազանցել ենք բոլոր ռազմական նպատակները և զգալի առաջընթաց ենք գրանցել Իրանի հետ երկարաժամկետ խաղաղության և Մերձավոր Արևելքում խաղաղության համար կոնկրետ համաձայնությունների հասնելու գործում»։

«Վարորդներն ավտոբուս պիտի վարեն, ոչ թե ուղեվարձի հարց լուծեն՝ լեզվակռվի բռնվելով»․ Արշալույս Մղդեսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Վարորդներն ավտոբուս պիտի վարեն, ոչ թե ուղեվարձի հարց լուծեն՝ լեզվակռվի բռնվելով»․ Արշալույս Մղդեսյան

Լրագրող Արշալույս Մղդեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «իշո՞ւմ եք՝ վերջերս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստին զայրացել էր ուղեվարձերի թերհավաքագրման պատճառով։
     Ասեմ ձեզ՝ ջղայնությունը տեղ է հասել։ Բայց այս պահին միայն զայրույթը և դա հիմնականում հավելյալ նյարդ է մտցրել վարորդ-ուղևոր հարաբերություններում։
     Քիչ առաջ ավտոբուսում էի։
     Գրեթե ամեն երկրորդ կանգառում վարորդի հետ լեզվակռիվ է։ Ավելի ճիշտ՝ վարորդը շատ համբերատար խնդրում, հորդորում է բարձրանալ առջևի դռնով և վճարել՝ դրա դիմաց «թուքումուր» ուտելով որոշ ուղևորներից։ Դա հանգեցնում է նրան, որ ավտոբուսի մեջտեղի և հետևի դռները մի քանի վայրկյան ուշ են բացվում, ուղևորները մի քիչ ուշ են դուրս գալիս, ու «կինոն» պատրաստ է։
     «Դուռը բաց, արա՛, քեզ ասում եմ՝ դու՛ռը բաց»,- գոռաց մի անհամբեր, 50-ին մոտ տղամարդ։ Իսկ իջնելուց հետո մոտեցավ առջևի դռանն ու ցույց տվեց իր «շնորհքն» ամբողջ պերճանքով ու թշվառությամբ. 9-հարկանի ուշունց տվեց ու արագ չքացավ։
     Վարորդը պատասխանեց, բայց՝ քաղաքավարի։
     «Ի՞նչդ է պակաս, դեղի՞դ փողը, քթներիդ քաշելո՞ւ փողը»,- կանգառից 60-ին մոտ մի մարդ անհանգստացած «արտաթորեց» վարորդի հասցեին։ Վարորդն էլի պատասխանեց, բայց առանց լուտանքի ու հայհոյանքի։
     Սա 40 րոպեանոց երթևեկության բազմաթիվ մեծ ու փոքր անախորժ դրվագներից միայն երկուսն էր։
     Գուցե ես սխալվում եմ, բայց սա լուծում չէ, կամ գոնե արդյունավետության տեսանկյունից վիճելի լուծում է։
     Քիչ թե շատ զարգացած երկրներում վարորդներն ավտոբուս են վարում, ոչ թե ուղեվարձի հարց լուծում՝ ամեն երկրորդ կանգառում լեզվակռվի բռնվելով ուղևորների հետ։
     Նոր հեծանիվ պետք չէ հորինել. ուղղակի անհրաժեշտ են հատուկ այդ գործի համար աշխատող հսկիչներ, որոնք ոչ թե շաբաթը կամ ամիսը մեկ են շրջում քաղաքով, այլ ամեն օր, ըստ ռիսկայնության, ընտրում են գծեր ու ուղղություններ և ուժեղացված հսկողություն իրականացնում։
     Մարդը պիտի իմանա, որ օրենքն ու կարգն աշխատում են, և դրանց խախտումն անպայման, եթե ոչ այսօր, ապա վաղը, վրա է հասցնելու պատիժը»։

«Հրապարակային խոստովանություն՝ կապիտուլյացիայի մասին»․ Անի Սամսոնյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Հրապարակային խոստովանություն՝ կապիտուլյացիայի մասին»․ Անի Սամսոնյան

ԼՀԿ նախկին անդամ, նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հրապարակային խոստովանություն կապիտուլյացիայի մասին, թե՞ ինչ…
     Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ՀՀ անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է:
     Որ դեպքերում է ստեղծվում իրավիճակ, երբ երկու պետություն պատերազմում են, հետո պարտված կողմը հայտարարում է, որ հաղթած կողմը իր անվտանգության երաշխավորն է:
     Բավարար է պատմության մեջ հիշել այդպիսի մեկ օրինակ, երբ ԱՄՆ-ը 2-րդ համաշխարհային պատերազմից հետո
     1. Փոխել տվեց Ճապոնիայի Սահմանադրությունը
     2. Վերակազմավորեց քաղաքական համակարգը
     3. Քաղաքական որոշումների վրա ստացավ լիարժեք լծակներ
     4. կրճատեց ռազմական ուժերը և արգելեց ունենալ լիարժեք բանակ:
     Մեկ բառով ասած` կապիտուլացրեց Ճապոնիան և դարձավ անվտանգության երաշխավորը: Ուղղակի Ճապոնիայի բախտը բերեց նրանում, որ ԱՄՆ-ը 20-րդ դարում Ճապոնիան «Արևմտյան Ամերիկա» դարձնելու նպատակ չուներ:
     Հիմա Ադրբեջանը հասել է նրան, որ փոխել է տալիս մեր Սահմանադրությունը, որոշում է, թե ինչքան զենք կարող ենք գնել կամ ունենալ, միակողմանի սահմանազատում է մեր ինքնիշխան տարածքները, գործադիր, խորհրդարանական և քաղհասարակության մակարդակով կիրառում է ազդեցության լծակները Հայաստանում քաղաքական որոշումների վրա ազդելու:
     Սա բավարար ինքնավստահություն է տալիս իշխանությանը հայտարարելու, որ Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է:
     Երևի իշխանության ինքնիշխան լեզուն չի՞ պտտվում արտասանելու «կապիտուլյացիա» բառը»:

«ԸՕ փոփոխությունը կատարվել է մեկ անձի ցանկությամբ` ակնհայտ ապօրինի»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«ԸՕ փոփոխությունը կատարվել է մեկ անձի ցանկությամբ` ակնհայտ ապօրինի»․ Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ որոշ հանգամանքներ եմ ներկայացրել: Ընտրական օրենսգրքի փոփոխությունը չեն քննարկվել որևէ կողմի հետ, փոխվում է մեկ անձի, մեկ ուժի ցանկությամբ` ակնհայտ ապօրինի:
     Իրավունքը պետք է գերակայի…
     Աստված պահապան մեր ժողովրդին»:

«Սոցիոլոգիան ՀՀ-ում ոչ թե հանրային տրամադրությունների ստուգման գործիք է, այլ դրանց վրա ազդելու միջոց»․ Բագրատ Միկոյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Սոցիոլոգիան ՀՀ-ում ոչ թե հանրային տրամադրությունների ստուգման գործիք է, այլ դրանց վրա ազդելու միջոց»․ Բագրատ Միկոյան

Հայաստանում արդեն վաղուց, հատկապես վերջին շրջանում, շատ ավելի ակնհայտ է դարձել, որ սոցիոլոգիան ոչ թե հանրային տրամադրությունների ստուգման, այլ դրանց վրա ազդելու միջոց և գործիք է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
     «Ես որևէ հարցման արդյունք չեմ մեկնաբանի, սակայն կարող եմ ասել, որ որոշ մարդիկ արդեն կորցրել են չափի զգացումը՝ նույնիսկ այդ խեղաթյուրված տվյալներն օգտագործելու տեսանկյունից։ Կարծում եմ՝ լավագույն սոցհարցումը հունիսի 7-ին է։ Մենք ունենք մեր հարցումները, որոնց արդյունքները մեզ ամբողջությամբ բավարարում են այս փուլում առաջ շարժվելու համար։ Մենք շարունակում ենք մեր գործը»,-ասել է Միկոյանը՝ հորդորելով վերջին հրապարակված հարցումների հավաստիությունը ստուգելու համար ուսումնասիրել Երևանի ավագանու ընտրություններից առաջ հրապարակված սոցիոլոգիական հարցումները։

Հիշեցնենք, որ այսօր «Gallup International Association»-ի հայաստանյան ներկայացուցչությունն հրապարակել էր վերջին հարցման տվյալները, համաձայն որոնց՝ եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, ընտրողների միայն 5,5%-ն է պատրաստ ձայն տալ «Հայաստան» դաշինքին, ինչը ենթադրում է, որ այս ուժը չի հաղթահարելու խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 8 %-ը։

«Չափազանց հավակնոտ և անիրատեսական պնդում է». Վարդան Ոսկանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Չափազանց հավակնոտ և անիրատեսական պնդում է». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «ԱՄՆ-ի նախագահ Թրամփը սպառնացել է, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր՝ այլևս երբեք չվերածնվելու համար»՝ նկատի ունենալով Իրանին հասցվելիք հարվածների մահաբերությունը։

Չափազանց հավակնոտ և անիրատեսական պնդում է, եթե հաշվի առնենք, որ հազարամյակների իրանական քաղաքակրթությունը ոչնչացնել են փորձել բազմաթիվ նվաճողներ և չեն հաջողել։

Աշխարհի պատմության մեջ ամենաընդարձակ ցամաքային կայսրությունը ստեղծած մոնղոլները ևս, հավանաբար, կարծում էին, թե կոչնչացնեն այս քաղաքակրթությունը, մինչդեռ, ի վերջո, հենց իրանական քաղաքակրթությունը ձուլեց և իրանականացրեց այն մոնղոլներին, որոնք հայտնվել էին Իրանի քաղաքակրթական տիրույթում»: