«Իրանը կարող է սկսել վերականգնման գործընթացը»․ Թրամփ | ՄԱՄՈՒԼ.ամ

«Իրանը կարող է սկսել վերականգնման գործընթացը»․ Թրամփ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը կարող է սկսել վերականգնման գործընթացը։ Նա նշել է, որ Թեհրանը հոգնել է ստեղծված իրավիճակից, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրները։ Նա այս մասին գրել է իր TruthSocial սոցիալական ցանցի էջում։

«Իրանը կարող է սկսել վերականգնման գործընթացը։ Մենք կմատակարարենք տարբեր տեսակի ապրանքներ և պարզապես «կլինենք այնտեղ»՝ համոզվելու համար, որ ամեն ինչ լավ է ընթանում»,- գրել է նա։

Թրամփը ներկա պահն անվանել է «հիանալի օր համաշխարհային խաղաղության համար»։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները կօգնի բացել Հորմուզի նեղուցը։

«ՔՊ-ն սկսել է «կեղտերը» մաքրել իր հետևից»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«ՔՊ-ն սկսել է «կեղտերը» մաքրել իր հետևից»․ Մեսրոպ Մանուկյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադառնալով Մոնթե Մելքոնյան փողոցի չերևացող մասում աղբանոցի մասին իր հրապարակմանը, գրել է․ «Հարգելի համաքաղաքացիներ, մեր բոլորի պայքարի, հանրային պարսավանքի արդյունքում ՔՊ-ն սկսել է իր «կեղտերը» մաքրել իր հետևից․․․
     Սիրե՛նք մեր Երևանը․․․»։

«Երկու շաբաթով Հորմուզի նեղուցով հնարավոր կլինի անվտանգ անցումը»․ Արաղչի | ՄԱՄՈՒԼ.ամ

«Երկու շաբաթով Հորմուզի նեղուցով հնարավոր կլինի անվտանգ անցումը»․ Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին երկրի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի անունից X-ում հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով Պակիստանին միջնորդական ջանքերի համար և նշել, որ «եթե Իրանի դեմ հարձակումները դադարեն, զինված ուժերը կդադարեցնեն իրենց պաշտպանական գործողությունները»։

«Երկու շաբաթով Հորմուզի նեղուցով հնարավոր կլինի անվտանգ անցումը՝ Իրանի զինված ուժերի համակարգմամբ և տեխնիկական սահմանափակումները հաշվի առնելով»,- նշել է Արաղչին։

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Թեհրանն առաջարկել է 10 կետ, որոնք «ընդունելի հիմք են բանակցությունների համար»: Ըստ իրանական կողմի՝ կետերից մեկն էլ վերաբերում էր Իրանի վերահսկողության պահպանմանը Հորմուզի նեղուցի նկատմամբ:

«ԱՄՆ-Իսրայել տանդեմի ավանտյուրան ավարտվել է ռազմավարական ֆիասկոյով»․ Սուրեն Սուրենյանց | ՄԱՄՈՒԼ.ամ

«ԱՄՆ-Իսրայել տանդեմի ավանտյուրան ավարտվել է ռազմավարական ֆիասկոյով»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է հաստատվել:
     Ըստ իս, ԱՄՆ-Իսրայել տանդեմի ավանտյուրան ավարտվել է ռազմավարական ֆիասկոյով: Բայց դա հիմա պակաս կարևոր է:
     Կարևորն այն է, որ այլևս անմեղ մարդիկ չեն զոհվի:
     Իհարկե, այս հակամարտությունը կարգավորված չէ, ինստիտուցիոնալ խաղաղություն հաստատված չէ, բայց բանակցությունները, ինչքան էլ դրանք դժվար լինեն, խաղաղ հանգուցալուծումների հնարավորություն են:
     Այս պոզիտիվ լուրով էլ սկսենք օրը: Բարի և անփորձանք օր բոլորիս»:

«Եթե հրադադարը պահպանվի, դրանից շահելու է առավելապես Իրանը»․ Վարուժան Գեղամյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Եթե հրադադարը պահպանվի, դրանից շահելու է առավելապես Իրանը»․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «ՀՐԱԴԱԴԱՐ

Եթե իսկապես ԱՄՆ և Իրանի միջև այս գիշեր բանակցված երկշաբաթյա հրադադարը պահպանվի, ապա դրանից շահելու է առավելապես Իրանը` ոչ միայն մեծացնելով բանակցային կողմերի շրջանակը, այլև բարձրացնելով զինված գործողությունների վերսկսկման գինը ԱՄՆ ու Իսրայելի համար:
     Իսկ բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Հորմուզի նեղուցը բացվում է Իրանի թույլտվությամբ: Մի բան, որ չկար պատերազմից առաջ:

Պատերազմներն առաջադեմ զենքի մասին չեն, դրանք այդ զենքն աշխատացնող համակարգերի ու աշխատացնելուն պատրաստ էլիտաների կամքի ու դիմադրողականության մասին են: Իրանը դա ցույց տվեց փայլուն կերպով վերջին 1,5 ամիսների ընթացքում:
     Մնում է սովորել այս դասը»:

Իրանի ԱԽ-ն հայտնել է, որ ԱՄՆ-ն համաձայնել է վերացնել պատժամիջոցները և փոխհատուցում վճարել | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանի ԱԽ-ն հայտնել է, որ ԱՄՆ-ն համաձայնել է վերացնել պատժամիջոցները և փոխհատուցում վճարել

Միացյալ Նահանգները համաձայնել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը թողնել Իրանին, վճարել փոխհատուցում, վերացնել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները, հայտարարել է Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը։

«ԱՄՆ-ն ճանաչում է Իրանի նկատմամբ չհարձակվելու սկզբունքը, ընդունում է Իրանի վերահսկողության պահպանումը Հորմուզի նեղուցի նկատմամբ, Իրանի կողմից ուրանի հարստացման շարունակումը, բոլոր առաջնային և երկրորդային պատժամիջոցների վերացումը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի բոլոր բանաձևերի գործողության դադարեցումը, համաձայն է Իրանին փոխհատուցում վճարել, ինչպես նաև ամերիկյան զորքերը դուրսբերել Մերձավոր Արևելքից և բոլոր ճակատներում պատերազմը դադարեցնել»,- ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

Իշխանությունն իր վախերն այլևս չի կարողանում թաքցնել. «Հրապարակ» | ՄԱՄՈՒԼ.ամ

Իշխանությունն իր վախերն այլևս չի կարողանում թաքցնել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հունիսի 7-ի համապետական ընտրություններին սահմանադրական մեծամասնության հավակնող և այդ քվեներն արդեն իր գրպանում երևակայող իշխող ուժը երեկ բացահայտեց, որ իրականում բոլորովին այդպես չէ, և իրենք ամեն գնով փորձում են փակել ընդդիմադիրների ճանապարհը: Երեկ ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանական ծանր մարտերից հետո ՔՊ-ին մի կերպ հաջողվեց հաղթանակ տանել և Ընտրական օրենսգրքում փոփոխություն իրականացնել, որ ընդդիմադիր ուժը` «Ուժեղ Հայաստանը», չկարողանա ընտրություններին մասնակցել Սամվել Կարապետյանի անվան տակ։ Մի քանի ձախողված փորձից հետո թեժ պայքարում անցկացրին Ընտրական օրենսգրքում փոփոխությունների աղմկահարույց նախագիծը, որով ասվում է. «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձևեր»։
     Պարզ է, որ այս նախաձեռ­նությունը հստակ ուղղված է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատիրոջ` Սամվել Կարապետյանի դեմ, որի անունն ու ազգանունը ներառված են իր կուսակցության՝ «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ստեղծված ընտրական դաշինքի անվանման մեջ: Իշխանությունները, որ անցած տարվանից կատաղի պայքար են սկսել Կարապետյանի դեմ՝ է՛լ ունեցվածքն են խլում, է՛լ ապօրինի քրեական հետապնդման ենթարկում, մինչեւ անգամ նրա լուսանկարների դեմ պայքարում, ոչ մի կերպ չեն հանգստանում` պարտության վախը հզոր է։ Մի կողմից, իշխանական ողջ ռեսուրսն ուղղել են Կարապետյանի դեմ, արգելել են նրան հրապարակային հանդես գալ, ծաղրում են, թե արհեստական բանականության միջոցով է հանդես գալիս ու չունի ժողովրդի վստահությունը, մյուս կողմից էլ կռիվ են տալիս անգամ նրա անվան ու ստվերի դեմ՝ մատնելով իրերի իրական վիճակը: ՔՊ-ն տագնապած է և փորձում է անգամ փրփուրներից կախվել` իշխանությունը պահելու համար։

Հիմա ներկայացնենք այս օրենսդրական նախաձեռնության պատմությունը. ընդամենը երկու տարի առաջ՝ 2024 թվականի դեկտեմբերին, ՔՊ-ն Ընտրական օրենսգրքից հեռացրել էր այն դրույթը, որով արգելվում էր, որ կուսակցությունների դաշինքները պարունակեն անձնանուններ։ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանն օրերս հիշեցրել էր, որ 2025 թվականից առաջ Ընտրական օրենսգիրքն արգելում էր նման հնարավորությունը, սակայն 2024թ. դեկտեմբերին ԿԸՀ-ի առաջարկությամբ, առանց քաղհասարակության հետ խորհրդակցելու, այդ արգելքը հանվել է։

«Ինձ ահագին զարմացնում է իշխանություններից որոշների ինքնավստահությունը, որոնք կարծում են, թե կարող են գաղտագողի փոխել Ընտրական օրենսգիրքը, բայց հետո այդ փոփոխության պատճառով գլուխները պատով են տալիս»,- նշել էր Իոաննիսյանը։ Թե որն է այս դրույթը հանել-դնելու պատճառը, ինչու է այն հանվել օրենսգրքից, ապա վերականգնվել, և հիմա նորից են փորձում վերականգնել, ՔՊ-ից երեկ այդպես էլ հստակ պատասխաններ չհնչեցին: Միակ բացատրությունն այն էր, թե իբր տեխնիկական վրիպակ է եղել, չեն նկատել, երբ նկատել են՝ այսինքն հիմա, որոշել են կրկին չեղարկել, քանի որ ամբողջովին համամասնական ընտրակարգի դեպքում իբր անթույլատրելի է անձանց անունով քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրություններին։ Փաստորեն, մի քանի տարվա ընթացքում տասնյակ անգամներ Ընտրական օրենսգիրք փոխած իշխող ուժում չի գտնվել գեթ մեկ կոճակ սեղմող, որ սեղմելուց առաջ իրեն նեղություն տար և կարդար օրենքի նախագիծը, մինչդեռ միլիոնավոր դրամների պարգեւավճար են ստանում՝ իբր լավ աշխատանքի համար։

Եթե անգամ ընդունենք, որ այդ փոփոխության բովանդակային մասով, իսկապես, չկան առարկություններ, սակայն ընտրություններից երկու ամիս առաջ Վենետիկի հանձնաժողովն արգելել է խաղի կանոնների փոփոխություն կատարել և ԸՕ հիմնական դրույթներ փոխել։ Երեկ, ընդդիմադիրների այս նկատառումներին ի պատասխան, ՔՊ-ականները թութակի պես պնդում էին, որ ընդամենը տեխնիկական վրիպակ են շտկում։ Եվ այդ համառ ու անհիմն պնդումներով էլ ցույց էին տալիս, որ նոր փոփոխությունն արվում է բացառապես ընդդեմ Սամվել Կարապետյանի՝ բացահայտելով իշխող ուժի սարսափն ընդդիմադիր թիվ մեկ դաշինքից։ Անգամ պրոիշխանական Դանիել Իոաննիսյանը, որ երեկ խորհրդարան էր եկել այլ գործերով, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ այդ կարգավորումը, արգելքը պետք է, բայց այդ արգելքն ընտրություններից երկու ամիս առաջ բերելը խնդրահարույց է։ «Եթե այս փոփոխությունը լիներ գոնե մի քանի ամիս առաջ, մենք դա կողջունեիք։ Ակնհայտորեն, որոշ քաղաքական ուժեր որոշակի բրենդինգ են ձեւավորել կամ ձեւավորում, եւ հիմա նրանք որոշակի ռեբրենդինգի կարիք են ունենալու»,- ասաց նա»:

Մանրամասները՝ թերթի համարում:

«Վախենում եմ միլիարդատերից դառնաս բոմժ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Վախենում եմ միլիարդատերից դառնաս բոմժ». Նիկոլ Փաշինյան

«Կալուգացի Սամվելն իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է՝ չվախենալ. ախր ո՞նց չվախենամ. վախենում եմ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ»,- ֆեյսբուքյան եթերում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իսրայելն աջակցում է Իրանին հարվածները դադարեցնելու Թրամփի որոշմանը | ՄԱՄՈՒԼ.ամ

Իսրայելն աջակցում է Իրանին հարվածները դադարեցնելու Թրամփի որոշմանը

Իսրայելն աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին հարվածները երկու շաբաթով դադարեցնելու որոշմանը, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։

«Իսրայելն աջակցում է նախագահ Թրամփի որոշմանը՝ երկու շաբաթով դադարեցնել Իրանի վրա հարվածները՝ պայմանով, որ Իրանը անհապաղ բացի նեղուցները և դադարեցնի Միացյալ Նահանգների, Իսրայելի և տարածաշրջանի երկրների վրա բոլոր հարձակումները»,- ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերել է Times of Israel-ը։

Հայտարարության համաձայն՝ Իսրայելը նաև աջակցում է ԱՄՆ-ի կողմից ձեռնարկվող միջոցառումներին, որոնք ուղղված են Իսրայելի, ԱՄՆ-ի և արաբական երկրների համար «միջուկային, հրթիռային և ահաբեկչական» սպառնալիքի վերացմանը, որը ենթադրաբար գալիս է Իրանից։

«ԱՄՆ-ն հայտարարել է Իսրայելին, որ հանձնառու է առաջիկա բանակցություններում հասնելու այս նպատակներին, որոնք կիսում են ԱՄՆ-ն, Իսրայելը և տարածաշրջանում Իսրայելի դաշնակիցները»,- հայտնել է Նեթանյահուի գրասենյակը։

Ըստ հայտարարության, երկշաբաթյա հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա։

Սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում (լուսանկար) | ՄԱՄՈՒԼ.ամ

Սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում

Հյուսիսարևմուտքից ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված ապրիլի 9-10-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Այդ օրերին նշված հատվածներում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում 20-50սմ-ով, սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Ապրիլի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում քամու ուժգնացում՝ 24-27մ/վ արագությամբ։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 8-ին, 11-12-ին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 9-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։

եղանակը Երևանում

եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 8-12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում ապրիլի 9-10-ին՝ ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
     Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց:
     Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 11-ին նույնքան կբարձրանա։

եղանակը ՀՀ մարզերում

եղանակը ՀՀ մարզերում

Երևան քաղաքի ապրիլի 08-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 29°C (2013թ.)
     Օդի նվազագույն ջերմաստիճա – 1.9°C (1965թ.)
     Օդի միջին օրական ջերմաստիճան 12.1°C

Եղանակային առաջիկա կանխտեսումներին կարող եք ծանոթանալ այստեղ: