Դերասան Արթուր Սմոլյանինովը հեռակա կարգով դատապարտվել է 8 տարվա ազատազրկման | ՄԱՄՈՒԼ.ամ

Դերասան Արթուր Սմոլյանինովը հեռակա կարգով դատապարտվել է 8 տարվա ազատազրկման

Մոսկվայի դատարանը դերասան Արթուր Սմոլյանինովին (որը Ռուսաստանում ճանաչվել է որպես օտարերկրյա գործակալ և ներառված է «Ռոսֆինմոնիտորինգի» ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում) հեռակա կարգով դատապարտել է 8 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում՝ Ռուսաստանի զինված ուժերի մասին կեղծ լուրեր տարածելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Միևնույն ժամանակ, դատարանը դերասանին արգելել է 4 տարով կառավարել առցանց կայքեր։

«Իզվեստիա» թերթի փոխանցմամբ՝ դատախազությունը դերասանի համար պահանջել էր 9 տարի 10 ամսվա ազատազրկում և 5 տարվա արգելք կայքեր կառավարելու համար։

Սմոլյանինովն օտարերկրյա գործակալ է ճանաչվել 2023 թվականի հունվարին։ Նույն թվականի մայիսին նա ընդգրկվել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում։

Դերասանի դեմ քրեական հետաքննությունը սկսվել է 2023 թվականի հունվարի 16-ին։ 2024 թվականի հոկտեմբերին Մոսկվայի Բասմանի դատարանը նրան հեռակա կարգով ձերբակալելու որոշում է կայացրել։

Միաժամանակ նա հայտարարվել է դաշնային, ապա միջազգային հետախուզման ցուցակներում։ Նրա ունեցվածքը առգրավվել է։

Փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կինը մահացու վրաերթի է ենթարկվել | ՄԱՄՈՒԼ.ամ

Փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կինը մահացու վրաերթի է ենթարկվել

Այսօր՝ ապրիլի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 60 կմ հատվածում, Հարթավան-Շենավան խաչմերուկում Լոռու մարզի բնակիչ 60-ամյա Հայկ Զ-ն իր վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 66-ամյա Ջուլիետա Խ-ին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարվածին օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին վիրավորին տեղափոխել հիվանդանոց։ Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։

Գեղարքունիքում դանակահարված ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց | ՄԱՄՈՒԼ.ամ

Գեղարքունիքում դանակահարված ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց

Ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Շատվան բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկում դանակահարված քաղաքացիներ կան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը ժամը 29-ամյա Մարիամ Զ-ի տանը ծննդյան առիթով հավաքվել են 26-ամյա Թագուհի Զ-ն, նրա ամուսինը՝ 35-ամյա Էդգար Խ-ն և Մարիամ Զ-ի ընկեր՝ 29-ամյա Սերյոժա Թ-ն։ Այդ ընթացքում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Մարիամ Զ-ն սեղանից վերցնելով խոհանոցային դանակն, անկանոն շարժումներ է կատարել՝ ինչի հետևանքով Թագուհի Զ-ն և Էդգար Խ-ն ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

ՀՀ ԱԳ նախարարի և պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատարի հանդիպումը | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀ ԱԳ նախարարի և պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատարի հանդիպումը

Ապրիլի 14-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ։

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման ակտիվ դինամիկան։

Արարատ Միրզոյանը և Անդրիուս Կուբիլիուսը մտքեր են փոխանակել վերջին շրջանում զարգացող՝ անվտանգային ու պաշտպանական ոլորտում փոխգործակցության հեռանկարների շուրջ։ Երկուստեք ընդգծվել է, որ ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման գործում ՀՀ արձանագրած նշանակալի առաջընթացը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունումը համագործակցության նոր տեսլական և հնարավորություններ են ձևավորել։

Անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումների, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի օրակարգային հարցերի։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված աշխատանքները։

«Ահազանգեր եմ ստացել՝ WhatsApp-ով խաբեությամբ պահանջում են բանկային քարտերի տվյալներ»․ Ռոման Երիցյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ահազանգեր եմ ստացել՝ WhatsApp-ով խաբեությամբ պահանջում են բանկային քարտերի տվյալներ»․ Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Անհայտ անձինք, ներկայանալով «Թիմ Տելեկոմ» ԲԲ ընկերության աշխատակիցներ, օտարերկրյա հեռախոսահամարներից զանգահարում են բաժանորդներին, խաբեության միջոցով նրանցից պահանջում բանկային քարտերի տվյալներ, գաղտնաբառեր և այլ անձնական տեղեկություններ, ինչի արդյունքում իրականցվում է համակարգչային հափշտակություն, և մարդկանց բանկային հաշիվներից դուրս բերվում առկա բոլոր դրամական միջոցները։
     Զանգերը հիմնականում կատարվում են WhatsApp հավելվածի միջոցով, խոսակցությունը՝ ռուսերեն լեզվով։ Քաղաքացիներին մոլորության մեջ գցելով՝ նրանք ներկայացնում են «5G» ինտերնետի կարգավորման կամ տեխնիկական թարմացման անհրաժեշտություն։
     Միայն այսօր ստացել եմ շուրջ երկու տասնյակ ահազանգեր, իսկ նշված անձանց պատճառված վնասը կազմում է արդեն մի քանի տասնյակ միլիոն դրամ։
     Կրկնում եմ. ձեր տվյալները փոխանցելու դեպքում ձեր բանկային հաշիվները զրոյացվելու են վայրկյանների ընթացքում»։

«Եվրոպան ինքնաոչնչանում է». Դոնալդ Թրամփ | ՄԱՄՈՒԼ.ամ

«Եվրոպան ինքնաոչնչանում է». Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան ինքնաոչնչանում է իր միգրացիոն և էներգետիկ քաղաքականությամբ։

«Նրանք (եվրոպացիները) վճարում են աշխարհի ամենաբարձր էներգակիրների գները և նույնիսկ պատրաստ չեն պայքարել Հորմուզի նեղուցի համար, որտեղից ստանում են իրենց էներգիան։ Նրանք հույս ունեն, որ Դոնալդ Թրամփը կպահպանի այն բաց»,- ասել է նա Corriere della Sera-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում։

Թրամփը կրկին ՆԱՏՕ-ն անվանել է «թղթե վագր»։ Հարցին, թե արդյոք նա օգնություն է խնդրել իտալացիներից և եվրոպացիներից ականազերծման նավերի հարցում, ամերիկացի նախագահը պատասխանել է. «Ես նրանց խնդրել եմ ուղարկել այն, ինչ ուզում են, բայց նրանք դա չեն ուզում, քանի որ ՆԱՏՕ-ն թղթե վագր է»։

Հոսպիտալի ճանապարհին հրազենային վնասվածք ստացած զինծառայող է մահացել | ՄԱՄՈՒԼ.ամ

Հոսպիտալի ճանապարհին հրազենային վնասվածք ստացած զինծառայող է մահացել

Այսօր՝ ապրիլի 14-ին, հերթական մահվան դեպքն է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։00-ի սահմաններում զինվորական հոսպիտալ («Մուրացան») տեղափոխելու ճանապարհին զինվորը մահացել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը հոսպիտալ է տեղափոխվել Նուբարաշենի կրակարաններից (պոլիգոնից)՝ հրազենային վնասվածքով։ Նա 19-ամյա Նարեկ Հակոբյանն է։ Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղի ունեցածը սպանություն է, դժբախտ պատահար, թե ինքնասպանություն՝ պարզվում է։

«Տնային կալանքի դեմ էլ ենք առարկելու»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Տնային կալանքի դեմ էլ ենք առարկելու»․ Արամ Վարդևանյան

«Հարցաքննության ընթացքում իրավացիորեն մեր կողմից ներկայացվեցին երեխաների ծննդյան վկայականներն, այդ թվում՝ 2026 թվականի փետրվարի 20-ին ծնված երեխայի․ Հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերները տեղեկացված էին այդ հանգամանքի մասին»,- այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ ընդգծելով, որ

ներկայացվածը հանրային հասանելիություն ունեցող տվյալ է, և այս գործով ձերբակալման անհրաժեշտություն չի եղել։

«Եթե տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվում, ակնհայտորեն կարող եմ նշել, որ դրա դեմ էլ ենք առարկելու․․․ Տնային կալանքն ինքնին, կալանքին համարժեք խափանման միջոց է։ Այդ իմաստով եկեք հասկանանք՝ լավ, ի՞նչ ռիսկ պետք է լինի բացառապես դրական բնութագրվող, բարձրագույն կրթությամբ Գոհար Ղումաշյանի նկատմամբ ինտենսիվ խափանման միջոցը»,- նշեց Վարդևաանյանը։

«Առաջադրել են մեղադրանք․ խափանման միջոցի հարցը պետք է քննարկվի»․ Արմեն Ֆերոյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Առաջադրել են մեղադրանք․ խափանման միջոցի հարցը պետք է քննարկվի»․ Արմեն Ֆերոյան

«Գործ ունենք բացարձակ ապօրինի քրեական հետապնդման հետ, որն ակնհայտ քաղաքական հետապնդում է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը՝ անդրադառնալով նրա ձերբակալմանը։

«Ղումաշյան Գոհարը որևէ կապ և առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ, սա մենք համարում ենք ապօրինություն, քաղաքական հետապնդման դրսևորման առանձնահատուկ ձև, իսկ երբ որ այդ քաղաքական հետապնդումը դրսևորվում է մայրական հատուկ խնամք պահանջվող երեխայի ծնողի նկատմամբ, սա առավել քան մտահոգիչ և խնդրահարույց ենք համարում։

Այս պահին առաջադրել են մեղադրանք և պետք է որոշեն՝ տանում են դատարան կալանքի, չնայած ձերբակալել են դատարան կալանքի սանկցիայի ներկայացնելու նպատակով, բայց վարույթն իրականացնող մարմինը ինքն է որոշելու իր դիրքորոշումը․ խափանման միջոցի հարց պետք է քննարկվի»,- նշեց փաստաբանը։

«Այս ձայնագրության համար են ձերբակալել կրծքով կերակրող բազամազավակ մորը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Այս ձայնագրության համար են ձերբակալել կրծքով կերակրող բազամազավակ մորը». Նարեկ Կարապետյան

Ահա այս ձայնագրության համար են ձերբակալել կրծքով կերակրող բազամազավակ մորը, մեր ուժեղ Գոհար Ղումաշյանին։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ հրապարակելով ձայնագրություն։

«Մարդու ծիծաղն է գալիս:

Պատկերացրեք՝ ինչ լավ կլիներ՝ մեր նախարարները այսպես աշխատեին ձեռնարկատերերի հետ:

Գոհարն արժանի է գովեստի և ոչ թե այս ամենին»,- գրել է նա: