«Ավտոներկրողներն ահազանգում են». Գառնիկ Դանիելյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ավտոներկրողներն ահազանգում են». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ավտոներկրողներն ահազանգում են, որ արդեն երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները։
     Որպես պատճառաբանություն բերվում է փաստաթղթերի անհամապատասխանելիությունը։ Բանն այն է, որ ԱՄՆ-ից ներկրվող որոշ մեքենաների փաստաթղթերում առկա է մետաղաջարդոն մակնշումը, ինչն էլ մաքսայինի աշխատակիցները գնահատում են խոչընդոտ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծում իրականացնելու համար։
     Մինչդեռ, նախկինում նման տեսակի փաստաթղթերը երբևէ խնդիր չեն առաջացրել նույն մաքսավորների շրջանում։ Եթե անգամ կա ներքին որոշում, ինչու նախապես չեն տեղեկացվել ներմուծողները։
     Այսպիսի անհասկանալի դիրքորոշման հետևանքով այս պահին 14-15 ավտոմեքենա շարունակում է մնալ մաքսատանը։
     ՀՀ ՊԵԿ-ի ուշադրությունը հրավիրում եմ խնդրի շուրջ՝ ակնկալելով պարզաբանում և շուտափույթ լուծում»:

«Ուժի լեզուն սկսում է զիջել հաշվարկի լեզվին». Դավիթ Անանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ուժի լեզուն սկսում է զիջել հաշվարկի լեզվին». Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տարածաշրջանը մտնում է մի փուլ, որտեղ երկար ժամանակ կուտակված լարվածության թնջուկը կարծես մոտենում է իր հանգուցալուծմանը։
     ԱՄՆ-Իրան հակադրությունը, որը ամիսներ շարունակ պահում էր ամբողջ տարածաշրջանը պայթյունի եզրին, այսօր տեղափոխվում է բանակցային հարթություն։ Սա դեռ խաղաղություն չէ, և առավել ևս՝ վերջնական համաձայնություն չէ։ Բայց սա արդեն այն կետն է, որտեղ ուժի լեզուն սկսում է զիջել հաշվարկի լեզվին։
     Իրանը խոսում է առավելագույն պահանջների լեզվով, ԱՄՆ-ը՝ զսպման ու վերահսկման տրամաբանությամբ, բայց ամենակարևորը՝ կողմերը կանգ են առել։
     Եվ երբ կանգ են առնում նման մասշտաբի բախումները, դա արդեն ինքնին շրջադարձ է։
     Մեզ համար սա պարզապես արտաքին նորություն չէ։ Սա մեր անվտանգության, մեր տնտեսության, մեր ապագայի վրա անմիջական ազդեցություն ունեցող հանգույց է։
     Եթե այս թնջուկը իսկապես սկսի լուծվել, ապա փոխվելու է ոչ միայն տարածաշրջանի ուժային հավասարակշռությունը, այլև այն միջավայրը, որի մեջ մենք պետք է կայացնենք մեր քաղաքական և տնտեսական որոշումները»:

«Կեսօրին ժամանակ գտավ՝ անդրադառնալու»․ Հակոբ Բադալյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Կեսօրին ժամանակ գտավ՝ անդրադառնալու»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը թելեգրամյան իր էջում գրում է․ «Վարչապետ Փաշինյանը կեսօրին ժամանակ գտավ անդրադառնալու Իրանի և ԱՄՆ միջև երկշաբաթյա հրադադարի պայմանավորվածությունը և ողջունել այն Իքսի իր գրառումով:

Ընդ որում հատկանշակկան է, որ Փաշինյանը մատնանշում է նաև Պակիստանի միջնորդությունը և գնահատում դա: Այն Պակիստանի, որը արգելանք էր դրել սեպտեմբերին Շանհայի գործակցության կազմակերպության գագաթնաժողովում Հայաստանի անդամության հարցի դիտարկմանը»:

«Քաոսի վրա կառուցված քաղաքականությունը չի կարող ստեղծել երկարաժամկետ կայունություն»․ Արմեն Հովասափյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Քաոսի վրա կառուցված քաղաքականությունը չի կարող ստեղծել երկարաժամկետ կայունություն»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր ապոկալիպտիկ իրականության մեջ հաճախ ենք հայտնվում տարբեր քաոտիկ իրավիճակներում. բնականաբար նման քաոտիկ ժամանակները չէր կարող չունենալ դրա կազմակերպիչը, չունենար իր «մարդ քաոսը», ով միսուժեղանում, հոգին փառավորվում է ցանկացած էքսցենտրիկ և ոչ ստանդարտ քայլերից։
     Ըստ էության՝ դա այն անհատն է, ում հոգու խորքում և գործողություններում գերակշռում է անկանխատեսելիությունը, կառուցվածքային համակարգվածությունն ու անկայունությունը, և ով հաճախ հենց այդ միջավայրում է իրեն առավել «կենդանի» կամ ազդեցիկ զգում։
     Որպես կանոն՝ այդպիսի մարդը չունի հստակ արժեքային հենարաններ կամ կայուն աշխարհայացք ու արժեհամակարգ («ես իզմեր չունեմ», «ոչ ոք չկասկածի իմ հրամանատարական ունենակությունների վրա» և այլն)։ Նրա դիրքորոշումները կարող են արագ փոխվել՝ կախված իրավիճակից, շահից կամ տրամադրությունից («ես ներողություն եմ խնդրում, որ նման բան եմ ասել», «ես չեմ ասել, թե արցախցիները փախել են»)։
     Տվյալ սուբյեկտի քայլերն ու գործողությունները հաճախ հակասական են, կտրուկ, երբեմն՝ ինքնանպատակ («հանգիստ նստեք տեղներդ», «ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ չի պլստալու», «էդ ընդդիմադիրներին բռնելու ենք ու շինենք», «խի տենց դատավոր կա՞, որ իմ ասածը չանի»)։ Ավելին, նա շատ հանգիստ կարող է մի օր պաշտպանել մի բան, հաջորդ օրը՝ տրամագծորեն հակառակը, և դա անել առանց ներքին կոնֆլիկտի զգացման։
     Ասեմ նաև, որ «մարդ քաոսն» իր քաղաքական կենսունակությունը չի կառուցում կարգի, ինստիտուտների և կանխատեսելիության վրա։ Նա ուժեղանում է՝ անորոշությունից, ճգնաժամից, կտրուկ շրջադարձերից։ Նման դեմքերը հատկապես ակտիվանում են այն իրավիճակներում, երբ համակարգերը խաթարված են, խաղի կանոնները՝ խարխլված, իսկ հասարակությունը՝ հոգեբանական լարվածության մեջ։ Այդ պահին նա դառնում է ոչ թե համակարգի կոորդինատորը, այլ իրադարձությունների գլխավոր մեկնաբանն ու ուղղորդողը՝ հաճախ փոխարինելով ինստիտուցիոնալ մեխանիզմները անձնական քաղաքական ռեակցիաներով։
     Ըստ էության՝ քաոսը դառնում է ոչ միայն միջավայր, այլև յուրահատուկ արդարացման միջոց («ո՞նց, ես տենց բան եմ ասե՞լ»․ «Ժամանակին սխալվել եմ, որ նման արտահայտություն եմ արել», «բոլորս էլ մեր հոգու խորքում դաշնակցական, ոչմիթիզական ենք եղել» և նմանօրինակ անմեղսունակ տեքստեր, 8 տարվա մեջ հարյուրավոր անգամներ լսել ենք բոլորս)։
     Ի դեպ՝ այստեղ կա նաև իրավիճակի հակառակ կողմը։ Քաոսի վրա կառուցված քաղաքականությունը երկարաժամկետ չի կարող ստեղծել կայունություն, որովհետև այն չի արտադրում ինստիտուտներ, չի ամրապնդում կանոններ և չի ձևավորում վստահություն, այն կարող է ապահովել կարճաժամկետ կոնֆորտ զոնա, և զրո ռազմավարություն։ Ավելին՝ ժամանակի ընթացքում քաոսը սկսում է ոչ թե կառավարելի լինել, այլ կլանել հենց իր ստեղծողին՝ վերածվելով անվերահսկելի գործընթացների շղթայի («հեղափոխությունը խժռում է իր զավակներին», «չկա առաջվա ռոմանտիզմը»)։
     Այս իմաստով «մարդ քաոսը» վտանգավոր է ոչ այնքան իր մտադրություններով, որքան իր գործելաոճով։ Նա կարող է անկեղծորեն խոսել խաղաղության, բարեփոխումների կամ զարգացման մասին, բայց եթե այդ նպատակները իրականացվում են անկայունության մշտական վերարտադրության միջոցով, արդյունքը հակառակն է լինում։ Քաոսը, որը սկզբում ծառայում է որպես գործիք, աստիճանաբար դառնում է ինքնանպատակ։
     Այսպիսով՝ պետությունը, որը կառավարվում է «քաոսի» տրամաբանությամբ, վաղ թե ուշ կանգնում է ընտրության առաջ՝ կամ անցնել ինստիտուցիոնալ կայունության և կանխատեսելիության ճանապարհով, կամ խորանալ անկայունության մեջ՝ կորցնելով ռազմավարական սուբյեկտայնությունը, իսկ այդ անցումը սովորաբար ունենում է շատ բարձր քաղաքական և անվտանգային գին՝ ընդհուպ պետականության կորուստ»։

«Ցանկացած երկիր, որն Իրանին զենք կմատակարարի, կենթարկվի 50% մաքսատուրքի»․ Թրամփ | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ցանկացած երկիր, որն Իրանին զենք կմատակարարի, կենթարկվի 50% մաքսատուրքի»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ Իրանին զենք մատակարարող երկրները կբախվեն տնտեսական հետևանքների։ «Ցանկացած երկիր, որն Իրանին զենք կմատակարարի, անմիջապես կենթարկվի 50% մաքսատուրքի՝ Միացյալ Նահանգներ վաճառվող բոլոր ապրանքների համար, որն ուժի մեջ կմտնի անմիջապես։ Բացառություններ կամ արտոնություններ չեն լինի»,- գրել է նա՝ Truth Social-ում։

«Եթե Վազգեն Սարգսյանը հրաշքով հայտնվեր, ինչպե՞ս կնայեիք նրա աչքերին»․ Դավիթ Ամալյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Եթե Վազգեն Սարգսյանը հրաշքով հայտնվեր, ինչպե՞ս կնայեիք նրա աչքերին»․ Դավիթ Ամալյան

Երգիչ-երգահան Դավիթ Ամալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բաց նամակ կամ որևէ արտահայտության հաշվետվության պահանջագիր՝ պրն Անդրանիկ Քոչարյանին…
     Ի տարբերություն քպ-ական որոշ երիտասարդների, ծնողներիցս ստացած դաստիարակության, փողոցային տղայական շփման չգրված օրենքով, նաև ստացածս կրթության չափորոշիչներով, հատկապես հանրային գրիս մեջ ձեզ կդիմեմ ամենայն հարգանքով և պատկառանքով, քանզի երբ Արցախյան պատերազմի ժամանակ ես եղել եմ կամավորական, բայց շարքային, իսկ դուք զբաղեցրել եք ՊՆ, և ՆԳՆ փոխնախարարի պաշտոնները…
     Այ էս պաշտոններից խոսելիս կտրուկ անցնեմ հարցիս. Կպատկերացնեիք, եթե ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ որևէ հրաշքով հայտնվեր երկրում, թե ինչ կլիներ քպ-ի և նրա «առնական» ղեկավարի հետ, դա արդեն պարզ է, գոնե ձեզ դա բացատրելու կարիք չկա, բայց ինձ շատ հետաքրքիր է, ինչպես կնայեիք նրա աչքերին, երբ իր թեզը Բանակն ինտելեկտուալ և ԲԱՐՁՐԱԿԱՐԳ տղերքի հավաքական տեղ դարձնելն էր։ Ի դեպ, ասեմ` ինձ հանդիպած մասնակից տղերքի մեծ մասը, թե զոհված, թե ողջ մնացած` կրթության կամ արվեստի բարձրակարգ դեմքեր են եղել…
     Ընդհանրապես չվիրավորելով ձեր տղային, ոչ էլ կասկածի տակ դնելով նրա միգուցե բարձրակարգ լինելը, ասեմ, որ ՎԱՐԴԱՆս ԲԱՐՁՐԱԿԱՐԳ գրում էր արձակ ժանրում, նաև հեռանկարային բարձրակարգ բռնցքամարտիկ էր, բայց ես հիմա իրան տեսնում եմ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ երկնային կյանքում, չցանկանալով որևէ ծնողի՝ այդ թվում նաև ձեզ, տեսնել իմ կարգավիճակում, թեպետ ցավում եմ, որ բախտակիցներս թվով հազարներ են կազմում…
     Ներողություն խնդրում են սխալի համար, մեղքն ապաշխարում են, աղոթեք ԱՍՏԾՈւՆ և ԱՍՏՎԱԾ ձեզ կփրկի թշնամու կողմից ստեղծած և ղեկավարվող քպ-ից, պրն Ա. Քոչարյան…
     Չասածներս կթողնեմ լռության մեջ…»։

«Էն ժամանակ ես էլ եմ արել՝ ցուլիկը գցում էինք գետնին, հողի վրա մորթում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Էն ժամանակ ես էլ եմ արել՝ ցուլիկը գցում էինք գետնին, հողի վրա մորթում». Նիկոլ Փաշինյան

«Սննդի անվտանգության խնդիր կա, ստանդարտներ կան: 60 տարի առաջվա ձևերն էլ չեն աշխատում: Որևէ մեկը որ ուզում ա իրա երեխու համար միս առնի, ուզում ա համոզված լինի՝ նորմալ պայմաններում մորթվել ա, նորմալ պայմաններում պահվել ա»,- Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրում արձագանքելով բնակիչներից մեկի՝ «անասուն եմ պահում, բայց միսը չեմ կարողանում ծախել, գալիս, ասում են՝ իրավունք չունես» մտահոգությանը, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Էն ժամանակ, հա, ես էլ եմ արել՝ ցուլիկը գցում էինք գետնին, հողի վրա մորթում, բայց հիմա մարդը էլ տենց միս չի ուզում առնի, ուզում ա առնի միս, որն իրա երեխեն ուտելու ա ու խնդիր չի լինելու» – հավելել է Փաշինյանը:

Իրանը կմասնակցի Իսլամաբադում կայանալիք բանակցություններին | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանը կմասնակցի Իսլամաբադում կայանալիք բանակցություններին

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հեռախոսազրույցի ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է իր երկրի մասնակցությունը ԱՄՆ ներկայացուցիչների հետ նախատեսված բանակցություններին: Այս մասին հայտնել է Պակիստանի վարչապետի գրասենյակը:

«Նախագահ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և բարձր գնահատել Պակիստանի ղեկավարության ջանքերը՝ Իրանի և Միացյալ Նահանգների միջև ժամանակավոր հրադադարի հասնելու համար։ Նա հաստատել է, որ Իրանը կմասնակցի Իսլամաբադում կայանալիք բանակցություններին»,- ասվում է հայտարարության մեջ։

Սպասվում է, որ ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններ կանցկացնեն ապրիլի 10-ին Պակիստանի մայրաքաղաքում։

«Քաղաքացու ամենամեծ ցավն անարդարությունն է, երբ իր երեխան սահմանին է, իշխանավորինը՝ կաբինետում»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Քաղաքացու ամենամեծ ցավն անարդարությունն է, երբ իր երեխան սահմանին է, իշխանավորինը՝ կաբինետում»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. ««Բարձրակարգ» դասալիքները․ ո՞ր ՔՊ-ականներն են բանակից թռել․
     ՔՊ-ն մարդկանց նախ բաժանում էր նախկինների ու ներկաների, հետո՝ սևերի ու սպիտակների, հետո՝ համբալների ու ինտելիգենտների, հիմա էլ՝ բարձրակարգների ու ցածրակարգների։ Հիշո՞ւմ եք 2018 թվականի լոզունգները․ կոկորդ էին պատռում, այլևս արտոնյալներ չեն լինելու, բոլորդ վարչապետ եք։ Եկեք շերտ առ շերտ քանդենք այս «հավասարության» կեղծիքը։
     ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասում է՝ իմ տղան չի ծառայել բանակում, որովհետև բարձրակարգ տղա է։ Սա չի ասել մի շարքային ուսապարկ, սա ասել է մարդ, որը պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահն է, բանակի բարեփոխիչը՝ ի պաշտոնե։ Հայտարարել է՝ «պետք է բանակում չծառայելն անհնար լինի, ծառայելը՝ պատվաբեր» ու իր որդուն ազատել է բանակից։ Անձամբ եմ հետաքննությունն արել․ Անդրանիկ Քոչարյանի որդին բուհ է ընդունվում և ստանում է բանակից տարկետում։ Հետո տարկետում է ստանում մագիստրատուրայի համար, ապա՝ ասպիրանտուրայի համար։ Ասպիրանտուրան ավարտվում է, պետք է պաշտպանի թեկնածուական ատենախոսություն, որ բանակ չգնա։ Ու այ քեզ զարմանք, մի հատ ստանում է բժշկական տարկետում ու բաց է թողնում զորակոչը․ հաջորդ զորակոչին էլ է ստանում տարկետում ու չի գնում բանակ․ ու այսպես բանակից խուսափում է այդ «բարձրակարգը»։ Անդրանիկ Քոչարյանի տրամաբանությամբ, իր տղան բարձրակարգ է, ինչի՞ գնար բանակ, հենա ցածրակարգերը գնում են, էլի։ Սա ՔՊ-ի մտածողությունն է, ժողովուրդ ջան։
     Շարքային քաղաքացու ամենամեծ ցավը ոչ թե պարզապես փողի պակասն է, այլ անարդարությունը, երբ իր երեխան սահմանին է, իսկ իշխանավորինը՝ կաբինետում, երբ նախ ասում են դուք բոլորդ վարչապետ եք, հետո ասում են՝ չէ, մենք ենք բարձրակարգը, դուք՝ ցածր։ Գուցե սա՞ր էր պատերազմը չկանգնեցնելու պատճառը, որովհետև, ՔՊ-ի տրամաբանությամբ, պատերազմողները բարձրակարգ մարդիկ չէին։
     Առողջապահության նախարարն ասում է, թե մեծ ցավ է ապրում Անդրանիկ Քոչարյանի անզգույշ արտահայտության համար։ Իսկ տիկին նախարարը ցավ ապրո՞ւմ էր, երբ տոպրակների մեջ էին լցրել հերոսների դիերը, լցրել պահեստում։ Իսկ տիկին Ավանեսյանը ցավ ապրո՞ւմ է, որ 18-ամյա Դավիթը իրենց թիմի ղեկավարի սադրանքի պատճառով վերակենդանացման բաժանմունքում է։ Ի դեպ՝ ինքը իրավաբան է, վստահ եմ՝ պարզ հասկանում է ինչն ինչոց է։ Ուղղակի երևի այնքան է ուրախացել ՔՊ ցուցակի եռյակում հայտնվելու համար, որ այս թեմայով ծպտուն չի հանում։
     Կարդում եմ շատ համառոտ ցանկ ՔՊ-ական պաշտոնյաների, որոնք չեն գնացել բանակ՝ երևի համարելով, որ բարձրակարգ են։ Պատգամավորներ Վաղարշակ Հակոբյան, Էդուարդ Աղաջանյան, Սարգիս Խանդանյան, Հայկ Կոնջորյան, Ռուստամ Բաքոյան, Ալեքսեյ Սանդիկով, Նարեկ Գրիգորյան, Կարեն Սարուխանյան, Բաբկեն Թունյան, Արմեն Խաչատրյան և այլն։ Չեն ծառայել նախարարներ Գևորգ Պապոյանը, Արարատ Միրզոյանը, Մխիթար Հայրապետյանը, Շրջակա Համբարձում Մաթևոսյանը, նրան նախորդած Հակոբ Սիմիդյանը և այլն։ Չեն ծառայել մարզպետներ Դավիթ Առուշանյանը, Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը և այլն․ ամեն ոլորտից մի քանի հոգու անուն տամ, բոլորին թվարկելու ժամանակ չկա։ Չեն ծառայել ԱՄՆ-ում դեսպան Նարեկ Մկրտչյանը, Իսպանիայում դեսպան Սոս Ավետիսյանը, Գերմանիայում դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և մի շարք այլ դեսպաններ։ Չի ծառայել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, չի ծառայել Նիկոլ Փաշինյանը, նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, օրերս ՍԴ դատավոր նշանակված Վլադիմիր Վարդանյանը և այլն, և այլն։
     Մենակ Անդրանիկ Քոչարյանը չէ, որ որդուն ազատել է բանակից, այդպես են արել ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը՝ երկու որդիներին ազատելով, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ևս՝ երկու որդիներին ազատելով։ Հլը Անդրանիկ Քոչարյանը մեկին է ազատել: Մինչ այս գիտեինք, որ այս բոլորը չեն ծառայել կրթական հիմքով կամ հիվանդության բերումով կամ երակները փրթելով․ բայց պարզվում է՝ որովհետև իրենց համարել են բարձրակարգ։
     Նաև այն «բարձրակարգները», որ չեն ծառայել բանակում, ՔՊ-ի օրոք դարձել են ՔՊ-ական խոշոր գործարարներ։ Ովքե՞ր են մասնակցում ու շահում պետական գնումները, հաճախ՝ մեկ անձից․ ՔՊ-ական պատգամավորների ընտանիքների անդամներ, նախարարների ընտանիքի անդամներ, ավագանիներ, նրանց ընտանիքի անդամներ, քաղաքապետերի բարեկամ, քեռի, քաղաքապետի կեսուր, ամուսին, սկեսրայր, եղբայրները։ Այս պահին կարող եմ տալ մոտավորապես 170 անուն, ժամանակը թույլ չի տալիս․ մի օր կանդրադառնամ անվանական, թե ինչպես են հեղափոխական ուսապարկերն ու ազգուտակը հանկարծ դարձել խոշոր ու արտոնյալ բիզնեսմեններ։
     Մատը դրեք ցանկացած պետական հիմնարկի վրա, ՔՊ-ականների հարազատներն են, բարեկամները, ազգուտակը։ Դուք գումար եք ծախսել, կրթվել եք, դարձել մասնագետներ, բայց աշխատում եք ուրիշ ոլորտում, ուր պատահի, որովհետև թերի կրթություն ունեցող, իսկ շատ դեպքերում էլ բարձրագույն կրթություն չունեցող շատ ԱՊ-ականներ ու նրանց հարազատները լցվել են պետական կառավարման համակարգ, վարչապետից մինչև պատգամավոր ու ՊՈԱԿ-ի պետ։ Արդեն ՔՊ-ական իշխանությունը պահանջում է իր ԽԾԲ-ին տեղավորել տարբեր խոշոր մասնավոր հիմնարկներում՝ ՀԷՑ, հանքեր և այլն։ ԽԾԲ համակարգը հասցրել են կատարելության, ու այստեղ էնքան անուններ կան, որ վստահեցնում եմ՝ 10 հաղորդում էլ կարդամ՝ վերջ չունի։ Նախարարությունում ու ՊՈԱԿ-ում ժողով են անում, նայում ես նույն ընտանիքի անդամներ ու բարեկամներ են նստած։
     Եվ քանի որ արտոնյալ են, բարձրակարգ են, ուրեմն պետք է և վարձատրվեն արտոնյալ․ նայեք ՔՊ-ականների պարգևավճարները․ շարքային աշխատողը, որ ստանում է 150 հազար դրամ աշխատավարձ, ստացել է 30 հազար դրամ պարգևավճար, իսկ նախարարը, որ ստանում է 1,5 մլն աշխատավարձ, ստացել է 9 մլն պարգևավճար․ մի քանի օր առաջ հրապարակեցին գլխավոր քարտուղարներին բաժանած միլիոնները։ Բա պե՞տք է նաև ստացած փողով երևա, որ իրենք բարձրակարգ են։ Ու ՔՊ-ն գուցե մտածի՝ այս ամենի համար եթե ժողովուրդը վատ չի զգում, Անդրանիկ Քոչարյանի անկեղծ պոռթկումից ինչո՞ւ է վատ զգում։
     Ձեզ ասեմ, որ ՔՊ-ականներն ու նրանց հարազատները նաև հանցավորության մեջ են բարձրակարգ. հլը մի հատ նայեք ինչքան հանցագործություններ կան, որոնց խառն են ՔՊ-ական պաշտոնյաները՝ թաղապետից մինչև պատգամավոր ու վարչապետ, նրանց հարազատ-բարեկամ-ընկերները ու վրա չհասնող պատիժը։ Ու կտեսնեք, որ այդտեղ էլ են արտոնյալ։
     Կարճ ասած՝ սրանք եկան «ժողովրդի ծառայի» համեստ դիմակով, բայց զարմանալի արագությամբ ու չտեսնված ցինիզմով ստեղծեցին գերարտոնյալ, ժողովրդին նվաստացնող, պետական բյուջեն լափող, իրենց բացառիկ համարող, մեր նորագույն պատմության ամենացինիկ արտոնյալ կաստան։ Այսօր Հայաստանում հավասարություն կա միայն մի հարցում՝ ժողովուրդը հավասարապես տուժում է այս «բարձրակարգերի» կայացրած որոշումներից ու վճարում նրանց ճոխ կյանքի գինը, փակում ապաշնորհ կառավարման պարտքերն ու ապրում տագնապով։
     Ժողովուրդ ջան, սա, ի դեպ, մեր արտաքին ձախողումների, սահմանային զիջումների, մեզ հասած ոզղբերգությունների գլխավոր պատճառներից է։ Պետությունն անպաշտպան է ու զիջողական, որովհետև իշխանության ողջ էներգիան գնում է այսպիսի բաների վրա»:

«Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի որոշումը»․ Նիկոլ Փաշինյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի որոշումը»․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումը՝ դադարեցնել ռազմական գործողությունները։ Այդ մասին X-ի էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նաև բարձր ենք գնահատում միջնորդական ջանքերը, այդ թվում՝ Պակիստանի, և հաստատապես հավատում ենք, որ դիվանագիտությունը պետք է գերակայի բոլոր չլուծված հարցերը կարգավորելու և Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու համար»,- նշել է նա։