«Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի որոշումը»․ Նիկոլ Փաշինյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի որոշումը»․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումը՝ դադարեցնել ռազմական գործողությունները։ Այդ մասին X-ի էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նաև բարձր ենք գնահատում միջնորդական ջանքերը, այդ թվում՝ Պակիստանի, և հաստատապես հավատում ենք, որ դիվանագիտությունը պետք է գերակայի բոլոր չլուծված հարցերը կարգավորելու և Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու համար»,- նշել է նա։

Դրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Դրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է

Մարտի 3-ին՝ ժամը 12․37-ին, ցուցադրաբար անտեսելով իրավական նորմերը, «ԲՄՎ»-ի վարորդը դրիֆթ էր կատարել մայրաքաղաքի Ուլնեցու և Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում։
     Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի աշխատակիցները ավտոմեքենան հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։
     Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և պարեկների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ իր մեքենայով դրիֆթը կատարել է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ։
     Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ էլ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
     Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

«Մեր հայրենական գիտությանը մատների արանքով եք նայում». բնակիչը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մեր հայրենական գիտությանը մատների արանքով եք նայում». բնակիչը՝ Նիկոլ Փաշինյանին

«Տեղյակ ենք, որ զենքեր եք առնում տարբեր երկրներից, լավ ա, բայց մեր հայրենական գիտությանը մատների արանքով եք նայում, ուշադրություն չեք դարձնում»,- Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց բնակիչներից մեկը: «Ո՞վ ա ասում… 2017-ից մինչև հիմա գիտության ֆինանսավորումն ավելացել է 280 տոկոսով. գիտնականների աշխատավարձը՝ 2021-ից մինչև հիմա մինչև 300-400 տոկոսով»,- ասաց Փաշինյանը: «Աշխատավարձ տվեք արդյունքի համար: ԳԱԱ-ում նստած աշխատավարձ են ստանում»,- արձագանքեց տղամարդը: «Ռազմարդյունաբերական համալիրը նախորդ երեք տարվա ընթացքում 170 մլրդ դրամի պատվեր է ստացել, առաջիկայում կտեսնեք՝ տեղական արտադրության ինչ զենքեր կան: Էդ ամենը գիտության ֆինանսավորման արդյունք է»,- նշեց վարչապետը:

«Իրանի Լավան և Սիրի կղզիներում պայթյուններ են որոտացել»․ #Mehr (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Իրանի Լավան և Սիրի կղզիներում պայթյուններ են որոտացել»․ #Mehr

Իրանի Լավան կղզում գտնվող նավթավերամշակման գործարանում մի քանի պայթյուններ են տեղի ունեցել, որոնց պատճառը դեռևս պարզված չէ, հաղորդում է Mehr-ը՝ նշելով, որ պայթյունները տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի կողմից հրադադարի շուրջ համաձայնությունից հետո։

Լրատվամիջոցը նաև հաղորդել է Սիրի կղզում մի քանի պայթյունների մասին:

Լավան և Սիրի կղզիները գտնվում են Իրանի հարավում՝ Պարսից ծոցում։

«Իրանի բնակիչները պատրաստ են պայքարել և մահանալ իրենց Հայրենիքի համար, ոչ թե զբաղվել ինքնախաբեությամբ»․ Արման Աբովյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Իրանի բնակիչները պատրաստ են պայքարել և մահանալ իրենց Հայրենիքի համար, ոչ թե զբաղվել ինքնախաբեությամբ»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութերով․ «Ուզում եք իմանալ, թե ինչպես են իրենց երկիրը սիրող և իրենք իրենց հարգող Ազգերը հասնում խաղաղությանը… խնդրեմ – Իրանական աղբյուրները հրապարակում են կադրեր կամուրջների և էլեկտրակայանների մոտից, որտեղ հավաքվում են բնակիչները՝ արձագանքելով իշխանությունների կոչին՝ ստեղծել կենդանի շղթաներ ենթակառուցվածքային օբյեկտների շուրջ, որպեսզի թույլ չտան ամերիկա-իսրայելական հարվածներ։
     Եվ նրանցից ոչ ոք չի ասում՝ «ինչ ուզում է թող լինի, միայն թե պատերազմ չլինի»։
     Իրանի առաջնորդները խելագարների պես չեն վազվզում փողոցներով և չեն գոռում, թե ամեն ինչում մեղավոր են «Շահի ժամանակվա նախկինները»։
     Իրանական հեռուստատեսությամբ հանդես չեն գալիս խոսնակներ, որոնք ասում են, թե, օրինակ, Իրանի միջուկային ծրագիրը «օձիք է իրանցիների վզին» և պետք է դուրս բերել Իրանը այդ «միջուկային թակարդից»։
     Թեհրանի բնակիչները չեն մեղադրում իրաքցի շիաներին այն բանում, թե իբր նրանք եկել են Թեհրան և ամեն ինչ զավթել։
     Իրանցիները չեն ասում, թե ամենակարևորն առևտուրն է, բաց ճանապարհները, թոշակներն ու բժշկական ապահովագրությունը, իսկ մնացածը նշանակություն չունի, քանզի կարևորը դա խմել, լափել և տժժժաաալլլննն է… իրանցիների մտքով դա նույնիսկ չի անցնում։
     Իրանի իշխանությունները չեն ասում, որ պետք է համաձայնվել օկուպանտների պայմաններին՝ «պետականությունը (իբր) փրկելու համար» համար։
     Սովորական իրանցիներն ագրեսիայի հենց սկզբից չեն լքում իրենց քաղաքների փողոցները։
     Իրանի բնակիչները պատրաստ են պայքարել և մահանալ իրենց Հայրենիքի համար, այլ ոչ թե զբաղվել ինքնախաբեությամբ՝ իբր «խաղաղությունն էլ է արժանապատվություն» անիմաստ բառերի հետևում։
     Դա նույնն է, ինչ ասել՝ բերանի առկայությունը հագեցված լինելու նշան է։
     Իրանցիները պատրաստ են մահանալ իրենց Հայրենիքի, արժանապատվության, պատվի համար, իսկ դա նշանակում է, որ նրանք կապրեն, և հենց իրենք էլ իրենց իսկական խաղաղությունը կվաստակեն պայքարի միջոցով»։

«Մեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ չի կարող»․ Տիգրան Դումիկյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ չի կարող»․ Տիգրան Դումիկյան

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել.
     Պետության ուժեղ և թույլ լինելու չափման հիմնական միավորը համարվում է նրա տնտեսության զարգացման մակարդակը, քանի որ այն արտացոլում է երկրի արտադրողականությունը, բնակչության կենսամակարդակը, տեխնոլոգիական առաջընթացը և միջազգային մրցունակությունը։
     Հայաստանի պարագայում պատկերը խիստ մտահոգիչ է, քանի որ աղքատության մակարդակով մեր երկիրը գտնվում է համաշխարհային վարկանշային ցուցակի ստորին հատվածում՝ զբաղեցնելով 110-րդ հորիզոնականը։ Ցավոք, նախորդ տարիների փորձը փաստում է, որ ՀՀ իշխանությունները չեն կարողացել իրականացնել խորքային և կենսական տնտեսական բարեփոխումներ։ Միայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2018 թվականից ի վեր ամեն տարի ՀՀ պետական պարտքը (ներառյալ ներքինը) ավելացրել է ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլարով՝ հասցնելով այն արդեն 14,5 միլիարդի։
     Այսօր Հայաստանը տարեկան շուրջ 7 միլիարդ ԱՄՆ դոլարի ներմուծում է իրականացնում՝ համեմատած ընդամենը 3 միլիարդ դոլարի արտահանման հետ, ինչը հանգեցնում է մոտ 4 միլիարդ դոլարի առևտրային հաշվեկշռի բացասական տարբերության։ Այս բացը հիմնականում լրացվում է ներքին և արտաքին տրանսֆերտների միջոցով կամ արտաքին պարտքի ավելացմամբ, ինչը երկարաժամկետ կայուն զարգացման տեսանկյունից լուրջ խնդիր է ստեղծում։
     Գործընթացն իրականում մտել է խիստ վտանգավոր փուլ, քանի որ մի կողմից շարունակ աճում է արտաքին պարտքի բեռը, մյուս կողմից տնտեսության իրական հատվածում նկատելի աճ չկա։ Օրվա իշխանությունը, կոնկրետ ծրագրեր կամ զարգացման տեսլական առաջարկելու փոխարեն, ժողովրդին «կերակրում է» կեղծ և անբովանդակ խոստումներով։
     Իրավիճակի միակ սթափ և իրատեսական գնահատականն այս պահին պատկանում է ժամանակակից տնտեսության մեջ համաշխարհային անուն ձեռք բերած ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։ Հատկապես տնտեսական զարգացման տեսլականի կարևորագույն դրույթներից է առաջիկա հինգ տարիներին արդյունաբերականացման ծրագրի միջոցով Հայաստանում շուրջ 300 հազար նոր աշխատատեղ ստեղծելու նախաձեռնությունը։
     Ծրագրի շրջանակում առաջարկվում է զարգացնել արդյունաբերությունը, որպեսզի Հայաստանը դուրս գա միայն ծառայությունների վրա հիմնված և արտաքին օգնությունից կախված տնտեսական մոդելից։ Այս մոտեցումը նպատակ ունի ոչ միայն մեծացնել արտահանումը, այլև ապահովել լայնածավալ զբաղվածություն՝ ձևավորելով տնտեսական զարգացման ավելի ինքնաբավ և կայուն հիմք։
     Միևնույն ժամանակ, ծրագրում նշված հինգ տարվա ընթացքում շուրջ 300 հազար աշխատատեղ ստեղծելը պետք է դիտարկել ոչ թե որպես ինքնանպատակ վերջնարդյունք, այլ որպես ընդհանուր ռազմավարության հնարավոր հետևանք։ Տնտեսական տեսանկյունից առաջնայինը ոչ թե կոնկրետ թվային ցուցանիշի մեխանիկական ապահովումն է, այլ ընտրված զարգացման ուղին։ Եթե արդյունաբերականացման քաղաքականությունը հաջողությամբ իրականացվի ներդրումների ներգրավման, տեխնոլոգիական արդիականացման և արտադրողականության աճի միջոցով, ապա աշխատատեղերի ստեղծումը կլինի այդ ամենի բնական արդյունքը։
     Զավեշտալի է, երբ գործող իշխանության տնտեսական և քաղաքական պատասխանատուները հայտարարում են, թե այս մոտեցումը «իրատեսական չէ»։ Իրականում, Կարապետյանի առաջարկած ռազմավարությունը հաջողությամբ փորձարկվել է մի շարք երկրներում։ Դեռևս 1980-ականներին, երբ, օրինակ, Իռլանդիան կանգնած էր ծանր տնտեսական պայմանների առջև, կառավարությունը որոշեց նվազեցնել հարկերը, ներգրավել ներքին ու միջազգային ներդրումներ և զարգացնել արդյունաբերությունն ու տեխնոլոգիական ոլորտները։ Արդյունքում, երկրի արդյունաբերական ու տեխնոլոգիական հիմքերը լուրջ զարգացում ստացան, ինչը ապահովեց տնտեսական արագ վերելք և աշխատատեղերի զգալի ավելացում։
     Հատկանշական է նաև Հարավային Կորեայի փորձը։ Պատերազմից հետո՝ 1950-ականներին, այն աղքատ և գյուղատնտեսական երկիր էր։ Պետությունը աջակցեց արդյունաբերությանը խոշոր ընկերությունների (չեբոլների) միջոցով, արտահանման վրա հիմնված ռազմավարության շնորհիվ ստեղծվեցին միլիոնավոր աշխատատեղեր ու երկիրը վերածվեց բարձր տեխնոլոգիական տնտեսության։
     Հետևաբարար, խնդիրն այն է, թե մեր հանրությունն առաջիկա ընտրություններին ավելի շատ վստահություն կցուցաբերի նրան, ով արդեն ապացուցել է, որ կարող է, թե՞ նրան, ով արդեն ապացուցել է, որ չի կարող»։

«Ներկա պայմաններում խոսք անգամ լինել չի կարող «Թրիփփ»-ի գործարկման մասին»․ Արմեն Այվազյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ներկա պայմաններում խոսք անգամ լինել չի կարող «Թրիփփ»-ի գործարկման մասին»․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսպիսով, ԱՄՆ/Իսրայելի և Իրանի միջև կնքվեց զինադադար՝ Պակիստանի (ըստ վերջին տեղեկությունների, նաև Չինաստանի ետնաբեմային) միջնորդությամբ։ Երկու կողմերը միմյանց ներկայացրել են իրենց պահանջների փաթեթները, որոնց շուրջ էլ երկշաբաթյա ընթացքում պետք է ընթանան բանակցություններ։ Կարևոր է հասկանալ, որ այդ բանակցությունների հիմքը կազմելու է ոչ թե ԱՄՆ-ի ներկայացրած 15-կետանոց փաթեթը, որը Իրանը սկզբունքորեն մերժել է, այլ Իրանի 10-կետանոց ծրագիրը, որն էլ, սակայն, հազիվ թե ընդունելի լինի ԱՄՆ-ի և Իսրայելի համար։
     Նախքան այդ կետերի վերլուծությանը անցնելը, անհրաժեշտ է շատ համառոտ գնահատել տեղի ունեցածը։ Այս պահի դրությամբ ԱՄՆ-ը և Իսրայելը, փաստորեն, չեն հասել իրենց հայտարարած և չհայտարարված գլխավոր նպատակներից և ոչ մեկին.
     • Իրանի կառավարությունն ու ամբողջ պետական համակարգը չեն տապալվել, այլ, ընդհակառակը, զգալիորեն ամրապնդվել են՝ երկրի դեմ ուղղված արտաքին հարձակման և ժողովրդի դեմ իրականացված ռազմական հանցագործությունների բերումով առաջացած աննախադեպ հայրենասիրական ալիքի։
     • Իրանի ներսում սոցիալական բողոքի որևէ լուրջ ալիք չի բարձրացել, իսկ ազգային փոքրամասնությունները չեն ապստամբել կենտրոնական իշխանության դեմ։
     • Իրանի զինված ուժերը չեն քայքայվել կամ կազմալուծվել, այլ ամբողջությամբ պահպանել են իրենց կառավարման համակարգը և ձեռք բերել հույժ կարևոր մարտական փորձ։
     • Իրանի միջուկային ծրագիրը չի ոչնչացվել, իսկ հարստացված ուրանի պաշարները պահպանվում են։
     • Իրանի բալիստիկ հրթիռների արտադրության և կիրառման համակարգը չի խափանվել, այլ, հակառակը, շարունակել է կատարելագործվել և աստիճանաբար բարձրացնել իր արդյունավետությունը։
     Ճիշտ է, Իրանը կրել է զգալի մարդկային և մեծ նյութական կորուստներ, որոնք, սակայն, տեսականորեն հնարավոր է փոխհատուցել՝ նույնիսկ միայն նավթի վաճառքի և Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության ամրապնդման ու նավթատար լցանավերից տուրք գանձելու միջոցով (ինչը կարող է նույնիսկ ավելի մեծ եկամուտ ապահովել, քան նավթի ուղղակի վաճառքը)։
     Սակայն կա մի կարևոր հանգամանք, որը պետք է հստակ գիտակցել. ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ։ ՍԱ ԸՆԴԱՄԵՆԸ ԶԻՆԱԴԱԴԱՐ Է։ ԱՄՆ-ը և Իսրայելը դժվար թե համակերպվեն հզորացող Իրանի հետ։ Ավելին՝ Իսրայելն արդեն հայտարարել է, որ այս զինադադարը չի տարածվում Հեզբոլահի և Լիբանանի դեմ իր գործողությունների վրա՝ հակասելով Պակիստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությանը։ Սա, ըստ էության, պայմանավորվածության առաջին խախտումն է։
     Ինչ վերաբերում է Հայաստանին և այսրկովկասյան տարածաշրջանին, ապա կարելի է վստահ ասել, որ Ադրբեջանը, համոզվելով Իրանի հզորության մեջ, առաջիկայում չի համարձակվելու հարձակվել Հայաստանի վրա։ Միաժամանակ, ներկա պայմաններում խոսք լինել անգամ չի կարող Թրիփ/Թրամփի ուղի ծրագրի գործարկման մասին։ Իրանը դա չի հանդուրժի։
     Այժմ ներկայացնում եմ Իրանի 10-կետանոց ծրագրի հիմնական դրույթները.
     1. ԱՄՆ-ի կողմից ագրեսիայից զերծ մնալու պարտավորություն
     -Իրանը պահանջում է հստակ և պաշտոնական երաշխիքներ, որ ԱՄՆ-ը չի դիմի ռազմական գործողությունների։
     2. Հորմուզի նեղուցի վերահսկողություն և անվտանգ նավարկություն
     -Իրանը պահպանում է վերահսկողությունը՝ միաժամանակ առաջարկելով «անվտանգ անցման» մեխանիզմ։
     3. Ուրանի հարստացման իրավունքի ճանաչում
     -Իրանը պնդում է իր միջուկային ծրագրի պահպանման վրա (թեև հնարավոր է որոշակի զիջումներ՝ հարստացման մակարդակի սահմանափակման հարցում, եթե բավարարվեն մյուս պահանջները)։
     4. Բոլոր պատժամիջոցների վերացում
     -Խոսքը վերաբերում է թե՛ ամերիկյան, թե՛ միջազգային բոլոր սահմանափակումների լիակատար վերացմանը։
     5. ՄԱԿ-ի և ՄԱԳԱՏԷ-ի սահմանափակումների դադարեցում
     -Իրանը ձգտում է ազատվել միջուկային ծրագրի նկատմամբ արտաքին վերահսկողության սահմանափակումներից։
     6. Պատերազմական վնասների փոխհատուցում Իրանին
     -Նախատեսվում է ֆինանսական և նյութական փոխհատուցում՝ հավանաբար հատուկ միջազգային կամ ներդրումային մեխանիզմների միջոցով։
     7. ԱՄՆ ռազմական ուժերի դուրսբերում տարածաշրջանից
     -Ներառում է ամերիկյան ռազմաբազաների փակումը և ռազմական ներկայության էական կրճատումը։
     8. Ռազմական գործողությունների լիակատար դադարեցում բոլոր ճակատներում
     -Ներառում է նաև Իրանի դաշնակիցների, հատկապես Հեզբոլահի դեմ գործողությունների դադարեցումը, ինչպես նաև Գազայում պատերազմական գործողությունների ավարտը։
     9. Հրադադար և տարածաշրջանային հակամարտությունների ավարտ
     -Այդ թվում՝ Լիբանան, Իրաք, Եմեն, Գազա և այլ ուղղություններ։
     10. Ընդհանուր դեէսկալացիա և հակամարտության վերջնական ավարտ
     ԻՐԱՆԸ ՇԵՇՏՈՒՄ Է, ՈՐ ԽՈՍՔԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՈՉ ԹԵ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ, ԱՅԼ ՄՇՏԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»։

«Այն, որ ուժայիններին ապօրինի հրահանգներ է տալու, ակնհայտ է». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Այն, որ ուժայիններին ապօրինի հրահանգներ է տալու, ակնհայտ է». Իշխան Սաղաթելյան

«Տեսնելով իշխանության գլխին գտնվող անձի նոպաները, առավոտ-երեկո ուղերձները, հասկանում ենք, որ այս մարդը կորցնում է կառավարումը. քաղաքականությունն ուզում է վերածել խուժան, փողոցային գործընթացի: Նրա բառապաշարը, պահվածքը վկայում է այն վախերի մասին, որն այսօր գոյություն ունի»,- լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, ասել է ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Այն, որ այդ ջղաձգումների, հիստերիայի արդյունքում ուժայիններին ապօրինի տարբեր հրահանգներ է տալու, ակնհայտ է»,- հավելել է «Հայաստան» խմբակցության անդամը:

Փեզեշքիանը նշել է ժողովրդի և զոհված առաջնորդի դերը՝ ԱՄՆ-ի հետ հրադադարի հարցում | ՄԱՄՈՒԼ.ամ

Փեզեշքիանը նշել է ժողովրդի և զոհված առաջնորդի դերը՝ ԱՄՆ-ի հետ հրադադարի հարցում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ հրադադարը ժողովրդի մասնակցության արդյունքն է։

«Հրադադարը, Իրանի կողմից առաջարկված ընդհանուր սկզբունքների ընդունման հիման վրա, դարձել է մեր նահատակ առաջնորդ Խամենեիի թափված արյան, ինչպես նաև ողջ ժողովրդի մասնակցության արդյունքը։ Այսօրվանից սկսած մենք կշարունակենք միասին լինել՝ լինի դա դիվանագիտական ​​ճակատում, պաշտպանության ոլորտում, փողոցներում, թե հանրային ծառայության մեջ»,- գրել է նա X-ում։

«Պարոն վարչապետը շատ բառերի իմաստը լավ չի պատկերացնում»․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Պարոն վարչապետը շատ բառերի իմաստը լավ չի պատկերացնում»․ Հովիկ Աղազարյան

«Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական իրավիճակը, վերջին շրջանում վարչապետը տարբեր հոլովակներով վիրավորում է իր մրցակիցներին»,- ճեպազրուցի ժամանակ լրագրողը հարց է ուղղել ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ «Պարոն վարչապետը շատ բառերի իմաստը լավ չի պատկերացնում։ Կարելի է միլիոնատեր էլ լինել, բայց բոմժ լինել, կարելի է ոչ մի կոպեկ չունենալ՝ շատ ուժեղ մարդ լինել»,- պատասխանել է Աղազարյանը։ «Ինչ-որ իմաստով խուճապային տրամադրություններ են»,- նշել է պատգամավորը։