Պակիստանում երկաթգծերի պայթեցման հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել

Առնվազն 16 մարդ է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են կիրակի օրը Պակիստանի Քվետտա քաղաքում Չաման-Պատակ շրջանի մոտ գտնվող երկաթուղային գծերի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հաղորդում է ԱՌՌ-ն։

Պակիստանական գործակալության աղբյուրների հաղորդմամբ, ոստիկանությունում հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել Չաման-Պատակի մոտ, երբ ուղևորներով գնացքն անցնում էր այդ տարածքով։

Աղբյուրների վկայությամբ, գնացքում գտնվող մարդիկ ուղևորվում էին իրենց շրջաններ՝ Իդ ալ-Ֆիտրը տոնելու համար։

Զոհվածների մարմիններն ու վիրավորները տեղափոխվել են քաղաքացիական հիվանդանոց։

Վիրավորների թվում երեխաներ կան։

Պայթյունի հետևանքով վնասվել են ճանապարհի երկայնքով կայանված տրանսպորտային միջոցները։ Իրավապահ մարմինները ժամանել են դեպքի վայր, շրջափակել ամբողջ տարածքը և հետաքննություն սկսել։

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը մեկնաբանել է Փաշինյանի հրապարակումը․ «Նոր քայլ ուղիղ առևտրում»

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը X սոցիալական ցանցում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ախալքալաք-Կարս երկաթուղին Հայաստանի համար բացելու մասին հրապարակումը։

«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում նոր քայլ ուղիղ առևտրում։ Հույս ունեմ, որ այս նոր քայլը, որը նաև կուժեղացնի Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև քառակողմ համագործակցությունը և նշանակալի ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության մեջ, հաջողություն կբերի այս բոլոր երկրներին», – Փաշինյանի հրապարակումն է մեկնաբանել Քըլըչը։

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը մեկնաբանել է Փաշինյանի հրապարակումը․ «Նոր քայլ ուղիղ առևտրում»

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը X սոցիալական ցանցում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ախալքալաք-Կարս երկաթուղին Հայաստանի համար բացելու մասին հրապարակումը։

«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում նոր քայլ ուղիղ առևտրում։ Հույս ունեմ, որ այս նոր քայլը, որը նաև կուժեղացնի Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև քառակողմ համագործակցությունը և նշանակալի ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության մեջ, հաջողություն կբերի այս բոլոր երկրներին», – Փաշինյանի հրապարակումն է մեկնաբանել Քըլըչը։

Bloomberg․ ԱՄՆ-ն սպառել է Իրանի վրա պատժամիջոցային ճնշում գործադրելու հնարավորությունները

ԱՄՆ-ի՝ Իրանի հարցերով հատուկ բանագնացի նախկին տեղակալը և Պետքարտուղարության պատժամիջոցային քաղաքականության նախկին համակարգող Ռիչարդ Նեֆյուն հայտարարել է, որ Վաշինգտոնը գործնականում սպառել է Իրանի վրա պատժամիջոցային ճնշում գործադրելու հնարավորությունները։

Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում Նեֆյուն նշել է, որ տնտեսական ճնշման բազմամյա ռազմավարությունը դադարում է ցանկալի արդյունք տալ՝ չնայած իրանական տնտեսության դեմ լայնածավալ սահմանափակումներին։

«Մենք պարզապես հասել ենք այն սահմանին, թե ինչի կարող ենք հասնել պատժամիջոցներով և տնտեսական ճնշմամբ», — ասել է նա։

Ըստ Նեֆյուի, ամերիկյան ներկայիս արշավը, որը կոչվում է «Economic Fury», Իրանին սկզբունքորեն նոր ոչինչ չի առաջարկում և մեծապես կրկնում է «առավելագույն ճնշման» նախկին ռազմավարությունը, որը կիրառվել էր Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում։

«Կամ պետք է նրանց ցնցենք ինչ-որ նոր բանով, իսկ այս “Economic Fury”-ը այդպիսին չէ, կամ պետք է սկսենք սահմանափակել մեր հավակնությունները», — ընդգծել է Պետքարտուղարության նախկին ներկայացուցիչը։

Ինչպես նշում է Bloomberg-ը, չնայած կիրառված հազարավոր պատժամիջոցներին՝ Իրանը կարողացել է հարմարվել սահմանափակումներին՝ պահպանելով նավթի արտահանումը, առաջին հերթին՝ Չինաստան մատակարարումների և այլընտրանքային ֆինանսական ու լոգիստիկ սխեմաների կիրառման հաշվին։

Այս ֆոնին, գրում է գործակալությունը, Վաշինգտոնում ավելի ու ավելի հաճախ ընդունում են, որ պատժամիջոցային ճնշման հետագա ուժեղացումը կարող է սահմանափակ ազդեցություն ունենալ՝ առանց ավելի խիստ քայլերի, որոնք կարող են ազդել համաշխարհային էներգետիկ շուկաների և ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների վրա։

ԱՄՆ-ի Ատլանտայի օդանավակայանում Էբոլայի զննման կետ է տեղադրվել

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, Ուգանդայից կամ Հարավային Սուդանից վերադարձող ամերիկացիներն այժմ Միացյալ Նահանգներ մուտք գործելու երկրորդ կետն ունեն, և շաբաթ օրը Էբոլայի խորացված զննման ծրագիրը ընդլայնվել է՝ ներառելով Ատլանտայի Հարթսֆիլդ-Ջեքսոն միջազգային օդանավակայանը, հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) հայտնել են, որ Հարթսֆիլդ-Ջեքսոն օդանավակայանն ավելի վաղ արդեն օգտագործվել է ուղևորների ստուգման համար, և այնտեղ սահմանված են համապատասխան ընթացակարգեր։

Այս շաբաթ Վաշինգտոնի Դալլեսի անվան միջազգային օդանավակայանը նշանակվել է վերադարձող քաղաքացիների մոտ Էբոլա վիրուսի առկայությունը ստուգելու համար։

Երկիր մուտք գործելիս ընդլայնված բժշկասանիտարական սքրինինգը CDC-ի Էբոլայի դեմ պայքարի բաղադրիչներից մեկն է, որը նաև ներառում է արտասահման մեկնելիս ստուգումներ, ինքնաթիռում հիվանդության մասին հաշվետվություն և ժամանումից հետո հանրային առողջապահական մոնիթորինգ։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, այս պահին Կոնգոյի ԴՀ-ում հաստատվել է հիվանդության 82 դեպք, այդ թվում՝ յոթ հաստատված մահ, 177 ենթադրյալ մահ և Բունդիբուջո շտամի հետ կապված գրեթե 750 ենթադրյալ դեպք:

Ավելի վաղ այս շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արգելել էր այն օտարերկրացիների մուտքը Միացյալ Նահանգներ, որոնք վերջին շաբաթներին այցելել են Կոնգոյի ԴՀ, Ուգանդա կամ Հարավային Սուդան:

Իսրայելում ԱՄՆ նախկին դեսպանն Իրանի հետ Թրամփի գործարքն անվանել է «թույլ, բայց ամենաքիչ վատը»

Իսրայելում ԱՄՆ նախկին դեսպան Դեն Շապիրոն հայտարարել է, որ թեև Իրանի հետ գործարքը, որին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստիպված է եղել համաձայնել, «թույլ» է, սակայն Թրամփի համար սա հնարավոր մի քանի տարբերակներից, այդ թվում՝ մարտական գործողությունները շարունակելուց, ամենաքիչ վատն է։

«Այս պատերազմը բոլոր առումներով չմտածված էր։ Չկային հստակ ռազմավարական նպատակներ, և չկար նշված նպատակների մեծ մասին ընդունելի ծախսերով հասնելու միջոց։ Գործարքը, որի մասին հաղորդվում է, ավելի քիչ սարսափելի տարբերակներից մեկն է, որը նա կարող էր ընտրել։ Համենայն դեպս, նա չի գնում պատերազմի սրման, ինչը կհանգեցներ էլ ավելի մեծ համաշխարհային տնտեսական ճգնաժամի»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Շապիրոն հավելել է, որ ԱՄՆ-ն ոչ մի արդյունքի չի հասել ո՛չ իրանական բալիստիկ հրթիռների, ո՛չ էլ տարածաշրջանային դաշնակիցների ցանցի հարցում՝ գործարքն անվանելով «մռայլ օր» ԱՄՆ շահերի համար։

Նոր Նորքում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ ոստիկաններն ունեն կասկածներ, որ այն միտումնավոր հրկիզել են

Այսօր՝ մայիսի 24-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Լվովյան փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ոչ թե Լվովյան, այլ Դավիթ Մալյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում։

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են ավտոմեքենայի տերն ու քաղաքացիները, ապա հրշեջները մարել են այն։ Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

Տեղի ունեցածը դիտավորյալ հրկիզում է, թե ոչ՝ պարզվում է։ Ոստիկաններն ունեն կասկածներ, որ ավտոմեքենան ինչ-որ անձի կամ անձանց կողմից հրկիզվել է։

Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։

Իրանի խորհրդարանի նախագահը հիշեցրել է Խորրամշահրը և նախազգուշացրել երկրի հակառակորդներին

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ժամանակակից իրանցի զինվորականները շարունակում են այն սերնդի ավանդույթները, որն Իրանա-իրաքյան պատերազմի ընթացքում ազատագրել է Խորրամշահրը, և պատրաստ են նոր փորձությունների, հաղորդում է Mehr-ը։

Խորրամշահր քաղաքի ազատագրման տարեդարձի առթիվ իր ուղերձում Ղալիբաֆը նշել է, որ այսօրվա մարտիկներն «իրենց վճռականությամբ և խիզախությամբ զարմացրել են աշխարհին»։ Նա ընդգծել է, որ իրանցի զինվորականների երիտասարդ սերունդը պահպանում է անցած տարիների հրամանատարների հիշատակը և շարունակում նրանց ուղին։

Խորհրդարանի նախագահը նաև հայտարարել է, որ Իրանին նոր մարտահրավերներ են սպասվում, սակայն երկիրը կկարողանա հաղթահարել դրանք «հավատի, կամքի, խիզախության, պրոֆեսիոնալիզմի և հաստատակամության» շնորհիվ։ Իր խոսքում նա հիշատակել է մի շարք հայտնի իրանցի ռազմական գործիչների, այդ թվում՝ Քասեմ Սոլեյմանիին՝ նրանց անվանելով դիմադրության և ազգային միասնության խորհրդանիշներ։

Ելույթի հիմնական մասը նվիրված էր 1982 թվականին Խորրամշահրի ազատագրման տարեդարձին։ Ղալիբաֆն այս իրադարձությունն անվանել է Իրանա-իրաքյան պատերազմի ամենակարևոր դրվագներից մեկը և հայտարարել, որ այդ գործողությունը աշխարհին ցույց է տվել, որ Իրանը ծանր ռազմական հակամարտության պայմաններում ի վիճակի է հասնել իր առջև դրված նպատակներին։

Նա նաև հիշատակել է զոհված իրանցի հրամանատարներ Ահմադ Քազեմիին և Ալի Սայյադ Շիրազիին՝ հայտարարելով, որ նրանց գործողությունները դարձել են օրինակ, թե ինչպես է «անհնարինը դառնում հնարավոր»։

Վերջում Ղալիբաֆը շնորհավորել է երկրի քաղաքացիներին Խորրամշահրի ազատագրման տարեդարձի կապակցությամբ և հարգանքի տուրք մատուցել զոհված զինվորականների և պատերազմի մասնակիցների հիշատակին։

Պակիստանի վարչապետը շնորհավորել է Թրամփին «խաղաղության հասնելու ուղղությամբ արտակարգ ջանքերի» համար

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը X սոցիալական ցանցում շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «խաղաղության հասնելու ուղղությամբ արտակարգ ջանքերի» համար։

«Ես շնորհավորում եմ նախագահ Դոնալդ Թրամփին խաղաղության հասնելու ուղղությամբ նրա արտակարգ ջանքերի և այսօր ավելի վաղ Սաուդյան Արաբիայի, Կատարի, Թուրքիայի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի, Հորդանանի և Պակիստանի առաջնորդների հետ անցկացրած շատ օգտակար ու արդյունավետ հեռախոսազրույցի համար։ Հեռախոսազրույցի ընթացքում Պակիստանը ներկայացնում էր ֆելդմարշալ Սայեդ Ասիմ Մունիրը, և ես բարձր եմ գնահատում նրա անխոնջ ջանքերը ողջ գործընթացի ընթացքում։

Քննարկումները օգտակար հնարավորություն տվեցին կարծիքներ փոխանակելու տարածաշրջանում ստեղծված ընթացիկ իրավիճակի և այն մասին, թե ինչպես առաջ մղել ընթացիկ խաղաղարար ջանքերը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։

Պակիստանը կշարունակի իր խաղաղարար ջանքերը առավելագույն անկեղծությամբ, և մենք հույս ունենք շատ շուտով անցկացնել բանակցությունների հաջորդ փուլը»,- ասել է Շարիֆը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր Իրանի հետ խաղաղության համաձայնագրի մասին, որն, ըստ նրա, «մեծ մասամբ համաձայնեցված է»։

Թրամփի վկայությամբ, համաձայնագրի կետերից մեկը Հորմուզի նեղուցի բացումն է։