Կոտայքի քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստությունը․ 9 անձ ձերբակալվել է

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ 44-ամյա և 36-ամյա եղբայրները, ներգրավելով այլ անձանց, նախապատրաստում են 32-ամյա երիտասարդի սպանությունը:

Տվյալներ են ձեռք բերվել, որ 32-ամյա երիտասարդը հայհոյել է եղբայրներից մեկին, ինչի մասին նա իմանալով և գտնվելով արտերկրում հրահանգել է Նոր Հաճընում բնակվող 44-ամյա եղբորը վրեժխնդրության նպատակով հաշվեհարդար տեսնել երիտասարդի հետ։

44-ամյա տղամարդը մտադրությունն իրականացնելու նպատակով ձևավորել է հանցավոր խումբ, որի անդամները, զինվելով ատրճանակներով և ինքնաձիգներով, Նոր Հաճընում սկսել են որոնել 32-ամյա երիտասարդին։ 

Վերջինս մտերիմների հետ Նոր Հաճըն քաղաքում մեքենայով շրջելիս նկատել է 44-ամյա տղամարդուն և իր մոտ ապօրինի պահվող հրազենով կրակոցներ արձակել ու դիմել փախուստի։ 44-ամյա տղամարդը խմբի անդամների հետ հետապնդել է 32-ամյա երիտասարդին, կանգնեցրել մեքենան, սակայն, չհայտնաբերելով նրան, զենքի սպառնալիքի ներքո ծեծի է ենթարկել երկու ընկերներին։ 

Պարզվել է նաև, որ 44-ամյա տղամարդն իր կողմնակիցների հետ սոցիալական հարթակներից մեկում ստեղծել է խումբ՝ նպատակ ունենալով վերահսկել 32-ամյա տղամարդու շարժը և հարմար պահի տեսախցիկների ու մարդկանց բացակայության պայմաններում կյանքից զրկել նրան։

Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել 44-ամյա տղամարդու, հետապնդվող երիտասարդի և հանցավոր խմբի անդամների բնակարաններում։

Հանցավոր խմբի 3 անդամների բնակարաններից հայտնաբերվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ իր պահեստատուփով, օդաճնշիչ հրացան, տարբեր տրամաչափի 86 փամփուշտներ, սվին դանակ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում միջադեպին մասնակից 9 անձ հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, ապա տեղափոխվել ձերբակալվածների  պահման վայրեր։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցավոր խմբի մյուս անդամներին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։

Հռոմի պապը Ռուբիոյին հայտարարել է «հանուն խաղաղության անդուլ աշխատելու անհրաժեշտության» մասին

Վատիկանը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ բանակցությունների ընթացքում բարձրացվել է «հանուն խաղաղության անդուլ աշխատելու անհրաժեշտության» հարցը: ԱՄՆ պետքարտուղարը Հռոմում է մի այցով, որը լայնորեն դիտարկվում է որպես Հռոմի Լևոն XIV պապի հասցեին Դոնալդ Թրամփի հնչեցրած բազմաթիվ քննադատություններից հետո լարվածությունը մեղմելու փորձ, գրում է The Guardian-ը:

Սուրբ Աթոռի և Վաշինգտոնի միջև հարաբերություններում տիրող աննախադեպ լարվածության ֆոնին՝ Առաքելական պալատում հինգշաբթի պապն ընդունել է Ռուբիոյին, որից հետո վերջինս մի շարք հանդիպումներ է անցկացրել Վատիկանի ներկայացուցիչների հետ:

Վատիկանի տեսանյութում երևում է, թե ինչպես է Հյուսիսային Ամերիկայից սերող առաջին պապը սեղմում իր հյուրի ձեռքը և նրան պաշտոնապես դիմում որպես «պարոն պետքարտուղար», ինչին ի պատասխան կաթոլիկ Ռուբիոն ասել է. «Ուրախ եմ ձեզ տեսնելու համար»:

Ռուբիոն Հռոմի պապին ամերիկյան ֆուտբոլի փոքրիկ բյուրեղապակյա գնդակ է նվիրել:

Նա կատակել է, թե գիտի, որ Լևոնը, լինելով Չիկագոյի բնակիչ և «White Sox»-ի հայտնի երկրպագու, ավելի շատ «բեյսբոլի սիրահար» է:

Հռոմի պապի հետ 45-րոպեանոց առանձնազրույցից հետո Ռուբիոն հանդիպել է նաև Վատիկանի պետքարտուղար և դե-ֆակտո դիվանագիտական գերատեսչության ղեկավար Պիետրո Պարոլինի հետ, որն այցի նախօրեին վճռականորեն պաշտպանել էր քահանայապետին և քննադատել Թրամփի վերջին հարձակումները՝ դրանք անվանելով «բավականին տարօրինակ»:

Իր հայտարարության մեջ Վատիկանը նշել է, որ կողմերը մտքեր են փոխանակել ընթացիկ իրադարձությունների շուրջ՝ «առանձնահատուկ ուշադրություն դարձնելով պատերազմից, քաղաքական լարվածությունից և բարդ հումանիտար իրավիճակից տուժած երկրներին, ինչպես նաև հանուն խաղաղության անդուլ աշխատելու անհրաժեշտությանը»։

Իրանն ուսումնասիրում է ամերիկյան կողմի ուղերձները. Բաղայի

Իրանն ուսումնասիրում է Պակիստանի միջնորդությամբ փոխանցված ամերիկյան կողմի ուղերձները, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմաիլ Բաղային, հայտնում է Tasnim-ը:

«Իրանը դեռևս եզրակացության չի հանգել, և ամերիկյան կողմին պատասխան չի տրվել»,- ասել է Բաղային:

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, հղում անելով տարածաշրջանի իր աղբյուրին, հայտնել էր, որ ակնկալվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հինգշաբթի օրը կփոխանցի պատասխանը ԱՄՆ-ի՝ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ առաջարկին:

Իսլամական հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմաիլ Բաղային ավելի վաղ հայտարարել էր, որ ամերիկյան առաջարկին Իրանի պատասխանը կուղարկվի պակիստանյան կողմին, որը հանդես է գալիս որպես միջնորդ:

Մինչ այդ Axios պորտալը հանդես էր եկել պնդմամբ, որ Վաշինգտոնն ու Թեհրանը մոտ են զինված հակամարտության ավարտի մասին մեկ էջանոց հուշագրի ստորագրմանը:

Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրշեջները հայտնաբերել են ազգությամբ հնդիկ տղայի կիսամոխրացած մարմինը

Այսօր՝ մայիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցում՝ Ամառանոցային 1 տարածքում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները կրակը մարելուց հետո ներսում հայտնաբերել են ազգությամբ հնդիկ երիտասարդ տղայի կիսամոխրացած մարմինը։

Տունը, որտեղ տեղի է ունեցել հրդեհը, գազաֆիկացված չէ, և հրդեհն առաջացել է 3 կիլոգրամանոց գազաբալոնից, որը հայտնաբերվել է հրշեջների կողմից։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է նշված տան սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը։

Բրիտանական նախկին արքայազն Էնդրյուի տան մոտ զինված տղամարդ է ձերբակալվել

Բրիտանական նախկին արքայազն Էնդրյուի տան մոտ զինված տղամարդ է ձերբակալվել, հայտնում է Associated Press-ը:

Ըստ Նորֆոլկի կոնստեբլի գրասենյակի հաղորդագրության՝ ձերբակալությունն իրականացվել է չորեքշաբթի երեկոյան, երբ հաղորդում է ստացվել մի տղամարդու մասին, որը «սպառնալից վարքագիծ է դրսևորել» Անգլիայի արևելքում գտնվող Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի տան մոտ: «Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, և տղամարդը ձերբակալվել է հասարակական կարգը խախտելու և զենք պահելու կասկածանքով»,- հայտնել են ոստիկանությունում: Կասկածյալը տեղափոխվել է մոտակա ոստիկանական բաժանմունք՝ հարցաքննության:

Մաունթբաթեն-Վինձորը՝ Կառլոս Երրորդ թագավորի կրտսեր եղբայրը, փետրվարին ձերբակալվել էր և մի քանի ժամ գտնվել կալանքի տակ՝ Ջեֆրի Էփշտեյնի հետ ունեցած կապերի պատճառով պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածանքով:

66-ամյա Մաունթբաթեն-Վինձորը տեղափոխվել էր թագավորի՝ Նորֆոլկում գտնվող մասնավոր կալվածք, երբ այս տարվա սկզբին նրան վտարել էին Վինձորի ամրոցի մոտ գտնվող իր տնից, որտեղ նա բնակվում էր երկար տարիներ:

Քարոզարշավի մեկնարկից առաջ հանդիպել են Փաշինյանն ու Խաչատուրյանը. ի՞նչ են քննարկել

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

Վարչապետը տեղեկացրել է, որ նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով մայիսի 8–ից կգտնվի արձակուրդում։ «Այն կընդհատվի միայն մայիսի 28-ին, որպեսզի պետական տոնի օրը որոշակի պարտականություններ ունեմ, այդ պարտականությունները կատարեմ և գուցե, նաև աշխատանքային ինչ-որ հարցեր լինեն այդ առիթով։ Բայց, ընդհանուր առմամբ, պլանավորում եմ քարոզարշավի մեջ լինել: Այսօր Կառավարության նիստում նաև ասացի, որ ամենակարևոր խնդիրն այն է, որ մենք ապահովենք մեր պետական ինստիտուտները, Հայաստանի քաղաքացիների ազատ կամքի արտահայտությունը և, իհարկե, քաղաքական գաղափարների և ասելիքի ազատ մրցակցությունը երկրում։

Դա ամենակարևոր բանն է, որպեսզի նաև ընտրությունների արդյունքներն արտահայտեն ժողովրդի կամքը, և իհարկե, նաև ընտրությունների և ժողովրդի կամքի վրա ապօրինի ազդեցության դեմ պայքար պետք է տեղի ունենա, որը մեր պետական ինստիտուտների գործառույթն է։ Իհարկե, մենք վերջին տարիներին ամեն ինչ արել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կարողությունները զարգանան, որպեսզի նաև այդ առումով արդյունավետ պայքար հնարավոր լինի մղել։ Ես համոզված եմ, որ մեր ինստիտուտները կկարողանան այդ գործառույթն իրականացնել, որպեսզի ամեն ինչ մնա բացառապես քաղաքական գաղափարների և ասելիքի մրցակցության դաշտում։

Եվ, իհարկե, նաև ուզում եմ Ձեզ նորից շնորհակալություն հայտնել այս ընթացքում բարեփոխումների ընթացքին աջակցություն ցուցաբերելու համար։ Կարծում եմ, որ բարեփոխումների ընթացքի և արդյունքների մասին հանրության գնահատականի հերթն է, և հանրությունը պետք է իր քվեարկությամբ գնահատական տա: Եվ մենք այս ընթացքում ամեն ինչ կանենք, որպեսզի մեր ժողովուրդը որոշումներ կայացնելու համար իրեն անհրաժեշտ հնարավորինս ամբողջական տեղեկատվություն ստանա, չնայած մինչև այս էլ այդ ուղղությամբ առավելագույն ենք արել»,– նշել է վարչապետ Փաշինյանը։

Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել տեղեկատվության համար և հավելել․ «Իհարկե, անհանգստություն բոլոր դեպքում կա, Կառավարության ղեկավարը և Կառավարության անդամների մի մասն արձակուրդ են գնում նախընտրական քարոզչության մասնակցելու համար, բայց դա մեր օրենքն է: Ես նոր Լատվիայի նախագահի հետ էի հանդիպում, նրան ներկայացրեցի, որ մեր օրենքով այդպես է նախատեսվում, մի փոքր զարմացավ, բայց մեր օրենքն է այդպես նախատեսում և Դուք առաջնորդվում եք օրենքով։

Իրականում ես վստահ եմ, որ Ձեր կողմից, Կառավարության կողմից, իշխանության կողմից ամեն ինչ արվել է, որպեսզի ընտրություններն անցնեն թափանցիկ, առանց որևէ խնդիրների և ընտրության արդյունքները կասկած չհարուցեն, որովհետև այս տարիների ընթացքում մեզ համար ամենամեծ փորձությունը միշտ եղել է ընտրությունը և վատ իրադարձությունները տեղի են ունեցել հենց ընտրությունների և հետընտրությունների ընթացքում։

2018 թվականից հետո բոլոր ընտրություններին կասկած չի եղել, բայց առանձնահատուկ ուզում եմ 2021 թվականը նշել, որովհետև արտահերթ էր, և Դուք այդ քայլն արեցիք, որպեսզի ժողովրդի վստահությունը ստանաք, և ժողովուրդը վստահեց Ձեզ։ Այս 5 տարիների ընթացքում ահռելի աշխատանք է կատարել Կառավարությունը, և այն հաջողությունները, որոնք կան, որոնք արձանագրված են զուտ նաև տնտեսական թվերով, ապացույցն են նրա, որ այդ բարեփոխումները ճիշտ ուղղությամբ են գնացել։

Մի հանգամանք կար, ես ուզում էի գիտական հոդված գրել, դրա ընթացքում եմ, բայց չի ստացվում, որ ավարտեմ։ Մի կարևոր փոփոխություն է տեղի ունեցել, պիտի խնդրեմ, որ Դուք էլ դրան առանձնահատուկ ուշադրություն դարձնեք ու ասեք՝ միգուցե ներկայացնեն։ Մեր պետության մեջ տեղի է ունեցել հանրային արդյունքի բաշխման փոփոխություն։ Եթե ժամանակին այդ հանրային արդյունքը ստեղծողների թիվը շատ փոքր էր, օրինակ՝ 40 մեծահարուստներ, հիմա այդ թիվն անգամներով, զրոներով ավելացել է, և դրա արդյունքում է, որ մարդիկ սկսել են և՛ լավ ապրել, և՛ գործարարությամբ զբաղվել, և՛ տնտեսության մեջ հաջողություն կա։ Դրա արդյունքում է, որ մեր երկրում անհավասարությունը պակասել է։

Ես սկսեցի խորանալ՝ պատճառն ի՞նչն է, շատ պրիմիտիվ է բացատրությունը, որովհետև օրենքներ են աշխատում, օրենքները հասանելի են, բառ ենք մենք օգտագործում՝ ներառական: Մեր տնտեսական քաղաքականության և ընդհանրապես երկրում վարվող քաղաքականության ներառականության մակարդակն է բարձրացել և հասանելի դարձել։ Երբ մեր ծրագրերն եմ նայում, այն ծրագրերը, որ Կառավարությունն է ներկայացնում, դրանց մեջ այդ գործոնը շատ կարևոր է, և դրանով է պայմանավորված նաև ժողովրդի վերաբերմունքը։

Մոտավորապես 50 հազար բնակարան է կառուցվում՝ վերջին երկու տարում 1 մլն քառակուսի մետրից ավելի։ Խորհրդային Միությունում, երբ կառուցում էին 700-800 հազար քմ, դա համարվում էր մեծ հաջողություն։ 1 մլն-ից ավելի և դրան մասնակցում է ոչ միայն պետությունը, այլ մարդիկ՝ պետության օգնությամբ, իսկ Խորհրդային Միությունում պետությունն էր կառուցում։

Եվ երբ խոսում էինք հիպոթեքային վարկերի, 16 միլիոնի ծրագրերի մասին, եկեք սա ներկայացնենք, մարդիկ իրենց առօրյա կյանքում դա տեսնում են, այդ հնարավորությունն են տեսնում։ Եվ ես վստահություն ունեմ, որ հետագայում էլ պետության քաղաքականությունը պետք կլինի նրանում, որ իր քաղաքացին իր երկրին, իր իշխանությանը վստահի, իր պետությանը հավատա։

Եվ այն, ինչ Դուք, Ձեր Կառավարությունն իրականացնում եք որպես քաղաքականություն, հենց դրան է միտված, որ մենք կարողանանք մեր պետությունը հարգել։ Ես նորից եմ կրկնում, չեմ կասկածում, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ընտրություններն անցնեն անխոցելի, բարձր մակարդակով, վստահելի: Բայց ես նաև ցանկանում եմ, որ ընտրության մասնակից կողմերը նույն կերպ վերաբերվեն, և նաև բոլորս հասկանանք՝ Հայաստանի Հանրապետությունում օրենքը կա և ոչ ոք օրենքից դուրս չէ, և ընտրական, և ոչ ընտրական պրոցեսներում, եթե խախտումներ են տեղի ունենում, դրանք պետք է պատժվեն։

Միայն այս դեպքում է, որ մենք հաջողություն կունենանք, սա մեր անձնական հարաբերությունները չեն, սա պետություն է, և պետության մեջ պետք է գործի օրենքը, Սահմանադրությունը։ Հիմա հերթական հինգ տարվա ապագային միտված ծրագրերի ներկայացման հնարավորություն է, թող ներկայացնեն, ժողովուրդը գնահատի և այդ դեպքում ոչ մի կասկած էլ չի հարուցվի, որ ինչ-որ մի տեղ մեկը սխալ է արել, մեկը չարաշահել է կամ չի չարաշահել։

Ես, իհարկե, ինչպես նաև Դուք, անհանգստություն ունենք, որ կփորձեն իհարկե դա անել, բայց մեր պետական ինստիտուտների կայացվածության մակարդակը, եթե 2021 թվականի հետ համեմատենք ու հիմա, անհամեմատ որակյալ են դարձել, անհամեմատ տիրապետում են իրավիճակին։ Դա մեր առօրյա աչքով էլ ենք տեսնում, իհարկե, դեռևս շատ բաներ ունենք անելու, այդ բարեփոխում հասկացողությունն անընդհատ է, մեր կյանքում ամեն օր է, եթե մենք ամեն օր չսովորենք, չբարեփոխվենք, մի օր էլ պարզվելու է, որ մնացել ենք նույնը, ոչինչ էլ չենք փոխել։

Ես հաջողություն եմ մաղթում Ձեզ՝ որպես Կառավարության, պետության ղեկավարի՝ ընտրությունները հաջող կազմակերպելու համար, նաև Ձեզ՝ որպես քաղաքական թիմի ղեկավար ընտրական պրոցեսներում։ Նաև հաջողություններ եմ մաղթում բոլոր այն կուսակցություններին, որոնք իրականում օրենքի շրջանակներում կշարժվեն: Եվ այդ հաջողությունները մաղթում եմ այն պատճառով, որ ես վստահ եմ՝ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը հաղթելու է, և սա կլինի մեր ժողովրդավարության հաղթանակը»։

Բահրեյնի խորհրդարանը Իրանի կողմնակիցների նկատմամբ ձեռնարկված միջոցներին դեմ արտահայտված երեք պատգամավորի է հեռացրել

Բահրեյնի խորհրդարանը հինգշաբթի հեռացրել է իր երեք պատգամավորների, որոնք դեմ են արտահայտվել Իրանի կողմնակիցների նկատմամբ կիրառված պատժամիջոցներին, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը:

Բահրեյնի Ներկայացուցիչների խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Աբդուլնաբի Սալմանին, Մամդուհ ալ-Սալեհին և Մահդի ալ-Շովայխին հեռացնելուն. այդ որոշումն ընդունվել է սահմանադրության և խորհրդի ներքին կանոնակարգի հիման վրա:

Խորհրդարանի կազմից հեռացնելու հարցման մեջ նշվում էր այս երեք պատգամավորների քննադատությունը «այնպիսի միջոցների վերաբերյալ [ինչպիսին է] քաղաքացիությունից զրկելը, որոնք կիրառվել են երկրի վրա իրանական հարձակումները հավանության արժանացնելու մեջ մեղադրվող անձանց նկատմամբ»:

Մինչև 5մլն դրամ օնլայն վարկ AEB Mobile-ով

AEB Mobile-ով կարող եք ստանալ օնլայն վարկ՝ առանց բանկ այցելելու:

Վարկի պայմաններն են՝

  • Գումար՝ 100,000-5,000,000 դրամ

  • Տարեկան անվանական տոկոսադրույք՝ 16.5%-21.5%

  • Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 17.81-23.75% 

  • Ժամկետ՝ 18-36 ամիս

«Կարևորելով առցանց գործիքների մշտական արդիականացումը՝ Հայէկոնոմբանկն էականորեն բարելավել է օնլայն վարկավորման պայմանները՝ բարձրացնելով տրամադրվող գումարի չափը և նվազեցնելով տոկոսադրույքը: Արդյունքում, AEB Mobile-ում 24/7 ռեժիմով րոպեների ընթացքում հասանելի է մինչև 5մլն դրամ վարկ», – նշում է Բանկի Հաճախորդների ներգրավման և պրոդուկտների զարգացման վարչության պետ Արտյոմ Բաղդասարյանը: 

Վարկային հայտը լրացվում է առցանց, վարկի վերաբերյալ որոշումն ու տրամադրումն իրականացվում է րոպեների ընթացքում, իսկ գումարի հասանելիությունն ապահովվում է անմիջապես օգտատիրոջ բանկային հաշվին: 

Օնլայն վարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ Հայէկոնոմբանկի պաշտոնական կայքում։

86 86 | aeb.am

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Մինչև 5մլն դրամ օնլայն վարկ AEB Mobile-ով

AEB Mobile-ով կարող եք ստանալ օնլայն վարկ՝ առանց բանկ այցելելու:

Վարկի պայմաններն են՝

  • Գումար՝ 100,000-5,000,000 դրամ

  • Տարեկան անվանական տոկոսադրույք՝ 16.5%-21.5%

  • Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 17.81-23.75% 

  • Ժամկետ՝ 18-36 ամիս

«Կարևորելով առցանց գործիքների մշտական արդիականացումը՝ Հայէկոնոմբանկն էականորեն բարելավել է օնլայն վարկավորման պայմանները՝ բարձրացնելով տրամադրվող գումարի չափը և նվազեցնելով տոկոսադրույքը: Արդյունքում, AEB Mobile-ում 24/7 ռեժիմով րոպեների ընթացքում հասանելի է մինչև 5մլն դրամ վարկ», – նշում է Բանկի Հաճախորդների ներգրավման և պրոդուկտների զարգացման վարչության պետ Արտյոմ Բաղդասարյանը: 

Վարկային հայտը լրացվում է առցանց, վարկի վերաբերյալ որոշումն ու տրամադրումն իրականացվում է րոպեների ընթացքում, իսկ գումարի հասանելիությունն ապահովվում է անմիջապես օգտատիրոջ բանկային հաշվին: 

Օնլայն վարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ Հայէկոնոմբանկի պաշտոնական կայքում։

86 86 | aeb.am

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: