Երևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնը

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ օգոստոսի 1-5-ը անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային փառատոնը՝ ընդգրկելով 13 մարզաձև։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնը միավորել է տարբեր կարողություններով մարզիկների՝ խթանելով ներառականությունը, առողջ ապրելակերպը և սպորտի միջոցով նոր հնարավորությունների ստեղծումը։

Մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են մեդալներով, գավաթներով և պատվոգրերով։

Picsart-ի հիմնադիրը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է գործարար, Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, Picsart տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Հովհաննես Ավոյանին և նրան հանձնել Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևը:

Հովհաննես Ավոյանը Հանրապետության տոնի առթիվ, կրթության, գիտության, մշակույթի, տնտեսության զարգացման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Հովհաննես Ավոյանին բարձր պարգև ստանալու առթիվ, վստահություն հայտնել, որ նրա փորձն ու գործունեությունը հետագայում ևս կնպաստեն Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու առաջընթացին: Նախագահը նրան մաղթել է շարունակական ձեռքբերումներ ու նորանոր հաջողություններ:

Ամուսնալուծությունից հետո դերասան Կարեն Հովհաննիսյանը դստեր հետ նոր հոլովակ է տեղադրել

Դերասան Կարեն Հովհաննիսյանը սոցիալական էջերում կիսվել է դստեր հետ հերթական տեսանյութով։ Ամուսնալուծությունից հետո դերասանն առանձնակի ուշադրությամբ ու սիրով է լցված փոքրիկ Նանեի հանդեպ՝ պարբերաբար երկրպագուներին ուրախացնելով հայրիկի և դստեր անմիջական կադրերով։

Կարեն Հովհաննիսյանի համար դուստրը՝ Նանեն կյանքի ամենամեծ ուրախություններից է։ Ամուսնալուծությունից հետո դերասանը հաճախ է իր ինստագրամյան էջում հրապարակումներ անում դստեր մասնակցությամբ՝ ցույց տալով, թե ինչպես են միասին ուրախ ժամանակ անցկացնում։

Հերթական հոլովակում Կարենն ու դուստրը կրկին անբաժան են, իսկ տեսանյութին կից դերասանը կատարել է հակիրճ, բայց արդեն ավանդական դարձած գրառումը.

«Նանէի շարքից»։

Թամարա Քալանթարյան

Եթե հանդիպես նրան, բաց չթողնես. դերասան Վահե Զիրոյանի սիրտը զբաղվա՞ծ է

Դերասան, հումորիստ Վահե Զիրոյանը սոցցանցերում հանդես է եկել հոլովակով, որտեղ անկեղծացել է, թե ինչ է իր համար իրական սերը։

Դերասանի խորհրդավոր խոսքերն ու մեկնաբանությունը համացանցում քննարկումների մեծ ալիք են բարձրացրել. հետևորդներից շատերը ենթադրում են, որ նրա կյանքում նոր սեր կա, կամ էլ նա դեռ փնտրում է հենց այդ միակին։

Տեղադրված տեսանյութում դերասանը կոտրում է սիրո մասին տարածված կարծրատիպերն ու կիսվում սեփական ընկալմամբ.

«Սերը մինչև լուսաբաց միմյանց հետ խոսելը չէ, շաբաթը 7 օր իրար հետ խոսելը սեր չէ։ Սերն այն է, երբ ինչ-որ մեկը քեզ տեսնում է ամենավատ վիճակում։ Դա այն մարդն է, ով անում է ամեն ինչ քեզ համար, երբ դու ինքդ չես կարողանում, այն մարդն է, ով գրկում է քեզ ու հանգստացնում, երբ դու ցավից գոռում ես։ Այն մարդը, ով ցույց է տալիս ներսիդ լույսը, երբ շուրջդ ամեն ինչ խավար է թվում»,- հոլովակում ասել է դերասանը։

Այս խոսքերից զատ, Զիրոյանը տեսանյութին կից թողել է նաև մեկնաբանություն՝ հորդորելով.
«Եթե հաջողվի հանդիպել նրան, չկորցնես այդ հնարավորությունը»։


Թամարա Քալանթարյան

Գերմանիայում տրամվայներ են բախվել. կա 30 վիրավոր

Գերմանիայի արևմուտքում գտնվող Գելզենկիրխեն քաղաքում երկու տրամվայի բախման հետևանքով շուրջ 30 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել․ հայտնում է DPA գործակալությունը։

Դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում՝ Veltins-Arena մարզադաշտի հարակից հատվածում։

Նախնական տվյալներով՝ ուսումնական տրամվայը հանկարծակի կանգ է առել, ինչից հետո նրա հետևից ընթացող ուղևորատար տրամվայը բախվել է նրան։

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։

Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը

Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը Անկարայում բանակցություններ է վարել Սիրիայի արտաքին գործերի նախարար Էսադ Հասան Շեյբանիի հետ:

Ըստ անվտանգային աղբյուրների՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա-Սիրիա հարաբերությունները, տարածաշրջանային կայունությունը և համագործակցությունը հարևան երկրների հետ:

Կողմերը հատուկ անդրադարձ են կատարել ահաբեկչության դեմ պայքարին, մասնավորապես՝ «Իսլամական պետության» (DEAŞ) դեմ գործողություններին և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDG) ինտեգրման գործընթացին: Բացի այդ, օրակարգում են եղել Լիբանանի զարգացումները, ԱՄՆ/Իսրայել-Իրան հնարավոր պատերազմի տնտեսական ու քաղաքական հետևանքները և Սիրիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Հանդիպմանը կարևորվել է Սիրիայի՝ վերջին շրջանի բախումներից զերծ մնալու և հարևանների հետ խաղաղասեր դիրքորոշում պահպանելու ձգտումը:

Աղբյուր՝ Ermenihaber

X-ը դատական վարույթ է սկսել Իմամօղլուի հաշվի արգելափակման դեմ

«X» սոցիալական մեդիա հարթակը հայտնել է, որ դատական ​​​​վարույթ է սկսել Ստամբուլի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի օգտահաշվի մուտքի արգելքի որոշման դեմ։

Ըստ ընկերութան՝ թուրքական իշխանությունների այս որոշումը սահմանափակում է Իմամօղլուի պաշտոնական հաշվին մուտքը, որը ներկայումս գտնվում է կալանքի տակ:

«X»-ը հայտնել է, որ հետևում է թափանցիկության սկզբունքին ու ընդգծել, որ Թուրքիայում հարթակի իրավական պարտավորությունների և խոսքի ազատության միջև կա հակասություն։ Բացի այդ նշվել է, որ նախկինում ևս նմանատիպ իրավիճակներ են եղել Թուրքիայում ու կրկին Իմամօղլուին պատկանող մեկ այլ հաշիվ 2025-ի մայիսին արգելափակվել էր:

Հարթակը ևս բողոքարկել էր այդ գործընթացն ու ընդգծել, որ այդ գործը ներկայումս քննվում է Սահմանադրական դատարանում: Բացի այդ, «X»-ը զգուշացրել է, որ եթե համապատասխան որոշումը չիրականացվի, հարթակի ծառայությունները կարող են դանդաղել ամբողջ Թուրքիայում:

Ermenihaber

Թուրքիան և ևս 7 երկիր դատապարտել են Գազայում Իսրայելի գործողությունները

Թուրքիայի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Պակիստանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին գործերի նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ամենախիստ կերպով դատապարտելով Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները։

Նախարարներն ընդգծել են, որ թիրախավորվում են առողջապահական հաստատություններն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչպես նաև շարունակվում են քաղաքացիական բնակչության, հատկապես կանանց և երեխաների շրջանում զոհերը։

Ըստ հայտարարության՝ Իսրայելի կողմից իրականացվող խախտումները սպառնում են քաղաքական գործընթացին և խորացնում հումանիտար իրավիճակը։ Նախարարները շեշտել են, որ քաղաքացիների և բժշկական անձնակազմի պաշտպանությունը իրավական պարտավորություն է, որը չի կարող սակարկվել կամ թուլացվել որևէ պայմանով։

Կողմերը կտրականապես մերժել են պաղեստինյան տարածքների բռնակցման կամ պաղեստինցիների բռնի տեղահանման ցանկացած փորձ՝ վերահաստատելով, որ խաղաղության միակ ուղին 1967թ․ սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ Պաղեստին պետության ստեղծումն է։

Ermenihaber

33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը

Հայկական շոու-բիզնեսի սիրված երգչուհիներից մեկը՝ Սոնա Ռուբենյանը, ով ավելի վաղ հայտնել էր երկրորդ բալիկին սպասելու ուրախալի լուրը, շարունակում է ակտիվ կյանք վարել։

Հղիության 33-րդ շաբաթում գտնվող երգչուհին ամուսնու՝ Էմիլի հետ ներկա է գտնվել հարսանյաց խնջույքի և կիսվել կադրերով:

Սոնա Ռուբենյանը մշտապես գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, և նրա կյանքում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն լայն արձագանք է գտնում սոցցանցերում։

Չնայած հղիության ուշ շրջանին՝ երգչուհին շարունակում է մասնակցել տարբեր միջոցառումների և աշխատել։

Օրերս Սոնան և նրա ամուսինը՝ Էմիլը, հյուրընկալվել են գեղեցիկ հարսանյաց արարողության, որտեղից երգչուհին լուսանկարներ է հրապարակել։

Հարսանյաց խնջույքից արված լուսանկարներին կից երգչուհին հակիրճ, բայց խոսուն գրառում է արել.

«33 շաբաթական հղի՝ Անուշիկի և Լուկասի հարսանիքին»։

Երգչուհու հետևորդներն մաղթել են նրան առողջություն։


Թամարա Քալանթարյան

Իմ արտադրած ուղեղի չիպերը ապագայում մարդկանց կտան աստվածային ունակություններ. Իլոն Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ Neuralink ընկերության ստեղծած ուղեղի չիպերը ապագայում մարդկանց կարող են օժտել այնպիսի ունակություններով, որոնք մի ժամանակ համարվում էին գրեթե աստվածային։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ Մասկը նշել է, որ նման չիպերը սկզբում կվերականգնեն տեսողությունը, շարժողականությունն ու հաղորդակցության կարողությունը, իսկ հետագայում դուրս կգան զուտ բժշկական բուժման շրջանակներից՝ էապես բարելավելով մարդկային բնական հնարավորությունները։

Թեև ներկայումս Neuralink-ի չիպերի հնարավորությունները շատ ավելի սահմանափակ են և կլինիկական փորձարկումների ընթացքում հիմնականում օգնում են կաթվածահար մարդկանց մտքի ազդանշաններով կառավարել համակարգիչներն ու ռոբոտացված սարքերը, Մասկը վստահ է, որ ապագայում տեխնոլոգիան կապահովի գերարագ փոխազդեցություն թվային աշխարհի հետ, ինչը, սակայն, դեռևս մնում է հեռանկարային կանխատեսում, այլ ոչ թե այսօր հասանելի իրականություն։

Թամարա Քալանթարյան