Արցախ TV-ն կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ հեռուստանախագծերով

Արցախ TV-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

«Հարգելի՜ հետևորդներ,

Արցախ TV-ն մտնում է վերազինման և արդիականացման փուլ ու կարճատև դադարից հետո հանդես կգա օպերատիվ լրատվությամբ, որակյալ և բովանդակալից հեռուստանախագծերով։

Համոզված եղեք, որ այս դժվարին ժամանակներում ևս կարվի հնարավոր ամեն բան` լինելու Արցախի և արցախցու ձայնը»։

Ցուկերբերգը Թրամփի հետ հանդիպումից հետո հանդես է եկել ԱԲ-ի ներքին վերահսկողության օգտին

Սպիտակ տուն կատարած այցից հետո Meta-ի գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը պաշտպանել է ընկերությունների կողմից արհեստական ​​բանականության մոդելների անկախ փորձարկման ուժեղացումը՝ դա որակելով որպես կարևոր քայլ առաջ։

Երեքշաբթի օրը (Վաշինգտոնի ժամանակով) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպեց արհեստական ​​բանականության մշակմամբ զբաղվող ամերիկյան ընկերությունների ղեկավարների հետ։

Հանդիպումից հետո մի շարք ընկերություններ, այդ թվում՝ Google-ը, Anthropic-ը, OpenAI-ը, xAI-ը, Meta-ն և Nvidia-ն, պարտավորագիր ստորագրեցին՝ ուժեղացնելու իրենց արհեստական ​​բանականության մոդելների նկատմամբ ներքին վերահսկողությունը։

«Ես կարևոր դրական քայլ եմ համարում այն, որ ամերիկյան բոլոր խոշորագույն լաբորատորիաների (արհեստական ​​բանականության ընկերությունների) ղեկավարները պարտավորվել են ներդնել ներքին վերահսկողության հուսալի մեխանիզմներ և իրականացնել բազմամակարդակ աուդիտներ ու ստուգումներ», – գրել է Ցուկերբերգը X-ում։

Թրամփը խորհրդականների հետ քննարկել է դիզելային վառելիքի արտահանման սահմանափակման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճգնաժամային բանակցություններ է վարել խորհրդականների հետ՝ դիզելային վառելիքի արտահանումը արգելելու կամ վառելիքի ճգնաժամը զսպելու համար այլ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Թրամփը ճգնաժամային բանակցություններ է վարել խորհրդականների հետ՝ դիզելային վառելիքի արտահանման վրա արգելք դնելու կամ վառելիքի ճգնաժամը զսպելու համար այլ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։

Խորհրդականները նախագահին ներկայացրել են տարբերակներ, այդ թվում՝ միջազգային դիզելային վառելիքի վաճառքի սահմանափակումներ, իսկ վարչակազմի պաշտոնյաները տեղեկացրել են օտարերկրյա դաշնակիցներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային, մատակարարման հնարավոր խափանումների մասին», – հաղորդում է հրատարակությունը։

Սպիտակ տան պաշտոնյան թերթին հայտնել է, որ Թրամփը դիտարկում է երկրում գները նվազեցնելու բոլոր տարբերակները, և որ դեռևս որևէ որոշում չի կայացվել։

Մուայթայ․ Չեմպիոններ ու մեդալակիրներ միջազգային մրցաշարում

Մուայթայի Հայաստանի հավաքականը փայլուն ելույթ է ունեցել Դոնի Ռոստովի գավաթի բաց առաջնությունում, որին մասնակցել է 7 երկրի ավելի քան 650 մարզիկ։

Մարզիչ Ալեքսան Աղաբալյանի գլխավորությամբ Հայաստանի թիմը նվաճել է 8 մեդալ՝ 5 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե։

Ոսկե մեդալներ են նվաճել Արայիկ Բրուտյանը, Գոռ Հարությունյանը, Վաչիկ Միքայելյանը, Ռաֆայել Ավագյանն ու Արմեն Խաչատրյանը։ Արծաթե մեդալակիր է դարձել Գոռ Գաբուզյանը, իսկ Արամ Հակոբյանն ու Գևորգ Սիմոնյանը արժանացել են բրոնզե մեդալների։

Հայաստանի հավաքականի կազմում էին նաև մարզիչներ Հակոբ Գրիգորյանն ու Գևորգ Գրիգորյանը։

Դոնի Ռոստովի մրցաշարից հետո Հայաստանի մուայթայի հավաքականը կշարունակի նախապատրաստությունը առաջիկա կարևոր մրցաշարերին։ Հոկտեմբերի 17-25-ը Փարիզում կկայանա Եվրոպայի առաջնությունը, իսկ նոյեմբերին Հունաստանում տեղի կունենա աշխարհի առաջնությունը։

Նորագավիթի ու հարակից հատվածների բնակիչների համար տեղաշարժը կդառնա անհամեմատ ապահով ու արագ

Արդեն իսկ մեկնարկել է Արտաշատի խճուղի – Մ2 – Հ8 – Նորագավիթ 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մոբիլիզացիան։
Տեղում նախագծի մանրամասներին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Սա քաղաք մտնող ամենածանրաբեռնված հատվածներից է, որտեղ տարիներով խցանումներ ու վթարային իրավիճակներ էին առաջանում։

Նախագծի շրջանակում երթևեկությունն այստեղ կիրականացվի տարբեր մակարդակների վրա։ Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց (28մ և 22մ)։

Արդյունքում․
Քաղաք մտնող, դուրս եկող ու տարանցիկ հոսքերը լրիվ կտարանջատվեն
Կբեռնաթափվի հարավային մուտքը, կբարելավվի Հյուսիս–հարավի հետ կապը

Նորագավիթի ու հարակից հատվածների բնակիչների համար տեղաշարժը կդառնա անհամեմատ ապահով ու արագ։

Մրցույթներն անցած են, պայմանագրերը կնքված, աշխատանքների մեկնարկային փուլը ֆինանսավորվում է Երևան քաղաքի բյուջեով, և նախատեսվում է նաև պետական բյուջեից ֆինանսավորում։

Ծրագրի ողջ արժեքը՝ մոտ 1.5 մլրդ դրամ է, տևողությունը՝ 16 ամիս։
Նախագիծն իրականացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ»,-ասված է հաղորդագրությունում:

Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։55-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհին, «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Կամո Տ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչներ 32-ամյա Հռիփսիմե Մ․-ի վարած «BYD» մակնիշի և 26-ամյա Էդմոնդ Հ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Կամո Տ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտակ, մեկ վիրավոր՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոն, Էդմոնդ Հ․-ի ուղևոր 9-ամյա Ս․ Հ․-ն՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործեր նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արմեն Մուրադյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Մանուկյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Տիգրան Մուրադյանը և Արամ Ալավերդյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Փայլակ Շմավոնյանի գլխավորությամբ։

Մանրամասները՝ shamshyan.com կայքում։

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 30-ի դրությամբ

Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 362 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 364.5 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.25 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.40 դրամ։

Կատարի՝ ԱՄՆ-ի և Իրանի դիրքորոշումները մերձեցնելու փորձերն արդյունք չեն տվել

Կատարի միջնորդների՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերություններում դիվանագիտական բեկման հասնելու նպատակով ձեռնարկած վերջին ջանքերը հաջողությամբ չեն պսակվել, քանի որ կողմերից ոչ մեկը չի ցանկանում գնալ զիջումների, հայտնում է Axios-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։

«Նրանք հայտնվել են փակուղում։ Իրանցիները պահանջում են այն, ինչին ԱՄՆ-ն պատրաստ չէ համաձայնել, իսկ ԱՄՆ-ն կարծում է, որ հաղթում է, ուստի փոխզիջման գնալու անհրաժեշտություն չկա»,- ասել է զրուցակիցներից մեկը։

Նշվում է, որ կողմերն ավելի ու ավելի են հակվում այն կարծիքին, որ ռազմական հակամարտության վերսկսումը հավանական է։ Ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է միջանկյալ ընտրություններից հետո հրաման տալ լայնածավալ ռազմական գործողությունները վերսկսելու մասին։

Axios-ի զրուցակիցները նշել են, որ Կատարի իշխանությունները կշարունակեն իրենց ջանքերը, սակայն երկու կողմերի գործողություններն ավելի ու ավելի են հիասթափեցնում նրանց։

Նշվում է, որ Կատարի միջնորդ Ալի ալ-Թավադին Նյու Յորքում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և նրա թիմի հետ ու առաջարկել փոխզիջումային ծրագիր, որը նպատակ ուներ բավարարելու թե՛ Թեհրանի՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակումը վերացնելու պահանջը, թե՛ Վաշինգթոնի՝ Իրանի կողմից միջուկային ոլորտում զիջումների գնալու պահանջը։ Ալ-Թավադին նաև հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշների և ամերիկացի այլ պաշտոնյաների հետ։

ՔՊ իշխանությունը պետք է Սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված սպառնալիք․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տարօրինակ է, որ իշխանությունը ԵԽԽՎ զեկույցից ու այնտեղ հնչած հայտարարություններից հետո դեռ չի ասել, որ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, իսկ Ծառուկյանը՝ ազատության մեջ, ապա պատերազմ կսկսվեր:

Կամ եթե անամոթաբար Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավ չսկսեին, իսկ հոգևորականների դեմ կեղծ քրեական գործեր չհարուցեին, հարձակումն անխուսափելի կլիներ:

Ու ընդհանրապես, ՔՊ իշխանությունը պետք է Սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված սպառնալիք ու շարժվի ըստ գործող կառավարչի քմահաճույքների»: