ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, Արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի հետ, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Firebird AI»-ի և համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն NVIDIA-ի համագործակցությամբ ստեղծված ԱԲ գործարանի պաշտոնական բացման արարողությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության հեռանկարները թվայնացման, արհեստական բանականության, տվյալների կենտրոնների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով: Երկուստեք կարևորվել է համաշխարհային հեղինակավոր կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի իրականացումը:

Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի յութուբյան ալիքում տեսանյութ է հրապարակվել՝ կից գրառմամբ.

Վերջին տարիներին Հայաստանի իշխանությունը հերթով հայտարարում է, որ տարբեր միջազգային կառույցներ և մեխանիզմներ «չեն գործում»։

ԵԱՀԿ Մինսկի խումբը, ՀԱՊԿ-ը, նոյեմբերի 9-ի հայտարարությունը, խաղաղապահները, իսկ այսօր արդեն հարցեր են բարձրացվում նաև ԵԱՏՄ-ի աշխատանքի վերաբերյալ։ Այս տեսանյութում փորձում եմ մեկ շղթայի մեջ դիտարկել վերջին տարիների զարգացումները և հասկանալ՝ արդյո՞ք ամեն անգամ խնդիրը միայն արտաքին կառույցների, պետությունների կամ միջազգային գործընկերների մեջ է, թե՞ պետք է նաև գնահատել Հայաստանի իշխանության վարած քաղաքականության հետևանքները։

Անդրադառնում եմ նաև Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումներին, ԵԱՏՄ-ում Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, առաջիկա հնարավոր հանրաքվեների թեմային և այն արտաքին պահանջներին, որոնք կարող են կանգնել Հայաստանի առաջ։

Միաժամանակ ներքաղաքական դաշտում ստեղծվում են բարձրաձայն ու հասարակությանը զբաղեցնող բազմաթիվ թեմաներ, մինչդեռ Հայաստանի համար հիմնարար մարտահրավերները շարունակում են խորանալ։

Տեսանյութ:

Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ իր փաստաբանական թիմը համալրվել է. «Հարությունյան և Գործընկերներ Իրավաբանական Գրասենյակ» ՍՊԸ-ին է միացել Սահմանադրական դատարանի նախկին աշխատակից, փաստաբան Սամվել Առաքելյանը:

Գրառման մեջ բավականին մանրակրկիտ անդրադարձ է արվում Սամվել Առաքելյանի կենսագրությանը, մասնագիտական և գիտական գործունեությանը՝ ընդհուպ տպագրված աշխատանքները:

Սակայն Հարություն Հարությունյանի՝ փաստերով բավականին մանրամասն ներկայացված գրառման մեջ «մոռացության է մատնվել» Սամվել Առաքելյանի կենսագրության մի կարևոր փաստ. Սամվել Առաքելյանը 2 տարի առաջ, լինելով Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, հաղորդում էր ներկայացրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայիս պատգամավոր Էդգար Ղազարյանի դեմ։

Այդ գործով 2025 թվականի փետրվարի 23-ին դատարանը մասնակի սահմանափակել էր Էդգար Ղազարյանի խոսքի իրավունքը:

Եկեղեցին հայց է ներկայացրել ընդդեմ ՊԵԿ-ի

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայց է ներկայացրել ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության 14.04.2026թ. մաքսային ստուգման թիվ 0011-Ա ակտը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 11.06.2026թ. թիվ 41/22 որոշումը՝ 14.04.2026թ. մաքսային ստուգման թիվ 0011-Ա ակտի մասով։

Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ելենա Առաքելյանին։ Դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել և որոշել գործը քննել գրավոր ընթացակարգով։

Ճանապարհային ոստիկանության կեղծ տելեգրամ բոտը գովազդ են միացրել

Տելեգրամի որոնման համակարգում հայտնվում են «Ճանապարհային Ոստիկանություն» անվամբ մի քանի բոտեր, որոնց անուններն ու օգտահաշիվները միմյանցից տարբերվում են։

Դրանցից մեկը՝ @ROADPOLICEbot, ունի ավելի քան 26 հազար օգտատեր, իսկ մյուսները հանդես են գալիս @roadpoliceAmBot և @RoadpoliceArmeniabot անվանումներով։

Մի քանի նմանատիպ հաշիվների առկայությունը հարց է առաջացնում՝ որն է Ճանապարհային ոստիկանության պաշտոնական Տելեգրամ բոտը, իսկ որոնք կարող են լինել ոչ պաշտոնական կամ կեղծ հաշիվներ։

Հատկապես կարևոր է սա, եթե բոտերը քաղաքացիներից պահանջում են անձնական տվյալներ կամ նմանատիպ այլ տեղեկություններ, ուստի մինչև որևէ նման ծառայությունից օգտվելը անհրաժեշտ է ստուգել դրա պաշտոնական լինելը։

ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ

ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ՝ վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383 -րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, հայտնում է «Փաստինֆո»-ն։

Այսպես, ներկայացված դիմումով Փիլոյանը խնդրել է Սահմանադրության 61-րդ հոդվածին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383 -րդ հոդվածի 3-րդ մասն՝ այնքանով , որքանով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383 -րդ հոդվածի 3-րդ մասը Վճռաբեկ դատարանին ուղղակիորեն թույլ է տալիս՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ իսպառ չպատճառաբանելու այն հետևությունը , որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ իրավունքի զարգացման խնդիր առկա չէ։

Մասնավորապես, ներկայացնելով իր վերաբերյալ քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշել է, որ այն դեպքում, երբ վճռաբեկ բողոքը ներկայացված է վարույթ ընդունելու այն պայմանի վկայակոչմամբ , որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդի, ապա վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ Վճռաբեկ դատարանը պարտավոր չէ հիմնավորել վկայակոչված պայմանի բացակայությունը, մասնավորապես , վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383 -րդ հոդվածի 3-րդ մասից հետևում է, որ այն Վճռաբեկ դատարանին ուղղակիորեն թույլ է տալիս վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ իսպառ չպատճառաբանելու այն հետևությունը, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ իրավունքի զարգացման խնդիր առկա չէ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լեհաստանում հայտնաբերված նավթագազային խոշոր հանքավայրը մտահոգություն է առաջացնում

Լեհաստանի ափերի մոտ հայտնաբերված խոշոր Wolin East նավթագազային հանքավայրը, որը երկրում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նմանատիպ ամենախոշոր հայտնագործությունն են անվանում, Գերմանիայում մտահոգություն է առաջացրել՝ շրջակա միջավայրի և զբոսաշրջության համար հնարավոր հետևանքների պատճառով, գրում է Euronews-ը։

Հանքավայրը գտնվում է լեհական նավահանգստային Սվինոույշչե քաղաքից մոտ վեց կիլոմետր հեռավորության վրա՝ գերմանական առողջարանային Ուզեդոմ կղզու անմիջական հարևանությամբ։ Նախնական գնահատականներով, այն պարունակում է մոտ 22 մլն տոննա նավթ և 5 մլրդ խորանարդ մետր արդյունահանվող բնական գազ։

Հանքավայրը հայտնաբերել է կանադական Central European Petroleum (CEP) ընկերությունը 2025 թվականի հուլիսին իրականացված հետախուզական հորատման ընթացքում՝ ավելի քան 2,5 կմ խորության վրա։ Ընկերության ղեկավար Ռոլֆ Գ. Սկարը հայտնագործությունն անվանել է պատմական պահ Լեհաստանի և նրա էներգետիկ ոլորտի համար։

Լեհաստանը հույս ունի արդյունաբերական արդյունահանումը սկսել ոչ շուտ, քան 2028–2029 թվականներին։ Երկրի գլխավոր երկրաբան Քշիշտոֆ Գալոսի գնահատմամբ, մի քանի տարվա ընթացքում հանքավայրը կկարողանա ապահովել Լեհաստանի նավթի տարեկան պահանջարկի մոտ 4–5%-ը, ինչը թույլ կտա նվազեցնել ներմուծումից կախվածությունը և բարձրացնել էներգետիկ անվտանգությունը։

Սակայն Սվինոույշչեում մտավախություն ունեն, որ հանքավայրի շահագործումը կարող է վնաս հասցնել շրջակա միջավայրին և տարածաշրջանի զբոսաշրջային գրավչությանը։

Գերմանիայում Բալթիկ ծովում նավթի և գազի արդյունահանման դեմ հանդես են եկել BUND, Deutsche Umwelthilfe, WWF բնապահպանական կազմակերպությունները և Lebensraum Vorpommern քաղաքացիական նախաձեռնությունը։ Նրանք ստեղծել են դաշինք, որը պահանջում է Բալթիկայում նոր նավթագազային նախագծերի լիակատար արգելք։

Կազմակերպիչների տվյալներով, հուլիսի վերջին արդյունահանման դեմ ուղղված խնդրագիրը ստորագրել էր մոտ 88 հազար մարդ։ Սեպտեմբերին այն նախատեսում են փոխանցել Բրյուսելում գտնվող Եվրոպական հանձնաժողովին։

Բնապահպանները նախազգուշացնում են Բալթիկ ծովի խոցելի էկոհամակարգի համար առկա ռիսկերի, այդ թվում՝ ստորջրյա աղմուկի, աղտոտման և պահպանվող ծովային տարածքներում նավթի հնարավոր արտահոսքի մասին։

Deutsche Umwelthilfe-ի ղեկավար Սաշա Մյուլլեր-Կրենները կոչ է արել Գերմանիայի դաշնային կառավարությանը, Մեկլենբուրգ – Առաջավոր Պոմերանիայի իշխանություններին և ԵՄ-ին համատեղ հանդես գալ Ուզեդոմի անմիջական հարևանությամբ գտնվող հանքավայրի շահագործման դեմ։

Իրավիճակի համար լրացուցիչ նշանակություն կարող են ունենալ Մեկլենբուրգ — Առաջավոր Պոմերանիայի երկրամասային խորհրդարանի առաջիկա ընտրությունները․ բնապահպանական կազմակերպությունները կուսակցություններից պահանջում են հստակ նշել իրենց դիրքորոշումը ափամերձ գոտին նոր նավթագազային նախագծից պաշտպանելու հարցում։

ՌԴ ԱԳՆ աշխատակիցը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ն ծանր ճգնաժամի մեջ է

ՆԱՏՕ-ում դիտվում է դաշինքի ողջ պատմության ընթացքում ամենածանր ճգնաժամը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ երկրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Յուրի Պիլիպսոնը։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։

Որպես օրինակ դիվանագետը նշել է Սլովենիայի Պետական ժողովի նախագահ Զորան Ստևանովիչի առաջարկը՝ նոյեմբերին անցկացնել երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ հանրաքվե։ Պիլիպսոնը նշել է, որ այս նախաձեռնության իրականացումը դեռևս հեռու է։

Միևնույն ժամանակ, նման առաջարկների ի հայտ գալու փաստն ինքնին, ըստ Պիլիպսոնի, վկայում է ՆԱՏՕ-ի ներսում լուրջ տարաձայնությունների առկայության մասին։

«Սլովենիայի նման երկրներում այս թեմայով հրապարակային քննարկումները պետք է դիտարկել, նախևառաջ, որպես ներհյուսիսատլանտյան գժտությունների արտացոլում»,- ընդգծել է նա։

Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների

Օգոստոսի 9-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել երկու երիտասարդ։

Մեկնած Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները պարզել են, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է Արալեզ գյուղի 21 և 20-ամյա երիտասարդներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

21-ամյա երիտասարդը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։

Երիտասարդների կյանքին վտանգ չի սպառնում։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Ձեռնարկվում են միջոցառումներ դանակահարած երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։

Այս ԱԺ-ն առավելագույնս է մեզ մոտեցնելու իշխանափոխությանը. Միքայել Նահապետյան

Հասարակական, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ես չեմ կիսում քաղաքական դաշտի հոռետեսությունը ԱԺ-ի այս նոր կազմի հարցում։ Կարծում եմ, որ այս ԱԺ-ն առավելագույնս է մեզ մոտեցնելու իշխանափոխությանը քան կարող էր լինել որևէ այլ` ռադիկալ տրամադրված կազմի դեպքում։ Այլ հարց է, որ այդ իշխանափոխությունը խորհրդարանական ուժերը չէ որ անելու են։

Բայց ինչ խոսք, առանձին տրագիկոմեդիա է, որ ԱԺ պատգամավոր են դարձել անձի ձևավորման այնքան էլեմենտար խնդիրներով մարդիկ, որոնց ճեպազրույցները նայելիս անգամ նրանց հայացքի, կանգնելու ձևի, խոսքի ու մաներաների մեջ անթաքույց նկատելի է այլ քաղաքական գործիչների անտաղանդ պարոդիան։ Կարեկցանք կապրեի, եթե խոսքը Հայաստանի ճակատագրի մասին չլիներ։