Լիբանանում հրադադարը ԱՄՆ-ի հետ համաձայնագրի առանցքային պայմաններից է․ Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու ցանկացած համաձայնագիր պետք է ներառի Լիբանանում հրադադարի երաշխիքներ։ Այս մասին հունիսի 1-ին ճեպազրույցի ժամանակ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:

«Մենք պնդում ենք, որ Լիբանանում հրադադարը պատերազմին վերջ դնելու ցանկացած համաձայնագրի կարևոր պայման է: Միացյալ Նահանգները շարունակում է խախտել Իրանի հետ հրադադարը: Միացյալ Նահանգները նույնպես խախտում է հրադադարը, այդ թվում՝ այսօր առավոտյան: Իրանը կձեռնարկի բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ կհամարի Իրանի ազգային անվտանգությունը պաշտպանելու համար»:

Հունիսի 1-ին կենտրոնում փակ փողոցներ կլինեն

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին՝ ժամը 11։30-19։00-ն երթևեկությունը դադարեցվելու է Տերյան և Պուշկինի փողոցների՝ Հյուսիսային պողոտային հարող հատվածներում:

Այս մասին տեղեկացրին քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից:

Հունիսի 1-ի միջոցառումներով պայմանավորված կսահմանափակվի երթևեկությունը նաև Աջափնյակ վարչական շրջանում:

Գեղամ Օհանյանն Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով հացադուլ է սկսում. ՈւՂԻՂ

Գեղամ Օհանյանն Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով հացադուլ է սկսում:

Հունիսի 3-ին համար 3-ի կողքին լինելու նպատակը․ Տիգրան Դումիկյան

Վերլուծաբան Տիգրան Դումիկյանը գրել է.

«Հունիսի 3-ին՝ ժամը 17:00-ին, մայրաքաղաք Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական գլխավոր հանրահավաքը։

Այլ պայմաններում այդ իրադարձությունը կարող էր դիտվել որպես սովորական քաղաքական ակցիա, քանի որ անկախության 35 տարիների ընթացքում Հայաստանում անցկացվել են բազմաթիվ համապետական ընտրություններ։ Սակայն ներկա մարտահրավերները խիստ տարբեր են. Հայաստանը երբեք այս չափով չի հայտնվել գերտերությունների շահերի խաչմերուկում, և պատմական այս պահը պահանջում է ազգային գոյության համար վճռական պայքար։

2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի որդեգրած հեղհեղուկ, հախուռն ու անպատասխանատու քաղաքական վարքագծին շատերն են ժամանակին հրապարակայնորեն արձագանքել՝ այն բնորոշելով որպես ծանր հետևանքներ հղացող։ Տարբեր երկրների փորձը վկայում էր, որ նման քաղաքականությունը անխուսափելիորեն կհանգեցնի աղետի, հատկապես՝ Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում։ Փոխարենը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հանրահավաքներ էին կազմակերպում երկրի տարբեր համայնքներում, մեղադրում քննադատներին «այլ օրակարգեր սպասարկելու» մեջ և համառորեն ժխտում ցանկացած վտանգի առկայությունը։

Խնդիրը, սակայն, ոչ թե նրանց հռչակած նպատակների, այլ վարած քաղաքականության իրական հետևանքների մեջ էր։ Այդ պարզ ճշմարտությունը չհասկանալու արդյունքը նախ 44-օրյա պատերազմի աղետն էր, ապա՝ 2023 թվականին Արցախի ամբողջական հայաթափումը, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքների կորուստը։

Օրվա իշխանությունն այսօր էլ չի ընկալում այդ պարզ ճշմարտությունը և նույն համառությամբ շարունակում է գործել մեր պետական ու ազգային շահերին հակառակ՝ երկիրը կրկին մղելով նոր փորձությունների։ Ավելին՝ երեք պատերազմներ բերած և երեքում էլ լիակատար ֆիասկոյի ենթարկվելուց հետո նրանք ստիպված են հնազանդ կատարել թշնամու բոլոր քմահաճույքները՝ զոհաբերելով ազգային արժանապատվությունն ու ինքնիշխանությունը։

Հետևաբար, այն վտանգները, որոնց մասին այսօր խոսում են ոչ միայն ընդիմադիր քաղաքական ուժերը, այլև մեր մտավորականներն ու երկրի սթափ միտք ունեցող քաղաքացիները, լիովին իրական են։ Հենց այդ գիտակցումով էլ հունիսի 3-ին Երևանի գլխավոր հրապարակում ներկա լինելը և սպասվող վտանգների դեմ պայքարի ելած կարող ուժերին թև ու թիկունք դառնալը մեր բարոյական պարտքն է»,- ֆեյսբուքի էջում գրել է վերլուծաբանը:

Կասեցվել է 10 ապoրինի հորի շահագործում․ ԲԸՏՄ

Ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ Արարատի ու Արմավիրի մարզերում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։

Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

«Արարատի մարզի Դալար բնակավայրում Ա.Է.-ն 2 ապօրինի հորից, Այգեստանում՝ Մ.Գ.-ն ու Վ.Մ.-ն, Բերքանուշում՝ Հ.Չ.-ն, Մխչյանում՝ Ա.Հ.-ն, Ոստանում՝ Վ.Հ.-ն առանց ջրօգտագործման թույլտվության ոռոգման նպատակով ապօրինի շահագործել են 1-ական խորքային հոր։

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում Լ.Մ.-ի կողմից 2 ապօրինի հորից, իսկ Գեղակերտ բնակավայրում Ս.Մ.-ի կողմից 1 ապօրինի հորից նույնպես ոռոգման նպատակով իրականացվել են ապօրինի ջրօգտագործումներ՝ առանց համապատասխան թույլտվությունների։ Բոլոր 10 ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են»:

Պետության իրական հաջողությունը չափվում է նաև նրանով, թե ինչպիսի պայմաններ է այն ստեղծում իր երեխաների համար. Նաիրի Սարգսյան

Պետության իրական հաջողությունը չափվում է նաև նրանով, թե ինչպիսի պայմաններ է այն ստեղծում իր երեխաների համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը՝ շնորհավորելով երեխաների օրվա առթիվ:

«Սիրելի՛ երեխաներ, սիրելի՛ ծնողներ, շնորհավորում եմ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Յուրաքանչյուր երեխա պետք է մեծանա սիրո, հոգատարության և անվտանգության միջավայրում։

Պետության իրական հաջողությունը չափվում է նաև նրանով, թե ինչպիսի պայմաններ է այն ստեղծում իր երեխաների համար՝ կրթվելու, զարգանալու, երազելու և սեփական հայրենիքում ապագա կառուցելու։ Մենք ունենալու ենք այնպիսի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երեխա կունենա պաշտպանված մանկություն, որակյալ կրթություն, բարեկեցիկ և արժանապատիվ կյանք և ապագա։

Դուք արժանի եք մեծանալու խաղաղ, անվտանգ և ուժեղ հայրենիքում, բացահայտելու ձեր տաղանդները, իրականացնելու ձեր երազանքները և վստահությամբ կառուցելու ձեր ապագան Հայաստանում։ Յուրաքանչյուր երեխայի պաշտպանված մանկությունը, կրթությունն ու զարգացման հնարավորությունները լինելու են մեր պետության և հասարակության անառարկելի առաջնահերթությունը։

Մենք կառուցելու ենք այնպիսի ուժեղ, արդար և զարգացող Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երեխա լիարժեք իրացնելու է իր ներուժը, իսկ իր ապագան տեսնելու և կերտելու է սեփական հայրենիքում։ Շնորհավո՛ր հունիսի 1-ը»։

Օսիպյանի և Փաշինյանի միջև սկսված բանավեճը չի ավարտվել, քանի որ վերջինս ձերբակալվել ու կալանավորվել է. Գեղամ Օհանյան

Որպես շարքային քաղաքացի՝ Գեղամ Օհանյանը հայտարարել է անժամկետ, շուրջօրյա նստացույցի մեկնարկի մասին՝ ի աջակցություն կալանավորված Արթուր Օսիպյանի։ Օհանյանի խոսքով՝ դեպքերի սկիզբը կապված է մայիսի 18-ին տեղի ունեցած միջադեպի հետ, երբ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ընթացքում Արթուր Օսիպյանը հարցեր է ուղղել վարչապետին։

Նրա պնդմամբ՝ զրույցի ընթացքում հնչել է հանրային լայն արձագանք ստացած «ինչո՞ւ չէիր զոհվել» արտահայտությունը, որից հետո Օսիպյանը չի հասցրել պատասխանել, քանի որ տեղում ձերբակալվել է։

«Ավելի ուշ տեղեկացանք, որ նրան երկու ամսով կալանավորել են խուլիգանության հոդվածով։ Այնուհետև նշվեց, որ իր ֆեյսբուքյան էջում գրել էր՝ «ասեք՝ որտեղ է, գնամ բմբուլները քամուն տամ»։ Այդ արտահայտությունը փոխաբերական իմաստ ունի և վերաբերում է բանավեճի միջոցով մրցելուն, ոչ թե ֆիզիկական գործողությանը»,- ասաց Օհանյանը։

Նա պնդեց, որ Օսիպյանի և Փաշինյանի միջև սկսված բանավեճը չի ավարտվել, քանի որ վերջինս ձերբակալվել է, իսկ հետագայում հայտնվել կալանքի տակ։

Օհանյանի խոսքով՝ Օսիպյանը հենց ձերբակալության օրվանից հացադուլ է հայտարարել, և արդեն 14 օր է՝ շարունակում է այն։

«Փաստորեն, միակ գործիքը, որ մնացել էր իր խոսքն արտահայտելու համար, հացադուլն էր։ Այսօր արդեն 14-րդ օրն է, որ Օսիպյանը հացադուլի մեջ է, և մենք սկսում ենք շուրջօրյա նստացույց, որովհետև քաղաքացու կյանքն արդեն վտանգի տակ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նստացույցի կազմակերպիչ Գեղամ Օհանյանը։


Մերի Հակոբյան

Կյանքից հեռացել է Սիրուշոյի մորեղբայրը

Համացանցում և մեդիատիրույթում տխուր լուր է տարածվել: Ըստ սոցիալական հարթակներում շրջանառվող տեղեկությունների՝ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Սյուզան Մարգարյանի եղբայրը՝ ճանաչված երգչուհի Սիրուշոյի քեռին:

Մասնավորապես, ֆեյսբուքյան օգտատեր Էդգար Տավուշցին սոցցանցի իր էջում կիսվել է արխիվային լուսանկարով և կատարել հետևյալ գրառումը.

«Խորը վշտով տեղեկացա, որ կյանքից հեռացել է Պարոն Մարգարյանը: Առիթ եմ ունեցել ծանոթանալու ու լսելու նրանից իմ մասին գեղեցիկ խոսքեր, ձեռքը սեղմել ու ճանաչել բարի մարդու: Հանգչեք խաղաղությամբ մեր Սիրուշոյի քեռի»,— նշված է հրապարակման մեջ:

Լուրն արագորեն տարածվել է երկրպագուների շրջանում, ովքեր իրենց ցավակցություններն ու զորակցության խոսքերն են հղում Սյուզան Մարգարյանի և Սիրուշոյի ընտանիքին՝ կյանքի այս ծանր պահին:


Թամարա Քալանթարյան

Ինչու է ՌԴ-ն արգելում հայկական ելակն ու վնասում հայ ժողովրդին

Հունիսի 7-ի ընտրություններին արտաքին միջամտության դեմ պայքարը կարծես մոռացվել է։ Եթե շաբաթներ առաջ ակտիվ խոսում էին հիբրիդային սպառնալիքների, ՌԴ-ի կողմից միջամտության փորձերի և դրանց դեմն առնելու մասին, ապա այսօր զարմանալի լռություն է։

Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ծաղիկների, ելակի, որոշ բանջարեղենի, մի շարք ալկոհոլային խմիչքների և «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումը։ Մոսկվայում նաև զգուշացրել են Երևանին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ միաժամանակյա ինտեգրումը զարգացնելու անհնարինության և Եվրամիության հետ հետագա մերձեցման դեպքում գազի շուրջ համաձայնագրերի հնարավոր խզման մասին։

Փորձագետների կարծիքով՝ սա ուղղակի ու բացահայտ ճնշման փորձ է հայ ժողովրդի վրա։ Այսպիսով՝ ՌԴ-ն ակնարկում է, որ եթե ՀՀ քաղաքացին ձայն տա անկախության և ժողովրդավարության ջատագով ուժերին, ապա ՌԴ-ն այս կարգի վատ բաներ կանի հայ ժողովրդի դեմ։

Սա էլ ամենը չէ։ Մայիսի 29-ին Աստանայում Պուտինը Հայաստանի ներկա իրավիճակը համեմատեց Ուկրաինայի նախապատերազմյան վիճակի հետ, երբ Կիևն ակնարկել էր ԵՄ-ին միանալու մտադրության մասին։ Այսպիսով՝ Պուտինն անուղղակի ակնարկել է, թե ՌԴ-ն կարող է պատերազմ սկսել ՀՀ-ի դեմ։

Ինչպե՞ս կարող են ՀՀ իշխանությունն ու քաղաքական համայնքը հակադարձել ռուսական ճնշումներին ու սպառնալիքներին։

Ագրեսիայի կամ ագրեսիայի իրական սպառնալիքի պարագայում հասարակությունը համախմբվում է իշխանության շուրջ։ Օրինակ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ բոլոր քաղաքական ուժերը հայտարարեցին, որ արտաքին ագրեսիային դիմակայելու համար մի կողմ են դնում իշխանության հետ քաղաքական տարաձայնությունները և միավորվում իշխանության շուրջ։

Քաղաքական ուժերի կողմից Ռուսաստանի սանկցիաներին ու սպառնալիքներին համաչափ արձագանքը ցույց կտար, որ Հայաստանը անկախ և ժողովրդավարական պետություն է, կուսակցությունները ՀՀ անկախության ու ժողովրդավարության ջատագով են, և անհանդուրժելի է ժողովրդի վրա ճնշում գործադրելը ընտրությունների շեմին։ Իսկ ԱԳՆ-ն կարող էր հետ կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպանին և նոտա հղել՝ ՌԴ իշխանություններին հորդորելով դադարեցնել անհիմն արգելքները հայկական ապրանքների նկատմամբ և սպառնալիքներով չխոսել հայ ժողովրդի հետ։

Տվյալ պարագայում Էկոնոմիկայի նախարարը ոչ թե պետք է խրոխտ խոսի, թե ինչ կարող են անել հայկական ապրանքների արտահանումն ամբողջությամբ դեպի Եվրամիություն վերաուղղորդելու համար, այլ ներողություն խնդրի ժողովրդից, որ մինչև հիմա այդ ուղղությամբ քայլեր չեն արել, որ ՌԴ-ն չկարողանար ընտրություններից մի քանի օր առաջ փաստի առաջ կանգնեցնել հայ տնտեսվարողին՝ նրան մեծ վնաս պատճառելով։

Մյուս կողմից՝ այս պատժամիջոցներն ու սպառնալիքները խորացնում են հանրային կասկածը, թե Մոսկվան վերջնականապես որոշել է հեռանալ Հայաստանից, պարզապես մի քանի մանր-մունր վատություններ է անում, որ չասեն, թե առանց կրակոցի զիջեց իր դիրքերը Հայաստանում։ Այս վարկածն ավելի է ծանրանում, քանի որ ռուսական պատժամիջոցների և սպառնալիքների հետևանքով ժողովուրդը համոզվում է, որ ՌԴ-ն ՀՀ-ի չբարեկամն է, որի հետ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի կառույցներում մնալն անիմաստ է։

Կարճ ասած՝ եթե ռուսներն ուզում են, որ ՀՀ-ում ԵՄ անդամակցելու մասին հանրաքվե լինի, ապա ՌԴ-ում հայկական ապրանքների վաճառքն արգելելը, տնտեսվարողներին վնաս պատճառելը, տարատեսակ սպառնալի ակնարկները կմղեն ՀՀ քաղաքացուն, որ վերջինս հաստատ ու համոզված քվեարկի ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ-ին միանալու օգտին։ Գուցե Մոսկվան այս ամենը դիտմա՞մբ է անում, որ ՀՀ քաղաքացին Ռուսաստանի դեմ տրամադրվի։


Թաթուլ Մկրտչյան