Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Երևանում մայիսի 1-ին կեսօրից հետո, 2-6-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հանրապետության տարածքում մայիսի 1-ի ցերեկը, 2-6-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Wildberries-ն ու OZON-ը անժամանակ դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները

Wildberries մարկետփլեյսը դադարեցրել է հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց անհատ ձեռնարկատեր Շուշան Մկրտչյանը։

Ավելի վաղ Մկրտչյանը սոցցանցերում գրել էր խնդրի մասին` նշելով, որ Հայաստանից վաճառքները դադարեցվել են առանց որևէ պատճառաբանության, մի քանի ժամում։ Խնդրի պատճառով բազմաթիվ վաճառողներ հայտնվել են անորոշ իրավիճակում։

«Wildberries մարկետփլեյսը երեկ առավոտվանից սկսել էր քիչ-քիչ փակել հայ վաճառողների ապրանքները։ Այս մասին վաճառողները սկսեցին գրել տելեգրամյան խմբում, որտեղ 2500 ձեռնարկատեր կա։ Երեկ երեկոյան արդեն բոլոր հայկական ԱՁ ու ՍՊԸ ունեցողների ապրանքները փակվեցին Wildberries-ում»,- ասաց Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Նա ընդգծեց, որ ստացվում է՝ հայկական բիզնեսի համար փակվեց արտահանման կարևոր մարկետփլեյս, և վաճառքների ծավալները խիստ կկրճատվեն։

«Հատկապես փոքր բիզնեսների համար մարկետփլեյսը ոչ միայն վաճառքի միջոց էր, այլ նաև արդյունավետ գործիք՝ կանխիկ հոսքեր ձևավորելու և բրենդի ճանաչելիությունը ԵԱՏՄ երկրներում բարձրացնելու համար։ Այս իրավիճակում առավել քան երբևէ կարևոր է, որ պետությունը կանգնի փոքր բիզնեսի կողքին։ Ի վերջո, հենց փոքր բիզնեսներն են ձևավորում ապագայի մեծ բիզնեսները»,-ասաց Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ իրենք հույս ունեն, որ խնդրի մասին պետական մակարդակով պարզաբանում կտրվի։

Նշենք, որ ոչ Wildberries-ը, ո՛չ ՀՀ պատկան մարմինները դեռ պաշտոնական որևէ մեկնաբանություն չեն տվել և չեն հաստատել խնդրի առկայությունը։

Շուշան Մկրտչյանը սոցցանցում հայտնում է, որ հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները դադարեցրել է նաև OZON-ը։

Երազանքների հետքերով. ու՞ր է տանում Լևոն Մկրտչյանը կնոջը տարեդարձից հետո

Դերասանուհի Էվելինա Շահիրյանի ծննդյան տոնակատարությունները շարունակվում են ավելի քան տպավորիչ ձևով։ Նրբաճաշակ նվերներից հետո, նրա ամուսինը՝ Լևոն Մկրտչյանը, անցել է իրականացվող երազանքների փուլին։

Զույգը լուսանկարներ է հրապարակել «Զվարթնոց» օդանավակայանից։ Ժամը 05:30-ին արված կադրերում երևում է, որ նրանք ընկերական մեծ խմբով պատրաստվում են մեկնման։

Էվելինան, չթաքցնելով հուզմունքն ու երջանկությունը, օդանավակայանից արված լուսանկարին կից գրել է. «Ինձ տանում է երազանքներիցս մեկի հետևից»:

Թեև զույգը դեռևս չի բացահայտել, թե կոնկրետ որ երկիր են մեկնում, սակայն Լևոն Մկրտչյանի հրապարակած տեսանյութում, որտեղ նա ճամպրուկներով արդեն ինքնաթիռի մոտ է, երևում է նրանց բարձր տրամադրությունը։

«Գնացինք», – կարճ մակագրել է Լևոնը։

Հետևորդները վստահ են, որ սա Լևոնի հերթական անակնկալն է կնոջ 26-ամյակի առթիվ։

Շատերը ենթադրում են, որ ուղղությունը Եվրոպան է, քանի որ Էվելինան նախկինում ակնարկել էր իր եվրոպական երազանքների մասին։

Սամվել Ալեքսանյանը թոռնիկ է ունեցել

Հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքում այսօր տոնական տրամադրություն է։ Լույս աշխարհ է եկել նրա որդու՝ Գոռ Ալեքսանյանի առաջնեկը։

Փոքրիկի ծնունդը մեծ երջանկություն է պարգևել ընտանիքին, իսկ անվան ընտրությունը եղել է խորհրդանշական։ Նորածնին անվանակոչել են պապիկի պատվին՝ Սամվել Ալեքսանյան։

Ալեքսանյանների ընտանիքը միշտ աչքի է ընկել իր բազմամարդությամբ և ավանդական արժեքների պահպանմամբ։

Գործարարի թոռնիկի ծնունդն արդեն իսկ դարձել է սոցցանցերում քննարկվող թեմաներից մեկը, իսկ ընտանիքի մտերիմներն ու գործընկերները շտապում են շնորհավորել նորաթուխ ծնողներին և պապիկին։

Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանի որդին՝ Գոռը, ամուսնացել էր նախորդ տարի, և այսօրվա իրադարձությունը նրանց փոքրիկ ընտանիքի առաջին համալրումն է։

Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև

Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ ելույթ ունենալով օկուպացված Ստեփանակերտի համալսարանում դիվանագիտական կորպուսի առջև, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Մենք նայում ենք դեպի խաղաղությամբ լի ապագա՝ Ադրբեջանի և ողջ տարածաշրջանի համար»,- ասել է Հաջիևը:

Նա նշել է, որ պաշտոնական Բաքվի արտաքին քաղաքականության հայեցակարգում բոլոր հարևանների հետ բարիդրացիական և խաղաղ հարաբերությունները Ադրբեջանի համար թիվ մեկ առաջնահերթությունն են։

Հիքմեթ Հաջիևն ընդգծել է, որ պատերազմական վիճակի պատճառով դա չէր կարող իրականացվել լիարժեքորեն։

«Սակայն այսօր գոհունակությամբ կարող եմ ասել, որ Ադրբեջանը բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հետ»,- հավելել է նախագահի օգնականը։

Հաջիևը նաև անդրադարձել է Մուստաֆաևի Հայաստան այցին:

«Ադրբեջանի պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր»,- ասել է Հաջիևը:

Ադրբեջանում մտահոգված են Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձով

Կասկածից վեր է, որ Հայաստանում հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրությունները շրջադարձային են լինելու ոչ միայն մեր երկրի հետագա զարգացման, այլ նաև տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից։ Հենց այս իրողությամբ էլ պայմանավորված՝ թե՛ տարածաշրջանային, թե աշխարհաքաղաքական դերակատարներից շատերը պարբերաբար ՀՀ-ում կայանալիք ընտրությունների վերաբերյալ հայտարարություններով են հանդես գալիս, նրանցից շատերն անգամ բաց տեքստով աջակցություն են հայտնում գործող իշխանություններին. հիշում ենք ԱՄՆ փոխնախագահ Վենսի, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունները։

Վերջին շրջանում ակնհայտ է, որ Հայաստանի տարածաշրջանային հիմնական հակառակորդ Ադրբեջանը ևս ուշի ուշով հետևում և ակտիվորեն արձագանքում է մեր ներքաղաքական զարգացումներին, հատկապես՝ ուշադրության կենտրոնում պահելով ընդդիմադիր ուժերի հնարավոր հաջողությունների և նրանց կողմից իշխանափոխություն իրականացնելու սցենարը։ Բաքվի քաղաքական և տեղեկատվական խոսույթում Հայաստանի գործող իշխանությունների որդեգրած քաղաքական «խաղաղության» օրակարգը հաճախ ներկայացվում է կանխատեսելի, իսկ Նիկոլ Փաշինյանն առավել ընդունելի, ընդդիմությունը՝ «պատերազմի հրձիգ», թեպետ մյուս կողմից էլ նույն Բաքվի հավատարմությունն այդ օրակարգին առնվազն կասկածներ է առաջացնում։

Միևնույն ժամանակ, նկատենք, որ ադրբեջանական քաղաքական խոսույթում առանձնահատուկ ուշադրություն է արժանանում այն սցենարը և մտահոգություններ են հնչում այն կապակցությամբ, որ Հայաստանում կարող է ընդդիմությունը իշխանության գալ։ Թեպետ ընդդիմադիր դաշտի բազամազանությանը, այնուամենայնիվ նմանաբովանդակ հրապարակումներում կարմիր թելով անցնում է այն մտահոգությունը, որ ընտրությունների արդյունքում կարող է իշխանության գալ Հայաստանի Հանրապետության երկրորդ և Արցախի Հանրապետության առաջին նախագհ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժը՝ «Հայաստան» դաշինքը։

Ընթերցողին հիշեցնենք, որ 2021 թվականի ընտրությունների նախաշեմին ևս Ադրբեջանում կրկին նման մտահոգություններ հնչում էին։ Տեղին է հիշել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս անդրադարձել է երկրորդ նախագահին՝ նրան բնորոշելով որպես «ռևանշիստական քաղաքականության ներկայացուցիչ» և ընդգծելով, որ տարածաշրջանում «ռևանշիզմի» վերադարձն անընդունելի է։ Ավելին՝ անգամ 44-օրյա պատերազմից հետո Ալիևը առիթը բաց չէր թողնում հայտարարելու, որ ինքն իրականում ոչ թե Նիկոլ Փաշինյանին է հաղթել ու կապիտուլյացիայի ենթարկել, այլ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։

Մեր ուսումնասիրության համաձայն՝ ադրբեջանական մամուլում և վերլուծական հարթակներում Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը դիտարկվում է որպես զգայուն և մտահոգիչ սցենար․

Minval.az-ի հրապարակումներից մեկն օրինակ վերնագրված է հետևյալ կերպ․ «Քոչարյանը կարող է հայտնվել մյուսների պես՝ Բաքվում՝ մեղադրյալի աթոռին»։ «Վրեժխնդրության փորձերի և դրանց հետևանքների համատեքստում Քոչարյանի, Սարգսյանի կամ նախկին համակարգի այլ ներկայացուցիչների վերադարձը կարող է տարածաշրջանային անվտանգության համար պոտենցիալ մարտահրավեր լինել»,- կարդում ենք հիշյալ հրապարակման մեջ։

Նույն հրապարակման մեջ առկա են նաև այն շեշտադրումները, որ 1990-ականների և 2000-ականների քաղաքականությանը վերադարձ չի լինելու։ Հոդվածագիրը նշում նաև, որ Բաքուն «ռևանշիզմը» չի հանդուրժելու՝ սպառնալով, որ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն «կանխարգելիչ» միջոցառումներ:

Azernews-ի վերլուծական նյութերում էլ Քոչարյանի հնարավոր քաղաքական վերադարձը ներկայացվում է ոչ միայն որպես ներքաղաքական փոփոխություն, այլ նաև որպես գործոն, որը կարող է ազդել տարածաշրջանային ուժային հավասարակշռության վրա և փոխել ներկայիս ստատուս-քվոն։

Այս համատեքստում փաստենք, որ ադրբեջանական տեղեկատվական և քաղաքական դաշտում Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը դիտարկվում է որպես անցյալի հակամարտային տրամաբանության վերակենդանացման ռիսկ։ Առավել հաճախ այդ հրապարակումներում հնչում են այն մտահոգությունները, որ Քոչարյանի վերադարձից հետո Ադրբեջանի դիրքերը կարող են թուլանալ, կամ առնվազն ուժերի բալանսավորում տեղի ունենա։

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ ադրբեջանական հասարակական և քաղաքական խոսույթում առկա է բավականին զգայուն վերաբերմունք Հայաստանի ընդդիմության հնարավոր հաջողությունների, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի նկատմամբ։ Այս սցենարը հաճախ ներկայացվում է Բաքվի շահերի տեսանկյունից անցանկալի և մտահոգիչ զարգացում՝ դրանից բխող հետևանքներով։

Հավելենք նաև, որ որոշ հրապարակումներում քննադատության է ենթարկվում և թիրախավորվում նաև Սամվել Կարապետյանն ու նրա առաջնորդած քաղաքական ուժը (Ադրբեջանը 2021 թվականի հունիսի 18-ին նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել), սակայն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ղեկավարած քաղաքական ուժն անհամեմատ ավելի «ինտենսիվորեն» է թիրախավորվում, անվանվում «պատերազմի հրձիգ» և այլն։

Հարց է առաջնում, թե ինչպես է ստացվում, որ Ադրբեջանը և Հայաստանի իշխանությունները նույն թեզերն ու խոսույթն են օգտագործում ընդդիմությանը թիրախավորելու համար: Կարծում ենք՝ հունիսի այս հարցի պատասխանը կտան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ իրենց քվեարկությամբ․․․

Մերի Հակոբյան

ԱՄՆ դեսպանների աջակցությամբ Դաշտադեմի ամրոցի պահպանության շուրջ աշխատանքներ են տարվել

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (AFCP) հայաստանյան ծրագրերից մեկն ուղղված էր Դաշտադեմի ամրոցի պահպանությանը:

Հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

Հիմնադրամի աջակցությամբ 2013թ․ պահպանության աշխատանքներ իրականացվեցին Արագածոտնի մարզում գտնվող Դաշտադեմի ամրոցում, որը 11-13-րդ դարերի եզակի միջնադարյան ամրաշինական համալիր է։ Կատարվեց ամրոցի պատերի և հիմքերի, համալիրի ներսում գտնվող միջնադարյան կառույցների կանխարգելիչ կոնսերվացում, ինչպես նաև միջնադարյան ջրամբարի վերականգնում և ավանդական ոճի տների պահպանություն։ Այս նախաձեռնությունը նպաստել է Հայաստանի այս նշանակալի պատմամշակութային համալիրի պահպանությանը:

Նոր անձնագրի թղթի բաղադրության մեջ առկա են ՀՀ դրոշի գույներով մանրաթելեր. Արփինե Սարգսյան

Ներքին 21:42 01-05-2026

Կիլոմետրանոց խցանման պատճառով մարդիկ ոտքով են անցնում հայ-վրացական սահմանը

Մեր տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են բազմաթիվ քաղաքացիներ, հոգնած սպասումից, իջել մեքենաներից և ոտքով են հատում սահմանը, որպեսզի անցնեն անհրաժեշտ փաստաթղթային գործընթացները:

ՀՀ ԱԳՆ-ն երիտասարդներին հրավիրում է Արարատ Միրզոյանի հետ քննարկման

«Սիրելի´ երիտասարդներ, հրավիրում ենք ձեզ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկմանը»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային ֆորումի շրջանակներում ծրագրված է «Զրույց ԱԳ նախարարի հետ» խորագրով քննարկում, որին մասնակցելու համար հրավիրվում են ՀՀ արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդները (18-35 տարեկան):

Քննարկման հիմնական թեմաներն են լինելու ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, նրանց կյանքի կոչման ուղղությամբ տարվող աշխատանքները, մարտահրավերներն ու հնարավորությունները, տարածաշրջանային և միջազգային զարգացումները:

Քննարկումը կանցկացվի հարցուպատասխանի ձևաչափով. պատրաստե´ք ձեզ հետաքրքրող հարցերը:

Մասնակցության համար խնդրում ենք հայտ ներկայացնել հետևյալ հղումով. https://forms.gle/DMffFj1TGjmZcLKA9

19:00-ին «Դվին» հյուրանոցային համալիր»,-ասվում է հայտարարության մեջ։