Իրանում մահապատժի են ենթարկել Մաջիդ Ադինեին, որին դատարանը մեղավոր է ճանաչել դիվերսիոն գործունեության և երկրի անվտանգության դեմ ուղղված այլ հանցագործությունների համար՝ ԱՄՆ-ի, Իսրայելի և թշնամական խմբավորումների շահերից ելնելով, հաղորդում է Tasnim-ը։
Իրանի իշխանությունների տվյալներո, Ադինեն ձերբակալվել է հունվարի 9-ին Քարաջի մերձակայքում գտնվող Մոհամմադշահրում։ Նրա մոտ հայտնաբերվել են ատրճանակ, երեք պահունակ, 30 փամփուշտ, երկու էլեկտրաշոկեր, արցունքաբեր գազի երկու բալոն, մարտկոցով շղթայասղոց և բենզինով շշեր։
Նրան մեղադրել են թշնամական խմբավորումների, Իսրայելի և ԱՄՆ-ի շահերից բխող գործունեության, դիտավորյալ հրկիզման մեջ, որը որակվել է որպես մոհարեբե՝ «պատերազմ Աստծո և պետության դեմ», ներքին անվտանգության դեմ հանցագործություններ կատարելու նպատակով դավադրության, Իսլամական Հանրապետության դեմ քարոզչության, ինչպես նաև զենքի ապօրինի պահման համար։
Քննությունն ու լաբորատոր փորձաքննությունները պարզել են, որ Ադինեի մոտ առգրավված ատրճանակը օգտագործվել է հունվարի 8-ին և 9-ին տեղի ունեցած կրակոցների ժամանակ։ Բացի այդ, նրան մեղավոր են ճանաչել բողոքի հավաքներին մասնակցելու մեջ, որոնք, իշխանությունների վարկածով, անցկացվել են Իսրայելի, ԱՄՆ-ի և հակակառավարական ցանցերի կոչերով։
Քարաջի հեղափոխական դատարանը Ադինեին դատապարտել է մահապատժի և գույքի բռնագրավման։ Իրանի Գերագույն դատարանը բողոքարկումը քննելուց հետո վճիռը թողել է ուժի մեջ։
Մահապատիժը իրականացվել է կիրակի առավոտյան։