Ի՞նչ է կատարվում ինստիտուտում․ անձնակազմը. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է.

«Մեկ տարի է, ինչ Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում իրավիճակը չի կայունանում։ Ինստիտուտի անձնակազմը պարբերաբար գործադուլ է անում, քանի որ ամիսներով աշխատավարձ չեն ստանում։

Դեռեւս մեկ տարի առաջ մեզ ահազանգած բուժառուն պատմում էր․ «Բոլոր հիվանդների անունից եմ ես խոսում, անընդհատ խաբում են աշխատողներին, գումար չեն տալիս, ես իրենց չեմ մեղադրում։ Այսօր հաշմանդամները, ոտքի վրա կանգնել չկարողացող հիվանդներն առավոտից այս վիճակում են։ Հիվանդները պետք է դուրս գրվեն, գնան։ 18 օրով է բուժումը, եթե չստանան, կիսատ մնացած` պետք է գնանք, բայց 300 հազար գումար ենք վճարել։ Մենք եկել ընդունվել ենք` արդեն 14 օր էս խեղճերին ասում են` էսօր-էգուց»։

Այս խոսակցությունից անցել է մոտ մեկ տարի, սակայն խնդիրը չի լուծվել, մեզ կրկին ինստիտուտից ահազանգել են՝ նշելով, որ բուժանձնակազմից շատերը աշխատավարձ չստանալու պատճառով դիմում են գրել եւ հեռացել։

Կենտրոնի տնօրենը Լեւոն Սարգսյանն է, որին, ըստ մեր զրուցակցի, ո՛չ տեսել են, ո՛չ էլ ճանաչում են։ Փորձեցինք կապ հաստատել ինստիտուտի աշխատակազմի հետ, սակայն մեր հեռախոսազանգերին կա՛մ չպատասխանեցին, կա՛մ անհասանելի էին»։

Հերթական դեմարշը հոգեւոր դասի դեմ. Հրապարակ

Ամենայն հայոց կաթողիկոսի եւ հոգեւոր դասի՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունը, ինչպեսեւ սպասելի էր, չհեռարձակվեց հարկատուներիս հաշվին գործող Հանրայինի ուղիղ եթերով։

Հանրայինի եթերում այդ ընթացքում հեռարձակվեց հարցազրույց հուշահամալիրի տարածքից Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի մի պաշտոնյայի` ոմն Հովհաննես Ալեքսանյանի հետ: Կադրերում չերեւաց Մայր Աթոռի պատվիրակության այցը: Մինչդեռ Մայր Աթոռը նախապես հայտնել էր, որ ժամը 10:30-ին Գարեգին Երկրորդը անմար կրակի մոտ մատուցելու է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Հիշենք, որ Փաշինյանն անցած տարվանից պահանջում է Գարեգին Երկրորդի հրաժարականը։ Կաթողիկոսին հեռացնելու դրույթը տեղ է գտել անգամ նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում: Եկեղեցին դատապարտել է այն՝ դա համարելով սահմանադրական կարգի, Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաեւ՝ խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում։ Արդեն երկրորդ տարին է՝ Հանրայինը Վեհափառի ամանորյա ուղերձն էլ չի հրապարակում։

Նկատենք նաեւ, որ ապրիլի 24-ի նախօրեին լուրեր տարածվեցին, թե Հանրայինը կրճատել է ապրիլքսանչորսյան եթերի հեռարձակման ժամանակը, իսկ Հ1-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը մի վրդովված-վիրավորված տեքստ տարածեց, թե ստում եք` ամեն ինչ առաջվա նման հեռարձակվելու է, եւ անգամ օրվա խորհրդի հետ կապված ֆիլմերն են ցուցադրվելու: Պարզվեց` լուրերն այնքան էլ հեռու չէին իրականությունից:

9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է.

«Մարտի 2-ին ՀՀ դիվանագետի օրվան նվիրված միջոցառումն այս տարի հատուկ հանդիսավորությամբ են նշել: Միջոցառմանը մասնակցել եւ ելույթներ են ունեցել նաեւ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը։

Պարզվում է՝ միջոցառումը պետբյուջեի վրա կլորիկ գումար է նստել։ «Հրապարակ»-ը մեկ անձից կատարվող գնումների հարթակից տեղեկացավ, որ միջոցառման կազմակերպման համար ծախսվել է 4 մլն 867 հազար 720 դրամ։ ԱԳՆ-ն առանց մրցույթի պայմանագիր է կնքել «Անի Մանուկյան Միսակի» ԱՁ-ի հետ։

Հատկանշական է, որ ընկերությունը պետական գրանցում է ստացել 1 տարի առաջ՝ 2025թ. մարտի 13-ին, եւ սա պետական ապարատի հետ կնքված առաջին խոշոր պայմանագիրն է։ Ըստ պայմանագրի՝ ընկերությունն ապահովել է միջոցառման մեծ պաստառները, բեմահարթակը, երգչախումբը, ինչպես նաեւ՝ ձայնային եւ հնչյունային համակարգերը։

Մեզ հայտնի դարձավ, որ միջոցառումն անցկացվել է Grand Hotel-ում, որից հետո տեղի է ունեցել երեկոյան խնջույք։ Խնջույքին մասնակցել են նաեւ DJ-ներ, սակայն թե՛ ԱԳՆ-ի եւ թե՛ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրություններում տոնական խնջույքի մասին որեւէ հիշատակում չի եղել։ Հյուրասիրությունը կազմակերպվել է 260 անձի համար, եւ վճարվել է 4 մլն 576 հազար դրամ։ Ստացվում է՝ Դիվանագետի օրը ՀՀ բյուջեի վրա մոտ 9.5 մլն դրամ է նստել»։

Աննա Վարդապետյանին նկար են նվիրել. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է.

«Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չինաստան կատարած այցի ընթացքում հուշանվեր-նկար (տակդիրով) է նվեր ստացել։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից։ Քանի որ նկարը վաճառքում չկա, հստակ արժեքը հնարավոր չէ պարզել, սակայն, որպես ենթադրյալ արժեք, այն գնահատել են 60 հազար դրամ։

Աննա Վարդապետյանը Չինաստան մեկնել էր աշխատանքային այցով՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի 61-րդ նիստին մասնակցելու նպատակով։ Այցի ընթացքում ապրիլի 13-ին հանդիպել է ՉԺՀ Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազ Յինգ Յոնգին, եւ հենց հանդիպման ընթացքում էլ փոխանցվել է այս նվերը»։

Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է.

«Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ընտրություններին ընդառաջ, իշխանությունը գրեթե տասն օրը մեկ պարբերականությամբ ներքին հարցումներ է անցկացնում եւ փորձում պարզել ու գնահատել իրենց շանսերը, ըստ այդմ՝ վերլուծություններ ու հետեւություններ անել, թե ինչպիսին է իրավիճակը։

Մեզ ասացին, որ վերջին հարցումների տվյալներն էլ հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար, չնայած իշխող ուժը, այնուամենայնիվ, առաջատարն է եւ կաշվից դուրս է գալիս ռեյտինգը բարձրացնելու համար: Ըստ մեր աղբյուրի, ընդդիմադիր երեք-չորս ուժ համատեղ բավական էական տարբերությամբ գերազանցում են ՔՊ-ին։

Համենայնդեպս, այս պահի դրությամբ` ՔՊ-ն 30 տոկոս ցուցանիշի սահմաններում է, բայց իշխանական խմբակը հույս ունի, որ շեմը չհաղթահարած կուսակցություններն այնքան շատ ձայներ կփոշիացնեն, որ իրենք 50+1 կհավաքեն։

Ի դեպ, իշխանության վարկանիշը բարձրացնելու նկատառումով հնարավոր է առաջիկայում կրկին քրեական գործերի տեղատարափի ականատես լինենք, հատկապես նախկինների եւ նրանց «ապօրինի» հարստացման թեմաներով։ Չնայած այդ քրեական գործերն այլեւս հանրային գիտակցության վրա չեն ազդում»։

Սպասվում է անձրև, երեկոյան՝ պարզ եղանակ

Շաբաթ՝ ապրիլի 25-ին Երևանում առավոտյան ժամերին սպասվում են կարճատև անձրևներ, օդի ջերմաստիճանը կլինի մոտ +10 աստիճան։

Կեսօրին ևս կպահպանվեն կարճատև անձրևները, ջերմաստիճանը կհասնի +11…+18 աստիճանի։

Երեկոյան ժամերին տեղումները կդադարեն, կդիտվի պարզ եղանակ, օդի ջերմաստիճանը կլինի +12…+18 աստիճան։

Քամին կլինի թեթև՝ հարավ-արևելյան, հարավային և հյուսիս-արևմտյան ուղղության՝ 1-3 մ/վ արագությամբ։

Մթնոլորտային ճնշումը կկազմի 674-677 մմ սնդիկի սյուն, օդի հարաբերական խոնավությունը՝ 35-83%։

Արևածագը՝ 06:10, մայրամուտը՝ 19:51։ Լուսնի փուլը՝ աճող։

Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ գնդապետ Օնիկ Գասպարյանի մտերիմ շրջապատից տեղեկանում ենք, որ վերջինս բավականին դժվար կացության մեջ է հայտնվել:

Ռուսաստանաբնակ հայազգի մեդիա մենեջեր Արամ Գաբրելիյանովին արձագանքելն էլ համարում է պահի ազդեցության տակ կատարած սխալ: «Իր համար հանգիստ լռված էր, սաղ մոռացել էին, հիմա մարդը չգիտի` ինչ անի, ում դեմ էլ հելնի լաբավոյ խոսա, կրկնակի ավելի մեծ հարվածի տակ է ընկնելու:

Մտածում է, որ Գաբրելիյանովին պատասխանելն էլ հեչ պետք չէր»,-ասաց Գասպարյանին մոտ կանգնած աղբյուրը:

ՀՀ իշխանությունները ոչ թե սխալ են անում, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Հայաստանյան իշխանությունները ոչ թե սխալ են անում, վատ են անում կամ ապիկար են, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է մեր երկրում, որը գործող ռեժիմի համար ուղենշային է։

Մի օր կարդարացնեն Արցախի հանձնումը, մի օր սովորական կհամարեն հայկական հոգևոր և մշակութային կոթողների ոչնչացումը, մի օր «աչք կփակեն» ադրբեջանական օկուպացիայի վրա։

Թշնամական քաղաքականության ընդունումն ու իրացումը գործող իշխանության համոզմունքների և արժեհամակարգի հետ ներդաշնակ են, իսկ նրա գործունեությունը բացարձակապես հակապետական և հակահայկական է»:

Մեր այսօրվա որոշումներից է կախված՝ ինչպիսի Հանրապետություն ենք թողնելու մեր երեխաներին․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

111 տարի անց մենք խոնարհվում ենք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի առջև։

Այս օրը մեզ հիշեցնում է՝ ինչ ենք կորցրել և ինչ ունենք այսօր։

Պետությունը արժեք է, որը պետք է ամեն օր պահել ու ամրապնդել։

Խաղաղությունն է դրա հիմքը՝ որպես մեր ժողովրդի անվտանգության և կայուն զարգացման գլխավոր պայման։

Մեր այսօրվա որոշումներից է կախված՝ ինչպիսի Հայաստանի Հանրապետություն ենք թողնելու մեր երեխաներին։

Խոնարհում՝ մեր նահատակների հիշատակին»,- գրել է նա։