Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է.

«Կառավարական աղբյուրներին մոտ կանգնած անձինք մտերիմ շրջապատում շարունակում են քննարկել Աննա Հակոբյանի` Փաշինյանի կողքին կրկին հայտնվելու փաստը։ Եվ ահա, շրջանառվող լուրերի համաձայն, Աննան չէր հայտնվի Գյումրիում, եթե պատահաբար չհայտնվեր Փաշինյանի ուղիղ եթերի կադրում։

Հենց դրանից հետո, ըստ նույն լուրերի, Փաշինյանն Աննային համոզել է, որ հետը գնա Գյումրի։ Եվ պատճառը հենց դա է, որ վերջինս ամենուր դժգոհ դեմքով էր, ինքը՝ Աննան, ասում են, դրանից օրեր առաջ էր վերադարձել Կառավարական կեցավայր»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երևանում հեղուկ գազի գնի հերթական թանկացումը ոչ միայն տնտեսական խնդիր է, այլև իշխանությունների բացահայտ ձախողման հերթական ապացույցը։ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ամբողջ օրը ահազանգեր է ստացել վարորդներից․ գինը հասել է 250 դրամի՝ դառնալով հերթական հարվածը, առանց այն էլ ծանրաբեռնված քաղաքացիների համար։

Սակայն առավել մտահոգիչը ոչ թե գնի բարձրացումն է, այլ այն փաստը, որ այս իրավիճակը վաղուց արդեն դարձել է «նորմալ»՝ իշխանությունների լուռ համաձայնությամբ։ Հեղուկ գազի շուկայում տիրող քաոսը շարունակվում է ամիսներ շարունակ, իսկ պատասխանատու պաշտոնյաները ոչ միայն չեն լուծում խնդիրը, այլ կարծես ընդհանրապես դուրս են մնացել գործընթացից։
Հենց այստեղ են ի հայտ գալիս ոլորտի պատասխանատուները՝ Գեղամ Գևորգյան և Գևորգ Պապոյան, որոնց գործունեությունը ավելի ու ավելի է հայտնվում հանրային քննադատության թիրախում։ Փոխանակ շուկան կարգավորելու և վերահսկելու՝ նրանք փաստացի թույլ են տվել, որ այն վերածվի անկառավարելի դաշտի, որտեղ գները որոշվում են ոչ թե տնտեսական տրամաբանությամբ, այլ անհասկանալի պայմանավորվածություններով։
Ակնհայտ է մի քանի բան․
պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան,
չկան գների ձևավորման թափանցիկ մեխանիզմներ,
չի գործում արդյունավետ հակամենաշնորհային քաղաքականություն,
իսկ շուկան կենտրոնացված է սահմանափակ շրջանակների ձեռքում։

Այս ամենը ոչ թե պատահականություն է, այլ համակարգային անգործության հետևանք։ Եվ երբ պաշտոնյաները լռում են կամ սահմանափակվում ձևական հայտարարություններով, այդ լռությունը ընկալվում է որպես համաձայնություն ստեղծված իրավիճակի հետ։

Ի վերջո, հարցը դրվում է կոշտ․ եթե պատասխանատու մարմինները չեն կարողանում վերահսկել կենսական նշանակության շուկաներից մեկը, ապա ինչո՞վ են զբաղված։ Եվ որքան ժամանակ պետք է քաղաքացին շարունակի վճարել այդ անգործության գինը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մրգաշենում սպանված ատամնաբույժի դեպքը իրավապահ համակարգում խիստ մտահոգության տեղիք է տվել։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ մի շարք մարզերի և Երևան քաղաքի իրավապահ համակարգի ղեկավար կազմը որոշել են խիստ ուշադրության կենտրոնում պահել բոլոր ագրեսիվ, աչքի ընկնող, միջադեպերի կիզակետերում հայտնված երիտասարդներին, քանի որ նրանց մասնակցությամբ դեպքերը խիստ մտահոգության տեղիք են տվել։ Ուստի հնարավոր ողբերգական դեպքերը կանխելու համար նրանց կիզակետում պահելու գործընթացը ուժեղացվել է։

Հայտնել էինք, որ ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Մրգաշենում 52-ամյա ատամնաբույժին սպանելու դեպքով կալանավորված եղբայրները հրաժարվում են ցուցմունք տալ և պատմել դեպքի հանգամանքները։
Քննչական կոմիտեն մանրամասներ էր հայտնել Մրգաշենում տեղի ունեցած սպանությունից։ Ապրիլի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է։ Եղբայրները կալանավորված են։

Հավելենք, որ իրավապահ համակարգում նախնական մեկ վարկած է քննվում։ Իրավապահ համակարգից ArmLur.am-ին հայտնել էին, որ, ըստ նախնական վարկածի, խնդիրը եղել է ատամնաբույժի երիտասարդ դստեր հարցի հետ կապված։ Երիտասարդները հորը դուրս են կանչել՝ պարզաբանումներ անելու։ Արդյունքում խոսակցությունը թեժացել է ու ճակատագրական դարձել բժշկի համար»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Սպասվում է փոփոխական ամպամածություն, կեսօրին՝ անձրև

Հինգշաբթի՝ ապրիլի 23-ին Երևանում առավոտյան ժամերին կդիտվի փոփոխական ամպամած եղանակ, օդի ջերմաստիճանը կլինի +8…+15 աստիճան։

Կեսօրին սպասվում են կարճատև անձրևներ, ջերմաստիճանը կհասնի +16…+17 աստիճանի։

Երեկոյան ժամերին կպահպանվի ամպամած եղանակ, օդի ջերմաստիճանը կլինի +12…+17 աստիճան։

Քամին կլինի թույլից թեթև՝ հարավ-արևելյան և հարավ-արևմտյան ուղղության՝ 1-5 մ/վ արագությամբ, առանձին ժամերին հնարավոր է ուժգնացում մինչև 11 մ/վ։

Մթնոլորտային ճնշումը կկազմի մոտ 670-673 մմ սնդիկի սյուն, օդի հարաբերական խոնավությունը՝ 41-76%։

Արևածագը՝ 06:13, մայրամուտը՝ 19:49։ Լուսնի փուլը՝ աճող։

Ընթանում է Կառավարության նիստը. օրակարգում 36 հարց է. ՈւՂԻՂ

Կառավարությունն այսօր՝ ապրիլի 23-ին, անցկացնում է իր հերթական նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկված է 36 հարց, որից չի զեկուցվում 33-ը: Եվս 3 հարց գաղտնի է։

Զգուշացում. Հայաստանի մի շարք շրջաններում սպասվում է քամու ուժգնացում

Ապրիլի 23-ի ցերեկը՝ Լոռիում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 18-22 մ/վ արագությամբ, ապրիլի 24-ին՝ առանձին շրջաններում՝ մինչև 23-26 մ/վ արագությամբ:

Այս մասին հայտնում են ‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ-ից։

Վթարային ջրանջատումներ են սպասվում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 23-ին՝ ժամը 10:40-20:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի ջրամատակարարումը:

Պարզվել է Հրազդան գետից դուրս բերված տղամարդու ինքնությունը

Երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետի պաշտոնակատար Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ, իրականացնելով օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, պարզել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակի կողմից Հրազդան գետից դուրս բերված դիակի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ գետից դուրս բերվել Երևանի բնակիչ 49-ամյա Վահան Տ.-ի մարմինը։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից

Այսօր՝ ժամը 20։00-ին, Հանրապետության հրապարակում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին կմեկնարկի ամենամյա Ջահերով երթը երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։

Երթուղին.

Հանրապետության հրապարակ
Ամիրյան փողոց
Մաշտոցի պողոտա
Բաղրամյան պողոտա
Կիևյան փողոց
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը լոկ պատմական հիշողություն չէ, այլ կենսական պայքար հանուն հայության իրավունքների, անվտանգության և արժանապատիվ ապագայի։

Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին միանալ Ջահերով երթին։

Սա պարզապես քայլերթ չէ, սա մեր միասնականության և աննահանջ պայքարի վառ դրսևորումն է։