Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է. ՔԿ

Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է, այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են Քննչական կոմիտեից:

«Գագիկ Խաչատրյանն արդեն ՔԿ–ում է, շուտով միջնորդություն կներկայացվի նրան կալանավորելու վերաբերյալ»,– հայտնեցին Քննչական կոմիտեից։

​​​​​​​Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի և նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում իրականացված գործողությունները կատարվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Ալիևն ու Էրդողանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խաղաղության ամրապնդման վերաբերյալ

Բիշքեկում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են, որ ադրբեջանա-թուրքական երկկողմ հարաբերությունները հիմնված են եղբայրության և ռազմավարական դաշինքի վրա, և գոհունակություն են հայտնել բոլոր ոլորտներում կապերի հետագա ընդլայնման կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում նրանք մտքեր են փոխանակել տարածաշրջանային խաղաղության և կայունության հետագա ամրապնդման վերաբերյալ։

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու Lada-ն. վերջինը կիսակողաշրջվել է. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ ժրամը 11:00-ի սահմաններում Արտաշատ-Զովաշեն ավտոճանապարհին բախվել են «Lada» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են 2-ը Արտաշատի, մեկը՝ Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ բախման հետևանքով «Lada»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչին պատկանող հողամասի երկաթե փշալարարեին և կիսակողաշրջվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Էստոնիայի օդային տարածք ԱԹՍ-ներ են մտել. ԱԳ նախարար

Սեպտեմբերի 1-ի գիշերը անօդաչու թռչող սարքեր են մտել Էստոնիայի օդային տարածք, ինչի կապակցությամբ հայտարարվել է օդային սպառնալիք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան։

«Վաղ առավոտյան Էստոնիայի մի քանի տարածաշրջանում նախազգուշացում է հայտարարվել օդային սպառնալիքի մասին։ Անօդաչուները, շարժվելով Էստոնիայի արևելյան սահմանին զուգահեռ, նաև մտել են Էստոնիայի օդային տարածք, ինչի կապակցությամբ պաշտպանության ուժերն օդային տագնապ են հայտարարել։ ՆԱՏՕ-ի Բալթյան տարածաշրջանի օդային տարածքի պարեկային կործանիչները թռել են Էմարի ավիաբազայից՝ իրադրությանն արձագանքելու համար», – ասվում է Էստոնիայի ԱԳՆ մամուլի տեղեկագրում։

Թե որ երկրի անօդաչուներն են խախտել Էստոնիայի օդային տարածքը, չի հաղորդվում։
ԱԳ նախարարի խոսքով՝ «ամենակարևորն այն է, որ սպառնալիքն անցել է»։
«Մենք նոր երաշխիքներ ենք ստացել այն մասին, որ Էստոնիայի օդային տարածքը պահպանվում է, և որ վճռական, արագ ու պլանավորված գործողություններ են ձեռնարկվում դրա պաշտպանության համար», – նշել է նա։

Բաքուն և Երևանն աշխատում են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման ուղղությամբ․ Ալիև

Ավելի քան մեկ տարի առաջ Ադրբեջանը և Հայաստանը վերջ դրեցին ավելի քան 30 տարի տևած հակամարտությանը՝ նախագծելով խաղաղության համաձայնագրի տեքստը, «ՇՀԿ+» ձևաչափով գագաթնաժողովի ժամանակ իր ելույթում ասել է Իլհամ Ալիևը:

Նա նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը աշխատում են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման ուղղությամբ:

«Ադրբեջանն արդեն նավթամթերք է մատակարարում Հայաստանին և ապահովում երրորդ երկրների բեռների տարանցումը։ Հայաստանի հետ համատեղ մենք աշխատում ենք փոխադարձ առևտրի ծավալների ավելացման, անվանացանկի ընդլայնման և ցամաքային տրանսպորտային նոր հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ»,- ասաց Ադրբեջանի նախագահը։

Մոսկվայում եկեղեցու մոտ տղամարդը բահով հարձակվել է մարդկանց վրա․ նա սպանվել է

Ըստ ԱՊԱ-ի մոսկովյան թղթակցի՝ Մոսկվայում եկեղեցու մոտ տղամարդը բահով հարձակվել է ծխականների և շտապօգնության աշխատակիցների վրա։

Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 9:50-ի սահմաններում՝ Բելորեչենսկայա փողոցի կանանց եկեղեցու մոտ։

Տղամարդը հարձակվել է ծխականների և դեպքի վայր ժամանած բժիշկների վրա։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ անցորդը սպանել է հարձակվողին։

Հարձակվողին կրակած տղամարդը ձերբակալվել է։ Դեպքի ժամանակ վիրավորված բժիշկը հոսպիտալացվել է։
Հարձակվողը գրանցված է եղել հոգեբուժական կլինիկայում։

Ռուբինյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի և Ֆրանսիայի միջև կապերի զարգացման հարցում ցուցաբերած նշանակալի ավանդի համար ու հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։

Դեսպանը ևս շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին արդյունավետ գործակցության համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկկողմ բարձր մակարդակի հարաբերություններին ու տարբեր բնագավառներում համագործակցությունը խորացնելու հնարավորություններին։ Այդ համատեքստում արժևորվել է բարեկամական խմբերի ակտիվ դերակատարությունը:

Կողմերը գոհունակությամբ են ընդգծել Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։

Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

Գիտելիքի որակը հիմա շատ-շատ ընկած է. հարցում

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, Oragir.News-ը Երևանի փողոցներում քաղաքացիներից հետաքրքրվել է՝ որքանո՞վ են նրանք գոհ Հայաստանի ներկայիս կրթական համակարգից, և ինչո՞վ է այն տարբերվում իրենց դպրոցական տարիների կրթությունից։

Քաղաքացիների մի մասը դժգոհեց կրթության ներկայիս մակարդակից՝ այն համեմատելով խորհրդային և հետխորհրդային տարիների իրենց փորձի հետ։ Մյուսները նշեցին, որ կրթության որակը մեծապես կախված է նաև ծնողների ներգրավվածությունից։

«Եթե ուզում ես, որ երեխադ կրթված լինի, դու էլ պետք է ինչ-որ չափով օգնես իրեն։ Եթե ուզում ես, որ գիտելիք ստանա, ծնողը նույնպես պետք է աջակցի»,– ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի, սակայն, ներկայիս կրթական համակարգը գնահատեց բացասական։

«Մեր ժամանակահատվածում շատ լավ էր, իսկ հիմա՝ ոչ։ Հիմա երեխաներին ամեն ինչ արգելում են։ Մեր ժամանակ շատ ավելի լավ էր»,– ասաց նա։

Քաղաքացիներից մեկը հատկապես դժգոհեց դպրոցներում կարգապահության հարցում սահմանափակումներից։

«Դպրոցում խստություն պիտի լինի։ Ուսուցիչը երեխայի վրա չպետք է վախենա բղավել, ծնողն էլ չպետք է ամեն հարցում միջամտի։ Մեր ժամանակ ուսուցիչը կարող էր ականջս քաշել, նույնիսկ պատժել, և ծնողս չէր գնում ուսուցչին հարցնելու՝ ինչու եք երեխայիս պատժել։ Դրա համար էլ հիմա ջահելությունը անդաստիարակ է՝ մեծ ու փոքր չեն ճանաչում»,– ասաց քաղաքացին։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ կրթական համակարգի մակարդակը գնալով նվազում է։

«Ինձ թվում է՝ գիտելիքի որակը հիմա շատ-շատ ընկած է։ Անհամեմատելի է մեր տարիների և այսօրվա կրթությունը։ Մեր ապագա աշխատակիցները համալսարաններն ավարտում են, գալիս են՝ գիտելիքը զրո է։ Դա պարզ երևում է նաև դպրոցականների մակարդակից»,– ասաց նա։

Քաղաքացին կրթության ոլորտի խնդիրները կապեց նաև պետական քաղաքականության հետ։

«Ես դա կկապեմ մեր քաղաքականության հետ, քանի որ մեր քաղաքականությունը միտված է կրթությունը դեգրադացնելուն, ոչ թե զարգացնելուն»,– ասաց նա։

Միաժամանակ քաղաքացիներից մեկը շեշտեց, որ գիտության և տեխնոլոգիաների զարգացումը պետք չէ շփոթել գիտության նկատմամբ վերաբերմունքի հետ։

«Գիտությունը հիմա տեխնոլոգիաներով շատ է զարգացած, բայց մեր ժամանակ գիտությունը գիտություն էր։ Գիտության նկատմամբ հարգանք կար, վերաբերմունք կար։ Գիտնական մարդն իսկապես գիտնական էր համարվում»,– ասաց նա։

Քաղաքացիները նաև առաջին դասարանցիներին մաղթեցին խաղաղ երկինք, լավ ուսում և հաջողություն։

«Թող խաղաղ երկինք լինի, խաղաղություն, երեխաները լավ սովորեն։ Գիտելիքը մեր երկրի համար միշտ պետք է»,– ասաց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։


Մերի Հակոբյան

Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը

Հայաստանի առողջապահական համակարգը կանգնած է լուրջ ճգնաժամի առաջ՝ կապված Առողջապահության նախարարության կողմից ֆինանսավորման կտրուկ կրճատումների և նախկինում փոխանցված պետպատվերի գումարների զանգվածային հետպահանջների հետ։

Իսկ թե ինչու են բժիշկները լռում, և չեն բարձրաձայնում տիրող իրավիճակի մասին, «Առողջության իրավունք» ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը Oragir.News-ի հետ զրույցում տվեց կարճ պատասխան․ «Վախենում են»։

«Մեր համակարգում, ինչպես և Հայաստանի Հանրապետությունում, վախի մթնոլորտ է, և էդ վախի մթնոլորտը բերել է նրան, որ մարդիկ էսպես կապսուլավորվել են, քարանձավի մեջ են մտել, զգուշանում են…սա միանշանակ արված է նախընտրական դիվիդենտներ հավաքելու համար… չի կարող այսպես անպատրաստ գումարներ դնել… մենակ նրա համար, որ մի քանի հարյուրավոր վիրահատություններ անել, որ պետք է ընտրվեն։ Նպատակը կա, բայց բացի նպատակից, մարդիկ պետք է իրականացնեն սա, հետևաբար սկսվել է շատ քաոտիկ իրավիճակ։ Մարդիկ չգիտեին՝ ոնց մուտք անեին տվյալները»,- նշեց Վարդանյանը։

Նրա գնահատմամբ, բուն ֆինանսական կոնֆլիկտը ծագել է այն պատճառով, որ տարեսկզբին պետական ապահովագրական հիմնադրամն ի վիճակի չի եղել անհատական կարգով մշակել միլիոնավոր հայցերը և կիրառել է ավտոմատ հաստատման մեթոդը։ Բժիշկները ներկայացրել են անվանական, ժամով ու պացիենտի տվյալներով հստակ հայտեր, համակարգը տվել է «Օքեյ» հաստատում, իսկ ամիսներ անց պետությունը հայտարարում է, թե սխալ է հաստատել և փողերը հետ է ոզում։

Ծաղիկ Վարդանյանը սա որակում է որպես ներդնողների և հիմնադրամի ղեկավարության բացարձակ անփութություն և զուգահեռներ է անցկացնում մասնավոր շուկայի հետ։ «Մասնավոր ապահովագրության ժամանակ անպայման հայտը ներկայացվում է, կազմակերպությունն ընդունում է, հետո նոր սկսում են հետազոտել, խորհրդատվություն անել։ Էստեղ էլ նույն սխեման աշխատել է, բայց աշխատել է ֆորմալ։ Հիմա եկել, ասում են՝ չէ, մենք սխալ ենք հաստատել, հետ ենք գնում։ Դուք հաստատել եք, դուք ընդունել եք, դուք ֆինանսավորել եք…

Դուք ո՞ր սկզբունքով եք ընդունել։ Հաստատեիք ոչ ավտոմատ, կազմակերպեիք այնպես, որ ամեն ինչը լիներ պատրաստ, նոր մտնեիք ապահովագրական համակարգ»,- նկատեց մեր զրուցակիցը։

Վարդանյանի կարծիքով, կառավարչական նման անփութության արդյունքում բժշկական կենտրոններից հետ պահանջվող միլիոնավոր դրամները ուղղակիորեն ճեղքվածք են առաջացնելու հիվանդանոցների բյուջեում։

«Ով է տուժում՝ բժիշկը։ Միևնույն է, բժշկական կազմակերպություն եկած գումարներից կրճատվելու են էդ գումարները, հետ են վերադարձնելու, որը, բնականաբար, ազդեցություն է ունենալու բժշկական կենտրոնի գործունեության և բժիշկների, և բուժքույրերի աշխատավարձի վրա։ Սա հաշվապահական ատչոտ չէ… ամեն դեպքը առանձին տրվել է անունով, ազգանունով, դեմքով… իսկ հիմա գիտեք ինչ են անելու՝ խուսափելու են մարդկանց ընդունելուց»։

Առողջապահության ոլորտի փորձագետի դիտարկմամբ, համակարգային ռեֆորմի անվան տակ ներդրված կիսատ մեխանիզմները վերածվել են ֆինանսական թակարդի բժշկական հաստատությունների համար։ Եթե Առողջապահության նախարարությունը չվերանայի իր աշխատելաոճը և պատասխանատվություն չստանձնի սեփական համակարգի սխալների համար, ապա ֆինանսական ճգնաժամից բացի, երկիրը կկանգնի բժշկական օգնության հասանելիության լուրջ խաթարման առաջ, որտեղ ամենամեծ գինը վճարելու է ՀՀ շարքային քաղաքացին։


Հասմիկ Մովսիսյան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում հանդիպում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում հանդիպում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։