Բարսելոնան 2025/26 մրցաշրջանում ստացել է ակումբի համար ռեկորդային եկամուտ

«Բարսելոնան» պատմության մեջ առաջին անգամ մեկ մրցաշրջանում հատել է 1 միլիարդ եվրո եկամտի շեմը՝ սահմանելով ակումբային բացարձակ ռեկորդ:

Ակումբի տարածած պաշտոնական հայտարարության համաձայն՝ 2025/26 մրցաշրջանը նշանավորվել է ֆինանսական բացարձակ ձեռքբերումով. «Բարսելոնայի» պատմության մեջ առաջին անգամ տարեկան եկամուտը հատել է 1 միլիարդ եվրոյի սահմանագիծը:

Ֆինանսական այս հաջողությունը պայմանավորված է մարզադաշտից ստացվող մուտքերի, հաջողված հովանավորչական պայմանագրերի և ակումբային ատրիբուտիկայի ու մարզաշապիկների վաճառքի շարունակական աճով: Այս ցուցանիշը վկայում է կատալոնական գրանդի՝ տնտեսական ճգնաժամից հետո աստիճանաբար վերականգնվելու և կոմերցիոն ներուժն ընդլայնելու մասին:

«Սա հաստատում է «Կամպ Նոուի» հսկայական ապագա ներուժը՝ լիարժեք շահագործման հանձնվելուց հետո։ Աճող եկամուտներին նպաստած մյուս գործոններն էին հովանավորչական մուտքերի շարունակական աճը և BLM դուստր ընկերության միջոցով ակումբային ատրիբուտիկայի վաճառքից ստացված ռեկորդային շրջանառությունը», – ասված է հայտարարության մեջ։

Կատալոնական «Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը պաշտոնական նիստում հաստատել է 2025/26 մրցաշրջանի ֆինանսական արդյունքները և նշանակել հերթական Ընդհանուր ժողովի օրը, որը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին:

Armsport

Ձեր ծառայությունը մարդասիրական առաքելություն է. ՓԾ տնօրենը շնորհավորել է փրկարարներին

Հարգելի՛ գործընկերներ, փրկարարական ծառայողներ, հարգարժան վետերաննե՛ր, շնորհավորում եմ մասնագիտական տոնի` Փրկարարի օրվա առթիվ:

Փրկարարի բարդ աշխատանքը կապված է մշտական ռիսկի հետ, որը պահանջում է տոկունություն, պրոֆեսիոնալիզմ ու դժվարին պայքար բնության տարերքի, արտակարգ իրավիճակների և աղետների դեմ։

Անկախ եղանակային և այլ պայմաններից՝ դուք միշտ առաջինն եք այնտեղ, որտեղ վտանգավոր իրավիճակներում հայտնված մարդկանց օգնելու, մարդկային կյանքեր փրկելու ձեր պրոֆեսիոնալիզմի անհրաժեշտությունը կա: Ուստի ձեր ծառայությունը մարդասիրական առաքելություն է, և դա հաստատողը հենց դուք եք՝ ձեր ամենօրյա անտրտունջ, անձնուրաց աշխատանքով, երբեմն նաև ձեր կյանքի վտանգման գնով այլ կյանքեր փրկելու պատրաստակամությամբ:

Շնորհակալություն ձեզ՝ անձնվեր ու բարեխիղճ ծառայության համար։

Մնացեք հավատարիմ ձեր պատվաբեր կոչմանը:

Առանձնահատուկ շնորհակալություն ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված փրկարարների ընտանիքներին։

Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով անփորձանք ծառայություն, անձնական երջանկություն և նորանոր ձեռքբերումներ»։

ԱՐԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ

Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացվել են խաչի տեսքով դաջվածքները․ Սիրանուշ Սահակյան

«Մենք տեսել ենք թիրախավորված գործողություններ կրոնական խորհրդանիշների առնչությամբ։ Խաչ դաջվածքների պարագայում դրանք այրվել են, մաշկի վրայից խոշտանգման ճանապարհով վերացվել է խաչը։ Կամ, թեև որոշ սահմանափակ գրքեր տրամադրվել են հայ բանտարկյալներին, սակայն արգելվել է Աստվածաշնչի փոխանցումը կամ եղել են դեպքեր, երբ հարկադրել են Ղուրան ընթերցել»,- նշեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ այս ամենը վկայում է, որ քրիստոնյա լինելը Բաքվի բանտում ավելի խոցելի է, և միգուցե քրիստոնեական մշակույթ կրող լինելը դժվարացնում է նաև երկխոսությունն Ադրբեջանի հետ։

Պարեկները, առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատված

Պարեկները, ծառայողական առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայությունն իրականացնել թե՛ առկայծող փարոսիկերն անջատված, թե՛ միացված վիճակում:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Մանրամասները՝ տեսանյութում:

ԱԱԾ նախկին պետի ընտանիքի ընկերությունը դատարան է դիմել ընդդեմ «Ֆլամինգո» ՍՊԸ-ի

Օղակաձև այգում գործունեություն ծավալող «Ֆլամինգո» և «Մերուժ և Կորյուն» ՍՊԸ-ների միջև տնտեսական վեճ է ծագել։

«Մերուժ և Կորյուն» ընկերության իրական շահառու, ԱԱԾ պետի նախկին ժ/պ Միքայել Համբարձումյանի կինը՝ Հեղինե Հովհաննիսյանը (կամ նրա լիազորված ներկայացուցիչը), դիմել է դատարան՝ իրավահարաբերության ճանաչման ակտ արձակելու պահանջով։

Հատկանշական է, որ Հեղինե Հովհաննիսյանը նախկինում զբաղեցրել է թիվ 28 մանկապարտեզի տնօրենի պաշտոնը, որից ազատվել է «իշխանափոխությունից» հետո։ Ըստ Karg.am բիզնես ռեգիստրի տվյալների՝ Հեղինե Հովհաննիսյանը հանդիսանում է այս ընկերության ակտիվ հիմնադիրը։

Ընկերությունը դատական կարգով առերեսվում է «Ֆլամինգո» ՍՊԸ-ի հետ՝ Խանջյան 60 հասցեում (Օղակաձև այգի) գտնվող անշարժ գույքի ենթավարձակալության իրավահարաբերությունները պաշտոնապես ճանաչելու հարցով։

Oragir.News-ի հետ զրույցում, Միքայել Համբարձումյանը տեղեկացրեց, որ նշված հողատարածքը պատկանում է մասնավոր ընկերությանը՝ «Ֆլամինգո» ՍՊԻ-ին, որից էլ ենթավարձակալվել է:

«Ժամկետը լրացել է և այժմ այդ կապակցությամբ հայց է ներկայացվել: Դատարանը քննում է ըստ էության: Իրավական խնդիրն առկա է մասնավոր երկու կողմերի միջև»,- ասաց Համբարձումյանը՝ հավելելով, որ իրենց ընտանիքի որևէ անդամ պետական աշխատանքում ներգրավված լինելու ժամանակաշրջանում բիզնեսով չի զբաղեվել:

«Ես և ընտանիքս բիզնեսով երբեք չենք զբաղվել, կարելի է ասել՝ առ այսօր, այն մեր մոտ ցավոք չի ստացվում»,- եզրափակեց Միքայել Համբարձումյանը։


Հասմիկ Մովսիսյան

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Բաքվի դատարանի կողմից որակվել է որպես հանցավոր գործունեություն

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Բաքվի դատարանի կողմից որակվել է որպես հանցավոր գործունեություն, իսկ դափնեկիրները` հանցավոր կազմակերպության անդամներ․ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

«Դափնեկիրներ են հանդիսացել օտարերկրյա հայտնի հանրային գործիչներ, իրավապաշտպաններ, օրինակ, Իրաքի քաղաքացի հանդիսացող։ Եվ նրա կողմից այդ մրցանակը ստանալը և գումարային տեսքով ֆինանսավորումը որակվել է որպես Իրաքի քուրդ վարձկանների ֆինանսավորում»,- ասուլիսի ժամանակ հայտնեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչը։

Արցախի Հանրապետությունն իր բոլոր կառույցներով ընկալվել է որպես ոչ օրինական, արգելված, զինված խմբավորում, և ԼՂՀ-ին որևէ առնչությունը որակվել է որպես մասնակցություն հանցավոր կազմակերպությանը։

Ըստ վճռի՝ հակամարտության ամբողջ ընթացքում սպանվել է 18 հազարից ավելի մարդ, իսկ քանի որ Ռուբեն Վարդանյանը 2022թ․ «անդամակցել է այդ հանցավոր կազմակերպությանը», բոլոր մարդկային զոհերի անհատական պատասխանատվությունը դրվել է նաև նրա վրա։

Կոտայքի մարզում Nissan-ը բախվել է բաժանարար գոտու արգելապատնեշներին և կոտրել դրանք. կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արտյոմ Ա.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և կոտրել դրանք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Արմինե Մ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը դեպքի վայրում պարեկներին հայտնել է, որ վթարի մեղավորը եղել է «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Պարեկները պարզել են, որ բեռնատարը, որը նույնպես գտնվում է դեպքի վայրում, վարել է Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Արիս Հ.-ն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ի պատիվ Վահագն Խաչատուրյանի՝ Չեխիայի նախագահի անունից պաշտոնական ճաշ է տրվել

Ի պատիվ պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի Չեխիայի նախագահ Պետր Պավելի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանի բաժակաճառը.
«Ինձ համար մեծ պատիվ և առանձնակի հաճույք է գտնվել Չեխիայի Հանրապետությունում: Նախևառաջ, թո՛ւյլ տվեք իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ մեծարգո՛ պարոն նախագահ, և Չեխիայի բարեկամ ժողովրդին՝ ջերմ ընդունելության, բարձր հյուրընկալության և անկեղծ բարեկամական վերաբերմունքի համար։

Հայաստանի և Չեխիայի հարաբերություններն ունեն պատմական ամուր հիմք։ Մեր ժողովուրդների միջև կապերը ձևավորվել են դեռևս Հայաստանի անկախությունից շատ առաջ և ժամանակի ընթացքում անցել են տարբեր փուլերով՝ պահպանելով իրենց կարևոր տեղը երկու ժողովուրդների հիշողության մեջ։

Հայ-չեխական կապերի զարգացման գործում նշանակալի դեր է ունեցել մշակութային փոխազդեցությունը. չեխ հասարակության շրջանում հետաքրքրություն է ձևավորվել Հայաստանի պատմության, մշակույթի և գրականության նկատմամբ, իսկ հայ մտավորականներն ու հասարակական գործիչները կապեր են հաստատել Չեխիայի մշակութային և գիտական շրջանակների հետ։

Դեռևս 19-րդ դարում՝ 1843թ․ Կովկասում ճանապարհորդող չեխ բնագետ և Պրահայի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Կոլենատին Թիֆլիսում հանդիպում է հայ ականավոր գրող, լուսավորիչ, մանկավարժ և հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանին։ Երկու մեծ մտավորականների հանդիպումն այսօր մեզ համար խիստ խորհրդանշական է, այն առումով, որ հայ-չեխական շփումները ձևավորվել են դեռևս այն ժամանակ, երբ մեր երկրների միջև ոչ միայն չկային ժամանակակից հասկացողությամբ դիվանագիտական հարաբերություններ, այլև չկար Հայաստան պետությունը:

20-րդ դարում այդ կապերը հարստացան նաև մարդասիրական և մշակութային կարևոր բովանդակությամբ։ Հայ-չեխական բարեկամության պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի չեխ գրող և ճանապարհորդ Կառել Հանսան։ 1922թ․ Մերձավոր Արևելքում նա հանդիպեց Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին, և, վերադառնալով Չեխոսլովակիա հրատարակեց «Արևելքի սարսափները» գիրքը, հանդես եկավ դասախոսություններով և նախաձեռնեց հայ որբերին աջակցելու աշխատանքներ։

Գրականության ոլորտում հայ-չեխական առնչություններում ամենագեղեցիկ անուններից մեկը Լյուդմիլա Մոտալովան է։ Չեխ հայագետն ու թարգմանիչն իր կարճ կյանքի ընթացքում հսկայական աշխատանք կատարեց հայ գրականությունը չեխ ընթերցողին ներկայացնելու համար։ Նա թարգմանեց Իսահակյանի, Թումանյանի, Չարենցի, Բակունցի, Սևակի, Հրանտ Մաթևոսյանի և բազմաթիվ այլ հայ հեղինակների ստեղծագործությունները։ Նրա ամուսինը՝ լրագրող և գրող Յիրժի Սկումալը, նույնպես խորը հետաքրքրություն ուներ Հայաստանի և հայ գրականության նկատմամբ։ 1971թ․ նա հասավ մինչև հանճարեղ Պարույր Սևակի հայրենի Չանախչի գյուղ՝ հայ մեծ բանաստեղծի հետ հանդիպելու և նրան իր ստեղծագործության չեխերեն թարգմանությունը հանձնելու համար։

Այդ հանդիպումն այսօր ունի նաև առանձնահատուկ նշանակություն։ Ընդամենը երեք օր անց Պարույր Սևակը ողբերգական վթարի հետևանքով հեռացավ կյանքից։ Սակայն նրա խոսքը շարունակեց իր ճանապարհը դեպի Չեխիա՝ Մոտալովայի թարգմանությունների և Սկումալի նման մարդկանց նվիրվածության շնորհիվ։
Հայերի ներկայությունը Պրահայում, սակայն, սահմանափակված չի եղել միայն գրականությամբ։ Այսօր հայ-չեխական մշակութային երկխոսությունը շարունակում է զարգանալ նոր ձևերով։ Հայ և չեխ արվեստագետները, երաժիշտները, գրողները, գիտնականներն ու մշակութային կազմակերպությունները շարունակում են ստեղծել համագործակցության նոր հնարավորություններ։

Պատմամշակութային հարուստ ժառանգությունն իր յուրահատուկ արտահայտությունն է գտնում նաև երկու մայրաքաղաքների դիմագծում։ Պրահան հայտնի է որպես «հարյուր աշտարակների քաղաք», իսկ Երևանը՝ որպես «վարդագույն քաղաք»։ Թեև դրանք ունեն տարբեր գույներ և ճարտարապետական ուրվագծեր, երկու մայրաքաղաքներն էլ կարողացել են դարերի հարուստ ժառանգությունը ներդաշնակորեն համադրել ժամանակակից և ստեղծարար ոգու հետ։

Թերևս ավանդույթի հենց այս ներդաշնակ համադրությունն է երկու ժողովուրդներին կապող ամենագեղեցիկ կամուրջներից մեկը։

Ես պատկանում եմ մի սերնդի, ում մանկության շրջանում Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները», իսկ ավելի հասուն տարիքում Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխությունը» եղել են այսպես կոչված սեղանի գրքեր. ում տներում մշտապես հնչել են Բեդրժիխ Սմետանայի «Վաճառված հարսնացուն» ու Անտոնին Դվորժակի «Նոր աշխարհ»՝ 9-րդ սիմֆոնիան: Այս հողում են աշխարհ եկել հանճարեղ Գրեգոր Մենդելն, Զիգմունդ Ֆրոյդն ու շատ այլ մեծեր:

Պատմամշակութային մեր հարուստ առնչությունները Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո ստացան նոր՝ միջպետական բովանդակություն՝ վերածվելով քաղաքական, միջխորհրդարանական, տնտեսական, կրթական և մշակութային համագործակցության կայուն ուղղությունների, իսկ երկկողմ հարաբերությունները տարիների ընթացքում ձեռք են բերել ընդգրկուն և բազմաբովանդակ բնույթ։

Բարձր ենք գնահատում Չեխիայի հետ քաղաքական երկխոսության զարգացումը և այն ուշադրությունը, որը Չեխիան ցուցաբերում է Հայաստանի ու տարածաշրջանի նկատմամբ։

Ավելին՝ ՀՀ–ԵՄ հարաբերությունների խորացման ճանապարհին Չեխիան կարևոր գործընկեր և վստահելի կամուրջ է, որն իր աջակցությամբ նոր հնարավորություններ է ստեղծում մեր եվրոպական օրակարգի առաջմղման համար։

Համոզված եմ, որ առաջիկա տարիներին կարող ենք առավել լիարժեք օգտագործել Հայաստան-Չեխիա հարաբերությունների ներուժը՝ ընդլայնելով առևտրատնտեսական կապերը, խթանելով ներդրումային համագործակցությունը, զարգացնելով համագործակցությունը էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, գիտության և կրթության, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։

Այսօր այստեղ՝ Պրահայում, ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է շարունակել Չեխիայի Հանրապետության հետ իր հարաբերությունների կայուն զարգացումը: Նաև ավելի քան վստահ եմ, որ ժամանակի փորձությունն անցած երկու ժողովուրդների բարեկամությունը շարունակելու է ամրապնդվել և նոր բովանդակությամբ հարստանալ՝ առավել տեսանելի դառնալով նաև մեր քաղաքացիների առօրյա կյանքում։

Թո՛ւյլ տվեք այս հանդիսավոր առիթով բաժակ բարձրացնել՝
Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև բարեկամության և գործընկերության հետագա ամրապնդման համար,
մեր ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի, վստահության և բարեկամության համար,
Հայաստանի և Չեխիայի խաղաղության, կայունության, բարեկեցության և առաջընթացի համար։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Չեխիայի Հանրապետությունը, կեցցե՛ Հայաստան-Չեխիա բարեկամությունը»:

Գազ չի լինի Երևանում, Արարատի և Տավուշի մարզերում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 4-ին՝ ժամը՝ 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի թիվ 19/9 բազմաբնակարան շենքի, 19/8 բազմաբնակարան շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ մասնաշենքերի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն՝ Արարատի մարզի Նոր Կյանք բնակավայրի գազասպառողների,

ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ը՝ Տավուշի մարզի Խաշթառակ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Մսի վաճառք՝ սպանդանոցում փորձաքննության կեղծ փաստաթղթերով

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մսամթերքի առուվաճառքով զբաղվող Զ.Մ.-ն, Վ.Խ.-ն և Ս.Յ.-ն 2022 թվականի ընթացքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Վ.Բ.-ից ձեռք են բերել կեղծ անասնաբուժական վկայականներ, համաձայն որի՝ իբր խոշոր եղջերավոր անասունները սպանդանոցում ենթարկվել են անասնաբուժասանիտարական փորձաքննության և նույն սպանդանոցից ենթարկվել մթերման, որից հետո կեղծ վկայականներն օգտագործել են վերոհիշյալ մսամթերքը վաճառելիս: Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ն։

«Ս.Յ.-ի, Վ.Խ.-ի և Զ.Մ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (կեղծ փաստաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):

Հետագայում Վ.Բ.-ի վերաբերյալ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում է կայացվել՝ նրա մահվան հիմքով: Վերջինիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել՝ կեղծ փաստաթղթեր իրացնելու, պատրաստելու, օգտագործելու (10 դրվագ) և ապօրինի ձեռնարակատիրական գործունեությամբ զբաղվելու (8 դրվագ) համար:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,-ասված է հաղորդագրության մեջ։