Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Ծովինար Վարդանյանն ընտրվեց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Նա ՔՊ-ական պատգամավոր է:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է գումարել:

Դուք և Ձեր քույրը Դուբայում հանգստանում էիք, երբ արցախահայությունը բռնի տեղահանվում էր. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը հարց ուղղեց ՔՊ-ական Ծովինար Վարդանյանին՝ անդրադառնալով 2023 թվականի հոկտեմբերի վերջին «Հրապարակ» օրաթերթի մի հրապարակմանը, որտեղ նշված է եղել, որ Ծովինար Վարդանյանն ու քույրը այդ ժամանակահատվածում, երբ Արցախը շրջափակման մեջ էր՝ ծանր վիճակում, հանգստանալիս են եղել Դուբայում:

«Դուք՝ որպես հանրային ծառայող, պետական բարձրաստիճան պաշտոնատար անձ, ի՞նչ պատասխանատվություն և հանրային ծառայողի պաշտոնյայի ի՞նչ գիտակցում եք ունեցել հենց այդ օրերին Ձեր հանգիստն անցկացնելու հետ Ձեր քույրիկի հետ, որը, ի դեպ, ասել էր, որ հատ-հատ բոլորի ականջները կծամի»,- հարցրել է Էդգար Ղազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Էդիկ Մինասյանը տնային կալանքից ազատ է արձակվել

ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի եղբայրը՝ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանը, տնային կալանքից ազատ է արձակվել։

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, այսօր նախնական դատալսումների ընթացքում քննության առնելով խափանման միջոցի հարցը, որոշեց փոխել այն և որպես խափանման միջոց կիրառել բացակայելու արգելքը և վարչական հսկողությունը։

Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պաշտպան Բենիկ Գալստյանից։

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Երեկ Գեղարքունիքում ձերբակալված ԿԳՄՍ վարչության պետին և դպրոցի տնօրեններից մեկին կալանավորել են

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿԳՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, ով ձերբակալվել էր երեկ, կալանավորվել է։

Վերջինս մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու մեջ։

Նրանից զատ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ ձերբակալվել են նաև մարզի մի շարք դպրոցների տնօրեններ, որոնցից մեկը ևս կալանավորվել է։

Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված անձանցից 3-ի, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետի և դպրոցի տնօրեններից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, ևս մեկի նկատմամբ՝ տնային կալանքը: Մնացած մեղադրյալների նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ:

Նշենք, որ Զազյանը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնում նշանակվել է դեռևս 2018 թվականի մարտի 30-ին և այդ պաշտոնը զբաղեցնում է ավելի քան ութ տարի։

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Ս.-ն թիվ 15/48 ընտրական տեղամասում ՀՀ Ազգային Ժողովի հերթական ընտրություններին մասնակցելիս, իր նախընտրած՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը բացահայտ և այլ անձանց համար տեսանելի եղանակով ցուցադրել է նույն ընտրական տեղամասում ներկա անձանց, որից հետո վերոհիշյալ քվեաթերթիկը գցել է քվեատուփի մեջ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Հ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Գազի թանկացումը կբերի նաև ապրանքների ու ծառայությունների թանկացման. տնտեսագետ

Հայաստանում գազի գնի հնարավոր բարձրացման հարցը կարող է լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ՝ անդրադառնալով ինչպես բնակչության սոցիալական վիճակի, այնպես էլ մի շարք արտադրական ճյուղերի և բիզնեսների գործունեության վրա։ Գազի թանկացումը կարող է իր հերթին հանգեցնել տարբեր ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի բարձրացման, ինչպես նաև լրացուցիչ ճնշում ստեղծել ընտանիքների եկամուտների վրա։

Oragir.News-ը տնտեսագետ Գագիկ Մակարյանից հետաքրքրվել է, թե գազի հնարավոր թանկացումն ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա, որ ոլորտներն են առավել զգայուն դրա նկատմամբ, և ինչ այլընտրանքներ կարող է ունենալ Հայաստանը։

Մակարյանի խոսքով՝ առաջին և ամենաանմիջական ազդեցությունը զգալու են գազով ջեռուցվող ընտանիքները։ Եթե ձմռան ամիսներին գազի վճարները զգալիորեն ավելանան, ընտանիքները ստիպված կլինեն իրենց ծախսերի մի մասը կրճատել՝ կոմունալ վճարումները կատարելու համար։

«Եթե, օրինակ, չորս ամսվա ջեռուցման համար ընտանիքը վճարում է 200 հազար դրամ, իսկ գազի թանկացումից հետո այդ գումարը դառնում է 400 հազար կամ ավելի, այդ տարբերությունը պետք է ընտանիքի եկամուտներից փակվի։ Դա նշանակում է, որ ընտանիքը ստիպված է լինելու կրճատել սննդի, բուժման, ուսման և այլ ծախսերը, որ կարողանա վճարել գազի համար։

Այսօր էլ կան ընտանիքներ, որոնք գազ չեն օգտագործում հենց դրա բարձր արժեքի պատճառով և անցնում են այլ վառելիքի։ Գազի հետագա թանկացումը կարող է այդ խնդիրը ավելի խորացնել»,– նշել է տնտեսագետը։

Նրա գնահատմամբ՝ գազի թանկացումը զգալի ազդեցություն կարող է ունենալ նաև էներգատար արտադրությունների վրա, այդ թվում՝ հանքարդյունաբերության, մետաղաձուլության, շինանյութերի և այլ ոլորտների։

«Գազը Հայաստանի տնտեսության մեջ բավականին խորն է ինտեգրված։ Այն մեծ ծավալով օգտագործվում է արդյունաբերության տարբեր ճյուղերում։ Հետևաբար, գազի գնի բարձրացումը առաջին հերթին կբարձրացնի արտադրանքի ինքնարժեքը, իսկ դա, բնականաբար, իր ազդեցությունը կունենա նաև վերջնական գների վրա։

Օրինակ՝ ամրանների, մետաղական արտադրանքի, շինարարության մեջ օգտագործվող մի շարք նյութերի ինքնարժեքը կարող է բարձրանալ»,– ասել է Մակարյանը։

Տնտեսագետը չի բացառել նաև փոքր և միջին ձեռնարկությունների համար ռիսկերը։ Նրա խոսքով՝ գազի թանկացման պայմաններում որոշ տնտեսվարողներ կարող են պարզապես չկարողանալ կրել լրացուցիչ ծախսերը, ինչն իր հերթին կարող է անդրադառնալ աշխատատեղերի վրա։

Միաժամանակ, Մակարյանը կարծիք հայտնեց, որ գազի թանկացման դեպքում Հայաստանը պետք է արագացնի էներգետիկ այլընտրանքների զարգացումը՝ ավելի մեծ դեր տալով էլեկտրաէներգիային և արևային էներգետիկային։

«Եթե էլեկտրաէներգիայի գինը հնարավոր լինի նվազեցնել, ապա մի շարք արտադրություններ կարելի է գազից տեղափոխել էլեկտրական հոսանքի օգտագործման։ Այդ դեպքում գազից կախվածությունը կնվազի։

Պետք է նաև ավելի մեծ դեր տալ արևային կայաններին։ Բայց դրա համար պետք է համակարգային լուծումներ ունենալ, ոչ թե միայն առանձին ծրագրեր իրականացնել»,– ընդգծել է նա։

Մակարյանի խոսքով՝ հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել նաև գազի թանկացման հետևանքները ժամանակավորապես մեղմելու նպատակով սուբսիդավորման մեխանիզմների կիրառումը։ Սակայն, ըստ նրա, պետությունը պետք է միաժամանակ աշխատի երկարաժամկետ լուծումների ուղղությամբ, որպեսզի սուբսիդավորումը չդառնա մշտական բեռ։

«Եթե գազի գինը թանկանում է, պետությունը պետք է լուծում ունենա։ Կարելի է որոշակի ժամանակահատվածում սուբսիդավորման մեխանիզմներ կիրառել, որպեսզի բնակչությունը և բիզնեսը միանգամից չհայտնվեն ծանր վիճակում։ Բայց դրան զուգահեռ պետք է ստեղծվեն մեխանիզմներ, որպեսզի տնտեսությունը կարողանա հարմարվել և աստիճանաբար նվազեցնել գազից կախվածությունը»,– նշել է տնտեսագետը։

Գագիկ Մակարյանի խոսքով՝ հակառակ դեպքում գազի թանկացման հետևանքները կարող են շղթայական լինել՝ սկսած ընտանիքների ծախսերի ավելացումից մինչև արտադրանքի ինքնարժեքի և շուկայական գների բարձրացում։


Մերի Հակոբյան

Զսպվածությո՛ւն ցուցաբերեք, ցինիկ որակում տալու հարցում՝ առավել ևս. Ղազարյանը՝ Մանավազյանին

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության ընթացքում լեզվակռիվ սկսվեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանի և ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանի միջև։

Դոնթի բանաձևով հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը վերապահված էր ՔՊ-ին, խմբակցությունն էլ առաջադրել է Ծովինար Վարդանյանի թեկնածությունը։

Էդգար Ղազարյանը հիշեցրեց, որ ՔՊ-ականները հաճախ են Ազգային ժողովում տարբեր պատգամավորների մասին խոսելիս կամ նրանց ծնողների մասին խոսելուց հիշատակում նախկինում նրանց զբաղեցրած պաշտոնները, մինչև 2018 թվականը, դա որպես կանոն ներկայացնելով որպես բացասական դրսևորում։

«Հիմա տիկին Վարդանյանի լուսահոգի հայրը 1993 թվականից զբաղեցրել է ՀՀ պետնախարարի պաշտոն, 1995-98 թվականներին պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոն, 1998-2000 թվականներին բնապահպանության նախարարի պաշտոնը: Այդ հանգամանքները ձեր խմբակցության ընդհանուր արժեհամակարգային տեսանկյունից կոնֆլիկտ չե՞ն առաջացնում այդ թեկնածուի առաջադրման իմաստով»,- ասաց նա:

ՔՊ- խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, ով լիազորված էր ներկայացնելու Վարդանյանի թեկնածությունը, դիմեց նիստին ներկա «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին նշելով, որ նրա թույլտվությամբ, համաձայնությամբ, երաշխավորությամբ խմբակցության անդամը գործունեություն է ծավալում՝ թիրախավորելով Ազգային ժողովի կին պատգամավորներին։

«Շարունակելով այդ գործելաոճը, իր էջում տեղադրելով կանանց կին պատգամավոր, գործընկեր պատգամավորների լուսանկարները, ցինիկ գրառումներ կատարելով, շարունակելով ներկա լինել հանձնաժողովների նիստին ցինիկ հարցադրումներ կատարելով։ Ես չեմ պատասխանելու որևէ հարցի»։

Հանձնաժողովի ղեկավար Լիանա Մանուկյանը հայտնեց, որ ցանկացած պատգամավոր կարող է ներկա լինել ցանկացած հանձնաժողովի նիստի։

Ղազարյանն էլ ասաց, որ հարցի զեկուցողը պարտավոր եք պատասխանել հնչեցված ցանկացած հարցի։ «Այդ պատասխանները պետք է լինեն սպառիչ և բովանդակային, դուք չեք կարող հրաժարվել հարցին պատասխանելուց, եթե դուք հանձն եք առել, դառնալ որևէ հարցի զեկուցող։ Երբ հարց է տրվում՝ հարցը տրվում է, որպեսզի դուք այդ հարցին պատասխանեք, ոչ թե վերահասցեագրեք այլ սուբյեկտների։ Որևէ մեկից դուք այստեղ հարցի պատասխան ակնկալելու իրավունք չունեք։ Խնդրում եմ ձեր արտահայտություններում ցուցաբերել զսպվածություն և «ցինիկ» որակում տալ առավել ևս։ Խնդրում եմ վերադառնալ և պատասխանել իմ կողմից բարձրացված հարցին»։

Մանավազյանն էլ պնդեց, որ ինքը որևէ բան պարտավոր չի անել։

Տեսանյութ:

Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը առաջիկայում կհանդիպեն

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպի հայ գործընկերոջ հետ։

Այս մասին ԱԳՆ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է՝ պատասխանելով ադրբեջանական ԱՊԱ-ի հարցին։

Նախարարը նշել է, որ վերջին անգամ Արաբատ Միրզոյանի հետ մի շարք հարցերի շուրջ մտքեր են փոխանակել Բիշքեկում։