Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից երկրներին կոչ է արել դուրս գալ ՄՔԴ-ի կազմից

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից:

ԱՄՆ նախագահը դատարանն անվանել է «վերահսկողությունից դուրս եկած կառույց», «ապօրինի կազմակերպություն» և «չար մարդկանց խումբ», գրում է Reuters-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնում պատրաստել են ՄՔԴ–ի դեմ պատժամիջոցների փաթեթ։

Հիշեցնենք՝ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1–ից դարձել է ՄՔԴ–ի 124–րդ լիիրավ անդամ: Հոկտեմբերի 3–ին ԱԺ-ն 60 կողմ, 22 դեմ, 0 ձեռնպահ ձայներով վավերացրել էր Հռոմի ստատուտը:

Թրամփն ու Զելենսկին հանդիպել են. քննարկվել է Ուկրաինայում պատերազմն ավարտելու հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։

Թրամփը հայտարարել է, որ ինքը և Զելենսկին փորձում են լուծում գտնել ստեղծված իրավիճակին։

«Կարծում եմ՝ մեզ կհաջողվի։ Մեր հարաբերությունները շատ ամուր են՝ ինչպես մեր միջև, այնպես էլ Եվրոպայի հետ»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Զելենսկին իր հերթին հույս է հայտնել, որ հնարավոր կլինի պատերազմն ավարտել մինչև ձմեռ՝ նշելով, որ այդ հարցում ակնկալում է Թրամփի աջակցությունը։

«Հույս ունեմ, որ մենք կկարողանանք ավարտել այս պատերազմը մինչև ձմեռ, և Թրամփը կօգնի դրան»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Իրանական ավիաընկերությունները դադարեցրել են չվերթները դեպի Ադրբեջան

Ադրբեջան թռչող իրանական ավիաընկերությունների չվերթները դադարեցվել են. հայտնում է «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունից։

«ԱՄՆ-ի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ սահմանված պատժամիջոցների նոր փաթեթի, մասնավորապես՝ ավիացիոն ոլորտի նկատմամբ կիրառված սահմանափակումների պատճառով, որոշում է կայացվել 2026 թվականի սեպտեմբերի 22-ից դադարեցնել Ադրբեջան թռիչքներ իրականացնող իրանական ավիաընկերությունների չվերթները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի օրն ու մրցակիցը

Հայ մենամարտիկ Արման Ծառուկյանն իր հաջորդ գոտեմարտը կանցկացնի Լաս Վեգասում՝ պայքարելով չեմպիոնական տիտղոսի համար:

Ինչպես հաղորդում է ըմբշամարտի RAF պրոմոուշենի մամուլի ծառայությունը, Ծառուկյանի մրցակիցը կլինի ամերիկացի Դիլոն Դենիսը:

Հայ-ամերիկյան այս դիմակայությունը կգլխավորի RAF 14 մրցաշարը, որտեղ կողմերը կվիճարկեն կազմակերպության միջին քաշային կարգի չեմպիոնի կոչումը: Մրցաշարը կայանալու է հոկտեմբերի 23-ին՝ ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում գտնվող «Fontainebleau Las Vegas» արենայում:

Հիշեցնենք, որ RAF լիգայում Ծառուկյանն իր վերջին գոտեմարտն անցկացրել է հուլիսի 18-ին՝ Միլուոքիում կայացած RAF 11 մրցաշարում, որտեղ միավորներով զիջել է ամերիկացի Քոլբի Քովինգթոնին:

Ինչ վերաբերում է UFC-ում նրա ելույթներին, ապա հայ մարտիկն օկտագոն է դուրս եկել օրեր առաջ՝ սեպտեմբերի 20-ին։ Լոս Անջելեսում կայացած UFC 331 մրցաշարում Ծառուկյանն արդեն առաջին ռաունդում տպավորիչ նոկաուտի էր ենթարկել բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին:

ԱՄՆ-ն, Գրենլանդիան և Դանիան կղզու անվտանգության վերահսկման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի և Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի հետ ստորագրել է Գրենլանդիայի անվտանգության վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը։

Փաստաթուղթը ստորագրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։

Համաձայնագիրը հնարավորություն է տալիս Միացյալ Նահանգներին զգալիորեն ընդլայնել ռազմական ներկայությունը Գրենլանդիայում։

Տեսանյութ:

ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ ոսկե մեդալակիր

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ավարտվել է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շախմատի երրորդ Օլիմպիադան:

ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը 7 հնարավորից վաստակել է 6.5 միավոր՝ գրանցելով լավագույն արդյունքը առաջին խաղատախտակի վրա և արժանացել ոսկե մեդալի։

ՖԻԴԵ-ի տվյալներով՝ մրցաշարին մասնակցել է 36 երկրի 41 թիմ՝ շուրջ 200 շախմատիստով։
Հայաստանը թիմ չի ներկայացրել առաջնությանը։

Թուրքիան ու ԱՄՆ-ն միջուկային նոր համաձայնագիր են ստորագրել

Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային նոր համաձայնագիր է կնքել։

Նա նշել է, որ «Թուրքիայի ատոմային էներգետիկայի կորպորացիայի» (TÜNAŞ) և ամերիկյան «Առևտրի և զարգացման գործակալության» (USTDA) միջև ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր փոքր մոդուլային ռեակտորների և 4-րդ սերնդի ռեակտորների համար։

Համաձայնագիրը ստորագրել են «TÜNAŞ»-ի գլխավոր տնօրեն Նեջաթի Յամաչըն և «USTDA»-ի փոխտնօրեն Թոմաս Հարդին։ Բայրաքթարը նշել է, որ համաձայնագրի շրջանակում գնահատվել է Թուրքիայի համար նոր սերնդի միջուկային տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունը տեխնիկական ու տնտեսական առումով։

Համաձայն 2053-ի համար Թուրքիայի կողմից սահմանված զրոյական արտանետումների և էներգետիկ անկախության նպատակների՝ Թուրքիան վճռական է տրամադրված դիվերսիֆիկացնել իր էներգետիկ համակարգը:

«Մեր խոշոր ատոմակայաններից բացի մենք կշարունակենք կառուցել ուժեղ և ժամանակակից էներգետիկ ենթակառուցվածք՝ մանրակրկիտ ուսումնասիրելով մեր երկրի կարիքների համար ամենահարմար այլընտրանքները»,- նշել է նախարար Բայրաքթարը:

Փետրվարի 8-ից կսահմանափակվի «շահումով խաղ», «խաղատուն» և «խաղասրահ» անվանումների օգտագործումը

2027 թվականի փետրվար 8-ից գործողության մեջ է դրվելու «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն՝ արգելվում է կազմակերպության անվանման կամ ֆիրմային անվանման կամ ապրանքային նշանի կամ կայքերի անվանման կամ ցուցանակների մեջ օգտագործել «շահումով խաղ» (այդ թվում՝ «խաղատուն», «խաղասրահ»), «ինտերնետ շահումով խաղ», «վիճակախաղ», «բուքմեյքերային գործունեություն» (այդ թվում՝ «բուքմեյքերային գրասենյակ», «տոտալիզատոր») բառերը, դրանց ածանցյալները կամ թարգմանությունները։

Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

Նշված սահմանափակումը վերաբերում է այն անձանց, որոնք չունեն օրենքով սահմանված համապատասխան խաղային գործունեության լիցենզիա։

Հաշվի առնելով նոր իրավակարգավորումը՝ ՊԵԿ-ը հորդորում է համապատասխան լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների և դրանց ածանցյալների կամ թարգմանությունների օգտագործումից և խուսափել օրենքով սահմանված խախտման յուրաքանչյուր դեպքի համար 500 հազար ՀՀ դրամի չափով տուգանքից։

«Չէի կարող այդ չոլերից կտրուկ հայտնվել բեմում». Վահագն Սիմոնյանը 10 տարվա դադարից հետո վերադարձել է

10 տարի ելույթ չունենալուց հետո դերասան Վահագն Սիմոնյանը բեմ բարձրացավ «Ես վերադարձա» 2 ժամից ավելի տեւած սթենդափով՝ լի ուրախությամբ, անցած ճանապարհի դառը դասերով, բայց կյանքի նկատմամբ անսահման սիրով ու լավատեսությամբ։

Երկար տարիներ անտուն մնացած ու մարդկանցից մեկուսացած դերասանը վերադարձել է իմաստնացած ու նոր փորձով։ Նրա անմոռանալի արկածները, ապրած հետաքրքիր օրերն ու խորհրդավոր մտքերը հուզեցին հանդիսատեսին: Երբ Սիմոնյանն անկեղծացավ, որ կարոտել էր նրանց, դահլիճից էլ փոխադարձ կարոտի խոստովանություններ հնչեցին։
Դերասանը խորհուրդ տվեց երբեք ու ոչ մի իրավիճակում չընկճվել եւ խավարից չվախենալ, քանի որ դրան միշտ հաջորդում է լույսը։ Պատմեց ծնողներից ու իրեն կրկես տանող պապիկից, որի շնորհիվ տպավորվել էր Լեոնիդ Ենգիբարյանով ու երազել նրա պես ծաղրածու դառնալ։ Այդ նպատակով օրերով սովորում էր մեկ անիվով հեծանիվ վարել, ինչը հատկապես զայրացնում ու ամաչեցնում էր հորը, քանի որ նա չէր ցանկանում, որ որդին դերասան դառնա։

Ապա հանդիսատեսին իր հետ տարավ հեռավոր ԳԴՀ, որտեղ ծառայում էր ու շատ անկարգ զինվոր էր, հետո վերադարձավ Երեւան՝ ընկերների հետ արկածներ որոնելու ու Երիտասարդական պալատում խնջույքներ անելու համար։

Սթենդափը ժամանակ առ ժամանակ ընդհատվում էր էկրանին ցուցադրվող նրա հարցազրույցներից մտքերով, ժամանակին շատ հայտնի «Թաքնված տեսախցիկ»-ի կադրերով ու ֆիլմերից մեջբերումներով։

«Երջանիկ եմ: Ամեն առավոտ արթնանում եմ ու այս արեւը տեսնում։ Ասում եմ՝ Փառք քեզ, Տեր Աստված, այս պահին միլիոնավոր մարդիկ աշխարհում մեռնում են, ես ողջ եմ։ Ամենամութ պահը լուսաբացից առաջ է: Ու մինչեւ լույսի գալը բնությունը սկսում է կենդանանալ, եւ տարբեր կողմերից սկսում են հնչել թռչունների ձայները։ Բառերով չեմ կարող բացատրել, թե դա ինչ զգացողություն է։ Երբ մի երեք անգամ դա ապրում ես, զգում, հասկանում ես՝ դրանից առավել զգալու ոչինչ չկա»,- բնության հետ իր կապն այսպես է բացատրել նա։

Մանրամասն՝ bravo.am կայքում։

Ուկրաինայում հակամարտությունը կկարգավորվի ավելի արագ, քան շատերն էին կարծում․ Թրամփը՝ ՄԱԿ-ում

Ուկրաինայում հակամարտությունը կկարգավորվի ավելի արագ, քան շատերն էին կարծում․ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ միևնույն ժամանակ ժամկետներ չնշելով։

ԱՄՆ նախագահի ելույթը՝ կետերով․

ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության հետ՝ հակամարտությունը դադարեցնելու համար։

ԱՄՆ-ն ավելի ուժեղ է, քան երբևէ, երկրի բանակն ամենահզորն է աշխարհում։
ԱՄՆ-ն վերածվել է մոլորակի ամենահզոր երկրի։

ԱՄՆ-ն երբեք թույլ չի տա Թեհրանին ձեռք բերել միջուկային զենք։
Ես վստահ եմ, որ Միացյալ Նահանգները գործարք կկնքի Իրանի հետ նոյեմբերին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։

Նավթի համաշխարհային գները շուտով կնվազեն մինչև այն մակարդակը, որը եղել է Իրանի հետ հակամարտության սկսվելուց առաջ։