Ցավոք, ամեն ինչ վատ է. Զիդանը՝ Մբապեի վնասվածքի մասին

Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անդրադարձել է Ազգերի լիգայի A լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ Թուրքիայի թիմի դեմ խաղում Կիլիան Մբապեի ստացած վնասվածքին՝ խոստովանելով, որ այն կարող է բավականին լուրջ լինել։
Մադրիդի «Ռեալի» հարձակվողը 54-րդ րոպեին դարձել էր հանդիպման միակ գոլի հեղինակը, սակայն հենց հարվածի ժամանակ վնասել էր ծունկն ու 59-րդ րոպեին ստիպված լքել խաղադաշտը։

«Ցավոք, ամեն ինչ վատ է։ Կարծում եմ՝ Կիլիանը ստիպված կլինի վերադառնալ Մադրիդ։ Մենք չենք պատրաստվում ռիսկի դիմել։ Հարվածի ժամանակ նրա մոտ ծնկի գերձգվածություն է առաջացել։ Սա այնքան էլ հուսադրող չէ՝ հաշվի առնելով, որ նա չկարողացավ շարունակել հանդիպումը»,- Զիդանի խոսքերն է մեջբերում TF1-ը։

Նախնական տվյալներով՝ Մբապեի մոտ արձանագրվել է ծնկի կապանների վնասվածք։

Մոլդովայում 60 օրով արտակարգ դրություն է սահմանվել էներգետիկ և հիդրոլոգիական ոլորտներում

Մոլդովայում սեպտեմբերի 26-ից ուժի մեջ է մտել էներգետիկ և հիդրոլոգիական ոլորտներում հայտարարված 60-օրյա արտակարգ դրությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վկայակոչելով Մոլդովայի կառավարության հաղորդագրությունը՝ համապատասխան որոշումը երկրի խորհրդարանն ընդունել է սեպտեմբերի 22-ին։ Արտակարգ դրությունը կանխարգելիչ բնույթ ունի և պայմանավորված է ցուրտ եղանակային շրջանին ընդառաջ էներգետիկ ու ջրամատակարարման մի քանի ռիսկերի միաժամանակյա աճով։

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանը ընդգծել է, որ իշխանություններին անհրաժեշտ են հնարավոր ճգնաժամին արագ արձագանքելու գործիքներ։

Կառավարության տվյալներով՝ երկիրը ցուրտ եղանակային շրջանի համար արդեն պայմանագրերով ապահովել է անհրաժեշտ բնական գազի ավելի քան 90 տոկոսը, սակայն վերջնական գինը կախված է եվրոպական շուկայում հետագա զարգացումներից։Միաժամանակ Մոլդովան ջրի խիստ պակաս է արձանագրել Դնեստր և Պրուտ գետերում։

Ուկրաինայի տարածքում գտնվող Նովոդնեստրովսկի ջրամբար վերջին շաբաթներին վայրկյանում միջինը շուրջ 22 խորանարդ մետր ջուր է մուտք գործել, մինչդեռ անհրաժեշտ է առնվազն 60 խորանարդ մետր։

«Երևան» տոնավաճառի մոտ ավտոմեքենայից դհոլ, դուդուկ, զուռնա և պայուսակ են գողացել

Սեպտեմբերի 10-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Սևանի փողոցում գտնվող «Երևան» տոնավաճառի մոտ ավտոմեքենայից գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկանները պարզել են, որ ժամը 14։00-ից մինչև 19։30-ն ընկած ժամանակահատվածում Սևանի փողոցի 33/2 հասցեի մոտ կայանված Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Դավիթ Ա․-ին պատկանող «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի հետևի աջ կողային ապակին կոտրելու միջոցով սրահից գողացել են վերջինիս պատկանող դհոլը, դուդուկը, զուռնան և պայուսակը, որում եղել է անձնագիր և անլար ականջակալ՝ այդ կերպ պատճառելով մոտ 800 հազար ՀՀ դրամի գույքային վնաս։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ սեպտեմբերի 11-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 50-ամյա Աշոտ Ի․-ն և ձեռնարկում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ռուսաստանը 7 ոսկե մեդալով առաջինն է․ Բռնցքամարտի ԵԱ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Ռուսաստանի թիմը մեդալային հաշվարկում գրավեց առաջին տեղը։

Ռուսաստանի թիմը նվաճեց 7 ոսկե, 5 արծաթ և 3 բրոնզե մեդալ։

Մեդալային հաշվարկի երկրորդ տեղում է Թուրքիան՝ 3 ոսկե, 1 արծաթե, 5 բրոնզե մեդալ։

Հայաստանի հավաքականը նվաճել էր 2 բրոնզ։

Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․«2023 թվականի այս օրերին Արցախի տարբեր հիվանդանոցների մի խումբ նվիրյալ բուժաշխատողներ, կամավորներ պայքարում էին ադրբեջանական ագրեսիայի ու «Հայկազովի» վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տարբեր ծանրության վիրավորումներ ստացած անձանց կյանքի համար։

Իրադրությունը հատկապես ծանր էր այն տեսանկյունից, որ Արցախում մեծ խուճապ էր, տարբեր բնակավայրերում և մայրաքաղաք Ստեփանակերտում ադրբեջանցիներն արդեն ազատ շրջում էին, մարդկանց մի մասն իրերն էր հավաքում, տրանսպորտի և բենզինի հարց լուծում, իսկ հազարավոր մարդիկ արդեն Լաչինի միջանցքով ՀՀ-ի ճանապարհին էին։

Բուժաշխատողների մի մասը, տարբեր իրավիճակների բերումով, արդեն դուրս էր եկել Ստեփանակերտից, և Արցախում գտնվող հարյուրավոր վիրավորների՝ բեկորայինից մինչև այրվածքային, առաջին օգնությամբ, բուժումով և հետագայում՝ ճանապարհելով զբաղվում էին սահմանափակ թվով բուժաշխատողներ և կամավորներ։

Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին։

Մեծագույն հարգանք այս մարդկանց ու բոլոր այն նվիրյալներին, ովքեր հայրենիքի համար չափազանց ծանր իրավիճակում պահեցին իրենց մարդկային ու մասնագիտական դեմքը և մինչև վերջին պայքարեցին»։

Նոր հաստիք` Նիկոլ Փաշինյանի ծուռ հայելիների կառավարությունում

Չի բացառվում, որ Թունյանի կինը ուղղակի չի հաճախում աշխատանքի, այդ պատճառով չգիտի թե կոնկրետ ո՞ր հիմնարկից է աշխատավարձ ստանում։

Մբապեն լքում է հավաքականի ճամբարը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է ազգային թիմի ճամբարը։ Այս մասին տեղեկանում ենք «եռագույնների» մամուլի ծառայության՝ սոցիալական ցանցերում տարածած պաշտոնական հաղորդագրությունից։

«Կիլիան Մբապեն ծնկի վնասվածք է ստացել այն հարվածի ժամանակ, որն ավարտվեց հաղթական գոլով։ Խաղացողի մոտ ախտորոշվել է ջլի վնասվածք, ինչի պատճառով նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը։ Շուտափույթ ապաքինում, Կիլիա՛ն»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի ավագը վնասվածքն ստացել էր Ազգերի լիգայի A լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ Թուրքիայի դեմ ուրբաթ` սեպտեմբերի 25-ին կայացած խաղում (1-0): 27-ամյա հարձակվողը 54-րդ րոպեին դարձել էր հանդիպման միակ և հաղթական գոլի հեղինակը, սակայն ծնկի հետ կապված խնդիրների պատճառով չէր կարողացել շարունակել հանդիպումն ու արդեն 59-րդ րոպեին փոխարինվել էր։

Սպասվում է, որ մոտ ժամանակներս Մբապեն կվերադառնա Մադրիդ, որտեղ կենթարկվի լրացուցիչ բժշկական հետազոտության՝ ապաքինման ստույգ ժամկետները պարզելու նպատակով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «եռագույնների» ճամբարը ծնկի կապանի վնասվածքի պատճառով լքել էր նաև Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեն։

Իրանը ԱՄՆ-ին առաջարկել է Հորմուզի նեղուցը բացելու ծրագիր, Թրամփը մերժել է այն

Իրանը ԱՄՆ-ին միջնորդների միջոցով փոխանցել է խաղաղության ծրագիր, որի համաձայն՝ որոշ պայմանների կատարման դեպքում Հորմուզի նեղուցով նավագնացությունը կարող է վերականգնվել յոթ օր անց։ Այդ մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։

Նրա խոսքով՝ համաձայնության դեպքում նախատեսվում է նաև դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանում և վերադառնալ երկարաժամկետ խաղաղության շուրջ բանակցություններին։

Իրանական առաջարկը, ըստ Reuters-ի՝ հղում անելով The Wall Street Journal-ին, ներառում է նաև ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների շրջափակման վերացումը, իրանական սառեցված միջոցների ազատումը և նավթի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը։
Միևնույն ժամանակ The Wall Street Journal-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Իրանի առաջարկը։ Ըստ հրապարակման՝ Թրամփը կասկածում է, որ Թեհրանը կկատարի պայմանավորվածությունները, և չի բացառել ռազմական գործողությունների վերսկսումը։

Reuters-ը նշել է, որ այդ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել ԱՄՆ-ի կողմից։
Իրանի առաջարկի հրապարակումից հետո նավթի գները նվազել են․ Brent տեսակի նավթի ֆյուչերսների գինը որոշ ժամանակով իջել է մեկ բարելի դիմաց 106 դոլարից ցածր։

Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Վրաստանի ազգային հավաքականը մինչև 2028 թվականի ավարտը կգլխավորի վրացի մասնագետ Ռամազ Սվանաձեն։ Ինչպես հայտնում է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, գլխավոր մարզչի պաշտոնում Սվանաձեն կփոխարինի ֆրանսիացի Վիլի Սանյոլին։

Սանյոլը Վրաստանի հավաքականի ղեկը ստանձնել էր 2021 թվականի փետրվարին։ Այդ ընթացքում ազգային թիմն անցկացրել է 57 հանդիպում։ Ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ Վրաստանի ընտրանին հասել է պատմական հաջողության՝ 2024 թվականին առաջին անգամ հանդես գալով Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում, որտեղ կարողացավ հաղթահարել խմբային արգելքն ու հայտնվել մրցաշարի լավագույն 16 թիմերի շարքում։

Մինչ այս նշանակումը Ռամազ Սվանաձեն գլխավորում էր Վրաստանի Մ-21 հավաքականը, որի հետ երկու անգամ մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլերին։ Երիտասարդական հավաքականի որակավորման փուլի վերջին երեք հանդիպումներում Սվանաձեին կփոխարինի նրա օգնական Գիորգի Ադամիան։

Պաշտոնական հաղորդագրության վերջում ֆեդերացիան շնորհակալություն է հայտնել Վիլի Սանյոլին՝ ազգային հավաքականում անցկացրած յուրաքանչյուր րոպեի և այն էմոցիաների համար, որոնք թիմն ու երկրպագուներն ապրել են այս պատմական ճանապարհին։

Սպարտակ Միքայելյանը պրոֆեսիոնալ MMA-ում տարել է իր երրորդ վաղաժամ հաղթանակը

Հայ մարտիկ Սպարտակ Միքայելյանը Լաս Վեգասում կայացած Tuff-N-Uff 157 մրցաշարում հաղթել է Ուիլ Գիբսոնին։ Մենամարտն ավարտվել է տեխնիկական նոկաուտով առաջին ռաունդի 57-րդ վայրկյանին։

21-ամյա Միքայելյանի համար սա երրորդ հաղթանակն է երեք պրոֆեսիոնալ մենամարտերում, և բոլոր երեքն էլ նա ավարտել է վաղաժամ։ 2026 թվականի մարտին նորամուտից հետո հայ մարզիկը ցավեցնող հնարքով հաղթել է Վիկտոր Ռեքլիֆին, ապա հարվածներով ավարտել Իթան Սոդերստրոմի և Գիբսոնի հետ մենամարտերը։

Մինչև պրոֆեսիոնալ MMA անցնելը Միքայելյանը միջազգային մրցաշարերում ներկայացրել է Հայաստանը։ Նա դարձել է երկրի առաջին ներկայացուցիչը, որը հաղթել է IMMAF-ի վարկածով մեծահասակների MMA-ի աշխարհի առաջնությունում, ինչպես նաև նվաճել է երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը կիմոնոյով գրեփլինգում։