Ժողովրդին անհնար է բնաջնջել. «Սանթոս» ֆուտբոլային ակումբը՝ Հայոց ցեղասպանության մասին

Բրազիլական «Սանթոս» ֆուտբոլային ակումբն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին՝ իր հարգանքի տուրքը մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ակումբի «Ինստագրամ»-ի էջի սթորի բաժնում լուսանկար է հրապարակվել՝ հետևյալ գրությամբ.
«Ժողովրդին անհնար է բնաջնջել»։

Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մյուս պաշտոնյաների հետ այսօր՝ ապրիլի 24-ին, այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Ասյօր լրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը:

Ցեղասպանության դասերը. չփախչե՛լ անկախությունից, չներքաշվե՛լ օտարի կռվին

Ասում են՝ պատմությունը կրկնվում է, երբ դասեր չես քաղում։ Ի՞նչ կարևոր դասեր պիտի քաղենք մեծ ողբերգությունից՝ Հայոց ցեղասպանությունից, որի տարելիցն է այսօր՝ ապրիլի 24-ին։

Մինչև վերջերս կարծում էին, թե 21-րդ դարում մարդկության դեմ նման հանցագործություններ չեն լինի։ Սակայն մեր աչքի առաջ չբարեկամները զավթեցին Արցախը և բռնի տեղահանեցին հայերին, ինչը մարդկության դեմ հանցագործություն է։ Ենթադրելի է, որ եթե Հայաստանում և Արցախում քաղաքականություն որոշողները սերտած լինեին Ապրիլի 24-ի դասերը, ապա Արցախը կպահեին, գուցե նաև Արցախի ինքնորոշման իրավունքը կճանաչվեր աշխարհի կողմից։

Առաջին կարևոր դասը սերտել էին բոլորը, բացի Նիկոլ Փաշինյանից։ Այն շատ պարզ, տարրական գիտելիք էր, Հայկ Նահապետից ավանդված։ Եթե Հայկը անկախության համար չկռվեր, ապա այսօր հայ չէր լինի։ Սեպտեմբերի 21-ից հետո հայերը հասկացան, որ ցեղասպանության ռիսկը նվազեցնելու համար անհրաժեշտ է ունենալ պետություն։ 19-րդ դարում Օսմանյան կայսրության բազմաթիվ ժողովուրդներ պայքարեցին ու անկախություն ստացան, հայերը չէին ուզում անկախություն։ Եթե 1876-ին Հայաստանն անկախանար, ապա 1915-ին թուրքերը չէին ցեղասպանի հայ ժողովրդին։ Հիմա ինչքան ամուր պաշտպանենք անկախությունն, այնքան փոքր կլինի ցեղասպանվելու վտանգը։ Ինչքան նահանջենք անկախությունից, այնքան ռիսկը կաճի։

Սա էր պատճառը, որ երբ 1995-ից սկսած ՀՀ իշխանությունն անկախությունից նահանջի քայլեր արեց՝ ռուսական ռազմակայան դրեց, հետո ռուսներին կոպեկով ծախեց կարևոր ենթակառուցվածքները, հետո տնտեսությունն ամբողջությամբ կապեց ռուսական սայլին, ապա ցեղասպանվելու ռիսկը մեծացավ։ Հավանաբար՝ սա գիատակցելով՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը դարձավ արտաքին քաղաքական առաջնահերթություն։ Հավանաբար, կարծում էին, թե եթե ամենուր խոսենք Հայոց ցեղասպանության մասին, ապա ռուս-թուրք չբարեկամները կխղճան ու չեն ցեղասպանի մեզ։

Ամեն ինչ փոխվեց 2018-ին, երբ ռուսների միջոցով ֆորպոստի վարչապետ կարգվեց Փաշինյանը, որն արհամարհում էր ՀՀ անկախության պաշտպանության խնդիրը մինչև 2023-ի սեպտեմբերի 24-ը։ Ոմանք կանխատեսում էին, որ այս պատճառով ազգային մեծ աղետ է լինելու, բայց Փաշինյանը շարունակում էր ապազգային կուրսը։

Նույնիսկ 2020-ի պատերազմի օրերին, երբ սահմանային իրավիճակ էր և թվում էր, թե պետք է ողջամիտ որոշումներ ընդունեն անկախության պաշտպանության հարցում և կանգնեցնեն պատերազմը, Փաշինյանը գերադասում էր սպասարկել ռուսական շահերը, ինչն էլ հայերի դեմ պատերազմի լեգիտիմացման հիմք տվեց, հետո նաև հայերի բռնի տեղահանման։

Ցեղասպանության երկրորդ կարևոր դասն այն է, որ մահացու վտանգավոր է ուրիշի պատերազմին մասնակցելը։ Այն արդրացված է մեծ տերությունների համար, որոնք շահ ունեն աշխարհի բոլոր անկյուններում։ Փոքր երկրի, առավել ևս՝ անկախություն չունեցող ժողովրդի համար օտարի կռվին մասնակցելը մահացու է ռիսկային է։ Այդ ռիսկը նվազեցնելու համար մասնակցության պատասխանատվությունն իր վրա է վերցնում առաջնորդը, ինչպես, օրինակ, Մելիք Եգանը պատասխանատվություն ստանձնեց Նադիր շահի անատոլիական արշավանքին հայկական 6 գումարտակով մասնակցելու ժամանակ։ Իսկ երբ պատասխանատվությունը դրվում է ժողովրդի վրա, ապա ժողովուրդն է դառնում թիրախ թշնամու համար։ 1914-ին հայկական 4 կամավորական գնդեր էին կռվում ռուսական բանակի առաջին շարքում։ Պարզ չէ՞ր, որ երիտթուրքը կարող էր վրեժ լուծել հայերից դրա համար։

Ներկայումս քաղաքական առաջնորդներն իրենց սխալների պատախանատվությունը փորձում են բարդել ժողովրդի վրա։ Փաշինյանն իր աղետալի սխալների մեծ մասը փորձում է ուղղակի կամ անուղղակի բարդել ժողովրդի վրա։ Եթե աշխարհում հիմք ընդունեն քաղաքական առաջնորդների մեղադրանքները հայ ժողովրդի հասցեին, ապա տպավորություն կստեղծվի, թե մենք այնքան սխալ ենք մտածում ու գործում, այն աստիճանի ռեալ վտանգ ենք ներկայացնում աշխարհի, մարդկության, խաղաղության համար, որ արժանի ենք ցեղասպանվելու։

Ինչևէ. Դառնանք զօղորմին տի տանք 1,5 միլիոն նահատակներին։ Նրանց սրբությանն արժանի լինենք։ Եվ հուսանք, որ վաղվա առաջնորդները կսերտեն այս դասերը՝ անկախության պաշտպանությանն ուղղված գործուն քայլեր կանեն։ Փոքրոգաբար չեն վախենան ու չեն փախչի անկախությունից, հաստատ կմնան ժողովրդի ազատության համար պայքարի դիրքերում, ամոթալի զիջումներ չեն անի, չեն նահանջի, ժողովրդի վրա չեն գցի իրենց խայտառակ սխալները, չեն ներքաշի ժողովրդին օտարի պատերազմի մեջ, չեն ստեղծի ցեղասպանության առիթ։

Թաթուլ Մկրտչյան

Եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն բնականաբար գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» հետևից. Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ստագնացիայի մեջ

Դա վկայում են թե Հայաստանի կողմից հնչող հայտարարությունները, թե ընդհանուր գործընթացները։

Հայաստանի իշխանությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը փաստացի կապել են բացառապես TRIPP նախագծի իրականացման հետ, մինչդեռ Թուրքիան իր հերթին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ։ Արդյունքում ձևավորվել է երեք փոխկապակցված գործընթացներից բաղկացած շղթա՝ TRIPP նախագծի իրականացում, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, որոնք միմյանցից կախված ամբողջական փաթեթ են դարձել։

Այս պայմաններում դրանցից որևէ մեկի ձախողումը անմիջապես ազդում է մյուսների վրա։

Այս պահին TRIPP-ի ուղղությամբ էական առաջընթաց չի նկատվում, ինչը ենթադրում է նաև մյուս գործընթացների դանդաղում։ Նախագծի իրականացման հեռանկարները մասամբ կախված են նաև Իրան–ԱՄՆ հարաբերություններից։ Վերջին պատերազմի ժամանակ Իրանը բազմիցս ցույց է տվել, որ կարող է հարվածել տարածաշրջանում ամերիկյան ոչ միայն ռազմական, այլև տնտեսական նախաձեռնություններին, ինչպիսին է նաև TRIPP-ը։ Հետևաբար նախագծի իրականացումը հետայսու կախված է ոչ միայն ԱՄՆ-ից, այլև Իրանից։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն բնականաբար գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» հետևից։ Անկախ նրանից՝ այն կկոչվի TRIPP, թե «Զանգեզուրի միջանցք», դրա ռազմավարական նպատակը կմնա նույնը, սակայն մոդերատորն այլ կլինի:

Այսպիսով, ձևավորվում է հետևյալ տրամաբանությունը․ եթե չկա TRIPP, ապա դժվար է պատկերացնել հայ-ադրբեջանական խաղաղության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջընթացը։

Իսկ եթե TRIPP-ը չիրականացվի, ապա մեծանում է այլընտրանքային՝ ավելի ռիսկային սցենարների հավանականությունը։

Այլընտրանքների բացակայությունը Հայաստանի իշխանության արտաքին քաղաքական հաշվարկների հերթական տապալումն է»:

Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ ՊԵԿ նախկին նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Վարդան Հարությունյանը տարեսկզբին 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Գլխավոր դատախազությունը նրան ազատ արձակելու դատարանի որոշումը բողոքարկել էր վերադաս ատյան։

Հարությունյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը «Հրապարակ»-ին ասաց, որ վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը, Հարությունյանը կշարունակի մնալ ազատության մեջ։

Նշենք, որ Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահ է եղել 2016-2018թթ․։ 2018 թվականին հարուցված քրեական վարույթով՝ մինչեւ իշխանափոխությունը ՊԵԿ-ին պատկանող մաքսատան շենքում տարածք է տրամադրվել հանցավոր գործունեություն իրականացնող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը: Դեռ 2018-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, թե հանցավոր սխեմա են բացահայտել, ու նշել, որ այդ շղթայում նաեւ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ կան:

Այդ ժամանակ ԱԱԾ տարածած տեսանյութում ասվում էր, որ 2017 թվականի հունիսին Հայաստանում հիմնադրվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը, եւ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները Թուրքիայից, Չինաստանից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից բեռներ տեղափոխող ընկերություններին պարտավորեցրել են այսուհետ ապրանքները մաքսազերծել բացառապես «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության միջոցով։

Նշենք նաեւ, որ Հարությունյանը ձերբակալվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանն առնչվող քրեական վարույթի շրջանակներում։

Հիշեցնենք, որ 2018թ. մայիսին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց:

Ընդ որում, ընկերության ձեւավորման եւ գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ի դեպ, Վարդան Հարությունյանը ներկա էր «Ուժեղ Հայաստանի» վերջին հանրահավաքին:

Պատմական սահմաններն ու արդարությունը վերականգնելու կոչերի վերջին կանգառը հայրենիքի կորուստն է. Փաշինյանի ուղերձը Ցեղասպանության 111-րդ տարելիցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով է հանդես եկել ապրիլի 24-ի կապակցությամբ։

«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,
այսօր մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության մեծ Եղեռնի զոհերի հիշատակը և հարգանքի տուրք ենք մատուցում մեր այն հայրենակիցներին, ովքեր հայ լինելու համար ջարդի, տեղահանության ու սովի ենթարկվեցին Օսմանյան կայսրությունը։

Մեծ Եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, որը մեր ժողովուրդը վերապրում է արդեն 111 տարի։

Ամեն տարի ապրիլի 24-ին մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների թափորը բարձրանում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր խոնարհվելու մեր նահատակված հայրենակիցների առջև ու ապրիլի 24-ի մեր համազգային երթը նաև մտածելու, խորհելու, պատմությունը գնահատելու և մեծ եղեռնի կրկնությունը թույլ չտալու հաստատակամության դրսևորում է այս մտածումների և հաստատակամ վրա է հիմնված մեր Հայաստանի Հանրապետության կառավարության և կառավարող մեծամասնության վերջին տարիների քաղաքականությունը։

Ձեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատգամով մենք վճռականություն ենք դրսևորել առավել խորությամբ հասկանալու մեր ժողովրդի անցյալում ապրած ու պարբերաբար կրկնվող պատմությունը, ապագայում այդ պատմության կրկնությունը թույլ չտալու մեր այսօրը և գալիքը լավը դարձնելու համար։

Այսօր մենք հասել ենք այդ նպատակին, այդ թվում նրա շնորհիվ, որ հասկացել ենք, որ չի կարելի թույլ տալ, որ Մեծ Եղեռնը միջազգային խաղացողների, մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա։ Մեր գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած հայոց պատմության հատորյակում է հիմնավոր կերպով արձանագրված է, որ մեծ եղեռնը այլոց թվում հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք է, գործելակերպ, որը մեկնարկեց 19-րդ դարի կեսերից և իր ողբերգական կուլմինացիային հասավ 1915 թվականին։

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, մեր ժողովրդի մեծագույն փափագը իրականացված է։ Մենք ունենք պետություն և մենք ունենք խաղաղություն։

Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա։ Այս պատմական նպատակը իրագործելու համար մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս։

Այս տարածքը փոքր չէ հայ ժողովրդի բարգավաճման, զարգացման ու բարեկեցության համար։ Այսօր մեր տասնյակ բնակավայրեր դատարկ են, տասնյակ բնակավայրեր և ընդհանրապես մեր պետությունը թեր բնակեցված։ Սրա պատճառը խաղաղության բացակայությունն է եղել և գիտակցման բացակայությունը, որ հայրենիքը պետությունն է, ինքնությունը պետությունն է, անվտանգությունը պետությունն է, իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և այս գիտակցության վրա հիմնվելով, հայ ժողովուրդը պետք է դուրս գա գաղթի և պանդխտության տրամաբանությունից։

Հայաստանի Հանրապետությունը իր այսօրվա տարածքով կարող է 5 միլիոն, 10 միլիոն հայերի բնակության վայր լինել։ Սինգապուրի տարածքը Սևանա լճի երկու երրորդից էլ պակաս է, բայց այնտեղ 5.5 միլիոն մարդ է ապրում, որովհետև պետությունը հիմնված է կրթության, ինքնահայեցման, խաղաղության ու մարդակենտրոն ձգտումների վրա։

Այսօր մենք Հայաստանի Հանրապետությունն առաջնորդում ենք հենց այս տրամաբանությամբ, իրական Հայաստանի գաղափարախոսությամբ։ Հասկանալով, որ խաղաղությունն ու անվտանգությունը առաջին հերթին հարևանների հետ կարգավորված հարաբերություններն են, հիմնված միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը և քաղաքական անկախությունը ճանաչելու վրա։

Այն ուժերը, որոնք հանդես են գալիս կորսված հայրենիքը վերադարձնելու պատմական սահմանների և արդարության վերականգնման կոչերով ու տրամաբանությամբ, Հայաստանի Հանրապետությունը դնում են 1878 թվականի Սան Ստեֆանոյի կոնֆերանսի ռելսերի վրա, որի անխուսափելի վերջին կանգառը պետականության ու հայրենիքի կորուստն է, որովհետև աշխարհում յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, յուրաքանչյուրն ունի իր արդարությունը, յուրաքանչյուրն ունի իր կորուսյալ հայրենիքը։

Մենք ի վերջո դուրս ենք եկել այս թակարդից և Հայաստանը կրկին այդ ուղղությամբ տանելու փորձերը մեր պետությանն ու ժողովրդին ուղղված հրավեր են դեպի կառափնարան։ Զոհերի և զոհողությունների գնով մենք գտել, վերգտել ենք մեր հայրենիքը և այդ հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է։ Մեր բոլոր նահատակների, զոհողությունների հատուցումը Հայաստանի Հանրապետության հարատևությունն է։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատությունը անվտանգությունը, բարեկեցությունն է մեր բոլոր նահատակների, իղձերի և ընդհատված երազանքների իրագործումը։

Մենք գնում ենք այս ճանապարհով, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը գնում է այս ճանապարհով, փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին

Ապրիլի 24-ին խորհրդանշական հաղթանակ Աշխարհի գավաթում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

«Դավիթ Չալոյանը 1/4 եզրափակիչում հաղթեց թուրք բռնցքամարտիկին և դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

2-րդ ռաունդում մեր մարզիկի հարվածաշարից հետո թուրք բռնցքամարտիկը վնասվածք ստացավ։

Մրցավարները, գնահատելով մինչև այդ մարզիկների վաստակած միավորները, հաղթանակը շնորհեցին Չալոյանին։ Վաղը մեր մարզիկը կպայքարի եզրափակչի ուղեգրի համար։

Ցավոք, նման իրավիճակում պարտություն գրանցվեց Ռուդոլֆ Գարբոյանին, որը հասել էր 1/4 եզրափակիչ»։

Հավերժ միացաք Ձեր հերոս որդուն. Սիլվա Հակոբյանի գրառումը՝ Աննա Աբաջյանի մահվան առիթով

Հայկական էստրադայի սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանը միացել է հերոսածին մոր՝ Աննա Աբաջյանի կորուստը սգացող հազարավոր հայրենակիցներին: Երգչուհին, ով մշտապես աչքի է ընկնում իր հայրենասիրական կեցվածքով, սոցցանցերի իր էջում անկեղծ ու ցավով լի գրառում է կատարել:

Սիլվա Հակոբյանը, կիսվելով իր ապրումներով, նշել է, որ տիկին Աննայի կերպարն իր համար ուժի և անսահման սիրո մարմնացում է:

Նա մասնավորապես գրել է. «Սիրտս անասելի ցավ ապրեց։ Տիկին Աննա, Ձեր կերպարը կմնա որպես մայրական սիրո, տոկունության ու հայրենասիրության լուռ խորհրդանիշ։ Հավերժ միացաք Ձեր հերոս որդուն»:

Երգչուհու այս խոսքերը արտացոլում են այն ընդհանուր մթնոլորտը, որն այսօր տիրում է հայ հասարակության շրջանում:

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մոր մահը ընկալվում է որպես անձնական կորուստ յուրաքանչյուր հայ ընտանիքում, քանի որ տիկին Աննան տասը տարի շարունակ իր ուսերին էր կրում հերոսի մայր լինելու թե՛ պատիվը, թե՛ անդարմանելի վիշտը:

Սիլվա Հակոբյանի հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններով իրենց զորակցությունն են հայտնել Աբաջյանների ընտանիքին՝ ընդգծելով, որ հերոսների ծնողները միշտ մնալու են ազգային արժանապատվության կրողները:

Թամարա Քալանթարյան

4 հայ ըմբիշ այսօր պայքարի դուրս կգա Տիրանայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Այսօր պայքարի մեջ կմտնեն հետևյալ ազատ ոճայինները.

61 կգ Արսեն Հարությունյան

74 կգ Նարեկ Հարությունյան

92 կգ Մուշեղ Մկրտչյան

125 կգ Խաչատուր Խաչատրյան:

Ջահերով բազմահազարանոց երթը՝ դրոնի բարձրությունից. տեսանյութ

Այսօր՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին, մեկնարկում է ամենամյա ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։

Երթի բազմահազար մասնակիցներ քայլերթով հասան Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ:

Oragir.News-ը ներկայացնում է ջահերով երթի տպավորիչ տեսանյութը՝ դրոնի բարձությունից: