Երբ կլուծվեն հայ-ադրբեջանական կարգավորման հիմնական հարցերը

2026-ի ԱԺ ընտրությունները ՀՀ պատմության մեջ առաջինն են, որոնց ժամանակ Արցախի հարցը առանցքային չէ։ ՔՊ-ն Արցախի էջը փակել է, ռուսամետ ուժերը սոցիալական թեմաների մեջ են խորացել և կարևորում են Մոսկվայի հետ հարաբերությունների խորացումը։ Մեծ ռեսուրսներ ունեցող հավակնորդներից գրեթե ոչ ոք չի խոսում Արցախի ազատության համար պայքարը շարունակելու մասին։

Եվ այս ֆոնին Ադրբեջանը կարծիք է հայտնում, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում էական առաջընթաց կարող է արձանագրվել առաջիկայում։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հիմնական հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին»,- այս մասին ԱՊԱ-ի թուրքական բյուրոյին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Տարօրինակ է, որ հայկական կողմից այս հայտարարությանն արձագանք չեղավ։ Հայաստանի համար կարևոր չէ՞ կարգավորման հիմնական հարցերի լուծումը, որո՞նք են այդ հիմնական հարցերը, և ինչո՞ւ է Բաքուն կարծում, որ առաջիկա ամիսներին հնարավոր է լուծել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հիմնական հարցերը։

Բայրամովի այս կանխատեսումը, հավանաբար, ակնարկ է։ Հանրային խոսույթում քննարկվում է լավատեսական վարկած, թե այն վերաբերում է հայ գերիներին։

Իրոք, կարգավորման հիմնական հարցերից մեկը Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու խնդիրն է։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օրեր առաջ Ստամբուլում խոսեց գերիների մասին՝ անուղղակի ցույց տալով, որ դա կարգավորման հիմնական հարցերից մեկն է։ Ենթադրելի է, որ գերիների թեմայով միջազգային հանրության կողմից Բաքվի վրա ճնշումներ եղել են կամ կլինեն առաջիկայում։

Առաջիկա ամիսներին ՀՀ-ում տեղի ունեցող կարևոր իրադարձությունը հունիսի 7-ի ընտրություններն են։ Լավատեսները ենթադրում են, թե Բաքուն ակնարկում է, որ եթե հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում ԱԺ անցած ուժերից ոչ մեկի ծրագրում, անելիքների շարքում Արցախի ինքնորոշման, Արցախի ազատության համար պայքարը շարունակելու մասին տող չլինի, ապա, հավանաբար, ազատ կարձակի հայ գերիներին։

Եթե վերը բերված ենթադրությունը ճիշտ է, և կարգավորման կարևոր հարցերից առաջինը գերիների հարցն է, ապա Բայրամովի այս հայտարարությունն ուղղակի առաջարկ է՝ ուղղված Փաշինյանին և բարձր վարկանիշ ունեցող ուժերին։ Նրանք կարող են մտածել, թե ինչպես է հնարավոր լուծել կարգավորման կարևոր հարցը։

Այսինքն՝ Բայրամովի կանխատեսում-ակնարկն ուղիղ վերաբերում է հունիսի 7-ին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերին։ Այս առումով՝ տրամաբանական է հայկական կողմի լռությունը։ Հենց լռություն էլ ակնկալում է Ադրբեջանը, որ ոչ ոք Արցախի ինքնորոշման, արցախահայերի վերադարձի մասին կետ չունենա նախընտրական ծրագրում։ Այսպիսով՝ կապացուցվի, որ հայերը ոչ միայն պարտվել են, այլև չեն ձգտում ռևանշի։

Իհարկե, կան հոռետեսական կարծիքներ, թե Բայրամովի ակնարկը վերաբերում էր Հայաստանի հերթական զիջումներին։ Չբարեկամի տեսանկյունից կարգավորման կարևոր հարցերի շարքում են ադրբեջանական անկլավների հարցը, Արծվաշենից հրաժարվելու հարցը, մի քանի հարյուր հազար ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» կամ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսույթների լեգիտիմացումը և նման հարցեր։ Եթե այսպես է, ապա ՔՊ-ն և իշխանության հիմնական հավակնորդ ուժերն անհարմար վիճակում են, ի պատասխան Բայրամովի կանխատեսման՝ ասելիք չունեն։ Չեն կարող հիմա, նախընտրական թեժ փուլում ասել, որ հունիսի 7-ին ընտրվելու պարագայում պատրաստվում են կատարել Բաքվի այս կարգի պահանջները։

Կարճ ասած՝ ՀՀ կողմից լռությունն ամեն դեպքում նվաստացուցիչ է։ Եթե ՀՀ իշխանությունն ազգային ինքնասիրություն ունենար, ապա Արարատ Միրզոյանը համարժեք կարձագանքեր, կպարզաբաներ, թե որոնք են կարգավորման կարևոր հարցերը, որոնք հնարավոր է՝ կլուծվեն առաջիկա ամիսներին, կանխատեսում կաներ հայ-ադրբեջանական կարգավորման կարևոր հարցերի վերաբերյալ, նույնիսկ մոտավոր ժամկետ կնշեր, թե երբ և ինչպես կարող են լուծվել այդ կարևոր հարցերը։ Այսինքն՝ կհաստատեր, որ Բայրամովը ճիշտ է ասում, առաջընթաց կարող է լինել։

Իսկ եթե լավատեսության համար հիմք չկա, ապա հայ պաշտոնյան գոնե, ի սեր ժողովրդի, կարող էր հերքել, Բայրամովին դատարկախոս որակել։ Այս դեպքում անհիմն լավատեսությամբ չէին լցվի մարդիկ, որոնք կարծում են, թե կարևոր հարցերը կլուծվեն, այսինքն՝ ընտրություններից հետո գերիները կազատվեն, տուն կդառնան։

Թաթուլ Մկրտչյան

Սամվել Կարապետյանի հաջորդ հանրահավաքը՝ մայիսի 8֊ին․ ակնկալվում է 40 հազար մարդ

Հայաստանի ներքաղաքական դաշտում՝ նախընտրական թեժ նախապատրաստությունների ֆոնին, Սամվել Կարապետյանի աջակիցները պատրաստվում են նոր հանրահավաքի, որը նախատեսված է մայիսի 8-ին։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» գործադիր մարմնի ղեկավար Ալեքսան Ալեքսանյանը իրազեկող դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ մայիսի 8-ին նախատեսվող հանրահավաքի կազմակերպման մասին։



Միջոցառումը կկայանա Երևանի կենտրոնում՝ ժամը 18:00-22:00-ն, և ակնկալվում է շուրջ 40 հազար մասնակցի ներկայություն։

Դիմումի մեջ նշվում է, որ հանրահավաքի նպատակը հասարակության տարբեր շերտերի համախմբումն է և հանրային կարևոր հարցերի շուրջ քննարկումների ակտիվացումը։ Կազմակերպիչները նաև շեշտում են, որ միջոցառումը լինելու է բաց և հասանելի բոլոր ցանկացողների համար։

Նշվում է, որ նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են դեռևս ապրիլին, իսկ մասնակցության հայտերը ներկայացվել են սահմանված կարգով։

Մակրոնը մայիսի 5-ին պետական ​​այցով կժամանի Հայաստան

Մակրոնը մայիսի 5-ին պետական ​​այցով կժամանի Հայաստան։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Ֆրանսիայի նախագահի այցը քննարկել է դեսպան Օլիվիե Դեկոտինյիի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Մոր և դստեր հուզիչ երկխոսությունը. կադրեր` Հայկուհի Հարությունյանի հարսանիքից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ՝ ապրիլի 20-ին, տեղի է ունենում «Ազգային երգիչ» նախագծի ֆինալիստ, սիրված երգչուհի Հայկուհի Հարությունյանի հարսանյաց արարողությունը։

Տոնական օրը հագեցած է հայկական գեղեցիկ ավանդույթներով և բարձր տրամադրությամբ, սակայն հարսանիքի ամենահիշարժան դրվագը դարձավ մայր ու դստեր անչափ հուզիչ հանդիպումը։

Տեսահոլովակի նկարահանման ընթացքում երգչուհին, տեսնելով մայրիկին, չկարողացավ զսպել արցունքները. մայրական օրհնությունն ու բաժանման պահը հավասարապես հուզեցին թե՛ հարսնացուին, թե՛ մայրիկին։

Այս նուրբ և անկեղծ տեսարանը ստիպել է հուզվել նաև ներկաներին՝ դառնալով օրվա ամենախորհրդանշական պահերից մեկը։

Հիշեցնենք, որ Հայկուհին իր երկրպագուներին պարբերաբար ներկայացնում է կադրեր տոնական արարողությունից, որոնք ողողված են ջերմությամբ և սիրով։

Մենք պետական քաղաքականության օրակարգում երբեք Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ չենք դրել. Լևոն Զուրաբյան

Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ, գրել է ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

«Բայց մենք երբեք չենք ուրացել մեր անցյալը և հիշողությունը: Դա էր պատճառը, որ 1995 թվականին կառուցվեց Հայոց Ցեղասպանության թանգարանը և անցկացվեց 80-ամյակին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսը աշխարհահռչակ ցեղասպանագետների մասնակցությամբ:

Հայոց ցեղասպանությունը մեր պետության շահերին վնասող քաղաքական խաղի մանրադրամ չենք դարձրել և չենք դարձնի, բայց հիշողությունն ու ինքնությունը ջնջել ոչ ոքի թույլ չենք տա»,-գրել է Լևոն Զուրաբյանը։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Երևանում ապրիլի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-25-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 16-19մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-25-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում ապրիլի 21-ի և 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվսծներում՝ ինտենսիվ։ Ապրիլի 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ապրիլի 22-23-ի ցերեկային ժամերին՝ 4-6, ապրիլի 23-24-ի գիշերային ժամերին՝ 2-4 աստիճանով։

Եվրոպայից Հայաստանի դարպասներ. ինչու ոչ ոք լուրջ չի ընդունում ՔՊ նախընտրական ծրագիրը

Փաշինյանի ներկայացրած նախընտրական ծրագիրը լուրջ չի ընդունվում քաղաքական համայնքի կողմից, քանի որ նա մի քանի տարի առաջ լրիվ հակառակ բան էր ասում։

Հետևաբար՝ կա ողջամիտ կասկած, որ մի քանի տարի անց այլ բան կասի՝ մարդկանց հավի տեղ դնելով։

Այսպես՝ 2020-ի հոկտեմբերի 30-ին նա ընդարձակ ասուլիս էր կազմակերպել՝ պատասխանել եվրոպական լրատվամիջոցների հարցերին, չբարեկամաբար արտահայտվել Թուրքիայի մասին, հանդիմանել Եվրոպային, որը չի տեսնում Թուրքիայի հակահայ, հակաքաղաքակրթական, հակաեվրոպական քայլերը։

«Թուրքիան այստեղ եկել է ոչ այնքան Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործում Ադրբեջանին աջակցելու, որքան իր կայսերական քաղաքականությունը շարունակելու։

Այստեղ տեղի ունեցողը շարունակությունն է այն քաղաքականության, որ Թուրքիան վարում է Միջերկրականում՝ Հունաստանի, Կիպրոսի նկատմամբ, Լիբիայում, Սիրիայում և Իրաքում։ Եվ իմ արձանագրումը կրկին մեկն է՝ որ դա կայսերական քաղաքականություն է, որովհետև Հարավային Կովկասում, ըստ էության, հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ շարունակելու իրենց կայսերական քաղաքականությունը դեպի հյուսիս-արևելք և հարավ-արևելք։

Իմ գնահատականը շարունակում է մնալ նույնը. եթե արևմտյան հանրությունը Թուրքիայի այս գործողությունները համարժեք գնահատականի չարժանացնի, ոչ հեռավոր ապագայում հարկ է Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում»,- ասել է ՔՊ առաջնորդը, ապա հավելել. «Ես պետք է մտածեմ Երևանի, Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության մասին, Վիեննայի անվտանգությունն իմ աշխատանքային տրամաբանության մեջ չի մտնում, հետո թող հանկարծ չասեն՝ չզգուշացրեցինք»։

Այս խոսքն ուղղված էր Եվրոպային, զգուշացնում էր, որ Թուրքիան կարող է ներխուժել Վիեննա, այսինքն՝ ԵՄ։ Այս հանդիմանությամբ հանդես եկող Փաշինյանը, հավանաբար, ակնկալում էր, որ Եվրոպան կամաչի ու այնպիսի կոշտ միջոցներ կձեռնարկի Թուրքիայի դեմ, որ կկանգնեցնի 44-օրյա պատերազմը։

Լրիվ այլ դիրքորոշում է արտահայտում նա այսօր Թուրքիայի և Եվրամիության վերաբերյալ։ 2020-ին նա զգուշացնում էր, որ Եվրոպայի դարպասները փակեն Թուրքիայի առաջ։ Իսկ հիմա նա հայտարարում է, թե ուզում է բացել Հայաստանի դարպասները Թուրքիայի առաջ։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը համարվում է կենսական նշանակություն ունեցող տարածաշրջանային ուղղություն։

Միանգամից նկատենք, որ թե՛ 2020-ի հոկտեմբերի 30-ին արտահայտած, թե՛ ներկայում՝ ՔՊ-ի նախընտրական ծրագրում ներկայացրած դիրքորոշումները կտրված են քաղաքական ռեալությունից, կիսատ-պռատ, սիրողական մոտեցումներ են, որոնք կարող էր արտահայտել սկսնակ քաղաքական գործիչը, որը աշխարհաքաղաքականության, Հայաստանի քաղաքական օրակարգի մասին շատ սակավ գիտելիքներ ու տեղեկատվություն ունի։

Այս տպավորությունն էլ հակատրամաբանական է, քանի որ Նիկոլ Փաշինյանը, լինելով պետության բարձրագույն պաշտոնյան, չէր կարող այսքան սակավակիրթ ու ապատեղեկացված լինել ո՛չ 2020-ի հոկտեմբերի 30-ին, ո՛չ էլ առավել ևս հիմա։ Հետևաբար՝ ողջամիտ կասկած է ծագում, որ նա միտումնավոր էր ապաքաղաքական, անտրամաբանական, քաղաքական ռեալության հետ կապ չունեցող բաներ ասում։ Նույնպես՝ այսօր ողջամիտ կասկած կա, որ Փաշինյանը շարունակում է ապակողմնորոշել հասարակությանը, սակավակիրթ, անտեղյակ ձևանալ։

Օրինակ՝ Փաշինյանը կարո՞ղ է բացատրել, թե ինչո՞ւ էր 2020–2021-ին Թուրքիայի հանդեպ թշնամաբար վերաբերվում, իսկ հիմա՝ բարեկամաբար։ Ի՞նչ է փոխվել Թուրքիայում ու Հայաստանում այս ընթացքում։ Եթե ՔՊ-ական իշխանությունը հրաժարվում է Արցախից, Հայոց ցեղասպանությունը չի համարում արտաքին քաղաքական առաջնահերթություն և պատրաստ է ԹՐԻՓՓ-ով ճանապարհ տրամադրել Թուրքիային դեպի Ադրբեջան և Ասիա, ապա ինչո՞ւ է Թուրքիան շարունակում փակ պահել հայ-թուրքական սահմանը։ Ինչո՞ւ են թուրք պաշտոնյաներն ու քաղաքագետները ծիծաղում, երբ լրագրողները հայ-թուրքական սահմանի բացման մասին հարց են տալիս նրանց։ Նրանք Փաշինյանի վրա՞ են ծիծաղում, թե՞ հայ ժողովրդի։

Կամ շատ պարզ հարց. ինչպե՞ս են Գյումրի-Թուրքիա սահմանի երկաթգիծ կառուցելու ծրագրային կետն իրականացնելու, եթե ՀԿԵ-ի կոնցեսիան հետ չեն վերցնում, ռուսներն էլ մատը մատին չեն խփում։շ

Կարճ ասած՝ Թուրքիային ու Եվրոպային վերաբերող պարզ հարցեր են թևածում օդում Փաշինյանի ներկայացումից հետո։ Ինչո՞ւ ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու մասին օրենքն ընդունելուց հետո ոչինչ չեն անում այդ ուղղությամբ, նույնիսկ ԵՄ-ին անդամակցելու հայտ չեն ներկայացնում։

Նշենք, որ հայ-թուրքական սահմանը, ըստ էության, ՀՀ–ԵՄ մաքսային սահմանն է։ Այսինքն՝ բացելով Հայաստան–Թուրքիա սահմանը՝ ՀՀ տնտեսությունն էր բացվում եվրոպականի առաջ։

Փաշինյանն ինչքա՞ն կարող է անգործություն դրսևորել Հայաստանի իրական ապաշրջափակման հարցում։ Գուցե ի՞նքն է Էրդողանին խնդրում, որ հայ-թուրքական սահմանը փակ պահեն, որ ՀՀ տնտեսությունը ռուսական սայլին կապված մնա։

Թաթուլ Մկրտչյան

Վարորդները գիտեին, որ իրենք պետք է հսկիչի գործառույթներ էլ իրականացնեին․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ

«Անկեղծ՝ ինձ համար զարմանալի էր, որովհետև լարվածության մասին ինֆորմացիա չկա, ամեն դեպքում գոնե ես ամբողջ օրը այստեղ եմ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասացին «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ից՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե ընկերությունում իրավիճակը լարված է, և վարորդները պատրաստվում են միահամուռ կերպով թողնել աշխատանքը։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ավտոբուսների վարորդները դժգոհում են իրենց վրա դրված հսկիչի պարտականություններից և խիստ ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկից՝ սպառնալով դադարեցնել աշխատանքը, եթե հարցին լուծում չտրվի։

Oragir.News-ի հետ զրույցում ՓԲԸ-ի ներկայացուցիչը, մեկնաբանելով տարածված տեղեկությունը, նշեց, որ այնտեղ խոսում է ընդամենը մեկ հոգի, որի ձայնը փոխված է, ինչը թույլ չի տալիս նույնականացնել նրան կամ հաստատել, որ նա իրականում վարորդ է։

Նշեց նաև, որ վարորդների աշխատանքից ազատման կամ ընդունման գործընթացում որևէ արտառոց բան չկա։

«Մեծ հիմնարկ է, լինում են դեպքեր, 1000 պլյուս 1500-ի մոտ վարորդներ են, տարբեր պատճառներով և՛ դուրս եկող վարորդ է լինում, և՛ ընդունվող վարորդ է լինում, սովորական ընթացիկ աշխատանքային վիճակ է»,- ասաց նա։

«Երևան ավտոբուս» ՓԲԸ- մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը տեղեկացրեց, որ աշխատանքային ժամերի հարցում ևս որևէ փոփոխություն չի կատարվել։

Անդրադառնալով վարորդների վրա դրված հավելյալ վերահսկողական գործառույթներին՝ նա ընդգծեց, որ վճարումների նկատմամբ հետևողական լինելը միշտ էլ եղել է վարորդների պարտականությունը։

«Վարորդները աշխատանքային պայմանագրերից բխող գործառույթներ են իրականացնում, որևէ նորություն էդտեղ չկա, պարզապես տարբեր հանգամանքներից ելնելով որոշակի ժամանակահատված էդտեղ մի փոքրիկ կետանցում էր եղել՝ վարորդները հետևողական չէին վճարումներին»։

Այն հարցին, թե արդյո՞ք վարորդները որևէ պահանջներ ներկայացրել են իրենց գրաֆիկի փոփոխության կամ վերահսկիչ գործողությունները իրենց վրայից վերցնելու համար, Ասատրյանը պատասխանեց. «Հերքում եմ, որ վարորդները «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրինությանը որոշակի պահանջներ ներկայացրած լինեն»։

Հիշեցնենք, որ ըստ նախօրեին մամուլում տարածված լուրի՝ ավտոբուսի վարորդները մտադիր են դուրս գալ աշխատանքից, եթե չկարգավորվեն մի շարք հարցեր:

Անահիտ Սիմոնյանի համարձակ ֆոտոշարքն ու ակնարկը. ի՞նչ նորություն է սպասվում

Դիզայներ և երգչուհի Անահիտ Սիմոնյանը ով տևական ժամանակ է՝ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում իր էպատաժային և համարձակ ոճով։

Այս անգամ Անահիտը ներկայացել է հերթական տպավորիչ կերպարով, որն անմիջապես քննարկումների առիթ է դարձել հետևորդների շրջանում։

Սակայն լուսանկարից բացի, երկրպագուների հետաքրքրությունը շարժել է նաև նրա խորհրդավոր գրառումը։ Անահիտն ակնարկել է, որ շուտով ներկայանալու է նոր նախագծով կամ նորությամբ, բայց առայժմ գերադասել է փակ պահել բոլոր փակագծերը։

«Շուտով…»,- կարճ մակագրել է նա՝ ստիպելով հետևորդներին գուշակություններ անել՝ արդյո՞ք խոսքը նոր երգի, թե՞ նորաձևության ոլորտում հերթական հավաքածուի մասին է։

Ապարանի ջրամբարը կիսադատարկ է, բայց ջուրը մեծ հոսքով բաց են թողնում

Ապարանի ջրամբարի լցվածության մակարդակը պաշտոնական աղբյուրներում հրապարակված տվյալներով՝ կտրուկ փոփոխություների է ենթարկվել վերջին շաբաթների ընթացքում։ Oragir.News-ի տեղեկություններով բոլորովին վերջերս մոտավորապես 25% էր լցվածությունը, այսօր արդեն՝ 52%-ից մի փոքր պակաս։

Այս խնդրի վերաբերյալ Oragir.News-ը հարցում էր ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ խնդրելով պարզաբանել՝ Ապարանի ջրամբարի լցվածությունն ինչպես է գնահատվում, քանի որ մեր տեղկությունների համաձայն իրական թիվը 25% է։

Մենք նաև խնդրել էինք պարզաբանել՝ նման իրավիճակը կարո՞ղ է նպաստել Սևանա լճից ջրառի ավելացմանը, ենթադրաբար՝ լճի մակարդակի չափից ավելի բարձրացումը կանխելու նպատակով։

Հարցումից անցել է շուրջ 9 օր, գերատեսչությունից պատասխան դեռ չենք ստացել։

Հիշեցնենք՝ Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել էր, որ Ապարանի գետը տվյալ ժամանակահատվածում ունեցել է զգալի հոսք։ Տեսանելի է, որ ջրի ծավալը բավարար է կուտակման համար, ինչը հարց է առաջացնում՝ արդյո՞ք հնարավոր չէր այդ ռեսուրսը պահպանել ջրամբարում, այլ ոչ թե բաց թողնել գետի հունով։

Նկատենք, որ Հայաստանում հաճախ արձանագրվում է մի խնդիր, երբ գարնան ամիսներին ջրամբարները ամբողջությամբ չեն լցվում, ջրի զգալի մասը հոսում է գետերով, մինչդեռ ամռանը ոռոգման ջրի պակասը լրացվում է Սևանա լիճից հավելյալ ջրառի հաշվին։

Oragir.News-ն այս թեմայով իր նախորդ հրապարակման մեջ բարձրացրել է վարկած, ըստ որի՝ Սևանի ջրի մակարդակի բարձրացումը կարող է ջրով կամ մամուռով ծածկել ափամերձ հանգստյան գոտիներն ու բնակավայրերը, և այդ պատճառով հնարավոր է նախընտրելի համարվի սահմանափակել ջրամբարների, այդ թվում՝ Ապարանի լցվածությունը՝ շարունակելով Սևանից ջրառը։

Շրջակա միջավայրի նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանն, Oragir.News-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին, նշեց, որ ջրամբարների լցվածության նման արագ աճը տեսականորեն հնարավոր է միայն որոշակի պայմաններում՝ առատ տեղումների կամ ինտենսիվ հալոցքների դեպքում։ Սակայն հաշվի առնելով ներկայիս եղանակային պայմանները՝ նման կտրուկ փոփոխությունը լիովին բնական համարել դժվար է։

«Այս տարի առատ տեղումների պայմաններում որոշակի բարձրացումներ հնարավոր են, և դրանք կարող են լինել ավելի մեծ, քան նախորդ տարիներին։ Սակայն չեմ կարծում, որ մի շաբաթվա ընթացքում նման աճը կարող է բացառապես բնական պատճառներով պայմանավորված լինել։ Ներկայումս եղանակը բավականին ցուրտ է, ինտենսիվ հալոցքներ դեռևս չեն սպասվում, և զգալի փոփոխությունները կարող են սկսվել ավելի ուշ փուլում։ Ընդհանուր առմամբ, ոլորտում առկա են մի շարք համակարգային և կառավարման խնդիրներ, որոնց համեմատ տվյալների նմանատիպ տատանումները երկրորդական նշանակություն ունեն և չեն հանդիսանում առաջնային վերլուծության առարկա»,- կարծիք հայտնեց փորձագետը։

Խնդիրը, սակայն, միայն թվերի ճշգրտությունը չէ։ Հարց է առաջանում՝ արդյո՞ք ջրամբարների կառավարումը իրականացվում է արդյունավետ և ռազմավարական մոտեցմամբ։

Մասնավորապես, հաճախ բարձրաձայնվում է այն մտահոգությունը, որ ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարումը կարող է հանգեցնել ջրի ավելորդ բացթողման՝ այն ուղղելով դեպի հարևան երկրներ, մինչդեռ ամռանը առաջանում է ոռոգման ջրի պակաս։

Այս համատեքստում հաճախ հիշատակվում է նաև Սևանա լիճի դերը, որը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական ջրային «ապահովագրական պաշարը»։ Ամառային սեզոնին ջրամբարների թերի լցվածության կամ սխալ կառավարման պատճառով ստիպված են լինում մեծացնել Սևանից ջրառը, ինչը երկարաժամկետ էկոլոգիական ռիսկեր է առաջացնում։

Oragir.News-ի հարցին՝ հնարավո՞ր է գործ ունենք կառավարման խնդիրների կամ կանխամտածված քաղաքականության հետ, մեր զրուցակիցը պատասխանեց․

«Չի կարելի բացառել որևէ սցենար։ Հայաստանում երբեմն նկատվում են ինչպես համակարգային թերությունների, այնպես էլ մասնագիտական մոտեցման պակասի հետևանքով ձևավորված իրավիճակներ, որոնք որոշ դեպքերում կարող են նաև դիտարկվել որպես նպատակային գործողությունների արդյունք։ Խնդիրը բազմաշերտ է և պահանջում է առանձին ու մանրակրկիտ ուսումնասիրություն»։

Oragir.News-ը թեմայի շրջանակում հարցումներ է ուղարկել թե՛ ՀՀ Ջրային կոմիտե, թե՛ Շրջակա միջավայրի նախարարություն։ Պատասխանները ստանալուն պես ևս մեկ անգամ կանդրադառնանք խնդրին։

Հասմիկ Մովսիսյան