Ընտանիքս, այդ թվում՝ հղի թոռնուհիս, հարկադիր վտարման վտանգի առաջ է․ գյումրեցի կնոջ նամակը՝ Փաշինյանին

Գյումրի քաղաքի բնակիչ Զինա Սիմավոնի Ասատրյանը բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին։

Քաղաքացու խնդրանքով Oragir.News-ը հրապարակում է նամակի տեքստը․ «Հարգելի պարոն վարչապետ, Ես Ձեզ գրում եմ որպես մարդ, ով կանգնած է իր տան դռան առաջ և չգիտի՝ վաղը այդ դուռը բացելո՞ւ է, թե՞ ոչ։ Ես՝ 75-ամյա Զինա Սիմավոնի Ասատրյանս, մեծ ցավով և հուսահատությամբ դիմում եմ Ձեզ՝ որպես վերջին հույս։

Մեր բնակարանը վաճառվել է աճուրդով՝ առանց պատշաճ ծանուցման։ Մենք չենք իմացել աճուրդի մասին, չենք մասնակցել և չենք ունեցել մեր իրավունքները պաշտպանելու հնարավորություն։ Ավելին՝ դատարանը արդեն արձանագրել է, որ գործընթացը իրականացվել է օրենքի խախտմամբ, և աճուրդի կազմակերպման վերաբերյալ որոշումը ճանաչվել է անվավեր։

Միևնույն ժամանակ կարևոր եմ համարում ընդգծել, որ ես իմ գույքը գրավ չեմ դրել, պարտապան չեմ հանդիսացել և որևէ կերպ երաշխավոր չեմ եղել։ Այնուամենայնիվ, իմ բաժնեմասն էլ է օտարվել հարկադիր կատարման շրջանակում։ Թվում էր՝ արդարությունը պետք է վերականգնվի։

Բայց այսօր նույն գործընթացը շարունակվում է՝ վտարում առանց իրական ծանուցման և առանց հաշվի առնելու դատարանի որոշումները։

Դատարանի կողմից հաստատված է, որ՝

• մենք պատշաճ ձևով չենք ծանուցվել,
• խախտվել են «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի պահանջները,
• մեզ զրկել են մեր սեփական գույքը ձեռք բերելու իրավունքից,
• գույքը վաճառվել է շուկայական արժեքից էապես ցածր գնով։

Իմ բաժնեմասը, որի արժեքը կազմել է 5,766,500 դրամ, վաճառվել է ընդամենը 2,887,550 դրամով, ինչի հետևանքով ինձ պատճառվել է զգալի նյութական վնաս։

Ավելին՝ չի կիրառվել օրենքով սահմանված 4,900,000 դրամ նվազագույն փոխհատուցումը, որը նախատեսված է միակ բնակարանի օտարման դեպքում։

Այսօր՝ 2026 թվականի ապրիլի 17-ին, մեր 5 հոգանոց ընտանիքը, այդ թվում՝ անչափահաս թոռնիկս և հղի թոռնուհիս, կանգնած է հարկադիր վտարման վտանգի առաջ՝ առանց որևէ փոխհատուցման։ Ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող է քաղաքացին հավատալ պետությանը, եթե իր տունը կարող են վաճառել առանց իրեն լսելու, և հետո շարունակել նույնը՝ նույնիսկ դատարանի որոշումից հետո։ Ես չեմ խնդրում արտոնություն։

Ես խնդրում եմ միայն մեկ բան, որ օրենքը գործի նաև իմ դեպքում։ Ես կորցնում եմ ոչ միայն իմ գույքը, այլ նաև իմ միակ կացարանը, անվտանգությունն ու հավատը, որ արդարությունը կարող է վերականգնվել։ Եթե այսօր հնարավոր է անտեսել մեկ մարդու իրավունքը, ապա վաղը դա կարող է պատահել ցանկացածի հետ։

ԽՆԴՐՈւՄ ԵՄ՝

• անհապաղ միջոցներ ձեռնարկել մեր ընտանիքի վտարումը կանխելու համար,
• ապահովել դատարանի կողմից արձանագրված խախտումների լիարժեք քննությունը,
• տալ իրավական գնահատական պատասխանատու անձանց գործողություններին,
• վերականգնել մեր խախտված իրավունքները։ Հարգանքով՝ Զինա Սիմավոնի Ասատրյան»։

Ախպերս, կհանդիպենք. Ռաֆայել Երանոսյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին

Հումորիստ, «Դեմք շոու» նախագծի անդամ Լևոն Տեր-Պետրոսյանի անժամանակ մահվան գույժը շարունակում է սգի մեջ պահել նրա ընկերներին ու գործընկերներին։

Սոցիալական հարթակներում հրապարակվող հուզիչ հուշերի շարքում իր ցավն է արտահայտել նաև դերասան Ռաֆայել Երանոսյանը։ Ռաֆայել Երանոսյանը, ով տարիների մտերիմ ու ջերմ հարաբերություններ է ունեցել Լևոնի հետ, Ինստագրամի իր էջում հրապարակել է ընկերոջ լուսանկարը՝ կից գրելով կարճ, բայց չափազանց հուզիչ տողեր.

«Ախպերս, կհանդիպենք… Լյովս, հանգչիր խաղաղությամբ։ Լյով, իմ ջիգյար ու ախպեր, միշտ ժպիտդ պիտի հիշենք»։

Լևոն Տեր-Պետրոսյանը կյանքից հեռացել է ԱՄՆ-ում՝ 45 տարեկան հասակում։ 2025 թվականի օգոստոսին նրա մոտ ախտորոշված ծանր հիվանդությունը (հաստ աղիքի 4-րդ կարգի քաղցկեղ) անողոք գտնվեց։ Չնայած ամիսներ տևած պայքարին՝ սիրված հումորիստի կյանքը փրկել չհաջողվեց։

Ռաֆայել Երանոսյանի և մյուս գործընկերների համար Լևոնը կմնա որպես լույսի ու ժպիտի մարդ, ով նույնիսկ ամենադժվար պահերին կարողանում էր ջերմություն հաղորդել շրջապատին։

Մենք մեր զորակցությունն ենք հայտնում Լևոն Տեր-Պետրոսյանի բոլոր հարազատներին այս ծանր կորստի կապակցությամբ:

Փաշինյանը սև մոգությամբ է զբաղվո՞ւմ․ ինչու կաղքատանա Սամվել Կարապետյանը

Քաղաքական կանխատեսումներ անում են բոլոր քաղաքագետներն ու քաղաքական գործիչները։ Դրանք արվում են տվյալների համադրման և կոնկրետ հաշվարկների հիման վրա։ Ովքեր չեն կարողանում հաշվել ու կանխատեսել, նրանք պարտվում են, ձախողվում, կորցնում հեղինակություն, դիրք ու պաշտոն։

Նիկոլ Փաշինյանը հետահայաց բազմից խոստովանել է անցած տարիներին իր կողմից թույլ տրված աղետալի սխալները, որոնց արդյունքում մեծապես տուժել են պետությունն ու ժողովուրդը։ Այսինքն՝ նա սխալ տվյալներ է ունեցել, սխալ հաշվարկներ արել կամ կանխատեսում անելու մտավոր ունակություն չի ունեցել։ Ողջամիտ կասկած կա, որ այսօր էլ նա սխալ տվյալներ ունի, սխալ հաշվարկ է անում, ու նրա կանխատեսումները սխալ են։

«Ես կանխատեսել եմ և պնդում եմ իմ կանխատեսումը, որ ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է։ Իրանից մեծ-մեծ պարտավորություններ է ստանձնել, և դրանք չկատարելու արդյունքում իր նոմինալ ունեցածը իր ձեռքից առնվելու է»,– ասել է վարչապետը՝ նկատի ունենալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին։

Փաշինյանը կրկին սխալ տվյալներով սխալ կանխատեսում է անո՞ւմ, թե՞ լուրջ մեկը լուրջ բան է ասել նրա ականջին։ Ինչո՞ւ է նա պնդում այս կանխատեսման մասին։

Կա սիրողական վարկած, ըստ որի՝ Փաշինյանը սուրճի մրուրով կամ սև մոգության այլ հնարքներով է կանխատեսում անում։ Սա, իհարկե, քաղաքականությունից հեռու բան է և լուրջ քննարկման արժանի չէ։ Սակայն հաշվի առնելով, թե ինչ անպատասխանատվությամբ է վերաբերվել Փաշինյանն իր բարձր պաշտոնին, ինչ սխալներ է արել նախորդ ժամանակահատվածում, ապա այս վարկածը լիովին բացառելը հիմնավոր չէ։

Կա նաև քաղաքական վերլուծության վրա հիմնված մեկ այլ վարկած։ Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանին հարկադրաբար են ներքաշել քաղաքականության մեջ։ Նա քաղաքական ակտիվություն չէր ցուցաբերում 2020-ի ամոթալի պարտությունից հետո, երբ ժողովրդի մի մասը վրդովված պահանջում էր Փաշինյանի հրաժարականը։ Դրանից հետո քաղաքական փոփոխությունները ևս չդրդեցին նրան մտնել քաղաքականություն։ Մարդն ակտիվ գործարար ու բարերար էր, բիզնեսով էր զբաղվում, բարեգործությամբ, քաղաքական մեծ հավակնություններ չուներ։ Եվ հանկարծ՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այցից մի քանի շաբաթ անց Սամվել Կարապետյանը ձերբակալվեց, որից հետո նրա համար բազմամարդ ցույցեր կազմակերպվեցին, և նա ներքաշվեց քաղաքական գործընթացների մեջ, դարձավ քաղաքական առաջնորդ։

Փորձագիտական համայնքում կարծիք է շրջանառվում, թե Սամվել Կարապետյանին քաղաքականություն ներքաշելու պլանը մշակվել է Կրեմլում։ Նրան ստիպել են ընդդիմություն խաղալ, որ Փաշինյանն այս ֆոնին կարողանա ԵՄ-ից լեգիտիմություն ստանալ, միաժամանակ սպասարկել ռուսական շահերն ու Հայաստանը պահել ռուսական ուղեծրում։ Եվ ներկայում Սամվել Կարապետյանին որպես պատանդ են պահում տնային կալանքի տակ, որ նա չկարողանա դուրս գալ քաղաքական գործընթացից, մնա վառ ռուսամետ գործչի և վարչապետի հավակնորդի հորինված դերի մեջ։

Այս տեսանկյունից ենթադրելի է, որ Նիկոլ Փաշինյանի կանխատեսումն իրականում քողարկված սպառնալիք է, որ եթե Սամվել Կարապետյանը փորձի դուրս գալ այդ դերից, ապա ՀՀ և ՌԴ իշխանությունները կպատժեն նրան ու կխլեն նրա ունեցվածքն ու փողերը, ու նա կաղքատանա։ Այսպիսով՝ Փաշինյանը խաղաքարտ է բացում՝ ակնարկելով, թե ինքն ու Կրեմլն են Սամվել Կարապետյանին ներքաշել քաղաքական գործընթացի մեջ, դեր վստահել ու սպառնացել, որ եթե նա չանի այն, ինչի շուրջ պայմանավորվել են, ապա կաղքատանա։ Միայն հայ-ռուսական համատեղ այսպիսի գործակցության պարագայում է հնարավոր, որ Սամվել Կարապետյանն աղքատանա։

Պարզ չէ միայն, թե ինչո՞ւ է Փաշինյանն այսպիսի խաղաքարտ բացում հիմա։ Սամվել Կարապետյանի՞ն է վախեցնում, թե՞ ի լուր աշխարհի հայտնում է, որ ինքն է Սամվել Կարապետյանին հարկադրել, որ ընդդիմադիր առաջնորդի դեր խաղա։

Կարճ ասած՝ եթե Փաշինյանը սև մոգությամբ չի զբաղվում, ապա նրա կանխատեսումը սպառնալիքի մասին թափանցիկ ակնարկ է։ Եվ եթե այդպես է, ապա այս սպառնալիքն ինքնին հիմք է ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ դնելու համար։

Թաթուլ Մկրտչյան

Ընտանիք, հավատ և ընկերներ. Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հրապարակումները սոցցանցերում

Լևոն Տեր-Պետրոսյանի սոցիալական հարթակները նրա կյանքի վերջին տարիներին դարձել էին սիրո, ջերմության և երախտագիտության յուրօրինակ օրագիր։

Հումորիստի հրապարակումները փաստում են, որ նրա համար կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու հենարանն ընտանիքն էր։

«Պապայի ամենալավ ընկերը». ջերմ լուսանկարներ որդիների հետ Լևոնի էջում առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում որդիների հետ լուսանկարները։

Նա հաճախ էր կիսվում որդու հետ համատեղ կադրերով՝ մակագրելով. «Մեռնեմ ջանին, պապայի ամենալավ ընկեր»։

Յուրաքանչյուր հրապարակում լի էր հայրական գորովանքով ու հպարտությամբ։ Նա առիթը բաց չէր թողնում շնորհակալություն հայտնելու Աստծուն իր զավակների համար՝ նրանց համարելով իր կյանքի ամենամեծ օրհնությունը։

Հումորիստի էջում քիչ չէին նաև ընտանեկան լիարժեք լուսանկարները, որտեղ նա պատկերված էր երեխաների հետ։ Այդ հրապարակումները ցույց էին տալիս այն ամուր թիկունքն ու սերը, որը նրան ուժ էր տալիս պայքարելու հիվանդության դեմ։ Հետևորդները միշտ հիանում էին նրանց ընտանեկան ներդաշնակությամբ։

Վերջին հրապարակումը և հավատարիմ ընկերները

Լևոնի համար ընկերները ևս ընտանիքի անդամ էին։ Նրա էջում բազմաթիվ էին լուսանկարները «Demq show»-ի գործընկերների և մտերիմների հետ։

Ուշագրավ է, որ նրա վերջին հրապարակումն արվել է հունվարի 24-ին։ Լուսանկարներում նա կրկին շրջապատված էր իր սիրելի մարդկանցով՝ պահպանելով այն ջերմ ժպիտը, որով նրան միշտ կհիշեն բոլորը։

Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացավ՝ իր հետևից թողնելով լուսավոր հիշողություններ և սիրո այն մեծ պաշարը, որն այդքան առատորեն կիսում էր իր վիրտուալ հարթակում։

Պատերազմի կոչեր Փաշինյանն է անում. թող նրա հայտարարություններն արգելեն

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն Oragir.News-ի խնդրանքով՝ անդրադարձել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կատարված փոփոխություններին, որոնցով նախատեսվում է արգելել հեռուստատեսությամբ և ռադիոյով պատերազմի քարոզչությունը։

Նրա գնահատմամբ՝ ընդունված փոփոխությունները կարող են լուրջ վտանգներ պարունակել և կիրառվել որպես ճնշման գործիք։

«Ես նախ և առաջ նշեմ, որ այդ փոփոխություններն արգելքներ են իրենցից ներկայացնում։ Դա միշտ նշանակում է, որ իշխանությունները կիրառում են ավելի կոշտ չափանիշներ։ Եվ այն, որ այս ամենը տեղի է ունենում ընտրություններից ուղղակի մի քանի ամիս առաջ, նշանակում է, որ սա մարդկանց նկատմամբ ռեպրեսիաների շարունակություն է»,- ասաց Ալավերդյանը։

Ալավերդյանը նաև բարձրացրեց օրենքի կիրառման սուբյեկտիվության հարցը։

«Շատ կարևոր հարց կա՝ ո՞վ է որոշելու, թե ինչն է որակվելու պատերազմի քարոզչություն։ Ո՞վ է որոշելու՝ որն է քարոզչություն, որն՝ ոչ, եթե այդ որոշումները կայացնող մարմինները կախված են իշխանությունից։ Մենք արդեն գիտենք, որ նույնիսկ այն մարմինները, որոնք համարվում են անկախ, հլու-հնազանդ կատարում են գործող իշխանության հրահանգները»,- ընդգծեց նա։

Նրա կարծիքով՝ փոփոխությունները կարող են նաև արտաքին քաղաքական համատեքստ ունենալ։

«Սա կարող է կապված լինել արտաքին կենտրոնների ազդեցության հետ։ Օրինակ՝ Եվրամիության կողմից տրված խորհուրդների շրջանակում, որտեղ խոսվում է «հիբրիդային պատերազմի» կանխման մասին»,- ասաց Ալավերդյանը։

Նա միաժամանակ կարծիք հայտնեց, որ օրենքը չի կիրառվելու հավասարաչափ։

«Ես ուրախ կլինեի, եթե օբյեկտիվ գնահատականներ հնչեին, բայց մենք գիտենք, որ դա ուղղվելու է այն կողմերի դեմ, որոնք համաձայն չեն գործող վարչակազմի քաղաքականության հետ»,- ասաց նա։

Ալավերդյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայտարարություններին՝ դրանք դիտարկելով որպես պատերազմի անուղղակի քարոզչություն։

«Եթե լիներ օբյեկտիվ մոտեցում, առաջին հերթին պետք է գնահատական տրվեր հենց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որտեղ հնչում է միտքը, որ «եթե մեզ չընտրեք, պատերազմ կլինի»։ Սա կարելի է դիտարկել որպես անուղղակի պատերազմի քարոզչություն, որովհետև դա սպառնալիք է քաղաքացիներին»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը ապրիլի 16-ին օրենսդրական փոփոխություններ է ընդունել, որոնցով նախատեսվում է արգելել հեռուստատեսությամբ և ռադիոյով պատերազմի քարոզչությունը։ Կառավարությունը նաև հավանություն է տվել փոփոխություններին, ըստ որոնց՝ օտարերկրյա հեռուստառադիոծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը կարող է սահմանափակվել օրենքով։

Այսօր ականատես եղանք ոստիկանության բիրտ ուժի գործադրմանը խաղաղ ցուցարարների նկատմամբ, որն արդեն դարձել է իշխանության համար սովորական վարքագիծ

Այսօր հերթական անգամ ականատես եղանք ոստիկանության բիրտ ուժի գործադրմանը խաղաղ ցուցարարների նկատմամբ, որն արդեն դարձել է իշխանության համար սովորական վարքագիծ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:

«Այդ ամենը ուղեկցվում է առանձին քաղաքացիների նկատմամբ հստակ վայրագություններով, որի հետևանքով բերման են ենթարկում արնաշաղաղ ցուցարարների՝ բժշկական օգնություն ցուցաբերելու փոխարեն, այդ թվում՝ Վաղինակ Ղազարյանին, ում ճանաչում եմ որպես զուսպ և հավասարակշիռ մարդ։

Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը և հորդորում՝ իշխանություններին ծառայելու փոխարեն հիշել օրենսդրորեն ամրագրված իրենց առաքելությունը և չմոռանալ առաջին հերթին հայ մարդ մնալու մասին»,- գրել է նա։

Տեսանյութ:

Իսրայելը կրկին խախտել է Լիբանանի հետ հրադադարի ռեժիմը

Իսրայելական հրետանին կրակ է բացել Լիբանանի հարավում գտնվող Բեյթ աս Սիադ բնակավայրի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Լիբանանի NNA ազգային գործակալությունը:

«Թշնամու հրետանին 155 միլիմետրանոց տրամաչափի երկու արկ է արձակել Ալ Բայադից ոչ հեռու գտնվող Բեյթ աս Սիադ բնակավայրի ուղղությամբ, ինչը հրադադարի ռեժիմի հերթական խախտումն է», – ասվում է հրապարակման մեջ:

Հիշեցնենք, որ Իսրայելը և «Հզբոլլահ» շարժումը հաստատել են 10 օրով հրադադար են հաստատել, որն ուժի մեջ է մտել ապրիլի 17-ին՝ ժամը 00:00-ին:

Հորմուզի նեղուցը բաց կլինի հրադադարի ընթացքում

Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի անցումը լիովին բաց կլինի՝ ԱՄՆ-ի հետ համաձայնեցված հրադադարի ընթացքում՝ Իսրայելի և Լիբանանի միջև հաստատված հրադադարի ֆոնին:

Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Իրանի արտգործնախարարի հայտարարությունը։ Նավթի գները միջազգային շուկաներում միանգամից նվազել են մոտ տասը տոկոսով։

Լիբանանն ու Իսրայելը տասնօրյա հրադադարի մասին համաձայնության են եկել:

Հորմուզի նեղուցը բաց կլինի հրադադարի ընթացքում

Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի անցումը լիովին բաց կլինի՝ ԱՄՆ-ի հետ համաձայնեցված հրադադարի ընթացքում՝ Իսրայելի և Լիբանանի միջև հաստատված հրադադարի ֆոնին:

Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Իրանի արտգործնախարարի հայտարարությունը։ Նավթի գները միջազգային շուկաներում միանգամից նվազել են մոտ տասը տոկոսով։

Լիբանանն ու Իսրայելը տասնօրյա հրադադարի մասին համաձայնության են եկել:

Աղերսում եմ կարգալուծ անել Անուշավան եպիսկոպոսին. նա ապստամբ պառակտիչ է. Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանը աղերսագիր է հղել Վեհափառ Հայրապետին՝ կարգալույծ անել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեսուչ Անուշավան եպիսկոպոսին՝ հաշվի առնելով մի քանի հանգամանք.

«ԱՂԵՐՍԱԳԻՐ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ԱՆԵԼ ԵՐԵՎԱՆԻ Ս․ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԵՍՈՒՉ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ

Վեհափառ Տեր,

ԱՂԵՐՍՈւՄ ԵՄ պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել Երևանի Ս․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեսուչ Անուշավան եպիսկոպոսին հաշվի առնելով հետևյալ հանգամանքները.

1․ Սուրբ Հարության տոնին իր իսկ ձեռամբ Երևանի Ս․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված «պատարագին» անձամբ հերթական անգամ չի հնչեցրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը, կրկին փաստելով, որ ապստամբ պառակտիչ է։

2․ Դրանով նա չի անսացել ԽՈՏՈՐՅԱԼ ութ սրբազաններին (որոնցից մեկը ինքն է) ս․թ․ փետրվարի 17-19-ը անցկացված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց հավաքի (հղումը՝ մեկնաբանությունում) հորդորին ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ հակականոնական գործողություններից, ջլատող քայլերից ու անջատողական դրսևորումներից, որոնք սպառնում են առաջացնել հերձված՝ տկարացնելով Եկեղեցու առաքելությունը մեր հավատավոր ժողովրդի կյանքում։

3․ Ցուցաբերել է եպիսկոպոսին և ընդհանրապես քրիստոնյա մարդուն անվայել վարքագիծ։ Ըստ հավաստի աղբյուրների հղմամբ մամուլում տարածված տեղեկատվության Սուրբ Հարության տոնի նույն օրը, այն էլ եկեղեցու ներսում, Անուշավան եպիսկոպոսը ծեծի է ենթարկել եկեղեցու սարկավագներից մեկին (հղումը՝ մեկնաբանությունում): Դա հանդիսանում է եկեղեցական կանոնների և քրիստոնեական բարոյախոսության կոպտագույն խախտում։

4․ Չի համապատասխանում եպիսկոպոսի Նոր Կտակարանյան կերպարին, որով եպիսկոպոսը պետք է լինի «․․․ հեզ, խոհեմ, պարկեշտ, ․․․ ոչ նախատող, ոչ բռնացող, այլ՝ հանդարտաբարոյ, ոչ կռուազան, ոչ փողասէր, ․․․ այլ նա պէտք է ունենայ բարի վկայութիւն նաե՛ւ դրսեցիներից, որպէսզի չլինի թէ ընկնի նախատինքի տակ եւ սատանայի որոգայթների մէջ» (Ա Տիմ․ 3։2-7):

5․ Չի համապատասխանում եպիսկոպոսի Աստվածաշնչյան կերպարին, ըստ որի «․․.պէտք է, որ եպիսկոպոսն անբասիր լինի, որպէս Աստծու տնտես. ոչ յանդուգն, ոչ բարկացող, ոչ անարգող, ոչ կռուարար, ոչ շահասէր․․» (Տիտ 1:7):

6․ Ըստ Առաքելական ԾԹ (ԾԸ) ԻԵ կանոնի անգամ մեղանչած հավատացյալներին կամ կռվարար անհավատներին հարվածած եպիսկոպոսին, ով դրա միջոցով ցանկանում է վախեցնել նրանց՝ հրամայվում է կարգալույծ անել։ Նաև հիմնավորվում է․ «որովհետև Տերը մեզ ոչ մի տեղ նման բան չսովորեցրեց, այլ ընդհակառակը՝ Նրան հարվածեցին, բայց Ինքը ոչ մեկին չհարվածեց, Նրան նախատեցին, բայց Ինքը փոխարենը ոչ մեկին չնախատեց, Նա չարչարվեց, բայց ոչ մեկին չսպառնաց»։

7. Կանոնագրքի բոլոր շերտերը՝ Առաքելական, Տիեզերական և Հայաստանյայց ժողովների, միակամ են, որ հոգևորականը, ով ֆիզիկական ցավ է պատճառել կամ հարվածել է մարդուն, կորցնում է իր ձեռքերի սրբությունը և պետք է կարգալույծ արվի։ Այդպիսի ձեռքը իրավունք չունի դիպչելու Քրիստոսի Մարմնին և Արյանը՝ Սուրբ Հաղորդությանը։

8․ Անտեսել է 2025 թ. նոյեմբերի 25-ին հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողովի որոշումները (հղումը՝ մեկնաբանությունում), ըստ որի իր արարքը ենթակա է խստագույն պատժի, եթե նա չզղջա և չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով, սակայն որը նա փաստացի չի արել։

9․ Իր խոտորյալ վարքով խաթարում է Ս․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր միջավայրը։ Եկեղեցու ոչ մի հոգևորական, այդ թվում գրեթե բոլոր սարկավագները չեն ցանկացել սպասարկել և մասնակցել իր մատուցած հակականոնական «պատարագին»։ Ստիպված կանչվել է Արարատյան Հայրապետական թեմի Ս․ Խաչ եկեղեցու հովիվ տ․Զգոն քահանան ու այլ եկեղեցիներից սարկավագ/դպիրներ։ Նման եպիսկոպոսը չի կարող լինել այդ եկեղեցու տեսուչ։

10․ Անտեսել և խախտել է Հայոց կանոնագրքի Անտիոքի ժողովի ՄԾԱ (ՄԽէ) ԺԱ կետը:

10.1. Ըստ այդ կանոնի` եթե որևէ եպիսկոպոս, քահանա, սարկավագ կամ հոգևորական դասի այլ անդամ՝ առանց տվյալ թեմի եպիսկոպոսի և առավել ևս առանց եպիսկոպոսապետի՝ մեր դեպքում Կաթողիկոսի կամքի ու գրավոր թույլտվության ցանկացած հարցով դիմի թագավորին (աշխարհիկ իշխանության ղեկավարին), ապա այդպիսին թող մատնանշվի, կարգալույծ արվի և մերժվի ոչ միայն եկեղեցական հաղորդակցությունից, այլև այն պատվից (աստիճանից), որն ուներ։

10.2. Ըստ կանոնի այդպիսի մեկը պետք է մատնացույց արվի ժողովրդի առաջ, որ հոտը չմոլորվի նրա հետևից գնալով: Նա պետք է զրկվի իր պաշտոնից՝ թեմի առաջնորդությունից, կարգալույծ արվի և դասվի աշխարհականների շարքը: Կանոնախախտ եպիսկոպոսը նաև պետք է մերժվի իր եղբայրների կողմից։ Կեղծ օրակարգերով եկեղեցու նվիրապետական կարգի դեմ դավադիր և տիրադավ մղումներով ապստամբած կղերականը Եկեղեցու պատմության մեջ մնալու է ոչ թե որպես առաջնորդ, այլ որպես եկեղեցադավ։

11. Կարգալույծների ու հերձվածողների հետ համակարգել է 18.12.2025թ. Մայր Աթոռի վրա գրոհը, նախապես միանալով սադրիչ հայտարարությանը:

12. Իր հակականոնական ընթացքը մեծագույն գայթակղություն է դարձել եկեղեցու տիրանվեր քահանաների, սարկավագների, դպիրների և հավատավոր հոտի համար, իսկ դա ըստ Ավետարանում Տիրոջ խոսքի` ծանրագույն մեղք է:

Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր
Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն`
Սամվել դպիր Գրիգորյան
ՈՎՔԵՐ ՀԱՄԱՄԻՏ ԵՆ, ԽՆԴՐՈւՄ ԵՄ ՄԻԱՆԱԼ ԱՂԵՐՍԱԳՐԻՆ