Հայ սամբիստները ԵԱ-ում նվաճել են 7 մեդալ, այդ թվում՝ 2 ոսկե

Սերբիայում շարունակվում է սամբոյի պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են փայլուն արդյունքներ գրանցել։

Մրցումային հերթական օրը չափազանց հաջող էր մեր երիտասարդական հավաքականի համար. ասպարեզ դուրս եկած 8 հայ մարզիկներից 7-ը կանգնել են պատվո հարթակին՝ նվաճելով 2 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալներ։

Մարզական սամբոյի մրցաշարում հիանալի ելույթներ են ունեցել Ալեքս Խաչատրյանը (58 կգ) և Մհեր Օհանյանը (71 կգ): Երկու հայ մարզիկներն էլ եզրափակիչ գոտեմարտերում վստահ հաղթանակներ են տարել Ադրբեջանի ներկայացուցիչների նկատմամբ և հռչակվել Եվրոպայի երիտասարդների չեմպիոններ:

Մարտական սամբոյի մրցումներում Հայաստանն ուներ եզրափակչի երեք մասնակից։ Վճռորոշ գոտեմարտերում Միքայել Թումասյանը (64 կգ), Վադիս Համբարձումյանը (79 կգ) և Արեն Հարությունյանը (98 կգ) զիջեցին Ռուսաստանի մարզիկներին և դարձան ԵԱ-ի փոխչեմպիոններ:
Աղջիկների 72 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի ակտիվը արծաթե մեդալով հարստացրեց Սյուզաննա Մանուկյանը, ով եզրափակիչում պարտվեց Բելառուսը ներկայացնող մարզուհուն։

Մարզական սամբոյի 88 կգ քաշային կարգում էլ հանդես եկող Սեյրան Սարուխանյանը, տոնելով երկու հաղթանակ և կրելով մեկ պարտություն, արժանացավ բրոնզե պարգևի: Հայաստանի ներկայացուցիչներից միայն Միլենա Առաքելյանին չհաջողվեց մեդալ նվաճել. նա պայքարը լքեց մեկ հաղթանակից հետո։

Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայից հայտնում են, որ վաղը՝ ապրիլի 23-ին, մեդալների համար պայքարի դուրս կգա ևս 7 հայ մարզիկ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ այս առաջնությունում Հայաստանի պատանեկան հավաքականն արդեն նվաճել էր 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ:

Armsport

Ըմբշամարտի ԵԱ․ Գասպար Տերտերյանը դարձավ բրոնզե մեդալակիր

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը հերթական մեդալն է նվաճում. 72 կգ քաշային կարգում պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել Գասպար Տերտերյանը։

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող բելառուս Ալիակսանդր Լիավոնչիկն էր։ Լարված դիմակայությունն ավարտվեց 1։1 հաշվով, սակայն վերջին միավորը վաստակելու առավելությունը տրվեց Տերտերյանին, ինչն էլ նրան հաղթանակ և Եվրոպայի առաջնության բրոնզե պարգև բերեց։

Հայ մարզիկը մրցաշարում իր ելույթները սկսել էր որակավորման փուլից՝ 6։0 հաշվով վստահ հաղթանակ տոնելով Շվեդիան ներկայացնող Հենրի Դահլենի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում Տերտերյանը կարողացավ շրջանցել Ադրբեջանի ներկայացուցիչ Ռուսլան Նուրուլաևին։

Կիսաեզրափակիչում, սակայն, մեր ըմբիշը 1։6 հաշվով զիջեց Ֆրանսիայի դրոշի տակ հանդես եկող Իբրահիմ Ղանեմին՝ պայքարը շարունակելով միայն երրորդ տեղի համար։

Մահապատժի դատապարտված 8 կին չի սպանվի. Իրանը և նրա առաջնորդները հարգեցին իմ խնդրանքը. Թրամփ

Իրանում մահապատժի դատապարտված 8 կին ցուցարար չի սպանվի։ 4-ն ազատ կարձակվի, մյուս 4-ը կազատազրկվի 1 ամսով։

Շատ եմ գնահատում, որ Իրանը և նրա առաջնորդները հարգեցին իմ խնդրանքը:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Եվրոպան հետաքրքրված է Թուրքիա–Սիրիա–Հորդանան երկաթուղային նոր նախագծով

Թուրքիայի, Սիրիայի և Հորդանանի տարածքով Եվրոպան Պարսից ծոցի երկրների հետ կապող երկաթուղային նոր նախագիծը հետաքրքրություն է առաջացրել եվրոպական երկրների մոտ։

Նախագծի նպատակն է ստեղծել լայնածավալ առևտրային միջանցք՝ Եվրոպայից դեպի Սիրիա, ապա՝ Հորդանան և Պարսից ծոց։

Ըստ միջազգային գնահատականների՝ նախաձեռնությունը կարող է խթանել տարածաշրջանային առևտուրը, ինչպես նաև նպաստել Սիրիայում պատերազմից վնասված ենթակառուցվածքների վերականգնմանը։

Նախատեսվում է արդիականացնել գործող երկաթուղային գծերը և կառուցել նոր հատվածներ, որի համար ընդհանուր ներդրումը կազմելու է 110 մլն դոլար:

Վերլուծաբանները նշում են, որ նախագիծը կարող է դառնալ ծովային փոխադրումների այլընտրանք՝ կրճատելով բեռնափոխադրումների ժամանակն ու ծախսերը։

Թուրքիան ձգտում է ամրապնդել իր դիրքը որպես տարածաշրջանային լոգիստիկ կենտրոն, ինչի համատեքստում էլ երկարաժամկետ հեռանկարում հնարավոր է երկաթուղային միջանցքի ինտեգրումը Պարսից ծոցի երկրների երկաթուղային ցանցերին, ինչը կավելացնի տարածաշրջանում առկա տնտեսական կապերը։

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման հնարավորությունը. Tasnim

Իրանի դիրքորոշումը ԱՄՆ-ի հետ բանակցություններից հրաժարվելու հարցում անփոփոխ է մնում. ապրիլի 22-ին հաղորդել է Tasnim-ը։

«Մինչ օրս Իրանի՝ բանակցություններին չմասնակցելու դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չի կատարվել»,- նշել է գործակալությունը։

Հրապարակման մեջ նաև նշված է, որ Իրանը ներկայումս ուրբաթ օրը բանակցություններ վարելու ծրագրեր չունի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ New York Post-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը կարող են բանակցությունների նոր փուլ անցկացնել առաջիկա 36-72 ժամվա ընթացքում։

Թուրքիան Նիգերիայում ուսումնական բազա կհիմնի

Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում հանդիպել են Թուրքիայի և Նիգերիայի պաշտպանության նախարարները։

Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության խորացումն ու զարգացումը և անդրադարձել կրթության, տեխնոլոգիաների փոխանցման և համատեղ նախագծերին առնչվող հարցերի։

Նախարարները նաև փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որով նախատեսվում է համապարփակ ռազմական ուսումնական բազա հիմնել Նիգերիայում։

Նշվում է, որ այդ ուսումնական բազան կծառայի որպես երկարաժամկետ ուսուցման և կարողությունների զարգացման կենտրոն։ Կանցկացվեն վերապատրաստումներ հակաահաբեկչության, հատուկ գործողությունների, հետախուզության համակարգման, անօդաչու թռչող սարքերից պաշտպանության մասով:

Փոխըմբռնման համաձայնագրի առաջին փուլում նիգերիացի զինվորական անձնակազմը կուղարկվի Թուրքիա՝ վերապատրաստման, լեզվի ուսուցման և դաշտային վարժանքների համար: Ակնկալվում է, որ այս գործընթացը կարագացնի երկու երկրների միջև ռազմական տեղեկատվության փոխանակումը:

Ermenihaber

Հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ Մեր տեղեկություններով, ՌԴ իշխանությունները փակել են Վիկտոր Սողոմոնյանի` Հայերի միության նախագահ դառնալու թեման:

Պաշտոնական բացատրությունը եղել է այն, որ «քաղաքական հայացքներ ունեցող անձ չի կարող այդ պաշտոնը զբաղեցնել»` ապաքաղաքական անձ պետք է լինի հաջորդ նախագահը, որ բոլոր թիմերի ու խմբավորումների հետ կարողանա աշխատել:

Մեզ հասած տեղեկություններով, այս հարցում ակտիվություն է ցուցաբերում Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազանը, ով իր թեկնածուն ունի եւ ուզում է նրան նստեցնել Արա Աբրահամյանի աթոռին: Ապրիլի 24-ին Եզրաս սրբազանը մեծ միջոցառում է նախաձեռնել` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, ըստ լուրերի` այդ օրը պետք է ներկայացնի իր թեկնածուին:

Լսումներ, թե՞ բողոքի ակցիա․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ 44-օրյա պատերազմում անհայտ կորածների հարազատները դիմել են ընդդիմադիրներին՝ ԱԺ-ում լսումներ կազմակերպելու խնդրանքով, որ պահանջեն պատկան մարմիններից՝ հրապարակել 44-օրյա պատերազմի զեկույցը։

Եվ քանի որ 2 խմբակցությունն էլ սպառել են ԱԺ կանոնակարգով մեկ կիսամյակում մեկ անգամ լսումներ հրավիրելու իրավունքը, եւ դա կարող է անել մշտական հանձնաժողովը, ապա կազմակերպչական հարցերն իր վրա է վերցրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Թագուհի Թովմասյանը։

Սակայն երեկ խորհրդարանը մերժել է նրա հայտը՝ ԱԺ նիստերի մեծ դահլիճում լսումներ անցկացնելու մասին, առաջարկել է ավելի փոքր՝ 334 սենյակը։ Թե ինչու են մերժել, երեկ ԱԺ աշխատակազմից չհաջողվեց պարզաբանում ստանալ, սակայն ծնողներն էլ համաձայն չեն փոքր դահլիճին, քանի որ 181 հոգով են ուզում գալ։

Տեղեկացանք նաեւ, որ պաշտոնատար անձինք՝ գլխավոր դատախազ, ՔԿ ղեկավար եւ այլք, մերժել են լսումներին մասնակցելու հրավերը` այլեւս ասելիք չունեն այս մարդկանց: Իշխանությունն էլ խուսափում է նախընտրական շրջանում քննարկել պատերազմի թեման։

Այսօր առավոտյան անհայտ կորածների ծնողներն ու հարազատները կհավաքվեն խորհրդարանի դիմաց, եթե ԱԺ աշխատակազմը կրկին մերժի լսումները նիստերի դահլիճում անցկացնելու առաջարկը, ապա մտադիր են բողոքի ակցիա իրականացնել։

Ովքեր են «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի լիդերները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ԿԸՀ-ին ներկայացրեց հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների իրենց ցուցակը։
Ինչպես արդեն հայտնի է՝ ցուցակը գլխավորում է Նարեկ Կարապետյանը։

Իսկ ովքեր են կուսակցությունում ընդգրկված այն անձինք, ովքեր ճանապարհ են անցել ու հանրությանը հայտնի են իրենց կատարած աշխատանքով։ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է նրանց անցած ճանապարհը։

Արամ Վարդևանյան
Իրավաբան, փաստաբան և քաղաքական գործիչ։ Ավարտել է իրավաբանական կրթություն և մասնագիտացել է քրեական ու սահմանադրական իրավունքի ոլորտներում։ Հանրությանը հայտնի է որպես մի շարք բարձրաձայն քրեական և քաղաքական ենթատեքստ ունեցող գործերի պաշտպան։ Եղել է Ազգային ժողովի պատգամավոր, որտեղ զբաղվել է օրենսդրական նախաձեռնություններով, հատկապես՝ իրավական բարեփոխումների ոլորտում։

Գոհար Մելոյան
Նա մասնագիտացած է սահմանադրական իրավունքի, մարդու հիմնարար իրավունքների, ընտրական իրավունքի, վարչական իրավունքի, իրավաստեղծարարության բնագավառներում։

Դավիթ Ղազինյան
ՀԷՑ-ի նախկին գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ, իրացման բաժնի տնօրեն է եղել։ Հասարակական և քաղաքական գործընթացներում ներգրավված գործիչ։

Գրիշա Թամրազյան
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար է եղել, Վ. Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտոր, ռեկտորի գլխավոր խորհրդական։
Հասարակական և քաղաքական ակտիվություն ցուցաբերած գործիչ, որը եղել է սկզբունքային փոխնախարար, սիրված իր համակարգած սպորտի ոլորտում։ Մասնակցել է տարբեր նախաձեռնությունների և գործընթացների, հանդես է եկել հասարակական դիրքորոշումներով։ Նրա գործունեությունը հիմնականում կապված է հանրային մասնակցության, սպորտային հաջողությունների և քաղաքական ակտիվության հետ։

Մամիկոն Ասլանյան
Քաղաքական գործիչ, Վանաձորի նախկին քաղաքապետ։ Երկար տարիներ ղեկավարել է Վանաձոր համայնքը՝ իրականացնելով քաղաքային կառավարման ծրագրեր՝ ենթակառուցվածքների զարգացման, քաղաքաշինության և համայնքային ծառայությունների ոլորտում։ Նրա պաշտոնավարման շրջանը աչքի է ընկել տեղական ինքնակառավարման ակտիվ գործունեությամբ, սակայն նաև եղել են քաղաքական տարաձայնություններ և քննադատություններ։

Էդգար Ղազարյան
Դիվանագետ և քաղաքական գործիչ։ Նախկինում զբաղեցրել է տարբեր պետական պաշտոններ, այդ թվում՝ եղել է դեսպան և պետական կառավարման համակարգում պատասխանատու պաշտոնյա։ Հայտնի է իր կոշտ և հաճախ քննադատական դիրքորոշումներով իշխանությունների նկատմամբ։ Մասնակցում է քաղաքական և հասարակական քննարկումներին՝ անդրադառնալով արտաքին քաղաքականությանը և ազգային անվտանգությանը։

Լիլիա Շուշանյան
2019 թվականի հունիսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։ Հանդիսանում է նաև Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի անդամ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՔՊ ընտրական ցուցակի 34-րդ համար Լևոն Լևոնյանը աչքի է ընկնում ոչ միայն իր պաշտոնական առաջխաղացմամբ, այլև կուսակցական ակտիվությամբ։ Նա «ուրախ ավտոբուսի» ակտիվ անդամներից է և ներկա է գրեթե բոլոր քարոզարշավներին՝ ցուցադրելով բարձր ներգրավվածություն կուսակցական գործընթացներում։

Լևոնյանի կենսագրական տվյալները վկայում են բավական արագ կարիերայի աճի մասին։ 2025 թվականի մայիսի 19-ին ՀՀ վարչապետի N422-Ա որոշմամբ նա նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ Մինչ այդ՝ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։

2023-2024 թվականներին աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական, իսկ 2022-2023 թվականներին՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի խորհրդական։ 2022 թվականի հոկտեմբերի 29-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամ։ Նույն թվականին եղել է նաև «8033» շտապօգնության ծառայության տնտեսական գծով պատասխանատու։ 2021-2022 թվականներին աշխատել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում՝ որպես ներքին ընթացակարգերի պատասխանատու։ Ավելի վաղ՝ 2019-2020 թվականներին զբաղեցրել է խորհրդատուի պաշտոն ՀՀ առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչությունում, իսկ 2020 թվականին համակարգել է նախարարության կողմից ստեղծված շտապօգնության ծառայությունը՝ կապված Արցախից վիրավորների հոսպիտալացման և տարհանման գործընթացների հետ։ 2019 թվականին էլ եղել է Ազգային ժողովի պատգամավորի օգնական։
Հայտարարագրերը՝ թվերով
«Ժողովուրդ օրաթերթը» ուսումնասիրեց և պարզեց, որ Լևոն Լևոնյանի 2024 թվականի հայտարարագիրը ցույց է տալիս բավական ընդգրկուն ֆինանսական պատկեր։ Նա Երևանի ավագանու անդամ է դարձել 2024 թվականի մարտի 29-ին։ Հայտարարագրել է 90 օր և ավել տիրապետմամբ Աջափնյակ վարչական շրջանում գտնվող բնակարան։ Տրանսպորտային միջոցներից ունի 2016 թվականի TOYOTA, ձեռք բերված 2020 թվականին։
Հատկանշական է, որ նա հայտարարագրել է 23,985,000 դրամի փոխառություն «ԱԿԲԱ բանկից», իսկ տարվա ընթացքում ստացել է նաև 20,387,250 դրամ վարկ։

Բանկային հաշիվներում ունեցել է 481,326 դրամ, Իդրամ հաշվին՝ 7,500 դրամ, ինչպես նաև 1.3 ETH կրիպտոարժույթ։
Կանխիկ միջոցները կազմել են 5500 դոլար, 500 եվրո և 2,050,000 դրամ։
Տարվա եկամուտները ձևավորվել են տարբեր աղբյուրներից՝
• Երևանի քաղաքապետարան՝ 900,000 դրամ,
• ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ 4,228,839 դրամ,
• ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ՝ 862,211 դրամ,
• եկամտային հարկի վերադարձ՝ 241,296 դրամ։
Ընդհանուր եկամուտները կազմել են 26,619,596 դրամ, մինչդեռ վարկերի մնացորդը տարվա վերջում կազմել է 20,378,500 դրամ։
2023 թվական
«Ժողովուրդ օրաթերթը» ուսումնասիրեց և պարզեց, որ 2023 թվականին Լևոնյանի ֆինանսական պատկերը նույնպես ակտիվ է եղել։ Նա զբաղեցրել է միաժամանակ մի քանի պաշտոն՝ Ազգային ժողովի աշխատակազմում և Երևանի քաղաքապետարանում։
Բանկային հաշիվներում ունեցել է 1,289,984 դրամ, դրամապանակում՝ 82 դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել են 6150 դոլար, 700 եվրո և 2,750,000 դրամ։
Տարվա եկամուտները կազմել են ընդհանուր 4,973,727 դրամ, այդ թվում՝
• Ազգային ժողովի աշխատակազմից՝ 4,229,498 դրամ,
• Երևանի քաղաքապետարանից՝ 150,000 դրամ,
• «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ից՝ 194,229 դրամ։
Ստացել է նաև 400,000 դրամ վարկ, որի մնացորդը տարվա վերջում կազմել է 264,000 դրամ։
«Ժողովուրդ օրաթերթը» ամփոփելով Լևոն Լևոնյանի հայտարարագրերը՝ արձանագրեց, որ նա համեմատաբար կարճ ժամանակահատվածում հետհեղափոխական Հայաստանում մի շարք պետական պաշտոններ է զբաղեցրել։ Նրա եկամուտները կտրուկ աճել են հեղափոխությունից հետո, ինչպես մյուս բոլորը քպ-ականները»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: