Դանիական Carlsberg ընկերությունը պայմանավորվել է գնել հայկական JI Pepsi Cola Bottler Armenia և վրացական Iberia Refreshments ընկերությունները, որոնք արտադրում են PepsiCo-ի ըմպելիքները։ Այս մասին ընկերությունը հայտնել է հոկտեմբերի 5-ին։
Հայաստանում գործարքը պահանջում է կառավարության հավանությունը։ Երկու ընկերություններն էլ պատկանում են Revery ներդրումային խմբին։
Գործարքների ավարտից հետո Carlsberg-ը կստանձնի PepsiCo-ի ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը, վաճառքն ու բաշխումը Հայաստանում և Վրաստանում։
Carlsberg-ում ակնկալում են, որ Ադրբեջանում արդեն գործող բիզնեսի հետ միասին դա թույլ կտա Հարավային Կովկասում ձևավորել ուժեղ կլաստեր։
Ադրբեջանում PepsiCo-ի հետ գործընկերությունն ընկերությունն ընդլայնել է հուլիսի վերջին։ Գործարքի ֆինանսական պայմանները չեն բացահայտվում։
Գործարքի ավարտից հետո այն շուկաների թիվը, որտեղ Carlsberg-ը շշալցնում է PepsiCo-ի ըմպելիքները, կհասնի 17-ի։