Օրտիս Արիասը երկու խաղով կարող է հեռացվել պարտականությունների կատարումից


Սպորտ


Մադրիդյան դերբին սպասարկած գլխավոր մրցավար Միգել Անխել Օրտիս Արիասը կարող է հեռացվել պարտականությունների կատարումից առնվազն երկու խաղով։ Այս մասին հաղորդում է The Touchline-ը։


Հիշեցնենք, որ «Ատլետիկոյի» և «Ռեալի» միջև կայացած հանդիպումն ավարտվել էր «Ատլետիկոյի» հաղթանակով՝ 2-1 հաշվով։

Երկրորդ խաղակեսի սկզբում Օրտիս Արիասը Դին Հաուսենի՝ Ջուլիանո Սիմեոնեի նկատմամբ թույլ տված խախտման համար 11-մետրանոց էր նշանակել՝ սկզբում դեղին քարտ ցույց տալով «Ռեալի» պաշտպանին։ Սակայն տեսակրկնությունների (VAR) համակարգի միջամտությունից հետո մրցավարը փոխեց իր որոշումն ու ուղիղ կարմիր քարտով հեռացրեց ֆուտբոլիստին խաղադաշտից։

Ընդ որում, դեռևս առաջին խաղակեսում երկու վիճահարույց դրվագ էր գրանցվել նաև «Ատլետիկոյի» ֆուտբոլիստների մասնակցությամբ։ Մասնավորապես, Քրիստիան Ռոմերոն Ջուդ Բելինգեմի նկատմամբ կանոնների խախտման համար պատժվել էր միայն դեղին քարտով, իսկ Լի Կան Ինը Ֆեդերիկո Վալվերդեի նկատմամբ խախտումից հետո ընդհանրապես խուսափել էր հեռացումից։

Հանդիպման ավարտից հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացահայտորեն իր դժգոհությունն էր հայտնել մրցավարական անձնակազմի աշխատանքից։

armsport.am




FLYONE ARMENIA ավիաընկերությունը Երևան-Բելգրադ-Երևան երթուղով թռիչքներ կիրականացնի


Բիզնես


«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ FLYONE ARMENIA ավիաընկերությունը ս.թ. դեկտեմբերի 15-ից չվերթեր կիրականացնի դեպի Բելգրադ, Սերբիա:

Երևան – Բելգրադ – Երևան երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:



Նրա խնդիրն այն է, որ գրեթե բոլոր այդ ռեկորդները «մինուս» նշանով են


Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը քաղաքական հերթական ռեկորդն է սահմանում. գրում է BBC-ն՝ հավելելով,- «Սակայն նրա խնդիրն այն է, որ գրեթե բոլոր այդ ռեկորդները «մինուս» նշանով են, և դրանց պատճառով նա ռիսկի է դիմում կորցնել իր պաշտոնը»: Ըստ լրատվամիջոցի՝  Եվրոմիության և ընդհանուր առմամբ Եվրոպայի համար խնդիրն այն է, որ այս իրավիճակի հետևանքները զգացվում են Գերմանիայի սահմաններից շատ հեռու:

Մերցի ժողովրդականության վարկանիշը կազմում է ընդամենը 13%․ սա ամենացածր ցուցանիշն է Գերմանիայի բոլոր կանցլերների շրջանում այն պահից ի վեր, երբ սկսել են անցկացվել նմանօրինակ հարցումները:

Գերմանացի ընտրողների շրջանում Մերցի աջակցությունն ի սկզբանե ավելի ցածր էր, իսկ հետո նվազեց ավելի արագ, քան նրա նախորդներից որևէ մեկինը: Շատերը նախկին կորպորատիվ իրավաբանին ընկալում են որպես գոռոզ և իրենց խնդիրներից հեռու անձնավորություն:

Մերցը իշխանության ղեկին է ընդամենը 16 ամիս, սակայն վերջին զույգ շաբաթների ընթացքում նրա գլխավորած պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ/CDU) ծայրահեղ անհաջող է հանդես եկել տարածաշրջանային երեք ընտրություններում:

Կիրակի օրը Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա երկրամասը գրանցեց ևս մեկ հակառեկորդ. նախնական արդյունքների համաձայն՝ Մերցի պահպանողական ՔԴՄ կուսակցությունը չի կարողացել հաղթահարել նույնիսկ 5 տոկոսանոց շեմը՝ լանդթագ (երկրամասային խորհրդարան) անցնելու համար:

Միևնույն ժամանակ, աջ ազգայնական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, որը հանդես է գալիս ներգաղթի դեմ (հենց այն կուսակցությունը, որի աջակցությունը, ինչպես Մերցն էր խոստանում ՔԴՄ առաջնորդի պաշտոնում թեկնածություն առաջադրվելիս, կտրուկ նվազելու էր), տպավորիչ արդյունքներ է ցույց տվել: Վերջին երեք երկրամասային ընտրություններից երկուսում այն դարձել է ամենախոշոր քաղաքական ուժը և սահմանել ևս մեկ ռեկորդ. կուսակցությունը հնարավորություն է ստացել մտնել իշխանության կազմ այդ երկրամասերից մեկում՝ Սաքսոնիա-Անհալթում, չնայած նրան, որ գերմանական իշխանությունները նրա առանձին կառույցները բնութագրում են որպես հակաժողովրդավարական և աջ ծայրահեղական:

AfD-ն նաև առաջատարն է համանշանակային հասարակական կարծիքի հարցումներում․ սա առանձնապես զգայուն թեմա է Գերմանիայի համար՝ հաշվի առնելով նրա նացիստական անցյալը:

Մերցի դիրքը Գերմանիայի կանցլերի պաշտոնում իսկապես երերուն է թվում: Արդեն մի քանի շաբաթ է՝ լուրեր են պտտվում նախապատրաստվող ներկուսակցական հեղաշրջման մասին, որի արդյունքում նրան կարող է փոխարինել ՔԴՄ-ից ավելի ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչ:

Նշվում են հնարավոր թեկնածուների անուններ, սակայն ոչ ոք հրապարակավ չի հայտարարի իր հավակնությունների մասին, քանի դեռ համոզված չէ, որ վայելում է կուսակցության աջակցությունը:


ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար


«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի շրջանակում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը սեպտեմբերի 17-ին մասնակցել է բարձր մակարդակի բաց քննարկման, որի առանցքում երկրի ներքին անվտանգության, ինստիտուցիոնալ կայունության, քաղաքացիական պաշտպանության և հասարակության դիմակայունության ամրապնդման հարցերն էին։

Անդրադառնալով պետության ներսում կայուն անվտանգային միջավայրի ձևավորմանն ու հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու պատրաստվածությանը՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ որևէ երկիր չի կարող պնդել, թե լիարժեք պաշտպանված է աշխարհում առկա բոլոր մարտահրավերներից։ Հայաստանն այս համատեքստում ոչ միայն ճանաչել է հիբրիդային սպառնալիքները որպես իրական խնդիր, այլև մշակել է դրանց արդյունավետ արձագանքելու համակարգված մոտեցումներ։

Նախարարի խոսքով՝ այդ սպառնալիքներին դիմակայելու տեսանկյունից անկյունաքարային է պետության և քաղաքացու միջև վստահությունն ու թափանցիկ հաղորդակցությունը։
Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ներքին անվտանգության ապահովումը պետության առաջնահերթություններից է, առանց որի անհնար է խոսել տնտեսական աճի, զբոսաշրջության զարգացման կամ երկրի ընդհանուր դիմակայունության ամրապնդման մասին։

Պետություն–քաղաքացի հարաբերությունների համատեքստում Արփինե Սարգսյանն անդրադարձել է քաղաքացիության ինստիտուտի վերաարժևորմանը միտված քայլերին։ Նա ընդգծել է, որ քաղաքացիությունը պետության և անձի միջև կայուն կապ է՝ փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով, ուստի դրա շնորհման և դադարեցման ընթացակարգերը պետք է արտահայտեն այդ կապի բովանդակությունն ու նշանակությունը։

«ՀՀ քաղաքացիությունը մեզ համար՝ որպես պետություն, արժեք է և այդ արժեքը հավասարապես վերաբերելի պետք է լինի և պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը։ Եվ այս արժեքից հրաժարումը՝ քաղաքացիության դադարեցումը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի»,-նշել է ՆԳ նախարարը։

Հայաստան–Եվրոպական միություն հարաբերություններին անդրադառնալով՝ Արփինե Սարգսյանը, որպես վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի գլխավոր բանակցող, պրոցեսսը դիտարկել է որպես Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և երկրի գրավչության բարձրացման հնարավորություն։

«Գործողությունների ծրագիրը, որը ստացել ենք ԵՄ գործընկերներից, Հայաստանի գրավչության բարձրացման մասին է։ Ի՞նչ է սա նշանակում, և ինչո՞ւ եմ ասում, որ այն Հայաստանի գրավչության բարձրացման մասին է։ Որովհետև մենք անդրադառնում ենք մարդու իրավունքների ոլորտին, այնպիսի կարևորագույն հարցի, ինչպիսին իրավահավասարության ինստիտուցիոնալ մեխանիզմների ձևավորումն է Հայաստանի Հանրապետությունում և դա բնականորեն հասել է այն կետին, որ մենք պիտի ունենանք օրենսդրական կառուցակարգեր։ Խոսում ենք փաստաթղթերի անվտանգության, կենսաչափական համակարգի ներդրման մասին Հայաստանի Հանրապետությունում, և դա հանրային ծառայությունների ու անձի ինքնության նկատմամբ վստահության ապահովման առանցքային համակարգ է։ Առանց դրա պատկերացնել, որ մենք ճանաչում ենք մեր հանրությանը, ունենք բնակչության պետական ռեգիստր կամ կարող ենք սպասարկել թվայնացման այն օրակարգը, որն ունի Հայաստանի Հանրապետությունը, ուղղակի բարեխիղճ մոլորություն կլինի, եթե այդպիսի մտածողությամբ գնանք առաջ»,– նշել է ՆԳ նախարարը։

Արփինե Սարգսյանը վստահություն է հայտնել, որ վիզաների ազատականացման շրջանակում իրականացվող բարեփոխումները կնպաստեն Հայաստանում ապրելու համար առավել բարենպաստ պայմանների ձևավորմանն ու ներգաղթի խթանմանը։

Անդրադառնալով քաղաքացիների սահմանային մուտքերի և ելքերի հարաբերակցությանը՝ նա նշել է, որ 2025 թվականին, ինչպես նաև 2026 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է դրական սալդո։ Այս միտումները նախարարը կապել է առաջին հերթին խաղաղության օրակարգի և իրականացվող բարեփոխումների հետ՝ ընդգծելով, որ

Հայաստանը պետք է իր քաղաքացիների համար լինի ապրելու հիմնական վայրը, իսկ մյուս երկրները՝ ճամփորդելու, կրթություն ստանալու և այլ հնարավորություններից օգտվելու ուղղություններ։

Ամփոփելով, նախարար Սարգսյանն ընդգծել է, որ համապարփակ անվտանգության համակարգի արդյունավետությունը պայմանավորված է նաև յուրաքանչյուրի՝ դրա մի մասը լինելու գիտակցությամբ։


Թուրքիայի կենտրոնում աշակերտը կրակ է բացել իր դասընկերների ուղղությամբ


Հարեվաններ


Թուրքիայի կենտրոնում՝ Մանիա քաղաքի Ինջի Ուզմեզի անվան մասնագիտական-տեխնիկական ավագ դպրոցում աշակերտներից մեկը որսորդական հրացանով եկել է դպրոց եւ կրակ բացել իր դասընկերների ուղղությամբ։ Sözcü- ի տվյալներով՝ հինգ աշակերտ վիրավորվել է։

Կրակոցներից հետո հարձակվողը դուրս է վազել դպրոցից եւ փախել։ Ոստիկանությունը սկսել է նրա որոնումները, դպրոց են ուղարկվել մեծ թվով ոստիկաններ եւ բուժաշխատողներ։ Տուժածներին տեղափոխել են Թուրգութլուի պետական հիվանդանոց։

Մանիսայի իշխանությունները հաստատել են, որ դպրոցին հարակից տարածքում կրակոցների մասին հաղորդում են ստացել, որից հետո դեպքի վայր են ուղարկվել շտապ ծառայությունները։ Դեպքի մանրամասները պարզվում են։

 



Երեւանի եւ Գոլդեն Փելիս հյուրանոցի միջեւ հողի վաճառքի պայմանագիրը Վերաքննիչ դատարանը անվավեր է ճանաչել


Հայաստան


Գլխավոր դատախազության բողոքը, 2026 թվականի սեպտեմբերի 11-ին, Վերաքննիչ վարչական դատարանի որոշմամբ ամբողջությամբ բավարարվել է. Վարչական դատարանի՝ 2024 թվականի մարտի 11-ի վճիռն ամբողջությամբ բեկանվել է և փոփոխվել:

Գլխավոր դատախազության հայցի հարուցման համար հիմք էր հանդիսացել այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի՝ «Ազատության պողոտայի 2/5 հասցեում կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասը «Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊ ընկերությանն օտարելու մասին» 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 1619-Ա որոշմամբ, «Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊ ընկերությանն օտարվել է  10000 քմ մակերեսով հողամաս, որը գտնվել է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակման տիրույթում և օտարման ենթակա չի եղել:

Վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, որպես հետևանք, անվավեր կճանաչվեն նաև Երևանի քաղաքապետի վերոնշյալ որոշման լրացումները, ինչպես նաև Երևանի քաղաքապետի և ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊ ընկերության միջև 2008 թվականի մայիսի 29-ին կնքված հողամասի ուղղակի վաճառքի մասին թիվ 4204 պայմանագիրը, ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումը, և «Հաղթանակ» զբոսայգու տարածքում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը:



Էրդողանը կոչ է արել վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը և ուժեղացնել կառույցի Գլխավոր ասամբլեայի դերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Էրդողանն այս առաջարկները ներկայացրել է Bloomberg-ի համար հեղինակած հոդվածում։

Թուրքիայի նախագահի գնահատմամբ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայիս կառուցվածքը շարունակում է արտացոլել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգը և այլևս ամբողջությամբ չի համապատասխանում ժամանակակից իրողություններին։

Էրդողանը նշել է, որ համավարակները, էներգետիկ ճգնաժամերը, մատակարարման շղթաների խաթարումները և տարածաշրջանային հակամարտությունները ցույց են տվել, որ համաշխարհային խնդիրների լուծումը մի քանի պետությունների որոշումներից կախված դարձնելը չի համապատասխանում ներկայիս միջազգային համակարգի պահանջներին։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի բարեփոխումների առանցքում պետք է լինի վետոյի իրավունքի վերացումը։ Էրդողանը պնդել է, որ Անվտանգության խորհրդում նոր մշտական անդամների ավելացումը չի լուծի որոշումների ընդունման իրավասությունները սահմանափակ թվով պետությունների ձեռքում կենտրոնացնելու խնդիրը։

Թուրքիայի նախագահն առաջարկել է ձևավորել Անվտանգության խորհուրդ, որը մշտական անդամներ չի ունենա։

Նրա առաջարկի համաձայն՝ խորհրդի անդամները որոշակի ժամկետով պետք է ընտրվեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից, իսկ կրկին ընտրվել ցանկացող պետությունները պետք է վերստին ստանան անդամ երկրների մեծամասնության աջակցությունը։

Էրդողանը նաև հանդես է եկել Գլխավոր ասամբլեայի լիազորությունների ընդլայնման և Անվտանգության խորհրդի՝ դրա առջև հաշվետվողականության բարձրացման օգտին։ «Մենք չենք կարող կառուցել ապագայի միջազգային կարգը՝ պահպանելով անցյալի հիերարխիաները»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանն անդրադարձել է նաև աշխարհում ուժերի հարաբերակցության փոփոխությանը՝ նշելով Ասիայի տնտեսական կշռի աճը, Աֆրիկայի՝ ավելի լայն ներկայացվածության պահանջը և զարգացող երկրների դերի մեծացումը։ Նրա խոսքով՝ զարգացող երկրների զարգացման իրավունքը և անհրաժեշտ ֆինանսական միջոցների հասանելիությունը պետք է երաշխավորված լինեն։

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան շարունակելու է աջակցել վետոյի իրավունքի վերացմանը, Անվտանգության խորհրդի ընտրվող անդամների դերի մեծացմանը և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դիրքերի ամրապնդմանը։ Էրդողանի խոսքով՝ «ավելի արդար աշխարհ» ստեղծելու համար անհրաժեշտ է տարբեր տարածաշրջանների փորձը, ներուժն ու քաղաքական կամքը միավորել ընդհանուր հարթակում։

Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Նյու Յորքում կայացած «Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները՝ 100-ամյակի շեմին» խորագրով քննարկման ժամանակ նշել է, որ Թուրքիան և Միացյալ Նահանգներն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թուրքական «Անադոլու» գործակալության հրապարակման մեջ ընդգծվում է, որ Ֆիդանը նշել է՝ թուրք-ամերիկյան հարաբերությունները ներկայում նոր և ուժեղ թափ են ստացել։ Այդ գործընթացում առանցքային դեր ունեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարաբերությունները։

Ֆիդանը հայտնել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն համագործակցում են Մերձավոր Արևելքից մինչև Հարավային Կովկաս և Բալկաններ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Նրա խոսքով՝ կողմերը նաև աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և համակարգում իրենց գործողությունները Հարավային Կովկասի հարցերում։

«Մեր երկրների դիվանագիտական հարաբերությունների երկրորդ հարյուրամյակ մտնելիս մենք վճռական ենք լիարժեք իրացնելու մեր համագործակցության ներուժը և լուծելու դրան խոչընդոտող հարցերը»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Ֆիդանի ներկայացրած տվյալներով՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունը հասել է շուրջ 40 միլիարդ դոլարի։ Էրդողանի սահմանած նպատակը ցուցանիշը 100 միլիարդ դոլարի հասցնելն է։

Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է վերացնել առևտրի ընդլայնմանը խոչընդոտող սահմանափակումները, այդ թվում՝ լրացուցիչ մաքսատուրքերը։

Անդրադառնալով պաշտպանական համագործակցությանը՝ Ֆիդանը հայտարարել է, որ անհրաժեշտ է լուծել առկա խնդիրները և վերացնել երկու դաշնակիցների միջև համագործակցությունը սահմանափակող խոչընդոտները։ Նա նշել է նաև, որ ԱՄՆ-ը դարձել է Թուրքիայի էներգակիրների առաջատար մատակարարներից մեկը։

Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ Անկարան և Վաշինգտոնը ձգտում են նվազեցնել Սև ծովում լարվածության սրման ռիսկերը և աջակցում են Ուկրաինայում կայուն խաղաղության հասնելու նպատակով երկխոսությանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան շարունակում է կապի ուղիները բաց պահել ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի հետ։

Ֆիդանը նշել է, որ Թուրքիան Ուկրաինայում պատերազմի սկզբից հանդես է եկել դրա հնարավորինս արագ դադարեցման օգտին և պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Անկարան պատերազմի և խաղաղ կարգավորման հարցերում, չնայած ՆԱՏՕ-ին անդամակցությանը, առաջնորդվում է սեփական մոտեցմամբ։

Մերձավոր Արևելքի իրավիճակին անդրադառնալիս Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան ակնկալում է՝ Միացյալ Նահանգներն ավելի ակտիվորեն կօգտագործեն Իսրայելի նկատմամբ իրենց ազդեցությունը։

«Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ն ավելի մեծ չափով կօգտագործի իր ազդեցությունն Իսրայելի նկատմամբ, որպեսզի վերջինս դադարեցնի տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությունն ու կայունությունը խաթարող քաղաքականությունը»,- ասել է Ֆիդանը։

Նա Իրանի շուրջ ռազմական հակամարտությունը, Եմենում ստեղծված իրավիճակը և Իսրայելի գործողությունները դասել է տարածաշրջանում դիվանագիտական ջանքերը դժվարացնող սպառնալիքների շարքին։

Ֆիդանի խոսքով՝ Գազայում իրավիճակը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման հիմնական մարտահրավերներից մեկը։ Նա հայտնել է, որ Թուրքիան աջակցում է Գազայի ճգնաժամի դադարեցման ուղղությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին և հանդես է գալիս խաղաղության ծրագրով նախատեսված պարտավորությունների ամբողջական կատարման օգտին։

Թուրքիայի ԱԳ նախարարը տարածաշրջանի երկրների անվտանգության հարցում ավելի մեծ պատասխանատվության անհրաժեշտության համատեքստում անդրադարձել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրին։

Նրա խոսքով՝ երեք երկրներն ունեն այդ ձևաչափի զարգացման ճանապարհային քարտեզ, իսկ դրա ինստիտուցիոնալացումից հետո տարածաշրջանային կառույցին միանալու հնարավորությունը կարող է բացվել նաև այլ երկրների համար։

Ֆիդանը շեշտել է, որ Անկարայի տարածաշրջանային քաղաքականության հիմքում «ոչ թե գերիշխանությունն ու ենթակայությունը, այլ համագործակցությունն է»։

Անդրադառնալով F-35 կործանիչների ծրագրին՝ Ֆիդանը հայտարարել է, որ 2025 թվականին Էրդողանի՝ Սպիտակ տուն կատարած այցից հետո կողմերը պայմանավորվել են աշխատել CAATSA-ի հետ կապված՝ պաշտպանական համագործակցության խոչընդոտների վերացման ուղղությամբ։

Նրա խոսքով՝ խնդիրը լուծելու քաղաքական կամքը պահպանվում է, սակայն գործընթացն ավելի երկար է տևում, քան ակնկալվում էր։

Ֆիդանը հայտնել է նաև, որ Անկարան կապի մեջ է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և նախագահի խորհրդական Ջարեդ Քուշների հետ։

Նրա խոսքով՝ Թուրքիան և ԱՄՆ-ն համակարգում են իրենց գործողությունները ռուս-ուկրաինական պատերազմի, Գազայի խաղաղության ծրագրի, Լիբիայի, Աֆրիկայի եղջյուրի և Հարավային Կովկասի հարցերի շուրջ։

«ԱՄՆ-ի հետ մեր դիվանագիտական հարաբերությունների երկրորդ հարյուրամյակում մեր նպատակն է թուրք-ամերիկյան գործընկերությունն օգտագործել համաշխարհային խաղաղության և կայունության ընդհանուր շահերի համար»,- հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։

Սարգիս Սարգսյանը Սամարղանդում լավագույն արդյունքն է գրանցել


Սպորտ


Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ավարտվել է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շախմատի 3-րդ օլիմպիադան:

ՖԻԴԵ-ի հայ վարպետ Սարգիս Սարգսյանը 7 հնարավորից վաստակել է 6.5 միավոր՝ գրանցելով լավագույն արդյունքը առաջին խաղատախտակի վրա։



Ինֆանտինոն առաջարկել է ՖԻՖԱ-ի կառավարման անկախ վերանայում 


Սպորտ


BBC-ի փոխանցմամբ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն առաջարկել է կազմակերպության կառավարման համակարգի անկախ արտաքին վերանայում՝ FIFA Forward Enterprise (FFE) նախաձեռնության շուրջ առաջացած քննադատությունների ֆոնին։ ՖԻՖԱ-ի խորհրդի անդամներին և ազգային ֆեդերացիաներին ուղղված նամակում Ինֆանտինոն նշել է, որ անկախ գործընթացը պետք է հնարավոր բարելավումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնի։

Նա նաև առաջարկել է քննարկել ՖԻՖԱ-ում որոշումների կայացման գործընթացի ամրապնդման հնարավորությունները։ Մասնավորապես, քննարկվելու են նախագահի դերը, ինչպես նաև խոշոր ռազմավարական նախաձեռնությունների շրջանակում թափանցիկության, մասնակցության և հաշվետվողականության բարձրացման հարցերը։

Ինֆանտինոն վերջին շրջանում քննադատության է ենթարկվել FFE նախաձեռնության պատճառով։ Նախագիծը նախատեսում էր ստեղծել նոր ընկերություն, որը կկառավարեր ՖԻՖԱ-ի մրցաշարերի, այդ թվում՝ աշխարհի առաջնության, կոմերցիոն և տոմսերի վաճառքի իրավունքները։ Նախատեսվում էր ընկերության 21%-ը վաճառել մասնավոր ներդրումային ընկերության։

Ինֆանտինոյի խոսքով՝ նախաձեռնությունը չէր ենթադրում ՖԻՖԱ-ի վերահսկողության կամ սպորտային որոշումների նկատմամբ կազմակերպության իրավասության փոխանցում։ Նա նշել է, որ նախագիծը հանրայնացվել էր նախքան ՖԻՖԱ-ի նախատեսված ներքին գործընթացի ավարտը, ինչի հետևանքով տպավորություն էր ստեղծվել, թե որոշումն արդեն ընդունված է։ «Ես ընդունում եմ, որ առանց ամբողջական համատեքստի դա մտահոգություն առաջացրեց և ստեղծեց այնպիսի տպավորություն, թե որոշումներն արդեն ընդունվել են։ Այդպես չէր»,- գրել է Ինֆանտինոն։

Նրա հայտարարությունը հաջորդում է ՈւԵՖԱ-ի և ԿՈՆԿԱԿԱՖ-ի պահանջին՝ ՖԻՖԱ-ի 211 անդամ ֆեդերացիաներին կազմակերպության պահուստային միջոցներից 10-ական միլիոն դոլար վճարելու վերաբերյալ։  Ավելի վաղ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ, ՖԻՖԱ-ի փոխնախագահ Դեբի Հյուիթը Ինֆանտինոյից պահանջել էր հրապարակել FFE-ի նախաձեռնությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը և կոչ էր արել անկախ վերանայում անցկացնել։ 

ՖԻՖԱ-ի խորհրդի հաջորդ նիստը նախատեսված է հոկտեմբերի 15-ին։ Ինֆանտինոն 2027 թվականի մարտին նախատեսված ընտրություններում պատրաստվում է չորրորդ անգամ առաջադրվել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում։

Top News