Երկաթուղու հարցում ըմբռնում է ձևավորվել, որ այդ հարցը որևէ ձևով պետք է լուծենք. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Բիշքեկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ նշելով, որ այն անցել է դրական աշխատանքային մթնոլորտում, որի ընթացքում մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսել է ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Հանդիպումը դրական էր՝ աշխատանքային մթնոլորտում։ Մենք պայմանավորվել ենք, որ առաջիկայում ես այց կունենամ Մոսկվա, և կքննարկենք տարբեր հարցեր։

Նաև աշխատանքային որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցինք։  Մասնավորապես, գաղափար առաջացավ, որ մենք պետք է գույքագրման ենթարկենք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ հասկացությունը՝ պատկերացնելու համար, թե դա գործնականում ինչ է նշանակում։ Այսինքն՝ ի՞նչ տողեր կան այդ ենթավերնագրի ներքո, և ո՞ր տողերն են, որոնց հետ կապված մենք երկուստեք ունենք նույն դիրքորոշումը,  ո՞ր տողերն են, որոնց հետ կապված ունենք այլ դիրքորոշումներ, որտե՞ղ է, որ մենք ունենք միանշաակ դրական կարծիք,  և որտե՞ղ է, որ մեր կարծիքները միանշանակ չեն»,- մանրամասնել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ քննարկել են ամենատարբեր ոլորտների հարցեր, անդրադարձ է եղել նաև Հայաստանի երկաթուղային ցանցի՝ ռուսական կոնցեսիոն կառավարմանը։ «Երկաթուղու հարցում ըմբռնում է ձևավորվել, որ այդ հարցը որևէ ձևով պետք է լուծենք։ Ինձ համար ակնհայտ է, որ ընթացիկ վիճակը չի կարող երկար շարունակվել, և պետք է լուծումների գնանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ռուսական կողմին առաջարկել էր Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի որևէ երրորդ երկրի վաճառել հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը, քանի որ ռուսական կառավարումը Հայաստանին զրկում է որոշակի մրցակցային առավելություններից։ ՀՀ վարչապետն ասել էր, որ Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրվելու պատմական հնարավորություն ունի, սակայն այն հանգամանքի բերումով, որ հայկական երկաթուղին տրված է ՌԴ-ի կոնցեսիոն կառավարմանը, կարող է զրկվել այդ հնարավորությունից։ Նա շեշտել էր, որ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ զրկվել նման հնարավորությունից, և որ հարցը պետք է, ի վերջո, լուծում ստանա։ Նա նաև հստակեցրել էր, որ Հայաստանը ցանկանում է խնդիրը լուծել բարեկամակն մթնոլորտում։

Բիշքեկում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումից հետո Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանը հայկական երկաթուղու կառավարման կոնցեսիան վաճառելու կարիք չի տեսնում։

Քաջարանի թունելի շինարարության տեխհսկողության պայմանագրի տեքստը վերջնականացվել է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի են ունեցել պայմանագրային բանակցություններ՝ Քաջարանի թունելի շինարարության և մոտեցնող ճանապարհների վերակառուցման տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային բաց մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպության ներկայացուցիչների հետ։

Բանակցությունների շրջանակներում քննարկվել են պայմանագրային մի շարք կետեր, որոնք, մասնավորապես, առնչվում են ծառայությունների մատուցման ժամկետներին, խորհրդատուի աշխատակազմին, պայմանագրի իրավական և ֆինանսական կողմերին։

Քննարկումների արդյունքում վերջնականացվել է պայմանագրի տեքստը։ Նախաստորագրված տարբերակը կներկայացվի ֆինանսավորող կողմին՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին, և հաստատում ստանալուց հետո կստորագրվի կողմերի միջև։

Նշված պայմանագրով նախատեսվում է մատուցել Քաջարանի շուրջ 7կմ երկարությամբ թունելի կառուցման և մոտ 4կմ մոտեցնող ճանապարհների վերակառուցման աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններ:

Քաջարանի թունելի կառուցման և մոտեցնող ճանապարհների վերակառուցման աշխատանքների պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է։

Սեյսմիկ անվտանգության բարելավման նոր՝ երրորդ ծրագրով նախատեսվում է ևս 50 դպրոցի կառուցում


Կառավարությունն այսօր հաստատել է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ վարկային ծրագրի նախագիծը։ Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ Կառավարության դպրոցաշինության քաղաքականությունը շարունակվելու է. 300 դպրոցների կառուցման և հիմնանորոգման ընթացիկ ծրագիրն արդեն ավարտվում է․ դրան կհաջորդի 300 դպրոցների նոր ծրագիրը։

Նախարարի խոսքով՝ 300 դպրոցների ծրագիրը ձևավորվել և զարգացել է մի շարք համագործակցությունների շրջանակում։ Մասնավորապես՝ մոդուլային դպրոցների սկզբնական ծրագիրը հետագայում վերափոխվել է կրթահամալիրների ձևաչափի։ Դպրոցաշինության խոշոր աշխատանքներն իրականացվել են պետության  ներդրումներով՝ միջազգային կառույցների հետ համագործակցությամբ։ Ժաննա Անդրեասյանն այս համատեքստում կարևորել է Ասիական զարգացման բանկի հետ Սեյսմիկ անվտանգության ծրագրով իրականացված աշխատանքը։

«Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ ծրագիրը մեկնարկել է 2016 թվականին. դրա շրջանակում նախատեսված են եղել 46 դպրոցների կառուցման և ամրացման աշխատանքներ՝ 20 հազար աշակերտ-շահառուների շրջանակով»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում մշակվել են նաև դպրոցների տիպային նախագծեր, որոնք ներկայում օգտագործվում են ոչ միայն ԱԶԲ-ի ծրագրով նախատեսված, այլև դպրոցների կառուցման համար։ Դրանց առկայությունը հնարավորություն է տալիս շատ դեպքերում նոր նախագիծ մշակելու փոխարեն արդեն գոյություն ունեցող նախագծերը տեղակապել համապատասխան տարածքներին և դրանց հիման վրա կառուցել  նոր դպրոցներ ու կրթահամալիրներ։

ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ ԱԶԲ-ի հետ համագործակցությամբ կառուցվող 46 դպրոցներն ընդգրկված են Կառավարության 300 դպրոցների ծրագրում․ 30 դպրոցում աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ 16-ում կավարտվեն մինչև տարեվերջ։ «Սեյսմիկ անվտանգության բարելավման նոր՝ երրորդ ծրագրով նախատեսվում է ևս 50 դպրոցի կառուցում։ Այս ծրագրի շրջանակում խոսքը ոչ միայն դպրոցների կառուցման հետագա շարունակական աջակցության, այլև որակական աշխատանքների ապահովման մասին է»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։

Մասնավորապես՝ վարկային համաձայնագրով նախատեսվում են նախագծման և շինարարության որակի ապահովմանն ու բարելավմանն ուղղված քայլեր։ Մինչև 2027 թվականը նախատեսվում է վերանայել փորձաքննության ընթացակարգերը,  կիրականացվեն նաև դպրոցների տեխնիկական սպասարկման ուղղությամբ կարողությունների զարգացման վերապատրաստումներ և անհրաժեշտ ձեռնարկների մշակում։

Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 366 մլն ԱՄՆ դոլար է, որից շուրջ 73 մլն դոլարը Կառավարության համաֆինանսավորումն է, իսկ 293 մլն դոլարը՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորումը։

Հարցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձել է դպրոցաշինության ծրագրի ընթացքին՝ հիշեցնելով, որ նախորդ օրը հինգ նորակառույց դպրոց է բացվել Երևանում, Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում։ Վարչապետի խոսքով՝ նորակառույց դպրոցներ կատարվող այցերի ընթացքում արձանագրվում է ծրագրի հաջող ընթացքը։

«Ինչպես պայմանավորվել ենք, մինչև այս տարեվերջ կունենանք առնվազն 303 դպրոցի կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման աշխատանքների ավարտ»,- ասել է  Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Կառավարությունն արդեն մեկնարկում է երկրորդ 300 դպրոցների ծրագիրը, սակայն դրանով դպրոցաշինության գործընթացը չի ավարտվելու։ Վարչապետը նշել է, որ երկրորդ 300 դպրոցից հետո ևս ծրագիրը շարունակելու անհրաժեշտություն լինելու է։

«Այս ծրագրերի արդյունքում հանրապետությունում շուրջ 1000 նոր դպրոց պետք է ունենանք, որպեսզի վստահ լինենք, որ Հայաստանի Հանրապետությունում նորմալ ֆիզիկական ենթակառուցվածք ենք ստեղծել ժամանակակից կրթության համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը կրթական ենթակառուցվածքների զարգացումը կապել է նաև երկրի տնտեսության հետագա զարգացման հետ՝ ընդգծելով, որ կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի շարքում կարևոր նշանակություն ունի նաև մասնագիտական կրթությունն ու ուսուցումը։ Նրա խոսքով՝ Կառավարության ծրագրում արդեն ներառված է 30 քոլեջների շինարարության և հիմնանորոգման ծրագիրը։ Նա նաև հիշեցրել է՝ Կառավարության նոր ծրագրով ակադեմիական քաղաքի նախագիծը գործնական կառուցման փուլ կմտնի:

Արձագանքելով՝ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ այժմ մարտահրավերային են նաև նորակառույց ուսումնական հաստատությունների պատշաճ պահպանման, սպասարկման և համապատասխան չափանիշների սահմանման հարցերը: Նրա խոսքով՝ գործող չափանիշները չեն համապատասխանում նոր շենքերի պահանջներին և ունեն վերանայման կարիք: ԿԳՄՍ նախարարը հավելել է՝ այդ ուղղությամբ կմեկնարկեն համապատասխան աշխատանքներ:


Հայ- ռուսական հարաբերությունների «գույքագրում» է պետք. Փաշինյան


Հարեվաններ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում, ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նոր բան չի ասվել ինչպես դռնբաց, այնպես էլ փակ դռների հետեւում։

«Մենք պայմանավորվեցինք, որ առաջիկայում ես այց կունենամ Մոսկվա և կքննարկենք։ Նաև աշխատանքային որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցինք, մասնավորապես, գաղափարը առաջացավ, որ մենք պետք է ինվենտարիզացիայի՝ գույքագրման ենթարկենք Հայաստան- Ռուսաստան հարաբերություններ հասկացությունը` պատկերացնելու համար, թե դա գործնականում ինչ է նշանակում»,- , այսօր ճեպազրույցում ասել է կառավարության ղեկավարը։

Ըստ Փաշինյանի՝ պետք է հասկանալ, թե ինչ հարցերում երկու երկրների դիրքորոշումները նույնն են, որ հարցերում «կարծիքները միանշանակ չեն»։



ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Ուկրաինայի հետ Patriot-ի արտադրության լիցենզիայի շուրջ


Աշխարհ


ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Ուկրաինայի հետ Patriot-ի արտադրության լիցենզիայի շուրջ։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ռուբիոն նշել է, որ հարցը քննարկվում է հենց այս պահին, սակայն դա կարճաժամկետ հեռանկարում չի լուծի Ուկրաինայի խնդիրը։

«Արտադրության ընդլայնումը, նույնիսկ լիցենզիայի առկայության դեպքում, գործարանների կառուցման համար մի քանի տարի է պահանջում։ Ես նկատի ունեմ, որ սա բարձր տեխնոլոգիական սպառազինություն է։ Այսպիսով, այժմ բանակցություններ են ընթանում։ Դա կարող է իր արդյունքը տալ, բայց չի լուծի այն կարճաժամկետ խնդիրը, որի մասին նրանք խոսում են»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ Նա նաև հավելել է, որ «ԱՄՆ-ն էլ ունի իր կարիքները»։



ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու մտադրություն չկա


Հարեվաններ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, ըստ որի՝ ՌԴ քաղաքացիների համար Հայաստանի կողմից հնարավոր է վիզային ռեժիմի ներդրում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում նման հարց երբևէ չի քննարկվել․

«Իսկ ո՞վ է նման բան քննարկել։ Մենք նման բան անելու մտադրություն ոչ ունենք, ոչ էլ երբևէ ունեցել ենք։ Ընդհակառակն, մեծ հաճույքով ենք ընդունում Ռուսաստանից եկող զբոսաշրջիկներին․ տեսնում ենք, որ հիմա նրանք Հայաստանի զբոսաշրջային առավելություններն առաջ մղող ակտիվ դերակատար են դարձել»,- նշել է վարչապետը։ Նրա խոսքով՝ Հայաստանի հանրությունը մեծ հաճույքով և սիրով է ընդունում այդ մարդկանց, իրենք էլ Հայաստանում, կարծես, վատ չեն զգում․ «Մենք նման պատճառ չունենք»,- ասել է վարչապետը։



Ամբրոզիոն` տպավորիչ սև զգեստով և ադամանդե զարդերով


Ոճ և դեմքեր


Բրազիլացի սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոզիոն մասնակցել է Վենետիկի միջազգային կինոփառատոնի 83-րդ բացմանը՝ ներկայանալով տպավորիչ սև զգեստով և ադամանդե զարդերով։ Մոդելը կարմիր գորգին ներկայացել է մարմինը ընդգծող երկար սև զգեստով՝ կորսետային վերնամասով, ատլասե լայն գոտկատեղով և փոքր քողով ավարտվող երկար շրջազգեստով։

Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկ սև կո ու ադամանդե վզնոցը, ականջօղերը, ապարանջանն ու մատանիները։ Ամբրոզիոն ընտրել էր նաև նուրբ վարդագույն դիմահարդարում և հոլիվուդյան խոշոր ալիքներով սանրվածք։

Կինոփառատոնի բացման երեկոյին հյուրերին ներկայացվել է Դենի Բոյլի «Ink» կենսագրական դրաման։

45-ամյա մոդելը, որը նախկինում եղել է Victoria’s Secret-ի «հրեշտակներից», վերջերս նաև նշանվել է ավստրալացի դիզայներ Բաք Փալմերի հետ։



Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի նախագահի հետ


Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիտոստոդուլիդիսի հետ։

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան–Կիպրոս հարաբերությունների բարձր մակարդակը և քաղաքական երկխոսության ինտենսիվ բնույթը։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և դրա հետագա առաջմղմանը վերաբերող տարբեր հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական միություն փոխգործակցությանը։ Նիկոս Քրիստոտոդուլիդիսը հայտնել է Կիպրոսի հետևողական աջակցությունը ՀՀ–ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման և ընդլայնման գործում։



Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար


Սպորտ


Կատալոնական «Բարսելոնան» ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար։ Ակումբի պաշտոնական սոցիալական էջերում հրապարակված ցանկում տեղ է գտել 27 ֆուտբոլիստ։


«Կապտանռնագույնների» կազմում, ըստ խաղային համարների, հանդես կգան հետևյալ ֆուտբոլիստները․

  • 1 — Ժոան Գարսիա
  • 2 — Ժոաու Կանսելու
  • 3 — Ալեխանդրո Բալդե
  • 4 — Բրայան Ֆարինյաս
  • 5 — Պաու Կուբարսի
  • 6 — Գավի
  • 7 — Ֆերմին Լոպես
  • 8 — Պեդրի
  • 9 — Գաբրիել Ժեզուս
  • 10 — Լամին Յամալ
  • 11 — Ռաֆինյա
  • 12 — Չավի Էսպարտ
  • 13 — Վոյցեխ Շչենսնի
  • 14 — Կարիմ Ադեյեմի
  • 15 — Անդրեաս Քրիստենսեն
  • 16 — Ռոդրի Էռնանդես
  • 17 — Էնթոնի Գորդոն
  • 18 — Ժերար Մարտին
  • 19 — Ռունի Բարջի
  • 20 — Դանի Օլմո
  • 21 — Ֆրենկի դե Յոնգ
  • 22 — Մարկ Բերնալ
  • 23 — Ժյուլ Կունդե
  • 24 — Էրիկ Գարսիա
  • 25 — Դոմինիկ Լիվակովիչ
  • 27 — Ջեսի Բիսիվու
  • 29 — Համզա Աբդելքարիմ

Ավելի վաղ լուրջ հավանականություն կար, որ կատալոնական ակումբը չի կարողանա հայտավորել խորվաթ դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչին՝ գործող ֆինանսական սահմանափակումների պատճառով, սակայն, ինչպես երևում է վերջնական ցուցակից, խնդիրը բարեհաջող լուծում է ստացել։

armsport.am