Ռեալում լարվածությունը սկսել է մեծանալ


Սպորտ


Մադրիդի Ռեալում լարվածությունը սկսել է մեծանալ այն բանից հետո, երբ մի քանի ֆուտբոլիստներ դժգոհություն են հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի գործելաոճից։

Խաղացողներին դուր չի գալիս այն փաստը, որ պորտուգալացի մասնագետը հիմնականում հույսը դնում է ֆուտբոլիստների անհատական վարպետության, այլ ոչ թե հստակ կառուցված խաղային համակարգի վրա։ Այս մասին հայտնում է The Touchline-ը։

Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինների» հանդերձարանում պառակտումն ավելի է խորանում, իսկ թիմին անհրաժեշտ մարզչի տեսլականի վերաբերյալ սպասումները հակասում են միմյանց։ Ընդգծվում է, որ Ռեալի նախկին գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պաշտոնանկ էր արվել չափազանց բարդ մարտավարական մոտեցումների պատճառով, սակայն այժմ Մոուրինյուին քննադատում են մարտավարական խորության ակնհայտ պակասի համար։

Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետն «արքայական» ակումբի ղեկը ստանձնել է այս տարվա ամռանը։ Նրա գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։



Վաշինգտոն-Ամստերդամ չվերթի ինքնաթիռն Ատլանտյան օվկիանոսի տարածքում աղետի ազդանշան է տվել


Աշխարհ


Flightradar24-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնից Ամստերդամ թռչող United Airlines ավիաընկերության ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի երկնքում աղետի ազդանշան է տվել և ուղղություն վերցրել դեպի Կանադա։

Ինքնաթիռը Վաշինգտոնից Ամստերդամ է մեկնել է կիրակի՝ տեղական ժամանակով ժամը 20:47-ին։ Սակայն Ատլանտյան օվկիանոսի վրայով թռչելիս, ինքնաթիռն ավելի ուշ տվել է Squawk 7700 ազդանշանը՝ նշելով «ընդհանուր արտակարգ իրավիճակ»։

Ինքնաթիռը շրջվել է և ուղևորվում է դեպի Կանադայի Սենթ Ջոնս քաղաքի միջազգային օդանավակայան։



Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում. քաղաքապետ


Ավտո


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում հանրային տրանսպորտի ուղեվարձի հավաքագրման ցուցանիշներին՝ միաժամանակ խոսելով նաև ավտոբուսների երթևեկության հաճախականության մասին։ «Մենք գործարկել ենք տրանսպորտային համակարգը ամբողջությամբ։ Վճարումային համակարգի տրամաբանությունը բերել ենք որոշակի ստանդարտի, և վճարումներն ու վալիդացիաները տեղի են ունենում»,- ասել է նա։

«Փուլային ռեֆորմների գնալով՝ ունենք մի կարևոր հարց, որ օդում առկա է՝ ինչո՞ւ ենք սպասում ավտոբուսին 20-30 րոպե։ Ես կարծում եմ՝ ժամանակն է խոսենք երթևեկության խնդիրներից, մանավանդ երբ ունենք փաստեր ու տվյալներ, որոնց հիման վրա կարող ենք հասկանալ խնդիրն ու դրան որոշակի լուծումներ սկսենք տալ»,- նշել է նա։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել այդ ուղղությամբ կատարված աշխատանքներից՝ շեշտելով, որ երթևեկության ամենամեծ պիկերը առավոտյան ու երեկոյան ժամերին են, բայց դրանք որպես երևույթ տարբեր են. «Հանրային տրանսպորտի հոսքերը, միախառնված լինելով հիմնական հոսքին՝ մարդատար ավտոմեքենաների հոսքին, էական խոչընդոտներ է ունենում, և այս երկու հոսքերը փոխազդում են միմյանց վրա»։



Պատմությունն այլևս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա


Հայաստան


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է պատմության ընկալմանն ու պետության զարգացման տեսլականին։ Ըստ Կառավարության ղեկավարի՝ պատմությունը պետք է սահմանել ոչ թե անցյալի իրադարձություններով, այլ այն ապագայով, որը դեռ պետք է տեղի ունենա։

«Պատմություն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցյալում։ Մի՞թե սա հիմնարար խնդիր չէ․ եթե պատմությունն արդեն տեղի է ունեցել, մենք այլևս ի՞նչ կարող ենք անել։ Կամ եթե նույնսիկ ինչ–որ բան կարող ենք անել, դա անցյալն այսօր վերարտադրելու և այսպիսով դա փոխելու փորձն է, բայց գործնականում հնարավոր չէ փոխել այն, ինչ արդեն տեղի է ունեցել։

Ի՞նչ անել ուրեմն։ Լուծումը մեկն է․ պատմություն ասելով նկատի ունենալ ոչ թե այն, ինչ արդեն տեղի է ունեցել, այլ այն, ինչ պետք է տեղի ունենա։ Այս ընկալումը մեզ դարձնում է պատմության լիարժեք հեղինակ, որովհետև այն ստեղծվում է հիմա և պետք է ստեղծվի վաղը։ Իսկ ի՞նչ է այն, որ տեղի է ունեցել անցյալում։ Դա պատմական փորձառությունն է, պատմական փորձը, որը գործնական ձեռնարկ է այն մասին, թե ինչ անել և ինչ չանել պատմությունը չկրկնելու համար։

Այն պատմությունը, որն այսօր ստեղծում է ՀՀ քաղաքացին, դրանով է առանձնահատուկ։ Այն նախկինում երբեք տեղի չի ունեցել և թերևս առաջին անգամ է, որ մենք պատմություն ստեղծող ենք և ոչ թե վերարտադրող։ Պատմությունն այլևս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա։ Իսկ պետք է տեղի ունենա հարատև պետության ռազմավարության իրագործումը, Ազատ և Երջանիկ Հայաստանի տեսլականով։

Ովքեր կիսում են Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անկախ նրանից, թե որտեղ և ինչ են աշխատում, աշխատանքի են հաճախում այս տեսլականով»,- նշել է նա։ 



Մայրաքաղաքի քրեական ոստիկանները բացահայտել են թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա (տեսանյութ)


Տեսանյութեր


Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրանյութ իրացնելու վերաբերյալ ստացած օպերատիվ հերթական տեղեկությունն իրացրին հոկտեմբերի 3-ին։

Ժամը 16․30-ին քրեական ոստիկանները մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում ձերբակալեցին և վարչություն տեղափոխեցին երկու հայ և երկու օտարերկրացի տղամարդու։

Նրանց վարած «Տոյոտա» և «Հյունդայի» մակնիշի մեքենաները, որոնցից մեկում իրավապահները նկատել էին թմրանյութի նմանվող զանգված, կնիքվեցին պահպանվող հատուկ տարածքում։

Աբովյան քաղաքի բնակիչ 31-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացած հետքերով ապակյա գլանակ։

Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում հոկտեմբերի 5-ին, դատարանի որոշման հիման վրա, կատարվեցին խուզարկություններ։ 31-ամյա տղամարդու վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվեց 300 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված, իսկ մայրաքաղաքի Խանջյան փողոցում գտնվող հոսթելում, որտեղ փաստացի բնակվում էր 37-ամյա օտարերկրացին, հայտնաբերվեց շուրջ 760 գրամ մարիխուանայով լցված 6 փաթեթ և էլեկտրական կշեռք։

Չորսն էլ կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է։



ՃՏՊ Սևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ


Հայաստան


Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 16։58-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 20մ) հարակից ձորակը։

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են։



Ֆիզիկական անձանց և ոչ դիլերների համար Էլեկտրամոբիլների քվոտայի մնացորդը 839 է․ Պապոյան


Հայաստան


Հոկտեմբերի 3-ի դրությամբ էլեկտրամոբիլների ներմուծման համար նախատեսված քվոտայից ֆիզիկական անձանց և ոչ դիլերների համար չօգտագործված է 839 հատ՝ նախատեսված 16 500-ից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Դիլերների համար նախատեսված 3500 հատ քվոտայից էլ չօգտագործված են 940-ը։



Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել COP17-ը (տեսանյութ)


Տեսանյութեր


Հոկտեմբերի 19-30-ը բացահայտե´ք Կանաչ գոտին, մասնակցե´ք միջոցառումներին և դարձե´ք COP17-ի մասը, հայտնում են ՀՀ կառավարությունից։



Իլոն Մասկը կրկնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավելի վաղ արված հայտարարությունը

Ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկը կրկնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավելի վաղ արված հայտարարությունը՝ նշելով, որ «Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի»։

Թրամփը նախօրեին քննադատել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածների համար, և հայտարարել, որ Ուկրաինային նոր առաջնորդ է անհրաժեշտ։ «Մենք Զելենսկուն ասել էինք՝ Ռուսաստանի դեմ արա այն, ինչ ուզում ես, բայց մի՛ հարվածիր նավթավերամշակման գործարաններին․ դա համաշխարհային խնդիր է։ Եվ ի՞նչ է նա անում։ Գնում ու հարվածում է դիզելային վառելիքի արտադրության օբյեկտներին»,-շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին, լրագրողներին ասել է Թրամփը։ «Զելենսկին չափն անցել է»,- գրել է Մասկը՝ մեկնաբանելով Թրամփի հայտարարությունները պարունակող գրառումը։

SpaceX-ի հիմնադիրը մեկ այլ գրառման ներքո նույնպես աջակցել է ԱՄՆ նախագահի դիրքորոշմանը։ Մեկնաբանելով Թրամփի այն հայտարարությունը՝ Մասկը գրել է. «Համաձայն եմ, ժամանակն է, որ Ուկրաինան նոր առաջնորդ գտնի»։

Մասկը նախկինում բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ հնարավոր է դադարեցնել միայն Կրեմլին զիջումների գնալու միջոցով։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի զինված ուժերն օգտագործում են Մասկի հիմնադրած SpaceX ընկերության Starlink արբանյակային կապի համակարգը՝ ուկրաինական ուժերի գործողություններն ապահովելու և ռուսական թիրախներին հարվածներ հասցնելու համար՝ Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքում։

Կիևը բազմիցս փորձել է ստանալ Starlink-ի օգտագործման թույլտվություն՝ Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախներին հարվածներ հասցնելու նպատակով։ Սակայն Մասկը հրաժարվել է տրամադրել նման հնարավորություն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի, որը կկարողանա Ռուսաստանի հետ համաձայնության հասնել։

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության կենթարկվի


Աշխարհ


Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտարարել է, որ առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի՝ թոքի վրա հայտնաբերված գոյացության պատճառով, գրում է BBC-ին։

«Բժիշկները թոքիս վրա վաղ փուլում հստակ տեղայնացված հանգույց են հայտնաբերել»,-կիրակնօրյա աղոթքի ժամանակ Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին հայտնել է Պապը։ 71-ամյա պոնտիֆիկոսը նշել է, որ իր բժշկական թիմը նպատակահարմար է համարում վիրահատական միջամտությունը, և ինքը համաձայնել է դրան։

Ավարտելով «Տիրոջ հրեշտակը» (Angelus) աղոթքը՝ Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել բոլորին հոգևոր աջակցության համար և խնդրել նրանց աղոթել իր առողջության համար։

Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին լրագրողներին հայտնել է, որ վիրահատությունը նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթվա սկզբին։ Նրա խոսքով՝ պապի ապաքինումը, նախնական գնահատմամբ, կտևի մոտ մեկ շաբաթ։