Ռոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցքը անցնելու պահից սկսած մտածում էր՝ ոնց վերցնի իշխանությունը Տեր-Պետրոսյանից. Անդրանիկ Քոչարյան


Քաղաքականություն


Շարունակվում է ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանը, որի ընթացքում ելույթ ունեցավ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած մեղադրանքներին, որում նա վարչապետին մեղադրում էր մարտի 1-ի համար:
 
Նրա խոսքով՝ դա շատ տարօրինակ էր այն առումով, որ մարտի 1-ին Լևոն Քոչարյանը երիտասարդ տղա է եղել, ոչ թե 7-ամյա երեխա: «Ինքն ամեն ինչից պետք է տեղյակ լիներ թե՛ ընտանիքում, թե՛ փողոցում և ընդհանրապես մարտիմեկյան դեպքերի հետ կապված: Եթե նույնիսկ տեղյակ չի եղել, այս տարիների ընթացքում իր ժանրի մեջ բացառիկ մի ֆիլմ է նկարահանվել փաստահավաք խմբի զեկույցի և նկարահանումների հիման վրա: Դա «Կորսված գարունն» է»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
 
Նրա խոսքով՝ առավոտյան 06:00-ին տեղի ունեցած բիրտ գործողությունները որակվել են որպես քննչական գործողություններ՝ մոռանալով, որ ըստ օրենքի՝ քննչական գործողությունները պետք է տեղի ունենան ժամը 07:00-ից հետո: 
 
Քոչարյանի խոսքով՝ հետո պարզվեց, որ այդ գործողությունները նկարահանել են, և այդ նկարահանողների ժամը ֆիքսված էր, և այդտեղ առաջին խախտումներն էին, բայց որպեսզի դա կարողանան փաթեթավորել, տեղի են ունեցել խարդավանքների հսկայածավալ գործողություններ:
 
«Եվ հիմա ՄԻԵԴ-ի որոշման մեջ արձանագրումներ կան 5 զեկույցներից, որոնք անշրջելի զեկույցներ են, որոնց մեջ ներառված են եղել ներքին զորքերի սպա՝ կապիտան Համլետ Թադևոսյանի հանգամանքներից սկսած մինչև անօրինական զինված խմբավորումների ստեղծումը, 0038 հրամանը»,- ասաց պատգամավորը՝ ներկայացնելով՝ ինչպես է եղել, որ այդ գործողությունները կապվում են Ռոբերտ Քոչարյանի ոչ միայն կառավարման, այլև իր անձի հետ: Նրա խոսքով՝ փաստահավաք խմբի ձեռքին է հայտնվել 0038՝ խիստ գաղտնի հրամանը, որից պարզ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանի հրավիրած խորհրդակցության արդյունքում զինված ուժերը ստացել են առաջադրանք, թե մարտի 1-ին ինչով պետք է զբաղվեն:
 
Պատմական ակնարկ կատարելով՝ ներկայացրեց, թե ինչպես է Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրել Ռոբերտ Քոչարյանին Հայաստան և նշանակել վարչապետ, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծվի: «Կարծում եմ՝ Տեր-Պետրոսյանը սխալվեց: Ռոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցքը անցնելու պահից սկսած մտածում էր՝ ո՛նց վերցնի իշխանությունը Տեր-Պետրոսյանից: Դա ակնհայտ էր»,- հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը:
 
Նա անդրադարձավ նաև Հայաստանում իրար հաջորդող քաղաքական սպանություններին: «Տեղի էին ունենում սպանությունների տարօրինակ փաթեթավորումներ»,- ասաց նա:
 
Անդրանիկ Քաչարյանը ներկայացրեց, թե ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին ու դրանից հետո՝ ունեցվածքի բաժանում, մանկապարտեզների սեփականաշնորհում: «Բայց չէ՞ որ Տեր-Պետրոսյանը Քոչարյանին հրավիրել էր, որ լուծեր խաղաղության խնդիրը: Խաղաղության խնդիրը չլուծվեց, որովհետև խաղաղություն պետք չէր, իշխանություն էր պետք: Այդ իշխանության խնդիրը հոկտեմբերի 27-ով լուծվեց»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը:
 
Պատգամավորը շեշտեց նաև՝ այս օրերին համոզվել է՝ «Հայաստան» խմբակցության փաստացի տեղապահը ոչ թե Աննա Գրիգորյանն է, այլ Լևոն Քոչարյանը, քանի որ հենց նա է արձագանքում այն մեղադրանքներին, որոնք կապված են իր հոր կառավարման տարիների հետ:



Արագածոտնի մարզի դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրեական վարույթ


Հայաստան


Արագածոտնի մարզում 2026 թվականի 1-ին կիսամյակում քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնված գումարի չափը կազմել է 11 միլիոն 186 հազար դրամ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
 
Արագածոտնի մարզի դատախազության կողմից 2026 թվականի 1-ին կիսամյակում ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրեական վարույթ:
 
Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 4 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 1 մեղադրական դատավճիռ:



Դանուբի մակարդակն այնքան է իջել, որ սկսել են երևալ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գետում խորտակված նավերը


Աշխարհ


Եվրոպայի երկրորդ ամենաերկար գետի՝ Դանուբի ջրի մակարդակը երաշտի պատճառով այնքան է իջել, որ տեսանելի են դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորտակված տասնյակ գերմանական ռազմանավերի կմախքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

10 երկրի տարածքով հոսող Դանուբ գետի ջրի ռեկորդային ցածր մակարդակը նաև էլեկտրակայաններին կանգնեցրել է փակման եզրին. Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կառավարությունները քայլեր են ձեռնարկում էլեկտրաէներգիան խնայելու համար։

Սերբական Պրահովոյի նավահանգստի մոտ այժմ երևում է նավի ժանգոտած կմախքը՝ կոտրված կայմի հետ միասին, որի վրա ժամանակին ծածանվում էր նացիստական Գերմանիայի ​​դրոշը։

Նավերը, որոնցից մի քանիսը դեռևս բեռնված են զենքով, պատկանում էին նացիստական ​​Գերմանիայի Սևծովյան նավատորմին։ Գերմանացիները միտումնավոր խորտակել են այդ նավերը, երբ նահանջում էին Ռումինիայից, իսկ խորհրդային ուժերն ավելի էին առաջանում դեպի Եվրոպայի խորքեր։

Պատմաբանները նշում են, որ 1944 թվականի սեպտեմբերին Դանուբի կիրճում գտնվող Պրահովոյի մոտ շուրջ 200 գերմանական ռազմանավ է խորտակվել, երբ դրանք հայտնվել են խորհրդային զորքերի կրակի տակ։ Նավերի միտումնավոր խորտակման նպատակն էր դանդաղեցնել Բալկաններում խորհրդային զորքերի առաջխաղացումը։

Ըստ The Associated Press-ի՝ հին ռազմանավերի տեսարանը հիշեցնում է, որ Սերբիայի կառավարությունը Եվրամիության ֆինանսական աջակցությամբ վաղուց փորձում էր ինչ-որ բան անել դրանց հետ կապված։ Որոշ նավեր գետից հեռացվել են կոմունիստական ​​Հարավսլավիայի իշխանությունների կողմից, բայց մեծ մասը մնացել է դրանցում գտնվող պայթուցիկների պատճառով։

Երկրների կառավարությունները փորձում են պահպանել նավագնացությունը Դանուբ գետով, մինչ ջրի մակարդակի անկումը ստեղծում է վտանգավոր պայմաններ:



Ինչ ուզում ես, ասա, հետո իրենք կգան, կբարիշացնեն կամ չեն բարիշացնի. Եղոյան


Քաղաքականություն


Համոզված եմ, որ ոչ խոյեցի մեկը Իրանի դեսպանին չի ասի՝ Խոյն իմ հայրենիքն է, ջավախեցի մեկը Վրաստանի դեսպանին չի ասի՝ Ջավախքն իմ հայրենիքն է: Շատ-շատ նուրբ, շատ զգույշ կլինեք դուք բոլորդ, մենք էլ, ի դեպ: Բայց Թուրքիայի հետ հարաբերություններում դուք զգույշ չեք՝ Մուշ, Արդահան, Կարս, Ադանա…, ինչքան խոսքը կտրում է, կարող է գնալ: Այդ մասին Ազգային ժողովի՝ օգոստոսի 5-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արամ Եղոյանը:

«Ո՞րն է սրա պատճառը: Պատճառը հետևյալն է, որ Ռուսաստանի տեսանկյունից Հարավային Կովկասում ՀՀ-ի համար սահմանված դերի մեջ չի մտնում Իրանի ու Վրաստանի հետ պրոբլեմ ունենալը: Ռուսաստանի տեսանկյունից իր պատկերացրած հարավկովկասյան ճարտարապետության մեջ մենք կարիք չպիտի ունենանք Իրանի և Վրաստանի հետ պրոբլեմ ունենալ: Դրա համար դուք (մե՛նք էլ չենք ասի, բայց մենք այլ պատճառով չենք ասի, դուք՝ այլ պատճառով) չեք ասի, որովհետև դա էդ ճարտարապետության մասը չէ: Իսկ Թուրքիայի հետ, խնդրե՛մ, ինչ ուզում ես, ասա, հետո իրենք կգան, կբարիշացնեն կամ չեն բարիշացնի, կզանգեն, մենք կարող ենք լինել միջնորդ, մենք բերենք քարտեզներ, մասնագիտական էս-էն-էն:

Իսկ Իրանի հետ հարաբերություններում երաշխավորի կարիք չկա, որովհետև այդտեղ իրենք այլ հարաբերություններ ունեն, իսկ Թուրքիայի հետ՝ այլ հարաբերություններ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Արման Եղոյանը ընդդիմադիրների կողմից քննադատության էր ենթարկվել, երբ իր ելույթներից մեկի ժամանակ, անդրադառնալով ժամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող հայկական պատմական տարածքների պատկանելության վերաբերյալ քննարկումներին, նշել էր. «Երբ գա վրաստանցի պատգամավոր, ասի՝ Տաշիրն իմ հայրենիքն է, որովհետև այսինչ թվականին եղել է Վրացական թագավորության մաս, ի՞նչ կասեք։ Ո՛չ, Լոռին հայկական է, որովհետև ՀՀ-ի մեջ է։ Բա ձեզ թվում է՝ գնաք թուրքերին ասեք՝ Ադանան մեր հայրենիքն է, եթե անգամ ցույց էլ չտան, ի՞նչ պիտի անեն, մտածեն։ Ձեզ թվում է՝ մենակ մե՞նք ունենք պատմական պետություններ, մյուս ազգերը չե՞ն ունեցել պատմական պետություններ»։



Արհեստական բանականությունը և աշխատաշուկան․ սպառնալի՞ք, թե՞ նոր հնարավորությունների դարաշրջան


Մի քանի տարի առաջ արհեստական բանականությունը շատերի համար ապագայի տեխնոլոգիա էր։ Այսօր այն արդեն գրում է տեքստեր, վերլուծում տվյալներ, ծրագրավորում, ստեղծում պատկերներ, թարգմանում տասնյակ լեզուներով և նույնիսկ օգնում բժիշկներին ու իրավաբաններին։ Սակայն տեխնոլոգիական այս արագ զարգացումների հետ մեկտեղ ավելի հաճախ է հնչում մի հարց․ արդյո՞ք AI-ն մարդկանցից խլելու է աշխատանքը։

Տեխնոլոգիական հեղափոխությունները պատմության ընթացքում միշտ փոխել են աշխատանքի բնույթը։ Արդյունաբերական հեղափոխությունը փոխարինեց ձեռքի աշխատանքին, համակարգիչները վերափոխեցին գրասենյակային աշխատանքը, իսկ ինտերնետը ստեղծեց տասնյակ նոր մասնագիտություններ։ Այսօր նույն ճանապարհով է ընթանում արհեստական բանականությունը՝ փոխելով ոչ միայն աշխատանքի գործիքները, այլև այն պատկերացումը, թե ինչ հմտություններ պետք է ունենա ժամանակակից մասնագետը։

Սակայն այս փոփոխությունների շուրջ հանրային քննարկումները հաճախ ծայրահեղ են։ Մի մասը համոզված է, որ AI-ն զանգվածաբար կփոխարինի մարդկանց, մյուսները պնդում են, որ այն պարզապես կդառնա հերթական տեխնոլոգիան, որն ավելի արդյունավետ կդարձնի աշխատանքը։ Իրականությունը, հավանաբար, գտնվում է այս երկու մոտեցումների միջև։

Իսկ ի՞նչ կլինի աշխատաշուկայի հետ

Աշխատաշուկայի վերաբերյալ միջազգային հետազոտությունները ցույց են տալիս, որ AI-ն առաջին հերթին փոխում է ոչ թե ամբողջ մասնագիտությունները, այլ դրանց առանձին գործառույթները։ Այլ կերպ ասած՝ շատ դեպքերում վտանգված չէ մասնագիտությունը, այլ այն աշխատանքները, որոնք կրկնվող են, կանոնակարգված և հեշտ ավտոմատացվող։

Առավել խոցելի են այն աշխատանքները, որոնք հիմնված են մեծ քանակությամբ տեղեկատվության մշակման, տվյալների մուտքագրման, փաստաթղթերի դասակարգման կամ ստանդարտ հաղորդակցման վրա։ Այդպիսի ոլորտներում AI-ը կարող է զգալիորեն կրճատել ժամանակը և նվազեցնել մարդկային ներգրավվածությունը։

Եթե նախկինում աշխատանքի ընդունվելիս առավել հաճախ գնահատվում էին մասնագիտական գիտելիքներն ու աշխատանքային փորձը, ապա այսօր գործատուները ավելի ու ավելի մեծ ուշադրություն են դարձնում ճկունությանը, սովորելու պատրաստակամությանը և թվային հմտություններին։

Արհեստական բանականության լայն կիրառումը ցույց տվեց, որ ապագայում առավել մրցունակ կլինեն այն մասնագետները, որոնք կարողանում են համատեղել մասնագիտական գիտելիքները տեխնոլոգիական գործիքների արդյունավետ օգտագործման հետ։

Քննադատական մտածողությունը, ստեղծագործականությունը, խնդիրների լուծման կարողությունը, հաղորդակցման հմտությունները և տվյալների վերլուծությունը շարունակում են մնալ այնպիսի կարողություններ, որոնք AI-ն ամբողջությամբ փոխարինել չի կարող։

Արհեստական բանականության ազդեցությունն առավել տեսանելի է նաև լրագրության ոլորտում։ Այսօր AI-ն կարող է պատրաստել տեղեկատվական ամփոփումներ, վերծանել հարցազրույցներ, առաջարկել վերնագրեր, թարգմանել նյութեր և նույնիսկ օգնել տվյալների վերլուծության հարցում։ Սակայն լրագրության հիմնական արժեքները՝ փաստերի ստուգումը, տեղեկատվության հավաստիությունը, աղբյուրների գնահատումը, հանրային շահի պաշտպանությունը և էթիկական պատասխանատվությունը, շարունակում են մնալ լրագրողի գործառույթը։

AI-ն կարող է արագացնել աշխատանքը, բայց չի կարող կրել պատասխանատվություն հրապարակված տեղեկատվության համար։ Այդ պատճառով այն ավելի ճիշտ է դիտարկել որպես գործիք, այլ ոչ թե լրագրողի լիարժեք փոխարինող։

AI-ը Հայաստանում

Հայաստանում արհեստական բանականության կիրառումը դեռևս սկզբնական փուլում է, սակայն դրա ազդեցությունն արդեն նկատելի է տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային համակարգի, կրթության, մարքեթինգի և մեդիայի ոլորտներում։

Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ երկրի հիմնական մարտահրավերներից մեկը թվային հմտությունների զարգացումն է։ Եթե աշխատուժը չկարողանա արագ հարմարվել տեխնոլոգիական փոփոխություններին, ապա մրցունակության խնդիրներ կարող են առաջանալ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային աշխատաշուկայում։

Բարձրագույն կրթական հաստատությունների, վերապատրաստման կենտրոնների և մասնավոր հատվածի համագործակցությունը կարող է կարևոր դեր ունենալ այս անցման գործընթացում՝ ապահովելով ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստումը։

Արհեստական բանականության ազդեցությունը հնարավոր չէ գնահատել միայն դրական կամ միայն բացասական տեսանկյունից։ Այն կարող է ավտոմատացնել կրկնվող աշխատանքները, սակայն միաժամանակ ստեղծել նոր մասնագիտություններ։ Այն կարող է փոխել աշխատաշուկայի կառուցվածքը, սակայն նաև բարձրացնել արտադրողականությունն ու նորարարության մակարդակը։

Պատմությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր տեխնոլոգիական հեղափոխություն սկզբում առաջացրել է անհանգստություն, սակայն հետագայում ձևավորել է նոր տնտեսական իրականություն։ Նույն օրինաչափությունը, հավանաբար, կդիտվի նաև արհեստական բանականության դեպքում։

Ապագայի հիմնական հարցը, հետևաբար, այն չէ, թե արդյոք AI-ն կփոխարինի մարդկանց, այլ այն, թե որքան արագ մարդիկ, կրթական համակարգերը և պետությունները կհարմարվեն նոր պայմաններին։ Նրանք, ովքեր կկարողանան տեխնոլոգիան օգտագործել որպես աշխատանքի արդյունավետության գործիք, ամենայն հավանականությամբ կդառնան փոփոխությունների գլխավոր շահառուները։

Արհեստական բանականությունը չի վերացնում աշխատանքի անհրաժեշտությունը, բայց փոխում է աշխատանքի բնույթը։ Այդ փոփոխություններին պատրաստ լինելը դառնում է ոչ միայն մասնագիտական հաջողության, այլև հասարակության մրցունակ զարգացման կարևոր նախապայման։

Top news


Չի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը Ազգային ժողովի իններորդ գումարման նստաշրջանի հերթական նիստում իր ելույթի ընթացքում անդրադարձել է պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հոր հետ կապված քրեական վարույթին։

«Երբ Ազգային ժողովում մեր գործընկերների կանանց հայտարարագրերը զննելու, քուջուջ անելու ցանկություն է առաջանում, նախ արժե շրջվել ու սեփական նստատեղին նայել»,- ասել է Վարդանյանը։

Նրա խոսքով՝ Մեսրոպ Մանուկյանի հորը մեղադրանք է առաջադրվել բիզնեսների հետ կապված դատական գործերով։ Ըստ պատգամավորի՝ գործի շրջանակում պետությանը պատճառվել է 439 միլիոն 199 հազար 694 դրամ վնաս։

Վարդանյանը չի բացառել, որ, եթե գործի շրջանակում քննություն իրականացվի նաև Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ՝ որպես տվյալ ընկերության ֆինանսական բաժնի տնօրենի, ապա նա ևս կարող է հայտնվել քրեական հետապնդման ներքո և հետագայում իրեն քաղբանտարկյալ հայտարարել։



Կիմ Չեն Ընի քույրը անընդունելի է համարել Ճապոնիայի ռազմականացումը


Աշխարհ


ԿԺԴՀ Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի բաժնի ղեկավար և երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույր Կիմ Յո Չժոնը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան թույլ չի տա Ճապոնիային զարգացնել իր ռազմական ներուժը և կձեռնարկի լրացուցիչ ռազմական միջոցներ։ «Մենք ոչ մի դեպքում թույլ չենք տա Ճապոնիայի ռազմական էվոլյուցիան, որը կարող է լուրջ սպառնալիք ներկայացնել Հյուսիսային Կորեայի անվտանգության համար»,- ասել է Կիմը:

Կիմ Չեն Ընի քույրը հիշեցրել է, որ Ճապոնիան մի քանի օր առաջ փորձարկել է Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ Խաղաղ օվկիանոսում, իսկ մայիսին մասնակցել է ԱՄՆ-ի գլխավորությամբ Ֆիլիպինների Լուսոն կղզու հյուսիսային ափին անցկացված համատեղ զորավարժություններին։ Ըստ Կիմ Յո Չժոնի՝ Ճապոնիան նաև տեղակայում է մեծ հեռահարության հականավային կառավարվող հրթիռներ, մշակում է ինքնակառավարվող սուզանավեր և գնում է թևավոր հրթիռներ F-35A կործանիչների համար։ Նա հավելել է, որ Ճապոնիան, ԱՄՆ օգնությամբ, «արագացնում է իր վերափոխումը ռազմական պետության» և կոչ է արել միջազգային հանրությանը կանխել Ճապոնիայի վերափոխումը:



Ուշադրության կենտրոնում է հայտնվել երկու պորտուգալացի մասնագետների «մենամարտը»


Պորտուգալական հեղինակավոր A Bola պարբերականն անդրադարձել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում սլովենական «Ցելյեի» նկատմամբ Հայաստանի չեմպոին «Արարատ-Արմենիայի» տարած կամային հաղթանակին (2-1):

Արտասահմանյան լրատվամիջոցի ուշադրության կենտրոնում է հայտնվել երկու պորտուգալացի մասնագետների «մենամարտը». Մանուել Տուլիպայի գլխավորած «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ առավելության է հասել Վիտոր Կամպելոսի թիմի նկատմամբ:

Պարբերականը ներկայացրել է հանդիպման հիմնական իրադարձությունները՝ նշելով, որ 21-րդ րոպեին Սվիտ Սեսլարը 11-մետրանոցով առաջ է մղել հյուրերին, ինչին 38-րդ րոպեին Արթուր Սերոբյանը պատասխանել է տուգանայինից կատարած հոյակապ գոլով: A Bola-ն առանձնահատուկ ընդգծել է 59-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Կառլոս Ֆրանսայի դերը, ում ընդամենը 11 րոպե է պահանջվել հաղթական գոլը խփելու և Տուլիպայի թիմին ՉԼ-ի անցումային փլեյ-օֆֆի պատմական ուղեգրին մոտեցնելու համար:

Անդրադարձում նշվում է նաև հայկական ակումբի կազմում պորտուգալացի ֆուտբոլիստների մասնակցության մասին. Բրունու Վիլսոնն ու Հուգո Օլիվեյրան դուրս են եկել մեկնարկային կազմում, իսկ Բենին և Բրունու Պերեյրան մնացել են պահեստայինների նստարանին:

Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց Սլովենիայում: Այս դիմակայության հաղթողը Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի ուղեգրի համար փլեյ-օֆֆում ուժերը կչափի «Մյալբյու» – «Սլովան Բրատիսլավա» զույգի ուժեղագույնի հետ (սլովակյան թիմն առաջին խաղում արտագնա հաղթանակ է տարել 2-1 հաշվով):

 



Բրազիլը կրճատում է իր դիվանագիտական ​​ներկայությունն Արգենտինայում


Աշխարհ


Բրազիլի կառավարությունը հայտարարել է, որ կրճատում է իր դիվանագիտական ​​ներկայությունն Արգենտինայում՝ այդ երկրի նախագահ Խավիեր Միլեյի կողմից Բրազիլի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հասցեին հնչեցված վիրավորանքներից հետո, հաղորդում է The Associated Press-ը։

Բրազիլի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է, որ Միլեյն օգոստոսի 2-ից ի վեր երեք անգամ Լուլա դա Սիլվային անվանել է «գող»։ Նա նմանատիպ արտահայտություններ է օգտագործել հուլիսի 25-ին սենատոր Ֆլավիո Բոլսոնարուի՝ նախկին նախագահի որդու կուսակցական համագումարում, որը Լուլա դա Սիլվայի մրցակիցն է լինելու հոկտեմբերին կայանալիք ընտրություններում։

Միլեյը համագումարի ժամանակ նաև վիրավորական խոսքեր է հնչեցրել Գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդր դե Մորաեսի հասցեին։ Դե Մորաեսը մերժել է Արգենտինայի նախագահի խնդրանքն՝ այցելելու նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին, որը տնային կալանքի տակ է և կրում է 27 տարվա ազատազրկում պետական ​​հեղաշրջման փորձի համար։

Բրազիլի կառավարությունը հուլիսին հետ էր կանչել Բուենոս Այրեսում իր դեսպանին, Միլեյի՝ Լուլա դա Սիլվայի դեմ արված առաջին մեկնաբանություններից մեկ օր անց։ Այդ ժամանակվանից ի վեր Բրազիլի շահերն Արգենտինայում ներկայացնում է գործերի ժամանակավոր հավատարմատարը։

Խոսնակը նշել է, որ դեսպանը չի վերադառնա Արգենտինա, քանի դեռ Միլեյը շարունակում է ագրեսիվ մեկնաբանություններ անել Բրազիլի նախագահի դեմ։

Լուլա դա Սիլվան չի մեկնաբանել Միլեյի խոսքերը։ Նրանց հարաբերությունները սառն են եղել 2023 թ. դեկտեմբերից ի վեր, երբ Միլեյը ստանձնեց Արգենտինայի նախագահի պաշտոնը։

AP-ն հիշեցնում է, որ Միլեյը Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի մտերիմ դաշնակիցն է, իսկ ԱՄՆ վարչակազմը հակասություններ ունի Լուլա դա Սիլվայի հետ։

Լուլա դա Սիլվան օգոստոսի 2-ին իր Աշխատավորական կուսակցության համագումարում պաշտոնապես հայտարարվել է թեկնածու առաջիկա նախագահական ընտրություններում։



Մադրիդյան ակումբը կոշտ դիրքորոշում է որդեգրել


Սպորտ


«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն և ակումբի սկաուտական բաժնի ղեկավար Ժոաու Ամարալը նկատվել են Մադրիդում։ Ինչպես հաղորդում է Jijantes FC-ն, «կապտանռնագույնների» ներկայացուցիչները վերջին փորձը կձեռնարկեն՝ պայմանագիր կնքելու Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի հետ։

Ակնկալվում է, որ առաջիկայում Դեկուն և Ամարալը կհանդիպեն 26-ամյա Ալվարեսի գործակալ Ֆեռնանդո Իդալգոյի հետ։ Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ժամանակ Խուլիան Ալվարեսը բարձրաձայնել էր «Ատլետիկոյից» «Բարսելոնա» տեղափոխվելու իր ցանկության մասին։ Այնուամենայնիվ, մադրիդյան ակումբը բավականին կոշտ դիրքորոշում է որդեգրել և չի ցանկանում արգենտինացի հարձակվողին բաց թողնել «Կամպ Նոու»։ Transfermarkt պորտալի մասնագետները Խուլիան Ալվարեսի տրանսֆերային արժեքը գնահատում են 120 միլիոն եվրո։