Լամին Յամալը վստահ է, որ այս պահին աշխարհում իրեն հավասարը չունի


Սպորտ


«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 19-ամյա աստղ Լամին Յամալը վստահ է, որ այս պահին աշխարհում իրեն հավասարը չունի՝ բացառությամբ Կիլիան Մբապեի։


France Football հանդեսն արդեն հրապարակել է 2026 թվականի «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների ցանկը, որում, սպասելիորեն, ընդգրկված է նաև Յամալը։

Անցած մրցաշրջանը երիտասարդ վինգերի համար իսկապես ֆանտաստիկ էր։ Նա փայլուն անհատական վիճակագրություն է գրանցել և հասել պատմական թիմային նվաճումների.

«Բարսելոնայի» կազմում՝ 45 հանդիպում բոլոր մրցաշարերում, 24 գոլ և 18 գոլային փոխանցում։ Կատալոնացիների հետ նա դարձել է Իսպանիայի չեմպիոն (ընդհանուր առմամբ արդեն եռակի)։


Իսպանիայի հավաքականում՝ Եվրո-2024-ի և ԱԱ-2026-ի հաղթող։ Աշխարհի առաջնության 8 խաղում նա իր ակտիվն է գրանցել 1 գոլ և 1 արդյունավետ փոխանցում։


«Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա հոկտեմբերի 26-ին՝ Լոնդոնում։



Խորհրդարանը քննարկում է նոր՝ Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ ստեղծելու մասին նախագիծը


Հայաստան


Առաջարկում ենք Լոռու մարզում ձևավորել նոր՝ Վանաձոր համայնք Վանաձոր և Փամբակ համայնքների միավորման արդյունքում՝ 22 բնակավայրով, իսկ Արարատի մարզի Արարատ և Վեդի համայնքների միավորման արդյունքում՝ Արարատ խոշորացված համայնք՝ 32 բնակավայրով: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 14-ի նիստում ներկայացրեց ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը:

«Միավորման նախկինում իրականացված 99 ծրագրերով 915 համայնքների փոխարեն այսօր առկա են 64 միավորված համայնքներ, որոնցից 57-ը բազմաբնակավայր են: Նախագծի ընդունման արդյունքում համայնքների ընդհանուր թիվը կդառնա 62:

Միավորված նշված ծրագրերն իրականացվել են փնջային կամ շրջանային մոդելներով, և մեր վերլուծություններն ու բազմաթիվ քննարկումները, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շրջանային մոդելով միավորված համայնքներն առավել արդյունավետ են իրականացնում տեղական ինքնակառավարումը, ունեն առավել զարգացած ենթակառուցվածքներ, ֆինանսական և մասնագիտական կարողություններ»,- ասաց նա:

Առնակ Ավետիսյանն առաջարկեց հարցը քննարկել 24-ժամյա ռեժիմով:



Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում


Աշխարհ


Իտալիայի Սիցիլիա կղզու Կատանիա քաղաքի օդանավակայանը Էթնա հրաբխի ժայթքման պատճառով ժամանակավորապես դադարեցրել է բոլոր ժամանող չվերթների ընդունումը։ Օդանավակայանը հայտնել է, որ որոշումը կապված է հրաբխի ակտիվության հետ։

Ուղևորներին խորհուրդ է տրվում օդանավակայան մեկնելուց առաջ ճշտել իրենց չվերթի կարգավիճակը ավիաընկերությունից։ Էթնան Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխն է։ Անցած ամիս դրա ժայթքումը շուրջ 10 օր խաթարել էր օդանավակայանի աշխատանքը՝ հանգեցնելով մոտ 1000 չվերթի չեղարկման կամ հետաձգման։



Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա


Հայաստան


Սեպտեմբերի 13-ին ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խաչարձանի անտառպետության 3-րդ պահաբաժնի տարածքում ծառայողները հայտնաբերել են «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա՝ շուրջ 1,5 խմ կաղնի տեսակի փայտանյութով բեռնված։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոպարեկային ծառայությունից:
 
Ավտոմեքենայի վարորդ Հ.Ղ.-ն փայտանյութի օրինականությունը հավաստող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Դեպքի առթիվ կատարվել է բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկ, իսկ իրավախախտման վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն։
 
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամաս: 
«Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է անտառային տարածքներում իրականացնել հետևողական և շարունակական կանխարգելիչ-հսկողական միջոցառումներ՝ ապօրինի գործողությունները ժամանակին կանխելու, հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով արձագանքելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։



Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները նոր որակի, նոր բովանդակության են. Սոնա Ղազարյան


Կարծում եմ՝ վարչապետը բավարար արձագանքել է ռազմաբազայի հարցին: Այսպես պատասխանեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը խորհրդարանում լրագրողների հարցերին, որոնք խնդրեցին մեկնաբանել ռուսական 102-րդ ռազմաբազայի շուրջ իրավիճակը:

Նրա խոսքով՝ ոչ ոք չի կարող չնկատել, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները նոր որակի, նոր բովանդակության հարաբերություններ են, որտեղ քննարկումը բազմազան օրակարգերի շուրջ է, և եթե ՌԴ-ի կողմից ռազմաբազան դուրս բերելու առաջարկ կա, Հայաստանի Հանրապետությունը դրան դեմ չի լինելու:

Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխություններին, պատգամավորը նշեց՝ ՀՀ-ն հստակ իր դիրքորոշումն ասել է Սահմանադրության փոփոխության կապակցությամբ:

«Միակ մարմինը, որ կարող էր մեկնաբանել Սահմանադրությունը և դրան հղում արվող այլ փաստաթղթեր, ՍԴ-ն է, որը հստակ ամրագրել է, որ ՀՀ Սահմանադրությունը որևէ տարածքային պահանջ չի ներառում իր հարևաններից և որևէ մեկի նկատմամբ: Սա մեր պաշտոնական դիրքորոշումն է, իսկ նոր Սահմանադրության մասին վարչապետը խոսել է դեռևս 2020-ի փետրվարին: Վստահաբար հիշում եք այն միջավայրը, որում արվել են այդ հայտարարությունները»,- ասաց Ղազարյանը:

Ինչ վերաբերում է Անկախության հռչակագրին, ասաց՝ նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի, նոր այդ մասին կխոսի:

«Նոր Սահմանադրությունը զրոյից գրվող տեքստ է, վստահաբար դրա շուրջ դեռ քննարկումներ կունենանք»,- նշեց նա:

Հիշեցնենք՝ Բիշքեկում հանդես գալով ասուլիսով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով Գյումրու ռուսական ռազմաբազայի վերաբերյալ հարցին, ասել էր՝ եթե Հայաստանը համարի, որ ռազմաբազայի կարիքը չունի, ապա այն դուրս կբերվի թեկուզ վաղը:

Դրանից հետո, ՀՀ Կառավարության հերթական նիստերից մեկից հետո հրավիրված ճեպազրույցում վարչապետն ասել էր հետևյալը. «Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի տարածքից, մենք չենք առարկի, բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել: Բայց մենք երբեք այդ հարցն այս ընթացքում չենք քննարկել»:


Դրոնի հարվածը կարող էր նպատակաուղղված լինել պաշտոնյաների գնացքի


Հարեվաններ


ԱՄՆ ԿՀՎ նախկին տնօրեն Դեյվիդ Պետրիուսն ևս եղել է Ուկրաինայի Յագոդին կայարանում, երբ ռուսական դրոնը հարվածել է ուղևորատար գնացքին։ Դեպքից կարճ ժամանակ առաջ նույն կայարանից անցնելիս է եղել դիվանագիտական գնացքը, որով Կիևից Լեհաստան է մեկնելիս եղել Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը և եվրոպացի այլ պաշտոնյաներ։

Ուկրաինական երկաթուղիները հայտնել են, որ դիվանագիտական գնացքը անվտանգության նկատառումներով կայարանից հեռացել էր նախատեսվածից շուտ և հարձակման պահին արդեն հատել էր Լեհաստանի սահմանը։ Պետրիուսը գտնվել է մեկ այլ գնացքում, որը դեռ կայարանում է եղել։

Ուկրաինական կողմը չի բացառել, որ դրոնի հարվածը կարող էր նպատակաուղղված լինել պաշտոնյաների գնացքին։ Ռուսաստանը հայտարարել է, որ հարվածների թիրախում եղել են արևմտյան երկրներից ռազմական բեռների տեղափոխման համար օգտագործվող երկաթուղային ենթակառուցվածքները։



Նախընտրական պատրաստություններ Սյունիքում | Top-News.am


Տեղական ընտրություններից առաջ մարզերում քաղաքական ուժերը սկսել են վերանայել-թարմացնել հաշվարկները, իսկ Սյունիքում՝ նաև նախկին քաղաքական հակադրությունների տրամաբանությունը։ Գորիսում իշխանությունն ընտրության է գնում գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ՝ երբեմնի ընդդիմախոսին դիտարկելով որպես ՔՊ-ի թեկնածու։

Մեղրիում իշխանության թեկնածուի շուրջ ստեղծված իրավիճակը խառնել է համայնքի «նախընտրական քարտեզը», իսկ Կապանում նոյեմբերի 29-ի ընտրություններին արդեն ուրվագծվում է այլ քաղաքական մրցակցություն։ Վարչապետ  Փաշինյանը Գորիսի օրինակը ներկայացրել է որպես «համերաշխության դաշինքների» տրամաբանության առաջին դրսևորում։ Ո՞ւմ խաղաթղթերն են խառնվել Սյունիքում, և ի՞նչ հաշվարկով է իշխանությունը մտնում ՏԻՄ ընտրությունների նոր փուլ:

Հոկտեմբերի 25-ին Գորիսում և Մեղրիում ավագանու համամասնական ընտրություններ են։ Առաջադրումները սկսվել են, վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է, բայց Սյունիքում նախընտրական հիմնական խաղադրույքներն արդեն ուրվագծվում են։

Գորիսում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրության է գնում դաշինքով, որը գլխավորելու է գործող համայնքապետ, անկուսակցական Առուշ Առուշանյանը։ Այս որոշումն ուշագրավ է նրա քաղաքական անցյալի պատճառով։ 44-օրյա պատերազմից հետո Առուշանյանը Փաշինյանի իշխանության կոշտ քննադատներից էր, իսկ 2021-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր իշխանությանը հակադիր «Հայաստան» դաշինքի ցուցակով։ Առուշանյանը հաստատել է, որ իր «Բիզնես» կուսակցությունը ՔՊ-ի հետ դաշինքով է գնալու ընտրության։
Վարչապետ Փաշինյանը Գորիսի հարցում իրենց մոտեցումը բացատրում է ոչ թե նախկին քաղաքական հակադրությունների, այլ համերաշխության նոր տրամաբանությամբ։

«2021 թվականի ընտրություններում Գորիսը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, դրանից հետո ՏԻՄ ընտրություններում Գորիսը քվեարկել է այնպես,  որ ընտրությունների արդյունքում Առուշ Առուշանյանն ընտրվել է համայնքի ղեկավար։ Թվում է, որ քաղաքական առումով անհամատեղելիություն կա։ Ինչպե՞ս կարող է և՛ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, և՛, ըստ էության, 180 աստիճան հակառակ ուղղությամբ։ Այս ընտրությունում էլ Գորիսը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ Եվ մենք այդ ազդակները նաև Գորիսից ենք ստանում, որ ինչո՞ւ եք անընդհատ բախման տրամաբանությամբ պրոցեսներ գեներացնում Գորիսում»։

Գորիսի օրինակը կարող է միակը չլինել։ Իշխանությունը պատրաստվում է նման դաշինքներ ձևավորել նաև այլ համայնքներում։

«Նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզ շատ մեղադրում են, թե մենք սևերի ու սպիտակների ենք բաժանում և այլն, մի շարք համայնքներում գնալու ենք այդպիսի որոշման։ Համերաշխության դաշինքներ ենք ձևավորելու այնտեղ, որտեղ այդ հնարավորությունները կան։ Մենք լսել ենք գորիսեցիների ձայնը»։

Առուշ Առուշանյանի շուրջ դատաիրավական նախկին գործընթացները վարչապետը քաղաքական որոշումից առանձին է դիտարկում։ Նաև բարձր է գնահատում կառավարության և Գորիսի համայնքապետարանի  գործակցությունը։

«Գորիսն այսօր կառավարություն-համայնք համագործակցության հաջողության պատմություններից մեկն է Հայաստանի Հանրապետությունում»։

Գորիս համայնքը նորից խոշորացվում է, և քաղաքին վերամիանալու են Տաթև ու Տեղ համայնքները։ Բացի Գորիսից՝ հոկտեմբերի 25-ին Մեղրի համայնքում ևս ավագանու   ընտրություններ են։ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորող, գործող համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը երկու օր առաջ կալանավորվեց։ Նա մեղադրվում է առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու և ստանալու համար։ Չնայած ընտրական օրենսգիրքը չի արգելում կալանավորված անձանց առաջադրվել, սակայն կառավարող ուժը նման թեկնածուներին չի հանդուրժի, անգամ իրենց թիմակիցներին։   

«Եթե կոռուպցիայի դեմ պայքարը սկզբունքային չլիներ, ՏԻՄ ընտրությունների նախօրյակին համայնքի ղեկավար չի ձերբակալվի ու կալանավորվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից»։

Միաժամանակ Մեղրիում արդեն նոր անուններ են շրջանառվում։ Ըստ տեղեկությունների՝ ՔՊ ցուցակը կարող է գլխավորել գործարար Սերգո Գալստյանը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում նա ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց այդ տեղեկությունը՝ առաջարկելով դիմել կուսակցության պատասխանատուներին։ Գալստյանի հնարավոր առաջադրումը, ըստ տեղական քաղաքական գնահատականների, փոխում է նաև մյուս ուժերի հաշվարկները։ «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության թեկնածու Վարդան Հայրապետյանը չցանկացավ ձայնագրվել, սակայն «Ռադիոլուրին» ասաց, որ ՔՊ-ի ցուցակով Գալստյանի առաջադրմամբ իրենց համար պայքարի մեջ մտնելու իմաստը կկորի։ «Մեծ ռեսուրսներ ունի ինքը»,-ասաց Հայրապետյանը՝ խոստանալով թեմային անդրադառնալ առաջադրումների ժամկետից հետո։

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Բագրատ Զաքարյանը ևս մեր հարցադրումներին չարձագանքեց։ Սակայն, ըստ Մեղրիում շրջանառվող տեղեկությունների, նա  հայտարարել է, որ մտափոխվել է և չի առաջադրվելու։

Նոյեմբերի 29-ին էլ ավագանու ընտրություններ են Կապանում։ Այստեղ ուրվագծվում է  դասական մրցակցություն՝ գործող համայնքապետ, «Շանթ դաշինքի» ներկայացուցիչ Գևորգ Փարսյանի և ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ, «Քաղաքացիական պայմանագրի» Կապանի խորհրդի նախագահ Նարեկ Բաբայանի միջև։

Կապանի դեպքում ևս հետաքրքիր է ընտրողների նախկին վարքագիծը․ կապանցիները տարբեր ընտրություններում քվեարկել են թե՛ ՔՊ-ի, թե՛ Գևորգ Փարսյանի օգտին։ Չի բացառվում, որ մարզկենտրոնի համար պայքարին միանան նաև ընդդիմադիր ուժերը։


Վենսն ու Ռուբիոն վաղաժամ են համարում 2028 թվականի նախագահի ընտրությանն իրենց թեկնածությունը քննարկելը


Աշխարհ


Տեխասում հանրապետական կուսակցության համագումարում փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ծրագրային ելույթի ժամանակ հանդիսատեսը վանկարկել է «Ջեյ Դի – 48»՝ դրանով իսկ կոչ անելով նրան առաջադրվել որպես Հանրապետական կուսակցության թեկնածու՝ 2028 թվականի նախագահի ընտրությունում:

ԱՄՆ փոխնախագահը ներկաներին կոչ է արել նախ մտածել նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրության մասին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ կոլումբիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ «ներկա պահին» չի պլանավորում իր թեկնածությունն առաջադրել 2028 թվականի ընտրություններում։

ԱՄՆ 45-րդ և 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփն էլ իր հերթին, օգոստոսի սկզբին հայտարարել էր, որ դեռ ժամանակը չէ որոշել հաջորդ հանրապետական ​​նախագահի թեկնածուի հարցը։

Մինչդեռ մայիսին ամերիկացի առաջնորդը Վենսին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին անվանել էր իդեալական թիմ և պոտենցիալ հանրապետական ​​թեկնածուներ 2028 թվականի ընտրության համար: Միաժամանակ նա չէր մանրամասնել, թե նրանցից ով կառաջադրվի նախագահի պաշտոնում, իսկ ով՝ փոխնախագահի։



Վարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին


Հայաստան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երկօրա աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:
 
Վարչապետը Փարիզում կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին:



Ավարտին են մոտենում Քեթիի նոր կրթահամալիրի հարակից 7-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները


Հայաստան


Շիրակի մարզում Քեթիի նոր կրթահամալիրի հարակից 7-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են։ Այս մասին հայտնում է Ախորյանի համայնքապետարանը։
 
Շուրջ կես կիլոմետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում կատարված փոխատեղման արդյունքում ճանապարհի երկարությունն ավելացվել է ևս 90 մետրով։
 
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 95 միլիոն դրամ։
 
Ճանապարհաշինական աշխատանքներին զուգահեռ կառուցվում են նաև դպրոցի հարակից ավտոկայանատեղին, ջրահեռացման համակարգը և միակողմանի մայթերը։
 
Ճանապարհաշինությունն իրականացվում է ՀՀ կառավարության հրատապ ծրագրով՝ նպատակ ունենալով կրթահամալիրի հարակից տարածքը դարձնել բարեկարգ, անվտանգ և դպրոցին համապատասխան։
 
Այսպիսով՝ երեխաների համար ապահովվում է դեպի դպրոց տանող մաքուր, հարմարավետ և անվտանգ ճանապարհ։