Վրացական նավթավերամշակման գործարանը հրաժարվում է ռուսական նավթից


Հարեվաններ


Վրաստանի Կուլեւի նավահանգստում գտնվող երկրի միակ նավթավերամշակման գործարանը նախատեսում է մինչեւ սեպտեմբերի վերջ ամբողջությամբ հրաժարվել ռուսական նավթից՝ այն փոխարինելով ղազախականով եւ լիբիականով։ 

Գործարանը տնօրինող Black Sea Petroleum ընկերությունը հայտնել է, որ հում նավթի մատակարարումների դիվերսիֆիկացման ծրագիրն արդեն ընթացքի մեջ է։ Կուլեւիի նավթավերամշակման գործարանը հուլիսի սկզբից արդեն սկսել է ղազախական ծագման հում նավթի վերամշակումը։

Հուլիսի 3-ին միջազգային առեւտրային ընկերության հետ ստորագրված հում նավթի մատակարարման համաձայնագրի համաձայն՝ լիբիական ծագման հում նավթով բեռնված տանկերը Կուլեւի կհասնի օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում։ Համաձայնագիրը գործում է մինչեւ 2027 թվականի վերջը եւ նախատեսում է նաեւ դրա երկարաձգման հնարավորություն։

BSP-ն հայտարարել է, որ կշարունակի իրականացնել հումքի մատակարարումների դիվերսիֆիկացման ծրագիրը Եվրոպական հանձնաժողովի եւ մյուս իրավասու մարմինների հետ «կառուցողական համագործակցությամբ», ինչպես նաեւ կներկայացնի առաջընթացի հստակ եւ ստուգելի ապացույցներ։



Ուկրաինան երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա. Զալուժնի


Քաղաքականություն


Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան, Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին կասկածում է, որ Ուկրաինան երբեւէ կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ «Եվրոպեյսկայա Պրավդա» թերթը հայտնում է, որ այդ մասին Զալուժնին խոսել է Կիեւում դեսպանների խորհրդակցության շրջանակում անցկացված եվրատլանտյան ինտեգրմանը նվիրված քննարկման ժամանակ։

«Ես շատ լավ գիտեմ ՆԱՏՕ-ն։ Մոտ 12 տարի անձամբ զբաղվել եմ, որ մենք յուրացնենք ՆԱՏՕ-ի չափանիշները, եւ ամեն տարի լսել եմ նույն հեքիաթները, թե ահա-ահա մենք անդամակցելու ենք ՆԱՏՕ-ին։ Ցավոք, մենք երբեք չենք անդամակցի դրան»,- հայտարարել է Զալուժնին։

Նրա կարծիքով՝ խնդիրն այն է, որ ՆԱՏՕ-ի չափանիշներն այլեւս չեն համապատասխանում ժամանակակից իրողություններին։ «Անհնար է այնպիսի զարգացման մակարդակ ունեցող զինված ուժերով, ինչպիսին այսօր ունի Ուկրաինան, միանալ մի կազմակերպության, որը ղեկավարվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի դոկտրիններով… Ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ն կմնա այն տեսքով, ինչպիսին հիմա է։ Եւ  Ուկրաինայի նման եւս մոտ 12 տարի պետք կլինի անցնելու ճանապարհ` հասնելու համար այն չափանիշներին, որ գոնե հավասարվի Ռուսաստանի Դաշնության մակարդակի կեսին»,- ասել է նա։

Զալուժնին ընդունել է, որ «Ուկրաինային անհրաժեշտ են այն տեխնոլոգիաները, որոնք այսօր դեռ առկա են ՆԱՏՕ-ի անդամ երկրներում»։ Սակայն նրա համոզմամբ՝ Ուկրաինան կմիանա այն դաշինքներին եւ միավորումներին, որոնք դեռ նոր են ձեւավորվելու։ «Ամենայն հավանականությամբ, խոսքը եվրոպական ռազմաքաղաքական անվտանգության դաշինքի մասին է լինելու»,- հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատարը։



ՍԱՏՄ-ն խստացնում է սննդի առաքման վերահսկողությունը


Բիզնես


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սկսում է լայնածավալ վերահսկողություն․ սնունդ տեղափոխող առաքիչները պետք է անցնեն բժշկական զննում և ունենան սանիտարական գրքույկ՝ տրված բժշկական հաստատության կողմից։ Պահանջի նպատակն է վերահսկել սննդի հետ աշխատող անձանց առողջական վիճակը և նվազեցնել սննդի միջոցով փոխանցվող ռիսկերը։

Երևանում օրական սննդի հարյուրավոր, անգամ հազարավոր առաքումներ են կատարվում, ընդ որում՝ գնալով ավելի շատ։ Խոստացվում է արագ առաքում, ժամանակի խնայում և հարմարավետություն։ Բայց մի շատ մտահոգիչ հարց մնում է՝ ո՞ւմ ձեռքով է սնունդը հասնում մեր սեղանին՝ որքանո՞վ հիգիենիկ վիճակում։ 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը օգոստոսի 1-ից ավելի խստորեն է վերահսկելու սննդի առաքման ոլորտը։ Սննդի բոլոր առաքիչները պետք է անցած լինեն պարտադիր բժշկական զննում և ունենան դա հավաստող սանիտարական գրքույկ։ Նրանց նախնական և պարբերական բժշկական զննության ենթարկվելը պետք է ապահովի գործատուն։ Պահանջը չպահպանելու դեպքում վարչական պատասխանատվություն կկրի ոչ միայն առաքիչը, այլև գործատուն։

Այժմ լրացուցիչ ժամանակն ավարտվել է, և ՍԱՏՄ-ն անցնում է խիստ վերահսկողության։ Տեսչական մարմնից հայտնում են, որ կհրապարակվեն ոչ միայն արձանագրված խախտումները, այլև բարեխիղճ կազմակերպությունների անունները։

Արդյոք քաղաքացին ինքն իրավունք ունի սննդի առաքիչից պահանջել ներկայացնել սանգրքույկ՝ նոր կարգավորման մեջ հստակեցված չէ։

armradio



Սեւ ծովում հարձակման ենթարկված թուրքական բեռնանավի անձնակազմը տարհանվել է Նովոռոսիյսկ


Հարեվաններ


Սեւ ծովում ծովային անօդաչու սարքերի հարձակման ենթարկված թուրքական Nadhezna բեռնանավի անձնակազմի բոլոր 22 անդամները տարհանվել են Նովոռոսիյսկի նավահանգիստ՝ «Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ծովային միջոցների» օգնությամբ, հայտնել է Թուրքիայի տրանսպորտի նախարարության ծովային գործերի գլխավոր վարչությունը։

Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ երեք տուժածի վիճակը ծանր է։ Հարվածը հասցվել է նավի քթամասին եւ անձնակազմի խցիկներին։ Բեռնանավում բռնկված հրդեհը շարունակում է մոլեգնել։

«Տարածքում անօդաչու սարքերի հարձակումների շարունակվող վտանգի պատճառով փրկարարական գործողություն իրականացնելն անհնար է»,- հայտնել են Թուրքիայի տրանսպորտի նախարարությունից։

Cumhuriyet թերթի տվյալներով՝ Nadhezna-ն Սամսունից Նովոռոսիյսկ էր տեղափոխում թարմ մրգեր եւ բանջարեղեն։ Նավի կապիտան Յալչըն Շահինը պնդում է, որ նավը ենթարկվել է հինգից վեց անօդաչու սարքերի հարձակման, որոնք, նրա խոսքով, պատկանել են Ուկրաինային։



Հրշեջ-փրկարարները կանխել են ավտոմեքենայում բռնկված հրդեհի տարածումը


Հայաստան


Օգոստոսի 3-ին՝ ժամը 19:10-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:23-ին, մարվել՝ 19:55-ին: Այրվել է «Ford» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը:



Իտալիայում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ


Աշխարհ


Ինչպես տեղեկացնում է Euronews-ը, Իտալիան շարունակում է մնալ աֆրիկյան շոգի ազդեցության տակ։ 25 քաղաքներում հայտարարվել է վտանգի «կարմիր» մակարդակ, ջերմաստիճանը հասնում է 40 աստիճանի։ Մինչև օգոստոսի 8-ը Իտալիայում ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում, և շոգի ալիքը թուլանալու որևէ նշան ցույց չի տալիս։

Առողջապահության նախարարությունը զգուշացրել է մարդկանց առողջությանը սպառնացող լուրջ վտանգի մասին, որը վերաբերում է ոչ միայն խոցելի խմբերին, այլև ողջ բնակչությանը։

Ցուցակում չեն ընդգրկվել միայն Մեսինան և Ռեջիո դի Կալաբրիան, մինչդեռ երկրի մնացած հատվածը շարունակում է պայքարել անոմալ բարձր ջերմաստիճանի և խեղդող շոգի դեմ։ Միաժամանակ Քաղաքացիական պաշտպանության գործակալությունը «դեղին» մակարդակի նախազգուշացում է հրապարակել Աբրուցոյի, Ումբրիայի և Սիցիլիայի որոշ հատվածներում՝ ամպրոպների վտանգի պատճառով, թեև եղանակային ընդհանուր պատկերում շարունակելու է գերիշխել աֆրիկյան անտիցիկլոնը։



Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը


Քաղաքականություն


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ վերջին զարգացումները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում, առաջին հերթին՝ Գազայի հատվածում տիրող իրավիճակը, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության շուրջ զարգացումները և տարածաշրջանում շարունակվող ռազմական գործողությունները դադարեցնելու ջանքերը», – հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Հաքան Ֆիդանը նաև շնորհավորել է Էդ Միլիբանդին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։



Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողների լիցենզավորման մասին


Քաղաքականություն


Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքում տեղադրած տեսանյութում անդրադարձել է  բուժաշխատողների լիցենզավորման համակարգին:

«Ինչպես գիտեք, օրենքով սահմանվել էր, որ 2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն: Սա չափազանց կարևոր բարեփոխում է, որը նպաստելու է մեր մասնագետների մասնագիտական որակների և, իհարկե, նաև բարեվարքության հետ կապված հարցերը կանոնակարգելու առումով:

Գրեթե անհնար է գտնել մի երկիր, որն ունի զարգացած առողջապահություն, և բժիշկները չեն լիցենզավորվում:

Ես ուզում եմ ասել, որ մենք արդեն իսկ այսօրվանից մեկնարկում ենք ձեզ հետ ակտիվ հաղորդակցությունն այս գործընթացը կազմակերպելու հետ կապված: Առաջիկայում՝ հաջորդ շաբաթ, ես կանցկացնեմ երկու Zoom հանդիպումներ առաջնային օղակի բժիշկների և, իհարկե, հիվանդանոցային օղակի բուժաշխատողների հետ՝ ձեզ ավելի մանրամասն ներկայացնելու՝ ինչպես ենք պլանավորում անցկացնել այս գործընթացը:

Սիրելի բուժաշխատողներ, ես ուզում եմ հենց այս պահից նշել, որ այս աշխատանքները մենք տանելու ենք միասին և հնարավորություն ենք ստեղծելու ձեզ համար՝ իմանալու, պատկերացնելու թափանցիկ կերպով քննական ողջ գործընթացը: Եվ այսօրվանից ես շաբաթը մեկ-երկու անգամ կունենամ կարճ հաղորդագրություններ՝ ներկայացնելու առաջիկա մեր անելիքները, և ինչպես եք պատրաստվելու այս քննություններին:

Ասեմ, որ քննական գործընթացն իրականացվելու է նոր AI տեխնոլոգիաներով՝ թափանցիկ և անկախ ձևաչափով: Նախօրոք հրապարակվելու են բոլոր հարցաշարերը: Հարցաշարերը ունենալու են մասնագիտական հատված և էթիկական և շտապ բժշկական օգնության հատված:

Նախորդ տարի մենք իրականացրինք օրդինատորների սահմանափակ լիցենզավորվման գործընթացը: Այս պրոցեսից բավական հետադարձ կապ ենք ստացել, սովորել ենք, քաղել ենք դասեր, որոնք մեզ օգնելու են հաջորդիվ էլ ավելի պատրաստված լինելու: Անելու ենք ամեն ինչ, որ գործընթացը լինի ձեզ համար հարմար. հնարավորությունը պատրաստվելու և ճիշտ ձևաչափով հանձնելու ապահովելու ենք»,- նշել է նա:



Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ


Հայաստան


Արարատյան դաշտում եւ Երեւանում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, հայտնում են Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից։

Այսօր, օգոստոսի 4-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարեւելյան եւ արեւելյան` 2-5 մ/վ։

Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ցերեկը կլինի 35- 34, երեկոյան` 30- 32, գիշերը` 22- 24 աստիճան։



Երեւանում մեկնարկել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության տարածաշրջանային աշխատաժողովը


Հայաստան


ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում մեկնարկել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության՝ Արևելյան Եվրոպայի երկրների Ազգային տվյալների կենտրոնների համար նախատեսված տարածաշրջանային հնգօրյա աշխատաժողովը, որին ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Աշխատաժողովին մասնակցում էին տարբեր երկրների ներկայացուցիչներ, փորձագետներ, հյուրեր։

Արփինե Սարգսյանը աշխատաժողովը Հայաստանում անցկացնելու համար Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպությանը՝ ընդգծելով, որ նման ներկայացուցչական կազմը փաստում է համատեղ աշխատանքի և գիտական փորձի փոխանակման հանձնառության մասին։ Նրա խոսքով՝ աշխատաժողովը միջոցառման մասնակիցների համար մասնագիտական նոր հնարավորությունների դաշտ է ստեղծելու։

«Աշխատաժողովը ոչ միայն պայմանագրի արդյունավետ իրականացմանը միտված փորձ է, այլև՝ Հայաստանի Հանրապետության դիմակայության բարձրացման հնարավորություն։ Ուզում եմ փաստել, որ Հայաստանը հավատարիմ է Համապարփակ միջուկային փորձարկումների արգելման պայմանագրի նպատակներին և միջազգային խաղաղության ու անվտանգության ամրապնդմանը»,-նշել է Արփինե Սարգսյանը։

Նշելով, որ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը կարևոր ներդրում ունի միջազգային մշտադիտարկման համակարգում, Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ այդպիսի ներգրավվածությունը վկայում է Հայաստանի՝ ոլորտում ակտիվ դերակատարություն ունենալու պատրաստակամության մասին։

Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անձնակազմին և գործընկեր կառույցներին՝ միջոցառման կազմակերպման գործում ներդրած ջանքերի և արդյունավետ աշխատանքի համար։

Աշխատաժողովում ելույթներ են ունեցել ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի տեխնիկական քարտուղարության ներկայացուցիչ Յասին Շաարին։

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները կծանոթանան ոլորտի նորարարական լուծումներին, ինչպես նաև սիմուլիացիոն վարժանքների միջոցով կկատարելագործեն մասնագիտական հմտությունները։