DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին


Ավտո


Օգոստոսի 3-ին՝ ժամը 15։54-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին «DAF» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քարշակման միջոցով «DAF» մակնիշի բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված։



Մնալ «Սանթոսում», թե՞ գնալ այլ ակումբ, թոշակի անցնել, թե՞ շարունակել. Նեյմար


Սպորտ


Բրազիլիայի հավաքականի և բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը խոսել է իր ապագայի մասին։ Բրազիլիայի ընթացիկ առաջնության ինը խաղում ֆուտբոլիստը խփել է վեց գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։

«Չգիտեմ, թե որքան ժամանակ կխաղամ։ Չեմ պլանավորում կանգ առնել, բայց չգիտեմ՝ որքան ժամանակ։ Ես պայմանագիր ունեմ «Սանթոսի» հետ մինչև այս տարվա դեկտեմբեր։ Մտադիր եմ կատարել իմ պայմանները և արժանապատվորեն ներկայացնել ակումբը։ Այնուհետև կմտածեմ, թե ինչ անեմ հաջորդը՝ մնալ «Սանթոսում», թե՞ գնալ այլ ակումբ, թոշակի անցնել, թե՞ շարունակել։ Իսկապես դեռ չգիտեմ, թե ինչ կանեմ։ Դեկտեմբերը դեռ շատ հեռու է, այնպես որ պետք է խաղ առ խաղ բարելավվեմ։ Ֆիզիկապես լավ եմ զգում՝ սա է գլխավորը», – ասել է Նեյմարը։

Նշենք, որ 34-ամյա հարձակվողը վերադարձել է բրազիլական ակումբ անցյալ տարի։ Բրազիլիայի՝ ԱՄՆ-ում կայանալիք 2026 թվականի աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո նա հայտարարել է ազգային հավաքականից հեռանալու մասին։



Եղբայրական Թուրքիայի շահերը միշտ էլ առաջնահերթ են եղել Ադրբեջանի համար


Հարեվաններ


Շուտով Հայաստանում կսկսվի նոր սահմանադրության ընդունման գործընթացը։ Սա այն ազդանշանն է, որը մենք ստացել ենք այս առումով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմաթ Հաջիևը։

«Հնարավոր է հանրաքվե անցկացվի։ Երբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն Հայաստանի սահմանադրության նախաբանից, մենք որևէ խնդիր չենք տեսնում վերջնական խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում», – ընդգծել է Հիքմաթ Հաջիևը։

Նա նաև հայտարարել է, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը լրջորեն անհանգստացրել է Ադրբեջանին։ Եղբայրական Թուրքիայի շահերը միշտ էլ առաջնահերթ են եղել Ադրբեջանի համար, և այս հարցը միշտ էլ կարմիր գիծ է եղել մեզ համար։ Հենց որ այս հարցը ծագեց, Ադրբեջանը, նախագահի հանձնարարությամբ, սկսեց ինտենսիվ դիվանագիտական ​​գործունեություն։ Մենք նաև մեր ուղերձները փոխանցեցինք իսրայելական կողմին, որ նման որոշումը, առաջին հերթին, անարդար է, չի արտացոլում պատմական իրականությունը, և մենք այն ճիշտ չենք համարում։ Դրական կողմն այն է, որ իսրայելական կողմը նույնպես լուրջ ընդունեց Ադրբեջանից ստացված այս ուղերձները։ Մենք կարծում ենք, որ հետագա առաջընթացը կանխվեց։ Մեր կարծիքով, սա կլիներ լիովին անարդար քայլ, որը ոչ մի կերպ չի արտացոլում պատմական իրականությունը», – ընդգծել է Հիքմաթ Հաջիևը։



ԱՄՆ-ն լուրջ խնդիրների կբախվի իրանական նավահանգիստների շրջափակումը շարունակելու պարագայում


Հարեվաններ


Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային զգուշացրել է, որ ԱՄՆ-ն լուրջ խնդիրների կբախվի իրանական նավահանգիստների շրջափակումը շարունակելու պարագայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ռեզային նշել է X-ի գրառման մեջ։ «Եթե շրջափակումը շարունակվի, ամերիկյան նավերն ու ուժերը կկանգնեն լուրջ ռիսկերի և կորուստների վտանգի առաջ։ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը, հակառակ դեպքում մենք դա չենք հանդուրժի։ Մենք երբեք թույլ չենք տա երկրորդ միջանցքի բացումը Հորմուզի նեղուցում»,- նշվել է գրառման մեջ։

ԱՄՆ-ն վերսկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը հուլիսին՝ դրան զուգահեռ հարվածներ հասցնելով Իրանին։ Ի պատասխան՝ Իրանն իր հերթին թիրախավորել է Մերձավոր Արևելքում ամերիկյան օբյեկտները։Կողմերը միմյանց մեղադրել են ստորագրված հուշագիրը խախտելու մեջ։ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը շարունակում են պահպանել շրջափակումը։

«ԱՄՆ ուժերը շարունակում են խստորեն պահպանել Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված շրջափակումը։ Օգոստոսի 3-ի դրությամբ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը փոխել է 44 առևտրային նավի երթուղին, շարքից հանել 2 նավ և ստուգման նպատակով բարձրացել ևս 2 նավի վրա»,- նշվել է X-ում Կենտրոնական հրամանատարության գրառման մեջ։



ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի՝ օգոստոսի 4-ին կայացած նիստում որոշվել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50 տոկոս։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական բանկը։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8.00%, բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.00%:

Նշվում է, որ օգոստոսի 4-ին, ժամը 18։00-ին Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում կհրապարակվի ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության զեկույցը և դրամավարկային քաղաքականության թափանցիկության զեկույցը։

Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին


Հայաստան


Շարունակվում ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանը: Նիստը վարողի իրավունքով ելույթ ունեցավ ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը, որն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի մեղադրանքներին՝ կապված Մարտի 1-ի իրադարձությունների հետ:
 
Նրա խոսքով՝ պատգամավորը խոսում էր իրադարձությունների մասին, որին մասնակցել են դահլիճում գտնվողներից շատերը: «Պարո՛ն Քոչարյան, ես միշտ ինձ մի փոքր վատ եմ զգում ձեր ներկայությամբ կամ ձեզ հետ հեռակա զրուցելիս, ձեր հոր մասին խոսելիս, որովհետև աշխարհի ամենահաճելի բանը չէ որդուն ասել՝ գիտես՝ ես համարում եմ՝ քո հայրը վատ քաղաքական գործիչ է կամ վատ մարդ և այլն, բայց ես ստիպված եմ դա անել, բայց ես ստիպված եմ դա անել բացառապես էն պատճառով, որ դուք պատգամավոր եք, քաղաքական գործիչ եք և այստեղ եք»,- ասաց Ռուբինյանը՝ դիմելով Լևոն Քոչարյանին:
 
Նրա խոսքով՝ Լևոն Քոչարյանը խոսում է Մարտի 1-ի մասին ու երևի հույս ունի՝ երիտասարդները, որոնք չեն ապրել այդ օրերին, պետք է լսեն ու հավատան իրեն: «Ես չեմ բացառում, որ դուք, այն ժամանակ լինելով երիտասարդ և ձեր հոր որդին, այսպես ասած, իրականությունը լավ չեք տեսել կամ ձեր տանը էն ժամանակ Հ1-ն է միացած եղել, այն ժամանակ էլ «Հայլուրով», բոլորս գիտենք՝ ինչ են ցույց տվել, և դուք դրան եք հավատացել: Ես դա չեմ բացառում: Իշխանությունը տենց հատկություն ունի՝ մարդուն իրականությունից կտրելու»,- նշեց ԱԺ նախագահը՝ ներկայացնելով 2008-ի մարտի 1-ի առավոտյան ժամը 06.00-ի դեպքերը: 
 
Նրա խոսքով՝ առավոտյան այդ ժամանակ մարդիկ եղել են քնած: «Միակ բանը, որ արել են, քնելն է եղել կամ խռռացնելը: Հատուկջոկատայինները եկել են ու սկսել են դուբինկաներով բոլորին ծեծել: Մարդիկ փախել են, հետևներից լարելով ծեծել են մարդկանց: Հիմա խնդրում եմ ինձ ասել՝ այդ մարդիկ ի՞նչ էին արել»,- դիմելով պատգամավորին՝ հավելեց Ռուբինյանը՝ տեղի ունեցածը խնդրելով համեմատել վերջին տարիների իրադարձությունների հետ: 
 
Նրա խոսքով՝ վերջիններս քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում են նորմալ: «Սա խնդիր է, պարո՛ն Քոչարյան: Ու հետո էլ դնում եք ձայնագրություն, ուր Նիկոլ Փաշինյանն ասում է՝ իրերը վերցրեք, որ պաշտպանվեք: Իհարկե, պետք է իրերը վերցնեն, որ ինքնապաշտպանվեն: Բա դրանից մի քանի ժամ առաջ հատուկջոկատայինները հարձակվել էին մարդկանց վրա: Բա ի՞նչ էիք ուզում. պա՞րզ չէր, որ պետք է բարիկադավորվեն: Ձեր հորից էին պաշտպանվում»,- հայտարարեց Ռուբինյանը՝ դիմելով Լևոն Քոչարյանին:
 



Ես ցանկանում եմ Իրանին հնարավորություն տալ՝ մինչև վերջնական գլխատումը. Թրամփ


Աշխարհ


Միացյալ Նահանգները հակամարտում է Իրանի դեմ, և այդ հակամարտությունը շատ լավ հանգուցալուծում կստանա, ինչպես Վենեսուելայի դեպքում՝ հայտարարել է Դոնալդ Թրամփը: 

«Կարծում եմ՝ գուցե ինչ-որ բանի հասնենք։ Ես ցանկանում եմ նրանց հնարավորություն տալ՝ մինչև վերջնական գլխատումը։ Շատ բարդ է անել այն, ինչ պլանավորել ենք։ Կտեսնենք՝ ինչ կլինի։ Ես կնախընտրեի խոշոր հարձակում չսկսել այդ երկրի դեմ»,- մանրամասնել է ԱՄՆ նախագահը: Նա կրկնել է՝ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա:

Լրագրողների հետ զրույցում Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ Թեհրանի հետ ուղիղ բանակցությունները շարունակվում են, թեև իրանական կողմը հերքում է այդ պնդումը: «Երեկ պատրաստվում էինք նրանց շատ ուժեղ հարված հասցնել՝ ամենաուժեղը։ Սակայն այս պահին մենք բանակցում ենք և հենց Իրանի խնդրանքով: Այդ գործընթացին աջակցում են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, նաև ուրիշները»,- նշել է ԱՄՆ նախագահը։ Նա նախազգուշացրել է՝ սա գործարքի գնալու Իրանի վերջին հնարավորությունն է։ Թրամփը նաև վստահեցրել է, որ Հորմուզի նեղուցն ամերիկյան ուժերի վերահսկողության տակ է, և Վաշինգտոնը թույլ չի տա Թեհրանին՝ վճար սահմանել նեղուցով նավերի անցման համար:



Հայաստանը կմասնակցի Վենետիկի կինոփառատոնի շրջանակում անցկացվելիք «Նկարահանման տարածքների շուկա»- ին


Մշակույթ


Վենետիկի 83-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում սեպտեմբերի 7- 8- ը տեղի կունենա VPB Locations Market՝ «Նկարահանման տարածքների շուկան»։

Վենետիկի «Նկարահանման տարածքների շուկան» ցուցադրում է համաշխարհային կինոարտադրության լանդշաֆտի ընդհանուր պատկերը` օգնելով արտադողներին և նկարահանման վայրերի մենեջերներին գտնել գրավիչ ուղղությունները, զեղչերի ու ֆինանսական խթանների լավագույն համադրությունը:

VPB Location Market-ի առաջին թողարկման համար կինոփառատոնի կազմկոմիտեն ընտրել է 11 երկիր։ Հայաստանից բացի կլինեն Իսպանիան, Հարավային Աֆրիկան, Իտալիան, Գերմանիան, Հունաստանը, Եգիպտոսը, Բելգիան, Շվեյցարիան, Ուզբեկստանը եւ Ճապոնիան։

Հայաստանը կներկայացնի Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան։

«Մեր մասնակցությունը կավելացնի Հայաստանի ճանաչելիությունը, կընդգծի մեր ներկայությունը համաշխարհային կինոյում, կընձեռի միջազգային կինոխմբերին Հայաստանում նկարահանումներ անցկացնելու առավելությունների մասին տեղեկություններ փոխանցելու լայն հնարավորություն»,- նշված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։



Մադրիդի «Ռեալը» հայտարարել են հարձակվող Գոնսալո Գարսիայի տրանսֆերի մասին


Սպորտ


Մադրիդի «Ռեալն» ու անգլիական «Ֆուլհեմը» հայտարարել են հարձակվող Գոնսալո Գարսիայի տրանսֆերի մասին։ 22-ամյա իսպանացին լոնդոնյան ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Տրանսֆերի ֆինանսական մանրամասները չեն բարձրաձայնվում։ Անգլիական ակումբում հարձակվողը հանդես կգա 7 համարի մարզաշապիկով։

«Շատ երախտապարտ եմ և երջանիկ եմ այստեղ գտնվելու համար: Պետք է շնորհակալություն հայտնեմ ղեկավարությանն ու Արբելոային իմ հանդեպ ցուցաբերած վստահության համար։ Անհամբերությամբ եմ սպասում նորամուտիս»,- նշել է Գոնսալոն։

«Ֆուլհեմի» համասեփականատեր Թոնի Խանը ևս ողջունել է տրանսֆերը․ «Նա չափազանց տաղանդավոր երիտասարդ հարձակվող է և մեծ ոգևորությամբ է տեղափոխվել Պրեմիեր լիգա։ Բոլորս հավատում ենք, որ Ալվարոյի գլխավորությամբ Գոնսալոն հիանալի համալրում կդառնա թիմի համար»։

Մադրիդում ծնված Գոնսալոն «արքայական» ակումբի համակարգին միացել էր 2014 թվականին՝ 10 տարեկան հասակում։ Բացառությամբ «Մալյորկայի» երիտասարդական թիմում անցկացրած մեկ մրցաշրջանի՝ նա իր ողջ կարիերան անցկացրել է «Ռեալում»՝ 11 մրցաշրջանների ընթացքում գլխավոր թիմի հետ նվաճելով Լա լիգայի և Աշխարհի ակումբային առաջնության գավաթները:

Խաղացողի կարիերայում մեծ դեր է ունեցել Ալվարո Արբելոան, ում գլխավորությամբ Գոնսալոն փայլեց Մ-19 թիմում (35 գոլ և պատմական թրեբլ), իսկ հաջորդ մրցաշրջանում տպավորիչ ելույթներ ունեցավ արդեն «Կաստիլիայում»՝ 36 խաղում դառնալով 25 գոլի և 4 ասիստի հեղինակ, ընդ որում՝ արդյունավետ գործողություններից 19-ը նա գրանցել է՝ գործելով եզրերում։

Gonzalo Garcia signs for Fulham

Մադրիդցիների գլխավոր թիմում իսպանացին իր նորամուտի գոլը խփել է Իսպանիայի գավաթի խաղարկությունում՝ գրավելով «Լեգանեսի» դարպասը։ Սակայն իսկական բեկումնային եղավ նրա մասնակցությունը ԱՄՆ-ում կայացած ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությանը. չնայած «Ռեալը» դուրս մնաց կիսաեզրափակիչից, Գոնսալոն նվաճեց մրցաշարի «Ոսկե խաղակոշիկը» (4 գոլ, 1 ասիստ): Այդ ելույթներից հետո թիմի այն ժամանակվա գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն նրան համեմատել էր ակումբի լեգենդ Ռաուլի հետ:

Անցած մրցաշրջանում նա վերջնականապես ամրապնդվել էր «Սանտիագո Բեռնաբեուում»՝ 39 խաղում խփելով 8 գոլ և կատարելով 3 ասիստ: Մրցաշրջանի գլխավոր դրվագներից էր «Ռեալ Բետիսի» նկատմամբ 5։1 հաշվով հաղթանակը, որտեղ հարձակվողը դարձավ անհավանական գեղեցկության հեթ-տրիկի հեղինակ՝ աչքի ընկնելով գլխով, կրծքով կասեցումից հետո ընթացքից կատարած հարվածով և կրնկով։

Այս տպավորիչ վիճակագրությունը ստիպել էր Իսպանիայի հավաքականի մարզչական շտաբին ուշադրություն դարձնել Գարսիային։ Թեև նա դուրս մնաց Աշխարհի առաջնության վերջնական հայտացուցակից, սակայն նախապատրաստական ընկերական խաղերից մեկում նշեց իր նորամուտը ազգային թիմում: Մինչ այդ Գոնսալոն Իսպանիայի Մ21 հավաքականի կազմում անցկացրած 7 խաղում դարձել էր 6 գոլի հեղինակ։

«Մեր ակումբը շնորհակալություն է հայտնում նրան այս տարիների ընթացքում դրսևորած նվիրվածության համար: «Ռեալը» միշտ կլինի նրա տունը»,- ասված է մադրիդյան ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ:

sport.am

 



Դատարանի դահլիճում կալանավորված անձը հայհոյել է, կոտրել ոստիկանության մեքենայի ապակին, հարցաքննության ժամանակ շիշը նետել է աշխատակցի ուղղությամբ


Հայաստան


Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, հետաքննության մարմնին պատկանող գույքը ոչնչացնելու, խուլիգանություն կատարելու, կալանավորված լինելու ժամանակ փախուստի դիմելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
 
«ՀՀ քննչական կոմիտեի մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տնային կալանքի տակ գտնվող Ս.Բ.-ն իր խափանման միջոցի փոփոխության միջնորդության քննության ընթացքում, դժգոհ լինելով դատարանի կողմից կայացրած որոշումից՝ դատարանի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք, մասնավորապես՝ հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել, որից հետո ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել ու դուրս է բերվել դատարանի դահլիճից: 
 
Այնուհետև, Ս.Բ.-ն ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական և մասնագիտական գործունեության հետ կապված, վերջիններիս գույքը վնասելու նպատակով՝ ձեռքով հարվածել ու կոտրել է բաժնի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի ապակին, իսկ Շիրակի մարզային քննչական վարչությունում, ձերբակալվածի դատավարական կարգավիճակում հարցաքննությունից հետո սկսել է դրսևորել ոչ ադեկվատ վարքագիծ, մասնավորապես՝ իր օգտագործման համար, սեղանին դրված ջրի շիշը նետել է աշխատակցի ուղղությամբ, ինչպես նաև իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով հնչեցրել հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ ոստիկանների հասցեին, որի ժամանակ վերջինիս գործողությունները կանխելու համար նրա նկատմամբ կիրառվել է համաչափ ֆիզիկական ուժ և ձեռնաշղթա:
 
Այնուհետև, կալանավորված անձ Ս.Բ.-ն ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելու նպատակով՝ սենյակի պատուհանից դուրս է եկել և դիմել փախուստի, որից հետո ձերբակալվել է ոստիկանության ծառայողների կողմից:
 
Ս.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) (2 դրվագ), 490-րդ հոդվածի 2-րդ մասով  (դատավորի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը) և 506-րդ հոդվածի 1-ին մասով (արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը):
 
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ: