Պակիստանն ու Կատարը բանագնացներ կուղարկեն՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների կազմակերպման նպատակով։ Այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Պակիստանի ներքին գործերի նախարարը, ինչպես նաև Կատարի ներկայացուցիչները բանագնացներ կուղարկեն, որպեսզի այդ բանակցությունները հնարավորինս շուտ կայանան», – նշում է աղբյուրը։ Ըստ հեռուստաալիքի՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև սպասվող բանակցությունները կլինեն անուղղակի, իսկ միջնորդական դեր կկատարեն Կատարն ու Պակիստանը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ առայժմ որոշել է չանցնել Իրանի դեմ լայնածավալ հարվածների իրականացմանը՝ փորձելով արագ և խաղաղ ճանապարհներով հասնել իր նպատակներին։
Այնուհետև նա հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կսկսվեն օգոստոսի 3-ին։ «Մենք կխոսենք նրանց հետ։ Բանակցությունները կսկսվեն երկուշաբթի օրվա երկրորդ կեսին», — ասել էր Թրամփը լրագրողներին իր ինքնաթիռում։
Ի պատասխան Թրամփի այս հայտարարության՝ Իրանի ԱԳՆ-ից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցություններ չեն տարվելու։
ԱՄՆ դեմոկրատ սենատոր Մարկ Քելին նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել փոխել Իրանի հետ բանակցային թիմի կազմը և իր մերձավոր շրջապատի փոխարեն ներգրավել պրոֆեսիոնալ դիվանագետների: Ըստ քաղաքական գործչի՝ դիվանագիտական ջանքերը ձախողվել են, և սրացումն արդեն հանգեցրել է ԱՄՆ-ում վառելիքի գների բարձրացմանն ու նախագահի վարկանիշի անկմանը, գրում է The Independent-ը:
«Սպիտակ տունը պետք է հրաժարվի նախագահի անձնական ծանոթներին կամ ազգականներին կարևոր միջազգային պաշտոններում նշանակելու պրակտիկայից»,- ասել է Մարկ Քելին:
Քաղաքական գործչի խոսքով՝ հունիսին հայտարարված հրադադարի մասին պայմանավորվածությունները փաստացի չեն դադարեցրել ռազմական գործողությունները, իսկ Հորմուզի նեղուցի շրջանում անվտանգության հետ կապված իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ի պատասխան՝ Դոնալդ Թրամփը կասկածներ է հայտնել Թեհրանի հետ հետագա երկխոսության վերաբերյալ և չի բացառել իրանական միջուկային օբյեկտներին հնարավոր նոր հարվածները:
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2026 թվականի առաջին կիսամյակում բացահայտվել են բազմադրվագ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ, տասնյակ անձանց նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։
Ամենահնչեղ բացահայտումներից մեկը 16 անդամից բաղկացած հանցավոր խմբավորման վնասազերծումն էր, որի գործունեությունը չէր սահմանափակվում միայն Լոռու մարզով, այլ տարածվում էր նաև հանրապետության այլ բնակավայրերում։
Խմբի վնասազերծման արդյունքում բացահայտվել է ծանր և առանձնապես ծանր հանցագործության 24 դեպք, այդ թվում՝ սպանության նախապատրաստության և սպանության փորձի, անձի առևանգման, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, այդ խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու 6 դրվագ, որոնցից 2-ը վերաբերում են քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների՝ «օրենքով գողերի»։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները բացահայտել են նաև 19 անդամից բաղկացած մեկ այլ հանցավոր կազմակերպություն։ Ըստ նախաքննության՝ այն տարիներ շարունակ ղեկավարել են Վանաձորի բնակիչ երկու եղբայրներ՝ օգտագործելով հատուկ տեխնիկական միջոցներ։
Խմբի վնասազերծման արդյունքում բացահայտվել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների 25 դրվագ։ Բացահայտվել է նաև հանցավոր կազմակերպություն ստեղծելու և դրան մասնակցելու, առանձնապես խոշոր չափի գողության նախապատրաստության, պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու նախապատրաստության և այլ դեպքեր։
Քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել բոլոր անձանց նկատմամբ, առաջադրվել են մեղադրանքներ։
Լոռու քրեական ոստիկանների իրականացրած հերթական լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վնասազերծվել է նաև 8 անդամից բաղկացած հանցավոր խմբավորում, որը կազմված էր քրեածին տարրերից։
Քրեական ոստիկանները բացահայտել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների 13 դրվագ, այդ թվում՝ սպանության նախապատրաստության և սպանության փորձի, ավազակության նախապատրաստության ու հրազենի հայտնաբերման, զենքի գործադրմամբ խուլիգանության և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու դեպքեր։
Քրեական վարույթի շրջանակում խմբի բոլոր անդամներին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Կալանավորվածների թվում է նաև վանաձորցի քրեական հեղինակություն, որին մեղադրանք է առաջադրվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու համար։
Բոլոր դեպքերով նախաքննությունը շարունակվում է։
Այսպիսով, Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների իրականացրած հետևողական օպերատիվ-հետախուզական և կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում մարզում սպանության որևէ դեպք չի արձանագրվել:
Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարել է, որ ՌԴ կառավարությունը և Wildberries-ը կմշակեն շուկայի լոգիստիկ կենտրոնների վրա հարձակումներից տուժած բոլոր ձեռնարկատերերի համար օգնության ընդհանուր համակարգ։ Կոնկրետ միջոցառումների մասին խոստացվել է հայտարարել առաջիկա օրերին։
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ևս հաստատել է, որ կառավարությունը գտնվում է Wildberries-ի հետ մշտական կապի մեջ, սակայն ընդգծել է, որ աջակցության մեխանիզմների վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։
Wildberries-ը հայտարարել է, որ արդեն սեփական միջոցներով սկսել է փոխհատուցել վնասները։ Ըստ Տատյանա Կիմի՝ իրականացվել է աջակցության երկու փուլ, որոնց շրջանակում վճարումներ են ստացել գրեթե 100 հազար փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, որոնց ապրանքները վնասվել են հարձակումների հետևանքով։
BBC-ի փոխանցմամբ՝ ընկերության կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի, զոհվածների ընտանիքներին նախատեսվում է հատկացնել մինչև 100 միլիոն ռուբլի։
Ուկրաինան Wildberries-ի պահեստների դեմ հարվածները սկսել է հուլիսի 18-ից։ Այդ ժամանակից ի վեր, ռուսական տվյալներով, հարվածներ են հասցվել առնվազն 15 լոգիստիկ օբյեկտների, իսկ վերջին շաբաթներին հարձակումները շարունակվել են գրեթե ամեն օր։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Wildberries-ի պահեստները համարվում են օրինական ռազմական թիրախներ, քանի որ, ըստ Կիևի, դրանք օգտագործվում են ռազմական նշանակության ապրանքների շրջանառության համար։ Ուկրաինական կողմի պնդմամբ՝ շուկայի միջոցով ձեռք են բերվում անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ, կապի միջոցներ, զրահաբաճկոններ և այլ սարքավորումներ, որոնք կիրառվում են ռուսական պատերազմի աջակցման նպատակներով։
Զելենսկին ընդգծել է, որ նման հարվածների նպատակը Ռուսաստանի վրա տնտեսական և լոգիստիկ ճնշումն ուժեղացնելն է՝ Մոսկվային դիվանագիտական լուծումների մղելու համար։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը ներկայացրել է նոր կենսաչափական նույնականացման համակարգի ներդրման հիմնական առանձնահատկություններն ու ենթակառուցվածքը։
Անդրադարձ է կատարվել պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում գործընթացների կազմակերպման սկզբունքներին, կողմերի դերերի և լիազորությունների բաշխմանը․
✅Նույնականացման քարտը կտրամադրվի նաև մինչև 16 տարեկան անձանց, իսկ 16 տարեկանից սկսած այն կլինի պարտադիր։ Նույնականացման քարտ չունենալը քաղաքացիների համար իրավական հետևանքներ չի առաջացնի, սակայն քարտի հիման վրա են կառուցվելու հանրային ծառայությունների մատուցման և անձի իրավական ինքնության նույնականացման մեխանիզմները։
✅Նոր համակարգով նույնականացման քարտը կտրամադրվի 5 տարի ժամկետով և կարժենա 5950 դրամ, իսկ կենսաչափական անձնագիրը՝ 10 տարի ժամկետով և կարժենա 28650 դրամ։
✅Կփոփոխվեն նաև դիմումների ընդունման և փաստաթղթերի տրամադրման ժամկետները․ նույնականացման քարտերն ու անձնագրերը կտրամադրվեն դիմում ներկայացնելուց 14 աշխատանքային օր հետո, միաժամանակ գործելու են նաև արագացված ծառայությունները։
✅Կենսաչափական նոր համակարգի ներդրումից հետո գործող անձնագրերն ու նույնականացման քարտերը այլևս չեն տպագրվի։ Միևնույն ժամանակ, ներկայումս գործող փաստաթղթերը կշարունակեն ուժի մեջ մնալ մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, իսկ քաղաքացիները ցանկության դեպքում կկարողանան դրանք փոխարինել և ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ։
✅Նոր համակարգի ներդրումից հետո անձնագրի և նույնականացման քարտի ստացման դիմումների ընդունման գործառույթը կվերապահվի մասնավոր գործընկերոջը։ Միաժամանակ, փաստաթուղթ տրամադրելու վերաբերյալ որոշումը կընդունի բացառապես պետությունը։ Միայն պետության հաստատումից հետո մասնավոր գործընկերը կկարողանա իրականացնել փաստաթղթի տրամադրման գործընթացը։
Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի թիմը 2.5:1.5 հաշվով հաղթել է Իսրայելի թիմին, հայտնում են ֆեդերացիայից։
Թիմին հաղթական միավոր է բերել ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը։
Միջազգային վարպետներ Վահե Սուքիասյանի, Բենիկ Ագասարովի և ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:
Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:
Հայցադիմումով, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, ի թիվս այլնի, պահանջվում էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Գագիկ Ծառուկյանին պատկանող՝ «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերը:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, 2026 թվականի հուլիսի 29-ին Գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ:
Դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել է. «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության:
Բացի այդ, Գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումով պահանջում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝
75 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 52 բնակարան Նոր Նորք թաղամասում, 5 բնակարան Աբովյան փողոցում, 11 բնակարան Կոտայքի մարզում և այլ անշարժ գույքեր:
10 գույքի շուկայական արժեք:
42 տրանսպորտային միջոց:
38 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք:
Հայցվող դրամական պահանջը կազմում է 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ:
Հիշեցնենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, 2026 թվականի հուլիսի 13-ին Գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ մեկ այլ միջնորդություն՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ: Դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել էր. «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումը ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը:
Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մաջիդ Իբն Ռեզան Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ իսլամական պետությունները պետք է ցուցաբերեն իրական միասնություն՝ Իսրայելի «սադրիչ գործողությունները» կանխելու համար։
Իրանի պաշտպանության նախարարը կոչ է արել ստեղծել մուսուլմանական երկրների անվտանգության միասնական համակարգ և ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում անկայունության հիմնական գործոնն արտաքին ուժերի ներկայությունն է։
Բանակցությունների շրջանակում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում առկա իրավիճակը, հրադադարի մասին համաձայնագրի իրականացման ընթացքը և Թեհրանի ու Անկարայի միջև երկկողմ ռազմական համագործակցության ամրապնդման ուղիները:
ՀՀ նոր կառավարության կազմը ձևավորվել է 2026 թվականի օգոստոսի 3-ին` հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, երբ նախագահ Վահագն Խաչատուրյանը հաստատեց նախարարների և փոխվարչապետերի նշանակման հրամանագրերը։
Գործող կաբինետի անդամների մեծ մասը վերանշանակվել է, միակ փոփոխությունը տեղի է ունեցել ԲՏԱ նախարարությունում։
Կառավարության ղեկավար կազմը
Նիկոլ Փաշինյան՝ ՀՀ վարչապետ
Մհեր Գրիգորյան՝ փոխվարչապետ
Տիգրան Խաչատրյան՝ փոխվարչապետ
ՀՀ նախարարներ
Արարատ Միրզոյան՝ արտաքին գործերի նախարար
Սուրեն Պապիկյան՝ պաշտպանության նախարար
Արփինե Սարգսյան՝ ներքին գործերի նախարար
Վահե Հովհաննիսյան՝ ֆինանսների նախարար
Գևորգ Պապոյան՝ էկոնոմիկայի նախարար
Դավիթ Թադևոսյան՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (նոր նշանակում)
Սրբուհի Գալյան՝ արդարադատության նախարար
Դավիթ Խուդաթյան՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ժաննա Անդրեասյան՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Անահիտ Ավանեսյան՝ առողջապահության նախարար
Արսեն Թորոսյան՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար