Դեկուն որոշել է տրանսֆերի հանել Բարսելոնայի երկու առանցքային ֆուտբոլիստների


Սպորտ


Կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն առանձնացրել է այն երկու ֆուտբոլիստներին, որոնց ակումբը կարող է վաճառել առաջիկա ամռանը՝ ֆինանսական կայունություն ապահովելու և կազմն ուժեղացնելու նպատակով: Ինչպես հաղորդում է Fichajes-ը, խոսքն իսպանացի կիսապաշտպան Մարկ Կասադոյի և հարձակվող Ֆերան Տորեսի մասին է:

Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբում դիտարկում են խաղացողներից բաժանվելու տարբերակը՝ մաքուր շահույթ ստանալու և աշխատավարձային ֆոնդը կրճատելու նպատակով: Հենց բարձր աշխատավարձերն են մնում այն հիմնական գործոններից մեկը, որը սահմանափակում է «կապտանռնագույնների» մրցունակությունը եվրոպական տրանսֆերային շուկայում: Բացի այդ, նշվում է նաև, որ վերջին ամիսներին երկու ֆուտբոլիստների դերակատարությունը թիմի խաղում զգալիորեն նվազել է, ինչն էլ լրացուցիչ պատճառ է դարձել նրանց հնարավոր հեռանալու համար:

Թեև ակումբի սանի՝ Կասադոյի վաճառքը բարդ որոշում է, այն կարող է անհրաժեշտ քայլ դառնալ ապագա գործարքների համար: Մասնավորապես, «Բարսելոնան» ակնկալում է միջոցներ ազատել համաշխարհային մակարդակի հարձակվողի ձեռքբերման համար: Հավանական թեկնածուների թվում է Մադրիդի «Ատլետիկոյի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող, աշխարհի չեմպիոն Խուլիան Ալվարեսը:

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Մարկ Կասադոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt պորտալի գնահատմամբ՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 20 միլիոն եվրո: Ինչ վերաբերում է Ֆերան Տորեսին, ապա նա մասնակցել է 42 հանդիպման, դարձել 16 գոլի և 1 ասիստի հեղինակ: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է շուրջ 50 միլիոն եվրո:




Մենք ձեր աչքերն ու ականջներն ենք, ձեր լավագույն ընկերն ենք ԵՄ-ում. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ Միրզոյանին


Հայաստան


Մենք ձեր աչքերն ու ականջներն ենք, մենք ձեր լավագույն ընկերն ենք ԵՄ-ում: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան:

«Մեր գործնական քայլը մուտքի ազատականացումն է հայերի համար: Մենք իսկապես մեծ ջանքեր ենք ներդնում՝ հասնելու այդ քայլին: Ուրախ կլինենք, որ շատ բարձր մակարդակով եվրոպական ներկայացվածություն լինի այստեղ՝ Հայաստանում»,- ասաց նա:

Էստոնիայի ԱԳ նախարարը նաև շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին, ապա, դիմելով Արարատ Միրզոյանին, ամփոփեց խոսքը. «Էստոնիայում մենք ունենք երկու կարևոր սկզբունքներ, ինչը համաձայնեցրել ենք 90-ականներին՝ անկախություն ձեռք բերելուց հետո:

Առաջինը, ինչ էլ լինի, ով էլ գա մեր դեմ ագրեսիայով, մենք կռվելու ենք՝ 1940 թվականը հիշելով, և երկրորդ սկզբունքը, որ շատ կարևոր է, այն է, որ երբեք մենակ չենք լինելու այլևս: Սա այն սկզբունքն է, որը մենք ուզում ենք՝ ոչ միայն մերը լինի, այլև մենք պատրաստ ենք ուրիշներին ընկերություն առաջարկել: Մենք մեր ընկերությունն առաջարկում ենք ձեզ»:



5 անձ վիճել են, վերցրել բջջային հեռախոսն ու փախել


Հայաստան


Մարտի 17-ի գիշերը՝ ժամը 2-ին, Օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած երիտասարդը հայտնել է, որ մայրաքաղաքի Արգիշտիի փողոցի իրենց շենքի բակում հինգ անձ անհարկի վիճել են իր հետ, հասցրել հարվածներ, վերցրել գետնին ընկած բջջային հեռախոսն ու փախել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ֆիզիկական ներգործության և կողոպուտի հատկանիշներով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է անձանց ինքնությունը՝ Աբովյան քաղաքի բնակիչ 18-20 տարեկան երիտասարդներ են։ Հինգն էլ ձերբակալվել են, խոստովանել արարքը և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։



Տեսնում ենք՝ ինչպես է այս Կառավարությունը, նրանց առաջնորդությունը փոխել Հայաստանի ուղին. Էստոնիայի ԱԳ նախարար


Քաղաքականություն


Մենք տեսնում ենք, թե ինչպես է այս Կառավարությունը, նրանց առաջնորդությունը փոխել Հայաստանի ուղին: Խաղաղության ուղին Հայաստանի և Ադրբեջանի միջև հույժ կարևոր է: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան՝ նշելով, որ Եվրոպայի և աշխարհի մյուս երկրների միջև առևտրի միջանցքներ ստեղծելը ժողովրդի բարգավաճման և բիզնես ոլորտի զարգացման համար հենց խաղաղության նախապայմանն է:

«Մենք տեսնում ենք իրականում, սա հսկայական, հսկայակա՛ն աշխարհաքաղաքական փոփոխություն է, ոչ միայն այն, ինչ դուք անում եք հայ ժողովրդի համար, այլև ամբողջ տարածաշրջանի համար: Մենք ուզում ենք դրա մի մասը լինել, ուզում ենք աջակցել դրան, ուզում ենք մեր փորձառությամբ, գիտելիքով կիսվել, ինչպես նաև ուզում ենք ձեզանից սովորել:

Շատ բան ունենք սովորելու հայ ժողովրդից: Դուք ինչպե՞ս եք ապագան տեսնում, ինչպե՞ս ունեք այդ քաղաքական կամքը, առաջնորդությունը և կարողությունը՝ փոփոխությունների, որոշումներ կայացնելու, որոնք դեպի ապագա են ուղղված»,- ասաց նա:



5 զոհ և 3 տուժած. բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաները


Ավտո


Ապրիլի 10-ին՝ ժամը 11։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաները կողաշրջվել են, ներսում կան երեխաներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաները։ Մահացել է հինգ քաղաքացի, իսկ երեք երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դիերը մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։



ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարին


Աշխարհ


Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավար Սատու Կոյվուին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը շնորհավորել է տիկին Կոյվուին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ ապագա գործունեության ընթացքում։ 

Նա նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության իրականացրած աշխատանքի համար և ընդգծել, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունը։

Սատու Կոյվուն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր փորձն ու գիտելիքները ներդնելու է առաքելության գործունեության արդյունավետության առավել բարձրացման գործում։



Կարևորել ենք և մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային` Հայաստան-Ադրբեջան գործընթացին ցուցաբերած աջակցության համար


Քաղաքականություն


Էստոնիայի արտգործնախարարի հետ քննարկել ենք տարածաշրջանային հարցեր: Կարևորել ենք և մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային Հայաստան-Ադրբեջան գործընթացին ցուցաբերած աջակցության համար: Այդ մասին Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Քննարկել ենք ընդհանուր այս օրերին Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունները, Արևելյան Եվրոպան, խնդիրները, որոնց աշխարհը բախվում է, և միևնույն ժամանակ փորձել ենք մտքեր փոխանակել հնարավոր լուծումների ուղղությամբ»,- ասաց նա:

Միրզոյանը էստոնացի գործընկերոջն է ներկայացրել նաև վերջին իրադարձությունների մանրամասները՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում, ենթակառուցվածքների ապաշրջափակում, TRIPP նախագիծ և դրա ուղղությամբ շարունակական աշխատանքները:

«Ուզում եմ խորապես շնորհակալություն հայտնել անձամբ ձեզ անկեղծ երկխոսության համար մեր մարտահրավերներն ամբողջապես, խորապես ըմբռնելու համար, արժեքները կիսելու համար և ընկերության համար»,- ասաց նա՝ խոսքն ուղղելով Էստոնիայի նախարարին:



Էստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով. Ցահքնա


Քաղաքականություն


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի գլխավորած պատվիրակությանը։

Վարչապետը կարևորել է Հայաստան–Էստոնիա բազմաոլորտ համագործակցությունը և նշել, որ վերջին շրջանում երկկողմ հարաբերությունները կրում են ինտենսիվ բնույթ։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրա վկայությունն են նաև երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք նոր ազդակ են հաղորդում տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմանը։ Երկրի ղեկավարը կարևորել է Էստոնիայի դերը նաև Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության զարգացման, այդ թվում՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում։

Մարգուս Ցահքնան ընդգծել է Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու հարցում Էստոնիայի շահագրգռվածությունը։ Վերջինս նշել է, որ Էստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով, նպաստել նաև ՀՀ–ԵՄ փոխգործակցության խթանմանը։ Էստոնիայի ԱԳ նախարարը կարևորել է Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը՝ համոզմունք հայտնելով, որ այն կանցկացվի բարձր մակարդակով։

Նիկոլ Փաշինյանը և Մարգուս Ցահքնան մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի և այլ հարցերի շուրջ։



Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը


Սպորտ


Օլիմպիական խաղերի չեմպիոն, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Վերջին ժամերին մամուլում տարածվում է ինֆորմացիա, որ օլիմպական, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բաց է թողնելու 2026 թ-ը: Պաշտոնապես հայտնում ենք, որ Արթուր Ալեքսանյանն, այս պահի դրությամբ, բաց է թողնելու միայն Եվրոպայի առաջնությունը, քանի որ ապաքինվում է վնասվածքից»:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա ապրիլի 20-26-ը: