Կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն առանձնացրել է այն երկու ֆուտբոլիստներին, որոնց ակումբը կարող է վաճառել առաջիկա ամռանը՝ ֆինանսական կայունություն ապահովելու և կազմն ուժեղացնելու նպատակով: Ինչպես հաղորդում է Fichajes-ը, խոսքն իսպանացի կիսապաշտպան Մարկ Կասադոյի և հարձակվող Ֆերան Տորեսի մասին է:
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբում դիտարկում են խաղացողներից բաժանվելու տարբերակը՝ մաքուր շահույթ ստանալու և աշխատավարձային ֆոնդը կրճատելու նպատակով: Հենց բարձր աշխատավարձերն են մնում այն հիմնական գործոններից մեկը, որը սահմանափակում է «կապտանռնագույնների» մրցունակությունը եվրոպական տրանսֆերային շուկայում: Բացի այդ, նշվում է նաև, որ վերջին ամիսներին երկու ֆուտբոլիստների դերակատարությունը թիմի խաղում զգալիորեն նվազել է, ինչն էլ լրացուցիչ պատճառ է դարձել նրանց հնարավոր հեռանալու համար:
Թեև ակումբի սանի՝ Կասադոյի վաճառքը բարդ որոշում է, այն կարող է անհրաժեշտ քայլ դառնալ ապագա գործարքների համար: Մասնավորապես, «Բարսելոնան» ակնկալում է միջոցներ ազատել համաշխարհային մակարդակի հարձակվողի ձեռքբերման համար: Հավանական թեկնածուների թվում է Մադրիդի «Ատլետիկոյի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող, աշխարհի չեմպիոն Խուլիան Ալվարեսը:
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Մարկ Կասադոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt պորտալի գնահատմամբ՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 20 միլիոն եվրո: Ինչ վերաբերում է Ֆերան Տորեսին, ապա նա մասնակցել է 42 հանդիպման, դարձել 16 գոլի և 1 ասիստի հեղինակ: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է շուրջ 50 միլիոն եվրո: