Գերիների և պահվող անձանց վերադարձի հարցն ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան


Քաղաքականություն


Ով պիտի ինձ փոխարինի, չգիտեմ, չեմ մտածել: Եթե Կառավարությունն իմ խորհրդի կարիքն ունենա, կքննարկենք: Բայց այդ հարցը Կառավարության տիրույթում է: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին, թե ով է իրեն փոխարինելու հատուկ բանագնացի պաշտոնում:

Անդրադառնալով գերիների և պահվող անձանց վերադարձի մասով աշխատանքներին՝ Ռուբինյանը հայտարարեց. «Գերիների և պահվող անձանց վերաբերյալ գիտեք, որ ամենօրյա աշխատանքի մաս է: Այդ ամենօրյա աշխատանքի շնորհիվ է, որ 200-ից ավելի գերիներ այս տարիների ընթացքում վերադարձել են հայրենիք: Այդ աշխատանքը երբեք չի դադարում: Եթե նկատել եք, եղել են ամիսներ, որ որևէ շարժ չի եղել, էլի քնարկումներ են եղել այն մասին, որ Կառավարությունը բան չի անում, բայց հանկարծ վերադարձել են նոր գերիներ: Մենք ամեն ինչ անելու ենք, որ դա արագ տեղի ունենա:

Բնականաբար, մենք էլ խորհրդարանական մակարդակում ինչպես աշխատել ենք այդ ուղղությամբ, այդպես էլ կաշխատենք»:



Իրանը հերքում է Թրամփի պնդումները ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների մասին


Հարեվաններ


Իրանը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բանակցությունների նոր փուլի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղեին ճեպազրույցի ժամանակ: Նա նշել է, որ Միացյալ Նահանգների հետ երկխոսություն ներկայումս չի ընթանում: Ավելին, նա հավելել է, որ առաջիկա օրերին Վաշինգտոնի կառավարության ներկայացուցիչներին ընդունելու կամ այնտեղ իրանական պատվիրակություն ուղարկելու ծրագրեր չկան:

Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ բանակցություններ են ընթանում միայն Օմանի հետ՝ Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ: Դիվանագետն ասել է, որ ներկայումս քննարկվում է երկու ուղղությամբ նավերի համար հնարավոր նավագնացության միջանցքի հարցը: Նա նաև հավելել է, որ այդ երթուղին կապված չէ նեղուցի ընդհանուր ապաշրջափակման վերաբերյալ բանակցությունների հետ:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սպիտակ տունը որոշել է հրաժարվել Իրանին նոր հարվածներից՝ հակամարտությանը դիվանագիտական ​​լուծում ապահովելու համար: Թրամփի խոսքով՝ բանակցությունների նոր փուլը նախատեսվում էր սկսել օգոստոսի 3-ին:

ԱՄՆ նախագահը երկուշաբթի հայտարարել է, որ պետք է Իրանի հետ համաձայնագիր կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիա:

«Իրանը ոչինչ չի ստանա մինչև գործարք կամ լիակատար կապիտուլյացիա չլինի»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում՝ անդրադառնալով Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից շարունակվող ծովային շրջափակմանը։ Բացի այդ, Թրամփը հերթական անգամ Թեհրանին մեղադրել է մի կողմից Վաշինգտոնի հետ բանակցելու, մյուս կողմից հրապարակավ այդ բանակցությունը հերքելու համար: «Նրանք խնդրում, իսկ ոմանց կարծիքով՝ աղաչում են մոտ ապագայում պլանավորված բանակցություն անցկացնել, սակայն հրապարակավ պնդում են, թե ոչինչ էլ չեն քննարկում»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը: 



Ուկրաինական ԱԹՍ-ը հարվածել են Վլադիմիրի մոտակայքում գտնվող Wildberries-ի պահեստի և Բելգորոդի համալսարանին


Հարեվաններ


Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Wildberries առցանց խանութի ևս մեկ՝ արդեն 18-րդ պահեստի: Երկուշաբթի՝ օգոստոսի 3-ին, հարվածի տակ է հայտնվել ընկերության լոգիստիկ համալիրը՝ Վլադիմիրի մարզի Խրյաստովո գյուղի մոտակայքում։

RWB ընկերությունների խմումբը, որը ներառում է Wildberries-ը, և Վլադիմիրի շրջանի իշխանությունները հաստատել են հարձակումը և դրան հաջորդած հրդեհը: «Մարդիկ տարհանվել են։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջները»,-Telegram-ում հայտնում է RWB-ի մամուլի ծառայությունը։

Wildberries-ում էլ նշել են, որ պահեստների վրա հարձակումների հետ կապված՝ ընկերությունը վերակառուցել է լոգիստիկ շղթաները, «մատակարարումների ընդունումն ու պատվերների առաքումն իրականացվում են այլ օբյեկտներում»:

Ուկրաինական լրատվամիջոցները նշում են, որ Վլադիմիրի մոտակայքում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը, որի մակերեսը կազմում է 171,900 քառակուսի մետր, ամենամեծերից մեկն է և կարևոր դեր է խաղում Մոսկվայի մարզի ու եվրոպական Ռուսաստանի կենտրոնական, հյուսիսարևմտյան և հյուսիսային հատվածների միջև ապրանքների բաշխման գործում:

Միևնույն ժամանակ, ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի համալսարանին, որտեղ մշակվել և փորձարկվել են անօդաչու թռչող սարքեր: Դրան հաջորդած հրդեհի հետևանքով շենքն ամբողջությամբ այրվել է, հայտնել են Telegram-ալիքները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը զեկուցել է մեկ գիշերվա ընթացքում 131 Ուկրաինական անօդաչու թռչող սարք խոցելու մասին:



ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանն ազատվել է պաշտոնից


Աշխարհ


Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Օլգա Ստեֆանիշինային ազատել է ԱՄՆ-ում երկրի դեսպանի պաշտոնից։ Նա այդ պաշտոնն զբաղեցնում էր 2025 թվականի օգոստոսից։

Politico-ի տվյալներով՝ Ստեֆանիշինայի անունը հիշատակվում է Ուկրաինայի արդարադատության նախարարությունում 2,5 միլիոն գրիվնայի յուրացման և պետական գույքի ապօրինի ձեռքբերման գործով։ Պաշտոնական աղբյուրները դեռ չեն հրապարակել որոշման մանրամասները։



Իրկուտսկի մարզում ինքնաթիռն անհետացել է ռադարներից


Հարեվաններ


Ռուսաստանի Իրկուտսկի մարզում Cessna 182 տեսակի ինքնաթիռ է անհետացել։ SHOT-ի տվյալներով՝ օդանավը Բոդայբինսկի շրջանում իրականացնում էր անտառների պարեկային թռիչք՝ հրդեհների որոնման նպատակով։

Թռիչքի ընթացքում անձնակազմը հանկարծ դադարել է կապ հաստատել, որից հետո ինքնաթիռն անհետացել է ռադարների տեսադաշտից։ Նախնական տվյալներով՝ օդանավում եղել է երկու մարդ՝ օդանավի հրամանատարը և օդաչու-դիտորդը։ Ինքնաթիռը պետք է երեկոյան վերադառնար Մամա բնակավայր, սակայն դա չի հաջողվել։

Օդանավի որոնողական աշխատանքներին արդեն միացել է Յակուտիայից ժամանած ինքնաթիռ։ Նախատեսվում է, որ առավոտյան որոնողական գործողություններին կմիանա ևս երկու ուղղաթիռ։



Ուկրաինայի նախագահը խոսել է Հայաստանի հետ կապերի ամրապնդման մասին


Հարեվաններ


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը շարունակում է ամրապնդել կապերը նախկին ԽՍՀՄ երկրների հետ՝ առանձնացնելով նաև Հայաստանի և Ադրբեջանի ուղղությունները։

«Մենք պետք է ամուր հարաբերություններ կառուցենք անկախ Ադրբեջանի հետ։ Մենք աջակցում ենք ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Նույնը վերաբերում է Հայաստանին, որի հետ հարաբերությունները երկարատև դադարից հետո այս տարի առաջին անգամ վերականգնեցինք»,- գրել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի ներգրավվածությունը հետխորհրդային երկրների հետ հարաբերություններում նպաստում է այդ պետությունների անկախության ամրապնդմանը, իսկ նման կապերի զարգացումը կարևոր նշանակություն ունի Կիևի համար։



Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի


Հայաստան


«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 5-ը ժամը 10:00-ն, կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝
 
Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-4 զանգվածների, Եղվարդի խճուղու Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի, Դավթաշեն 1-10, Հ.Մելքումովի, Ա.Միկոյան, Փիրումյաններ փողոցների, Օլիմպավան և Reebok մարզահամալիրների, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի, Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Ալիխանյան եղբայրներ փողոցի, Հալաբյան 22-38 համարների իրենց կոտորակներով, Մարգարյան 7 համարի, Կոտայքի մարզի՝ Զովունի գյուղի 21-37 փողոցների, Պռոշյան, Քասախ գյուղերի:
 
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



Գյումրիում միանշանակ արտահերթ ընտրության կարիք կա. Սարիկ Մինասյան


Հայաստան


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գյումրեցի պատգամավոր Սարիկ Մինասյանի կարծիքով՝ Գյումրիում միանշանակ արտահերթ ընտրության կարիք կա, քանի որ այս պահին հանրապետության երկրորդ քաղաքում կառավարման ճգնաժամ է։ Մինասյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է՝ հիասթափված չէ, որ նախորդ ընտրություններին Գյումրու քաղաքապետ չի ընտրվել: Թե արտահերթ ընտրությունների դեպքում ով կլինի ՔՊ թեկնածուն, Մինասյանը նկատել է՝ դրա մասին կխոսեն, երբ հայտնի դառնա Գյումրիում արտահերթ ընտրություն անցկացնելու օրը։

«Արտահերթ ընտրությունները ՀՀ օրենքով ու Սահմանադրությամբ հստակ ամրագրված են ո՛ր դեպքում են իրականանում: Կան մեկ-երկու տարբերակներ, երբ եղան՝ այդ ժամանակ մենք կհայտարարենք: 

Շատ ծանր է, ամենօրյա ռեժիմով գյումրեցիներից ստանում եմ նամակներ, այս տարվա մեկուկես ամսվա ընթացքում որևէ լուրջ հարց չի կարգավորվել, ոչ մի խնդիր չի լուծվել մինչ օրս»,- ասել է Սարիկ Մինասյանը։



Թրամփը Իրանի ղեկավարությանը մեղադրել է «երկերեսանիության» մեջ


Աշխարհ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը «երկերեսանի» դիրքորոշում է ցուցաբերում՝ նշելով, որ Թեհրանը մի կողմից պահանջում է հանդիպումներ և մասնակցում բանակցություններին, իսկ մյուս կողմից հայտարարում է, թե որևէ քննարկում չի ընթանում։

«Նրանք խնդրում են հանդիպում, ոմանք՝ աղաչում են դրա համար։ Բանակցությունները սկսվում են, մոտ ապագայում նախատեսվում են նաև նոր հանդիպումներ, սակայն նրանք բացահայտ և հպարտությամբ ասում են, որ ոչ մի քննարկում չեն վարում, ոչինչ չի քննարկվում, և իրենք միայն «Օմանի» հետ են աշխատում»,- գրել է Թրամփը։

Նա նաև անդրադարձել է Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին՝ հայտարարելով, որ Իրանի հայտարարությունները դրա վերահսկողության մասին չեն համապատասխանում իրականությանը։

«Նրանք ասում են, որ Հորմուզի նեղուցը հզոր կերպով կվերահսկեն, մինչդեռ այն արդեն ամբողջությամբ վերահսկվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի և մեր «շրջափակման» կամ, ինչպես ոմանք են ասում, «Միացյալ Նահանգների պողպատե պատի» կողմից»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Թրամփի խոսքով՝ Իրանի հետ քննարկվում է այն խնդրի լուծումը, որի պատճառը, նրա պնդմամբ, Թեհրանն է ստեղծել տասնամյակների ընթացքում։

«Անկախ նրանից՝ Իրանը ցանկանում է դա ընդունել, թե ոչ, մենք իրականում քննարկում ենք լուծում մի խնդրի համար, որը նրանք ստեղծել են տասնամյակներ շարունակ։ Ամեն ինչ շատ պարզ է՝ Իրանը երբեք չի ունենա միջուկային զենք»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։



Աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել էի գիտելիքները ծառայեցնել ՀՀ պետական կառավարման համակարգին․ ստացվել է 1141 հայտ․ վարչապետ


Աշխարհ


Աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներն արձագանքել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ պետական համակարգում աշխատելու հրավերին։ Այս մասին սոցցանցի իր էջում վարչապետը գրել է․
 
«Սիրելի ժողովուրդ․
 
Հունիսի 15-ին աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել էի իրենց գիտելիքներն ու մասնագիտական փորձը ծառայեցնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգին։ Ուրախ եմ արձանագրել, որ նախաձեռնությունն արժանացել է մեծ հետաքրքրության։
 
Ստացվել է 1141 հայտ։ Դիմումների ուսումնասիրության և նախնական ընտրության արդյունքում 459 թեկնածու կամ դիմորդների շուրջ 40 տոկոսը անցել է երկրորդ փուլ։ Թեկնածուների միջին տարիքը 34 է։
 
Հարցազրույցների և մասնագիտական գնահատման արդյունքների հիման վրա կձևավորվի Կառավարության կադրային բանկ, որտեղ ընդգրկված թեկնածուների կրթությունը, աշխատանքային փորձն ու մասնագիտական հմտությունները կհամադրվեն պետական կառավարման համակարգի կոնկրետ կարիքների հետ։
 
Ծրագրի մեկնարկին նշել էի, որ կադրային բանկում ընդգրկված թեկնածուներին առաջիկա մեկ տարվա ընթացքում կարող են առաջարկվել պետական կառավարման համակարգում աշխատանքի հնարավորություններ կամ համագործակցության այլ ձևաչափեր։ Պիտի արձանագրեմ, որ այսօր արդեն մի շարք դիմումատուների բարձր պաշտոններում նշանակելու որոշում եմ կայացրել և առաջիկայում կտեսնեք այդ որոշումների դե յուրե իրագործումը։ 
 
Շնորհակալ եմ իմ հրավերին արձագանքած բոլոր թեկնածուներին և հանրությանը՝ այս նախաձեռնությանը ցուցաբերած մեծ աջակցության համար»։