Անձը հաստատող բիոմետրիկ նոր փաստաթղթեր․ ի՞նչ է փոխվում


Հայաստան


ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը ներկայացրել է նոր կենսաչափական նույնականացման համակարգի ներդրման հիմնական առանձնահատկություններն ու ենթակառուցվածքը։

Անդրադարձ է կատարվել պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում գործընթացների կազմակերպման սկզբունքներին, կողմերի դերերի և լիազորությունների բաշխմանը․

✅Նույնականացման քարտը կտրամադրվի նաև մինչև 16 տարեկան անձանց, իսկ 16 տարեկանից սկսած այն կլինի պարտադիր։ Նույնականացման քարտ չունենալը քաղաքացիների համար իրավական հետևանքներ չի առաջացնի, սակայն քարտի հիման վրա են կառուցվելու հանրային ծառայությունների մատուցման և անձի իրավական ինքնության նույնականացման մեխանիզմները։

✅Նոր համակարգով նույնականացման քարտը կտրամադրվի 5 տարի ժամկետով և կարժենա 5950 դրամ, իսկ կենսաչափական անձնագիրը՝ 10 տարի ժամկետով և կարժենա 28650 դրամ։

✅Կփոփոխվեն նաև դիմումների ընդունման և փաստաթղթերի տրամադրման ժամկետները․ նույնականացման քարտերն ու անձնագրերը կտրամադրվեն դիմում ներկայացնելուց 14 աշխատանքային օր հետո, միաժամանակ գործելու են նաև արագացված ծառայությունները։

✅Կենսաչափական նոր համակարգի ներդրումից հետո գործող անձնագրերն ու նույնականացման քարտերը այլևս չեն տպագրվի։ Միևնույն ժամանակ, ներկայումս գործող փաստաթղթերը կշարունակեն ուժի մեջ մնալ մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, իսկ քաղաքացիները ցանկության դեպքում կկարողանան դրանք փոխարինել և ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ։

✅Նոր համակարգի ներդրումից հետո անձնագրի և նույնականացման քարտի ստացման դիմումների ընդունման գործառույթը կվերապահվի մասնավոր գործընկերոջը։ Միաժամանակ, փաստաթուղթ տրամադրելու վերաբերյալ որոշումը կընդունի բացառապես պետությունը։ Միայն պետության հաստատումից հետո մասնավոր գործընկերը կկարողանա իրականացնել փաստաթղթի տրամադրման գործընթացը։



Եվրոպայի Մ18 թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի շախմատի թիմը հաղթել է Իսրայելին


Սպորտ


Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի թիմը 2.5:1.5 հաշվով հաղթել է Իսրայելի թիմին, հայտնում են ֆեդերացիայից։

Թիմին հաղթական միավոր է բերել ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը։

Միջազգային վարպետներ Վահե Սուքիասյանի, Բենիկ Ագասարովի և ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։

Վաղը առաջնության վերջին խաղափուլն է։



«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:

Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:

Հայցադիմումով, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, ի թիվս այլնի, պահանջվում էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Գագիկ Ծառուկյանին պատկանող՝ «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերը:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, 2026 թվականի հուլիսի 29-ին Գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ:

Դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել է. «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության:

Բացի այդ, Գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման  հայցադիմումով պահանջում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝

  • 75 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 52 բնակարան Նոր Նորք թաղամասում, 5 բնակարան Աբովյան փողոցում, 11 բնակարան Կոտայքի մարզում և այլ անշարժ գույքեր:
  • 10 գույքի շուկայական արժեք:
  • 42 տրանսպորտային միջոց:
  • 38 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք:
  • Հայցվող դրամական պահանջը կազմում է 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ:

Հիշեցնենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, 2026 թվականի հուլիսի 13-ին Գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ մեկ այլ միջնորդություն՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ: Դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել էր. «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումը ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը:

Տեղի է ունեցել Իրանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարների հեռախոսազրույցը


Քաղաքականություն


Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մաջիդ Իբն Ռեզան Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ իսլամական պետությունները պետք է ցուցաբերեն իրական միասնություն՝ Իսրայելի «սադրիչ գործողությունները» կանխելու համար։

Իրանի պաշտպանության նախարարը կոչ է արել ստեղծել մուսուլմանական երկրների անվտանգության միասնական համակարգ և ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում անկայունության հիմնական գործոնն արտաքին ուժերի ներկայությունն է։

Բանակցությունների շրջանակում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում առկա իրավիճակը, հրադադարի մասին համաձայնագրի իրականացման ընթացքը և Թեհրանի ու Անկարայի միջև երկկողմ ռազմական համագործակցության ամրապնդման ուղիները:



ՀՀ Կառավարության կազմը | Top-News.am


Հայաստան


ՀՀ նոր կառավարության կազմը ձևավորվել է 2026 թվականի օգոստոսի 3-ին` հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, երբ նախագահ Վահագն Խաչատուրյանը հաստատեց նախարարների և փոխվարչապետերի նշանակման հրամանագրերը։

Գործող կաբինետի անդամների մեծ մասը վերանշանակվել է, միակ փոփոխությունը տեղի է ունեցել ԲՏԱ նախարարությունում։

Կառավարության ղեկավար կազմը

  • Նիկոլ Փաշինյան՝ ՀՀ վարչապետ
  • Մհեր Գրիգորյան՝ փոխվարչապետ
  • Տիգրան Խաչատրյան՝ փոխվարչապետ

ՀՀ նախարարներ

  • Արարատ Միրզոյան՝ արտաքին գործերի նախարար
  • Սուրեն Պապիկյան՝ պաշտպանության նախարար
  • Արփինե Սարգսյան՝ ներքին գործերի նախարար
  • Վահե Հովհաննիսյան՝ ֆինանսների նախարար
  • Գևորգ Պապոյան՝ էկոնոմիկայի նախարար
  • Դավիթ Թադևոսյան՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (նոր նշանակում)
  • Սրբուհի Գալյան՝ արդարադատության նախարար
  • Դավիթ Խուդաթյան՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
  • Ժաննա Անդրեասյան՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
  • Անահիտ Ավանեսյան՝ առողջապահության նախարար
  • Արսեն Թորոսյան՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
  • Համբարձում Մաթևոսյան՝ շրջակա միջավայրի նախարար



Վրացական նավթավերամշակման գործարանը հրաժարվում է ռուսական նավթից


Հարեվաններ


Վրաստանի Կուլեւի նավահանգստում գտնվող երկրի միակ նավթավերամշակման գործարանը նախատեսում է մինչեւ սեպտեմբերի վերջ ամբողջությամբ հրաժարվել ռուսական նավթից՝ այն փոխարինելով ղազախականով եւ լիբիականով։ 

Գործարանը տնօրինող Black Sea Petroleum ընկերությունը հայտնել է, որ հում նավթի մատակարարումների դիվերսիֆիկացման ծրագիրն արդեն ընթացքի մեջ է։ Կուլեւիի նավթավերամշակման գործարանը հուլիսի սկզբից արդեն սկսել է ղազախական ծագման հում նավթի վերամշակումը։

Հուլիսի 3-ին միջազգային առեւտրային ընկերության հետ ստորագրված հում նավթի մատակարարման համաձայնագրի համաձայն՝ լիբիական ծագման հում նավթով բեռնված տանկերը Կուլեւի կհասնի օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում։ Համաձայնագիրը գործում է մինչեւ 2027 թվականի վերջը եւ նախատեսում է նաեւ դրա երկարաձգման հնարավորություն։

BSP-ն հայտարարել է, որ կշարունակի իրականացնել հումքի մատակարարումների դիվերսիֆիկացման ծրագիրը Եվրոպական հանձնաժողովի եւ մյուս իրավասու մարմինների հետ «կառուցողական համագործակցությամբ», ինչպես նաեւ կներկայացնի առաջընթացի հստակ եւ ստուգելի ապացույցներ։



Ուկրաինան երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա. Զալուժնի


Քաղաքականություն


Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան, Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին կասկածում է, որ Ուկրաինան երբեւէ կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ «Եվրոպեյսկայա Պրավդա» թերթը հայտնում է, որ այդ մասին Զալուժնին խոսել է Կիեւում դեսպանների խորհրդակցության շրջանակում անցկացված եվրատլանտյան ինտեգրմանը նվիրված քննարկման ժամանակ։

«Ես շատ լավ գիտեմ ՆԱՏՕ-ն։ Մոտ 12 տարի անձամբ զբաղվել եմ, որ մենք յուրացնենք ՆԱՏՕ-ի չափանիշները, եւ ամեն տարի լսել եմ նույն հեքիաթները, թե ահա-ահա մենք անդամակցելու ենք ՆԱՏՕ-ին։ Ցավոք, մենք երբեք չենք անդամակցի դրան»,- հայտարարել է Զալուժնին։

Նրա կարծիքով՝ խնդիրն այն է, որ ՆԱՏՕ-ի չափանիշներն այլեւս չեն համապատասխանում ժամանակակից իրողություններին։ «Անհնար է այնպիսի զարգացման մակարդակ ունեցող զինված ուժերով, ինչպիսին այսօր ունի Ուկրաինան, միանալ մի կազմակերպության, որը ղեկավարվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի դոկտրիններով… Ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ն կմնա այն տեսքով, ինչպիսին հիմա է։ Եւ  Ուկրաինայի նման եւս մոտ 12 տարի պետք կլինի անցնելու ճանապարհ` հասնելու համար այն չափանիշներին, որ գոնե հավասարվի Ռուսաստանի Դաշնության մակարդակի կեսին»,- ասել է նա։

Զալուժնին ընդունել է, որ «Ուկրաինային անհրաժեշտ են այն տեխնոլոգիաները, որոնք այսօր դեռ առկա են ՆԱՏՕ-ի անդամ երկրներում»։ Սակայն նրա համոզմամբ՝ Ուկրաինան կմիանա այն դաշինքներին եւ միավորումներին, որոնք դեռ նոր են ձեւավորվելու։ «Ամենայն հավանականությամբ, խոսքը եվրոպական ռազմաքաղաքական անվտանգության դաշինքի մասին է լինելու»,- հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատարը։



ՍԱՏՄ-ն խստացնում է սննդի առաքման վերահսկողությունը


Բիզնես


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սկսում է լայնածավալ վերահսկողություն․ սնունդ տեղափոխող առաքիչները պետք է անցնեն բժշկական զննում և ունենան սանիտարական գրքույկ՝ տրված բժշկական հաստատության կողմից։ Պահանջի նպատակն է վերահսկել սննդի հետ աշխատող անձանց առողջական վիճակը և նվազեցնել սննդի միջոցով փոխանցվող ռիսկերը։

Երևանում օրական սննդի հարյուրավոր, անգամ հազարավոր առաքումներ են կատարվում, ընդ որում՝ գնալով ավելի շատ։ Խոստացվում է արագ առաքում, ժամանակի խնայում և հարմարավետություն։ Բայց մի շատ մտահոգիչ հարց մնում է՝ ո՞ւմ ձեռքով է սնունդը հասնում մեր սեղանին՝ որքանո՞վ հիգիենիկ վիճակում։ 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը օգոստոսի 1-ից ավելի խստորեն է վերահսկելու սննդի առաքման ոլորտը։ Սննդի բոլոր առաքիչները պետք է անցած լինեն պարտադիր բժշկական զննում և ունենան դա հավաստող սանիտարական գրքույկ։ Նրանց նախնական և պարբերական բժշկական զննության ենթարկվելը պետք է ապահովի գործատուն։ Պահանջը չպահպանելու դեպքում վարչական պատասխանատվություն կկրի ոչ միայն առաքիչը, այլև գործատուն։

Այժմ լրացուցիչ ժամանակն ավարտվել է, և ՍԱՏՄ-ն անցնում է խիստ վերահսկողության։ Տեսչական մարմնից հայտնում են, որ կհրապարակվեն ոչ միայն արձանագրված խախտումները, այլև բարեխիղճ կազմակերպությունների անունները։

Արդյոք քաղաքացին ինքն իրավունք ունի սննդի առաքիչից պահանջել ներկայացնել սանգրքույկ՝ նոր կարգավորման մեջ հստակեցված չէ։

armradio



Սեւ ծովում հարձակման ենթարկված թուրքական բեռնանավի անձնակազմը տարհանվել է Նովոռոսիյսկ


Հարեվաններ


Սեւ ծովում ծովային անօդաչու սարքերի հարձակման ենթարկված թուրքական Nadhezna բեռնանավի անձնակազմի բոլոր 22 անդամները տարհանվել են Նովոռոսիյսկի նավահանգիստ՝ «Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ծովային միջոցների» օգնությամբ, հայտնել է Թուրքիայի տրանսպորտի նախարարության ծովային գործերի գլխավոր վարչությունը։

Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ երեք տուժածի վիճակը ծանր է։ Հարվածը հասցվել է նավի քթամասին եւ անձնակազմի խցիկներին։ Բեռնանավում բռնկված հրդեհը շարունակում է մոլեգնել։

«Տարածքում անօդաչու սարքերի հարձակումների շարունակվող վտանգի պատճառով փրկարարական գործողություն իրականացնելն անհնար է»,- հայտնել են Թուրքիայի տրանսպորտի նախարարությունից։

Cumhuriyet թերթի տվյալներով՝ Nadhezna-ն Սամսունից Նովոռոսիյսկ էր տեղափոխում թարմ մրգեր եւ բանջարեղեն։ Նավի կապիտան Յալչըն Շահինը պնդում է, որ նավը ենթարկվել է հինգից վեց անօդաչու սարքերի հարձակման, որոնք, նրա խոսքով, պատկանել են Ուկրաինային։



Հրշեջ-փրկարարները կանխել են ավտոմեքենայում բռնկված հրդեհի տարածումը


Հայաստան


Օգոստոսի 3-ին՝ ժամը 19:10-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:23-ին, մարվել՝ 19:55-ին: Այրվել է «Ford» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը: