Սեւ ծովում հարձակման ենթարկված թուրքական բեռնանավի անձնակազմը տարհանվել է Նովոռոսիյսկ


Հարեվաններ


Սեւ ծովում ծովային անօդաչու սարքերի հարձակման ենթարկված թուրքական Nadhezna բեռնանավի անձնակազմի բոլոր 22 անդամները տարհանվել են Նովոռոսիյսկի նավահանգիստ՝ «Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ծովային միջոցների» օգնությամբ, հայտնել է Թուրքիայի տրանսպորտի նախարարության ծովային գործերի գլխավոր վարչությունը։

Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ երեք տուժածի վիճակը ծանր է։ Հարվածը հասցվել է նավի քթամասին եւ անձնակազմի խցիկներին։ Բեռնանավում բռնկված հրդեհը շարունակում է մոլեգնել։

«Տարածքում անօդաչու սարքերի հարձակումների շարունակվող վտանգի պատճառով փրկարարական գործողություն իրականացնելն անհնար է»,- հայտնել են Թուրքիայի տրանսպորտի նախարարությունից։

Cumhuriyet թերթի տվյալներով՝ Nadhezna-ն Սամսունից Նովոռոսիյսկ էր տեղափոխում թարմ մրգեր եւ բանջարեղեն։ Նավի կապիտան Յալչըն Շահինը պնդում է, որ նավը ենթարկվել է հինգից վեց անօդաչու սարքերի հարձակման, որոնք, նրա խոսքով, պատկանել են Ուկրաինային։



Հրշեջ-փրկարարները կանխել են ավտոմեքենայում բռնկված հրդեհի տարածումը


Հայաստան


Օգոստոսի 3-ին՝ ժամը 19:10-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:23-ին, մարվել՝ 19:55-ին: Այրվել է «Ford» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը:



Իտալիայում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ


Աշխարհ


Ինչպես տեղեկացնում է Euronews-ը, Իտալիան շարունակում է մնալ աֆրիկյան շոգի ազդեցության տակ։ 25 քաղաքներում հայտարարվել է վտանգի «կարմիր» մակարդակ, ջերմաստիճանը հասնում է 40 աստիճանի։ Մինչև օգոստոսի 8-ը Իտալիայում ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում, և շոգի ալիքը թուլանալու որևէ նշան ցույց չի տալիս։

Առողջապահության նախարարությունը զգուշացրել է մարդկանց առողջությանը սպառնացող լուրջ վտանգի մասին, որը վերաբերում է ոչ միայն խոցելի խմբերին, այլև ողջ բնակչությանը։

Ցուցակում չեն ընդգրկվել միայն Մեսինան և Ռեջիո դի Կալաբրիան, մինչդեռ երկրի մնացած հատվածը շարունակում է պայքարել անոմալ բարձր ջերմաստիճանի և խեղդող շոգի դեմ։ Միաժամանակ Քաղաքացիական պաշտպանության գործակալությունը «դեղին» մակարդակի նախազգուշացում է հրապարակել Աբրուցոյի, Ումբրիայի և Սիցիլիայի որոշ հատվածներում՝ ամպրոպների վտանգի պատճառով, թեև եղանակային ընդհանուր պատկերում շարունակելու է գերիշխել աֆրիկյան անտիցիկլոնը։



Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը


Քաղաքականություն


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ վերջին զարգացումները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում, առաջին հերթին՝ Գազայի հատվածում տիրող իրավիճակը, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության շուրջ զարգացումները և տարածաշրջանում շարունակվող ռազմական գործողությունները դադարեցնելու ջանքերը», – հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Հաքան Ֆիդանը նաև շնորհավորել է Էդ Միլիբանդին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։



Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողների լիցենզավորման մասին


Քաղաքականություն


Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքում տեղադրած տեսանյութում անդրադարձել է  բուժաշխատողների լիցենզավորման համակարգին:

«Ինչպես գիտեք, օրենքով սահմանվել էր, որ 2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն: Սա չափազանց կարևոր բարեփոխում է, որը նպաստելու է մեր մասնագետների մասնագիտական որակների և, իհարկե, նաև բարեվարքության հետ կապված հարցերը կանոնակարգելու առումով:

Գրեթե անհնար է գտնել մի երկիր, որն ունի զարգացած առողջապահություն, և բժիշկները չեն լիցենզավորվում:

Ես ուզում եմ ասել, որ մենք արդեն իսկ այսօրվանից մեկնարկում ենք ձեզ հետ ակտիվ հաղորդակցությունն այս գործընթացը կազմակերպելու հետ կապված: Առաջիկայում՝ հաջորդ շաբաթ, ես կանցկացնեմ երկու Zoom հանդիպումներ առաջնային օղակի բժիշկների և, իհարկե, հիվանդանոցային օղակի բուժաշխատողների հետ՝ ձեզ ավելի մանրամասն ներկայացնելու՝ ինչպես ենք պլանավորում անցկացնել այս գործընթացը:

Սիրելի բուժաշխատողներ, ես ուզում եմ հենց այս պահից նշել, որ այս աշխատանքները մենք տանելու ենք միասին և հնարավորություն ենք ստեղծելու ձեզ համար՝ իմանալու, պատկերացնելու թափանցիկ կերպով քննական ողջ գործընթացը: Եվ այսօրվանից ես շաբաթը մեկ-երկու անգամ կունենամ կարճ հաղորդագրություններ՝ ներկայացնելու առաջիկա մեր անելիքները, և ինչպես եք պատրաստվելու այս քննություններին:

Ասեմ, որ քննական գործընթացն իրականացվելու է նոր AI տեխնոլոգիաներով՝ թափանցիկ և անկախ ձևաչափով: Նախօրոք հրապարակվելու են բոլոր հարցաշարերը: Հարցաշարերը ունենալու են մասնագիտական հատված և էթիկական և շտապ բժշկական օգնության հատված:

Նախորդ տարի մենք իրականացրինք օրդինատորների սահմանափակ լիցենզավորվման գործընթացը: Այս պրոցեսից բավական հետադարձ կապ ենք ստացել, սովորել ենք, քաղել ենք դասեր, որոնք մեզ օգնելու են հաջորդիվ էլ ավելի պատրաստված լինելու: Անելու ենք ամեն ինչ, որ գործընթացը լինի ձեզ համար հարմար. հնարավորությունը պատրաստվելու և ճիշտ ձևաչափով հանձնելու ապահովելու ենք»,- նշել է նա:



Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ


Հայաստան


Արարատյան դաշտում եւ Երեւանում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, հայտնում են Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից։

Այսօր, օգոստոսի 4-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարեւելյան եւ արեւելյան` 2-5 մ/վ։

Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ցերեկը կլինի 35- 34, երեկոյան` 30- 32, գիշերը` 22- 24 աստիճան։



Երեւանում մեկնարկել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության տարածաշրջանային աշխատաժողովը


Հայաստան


ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում մեկնարկել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության՝ Արևելյան Եվրոպայի երկրների Ազգային տվյալների կենտրոնների համար նախատեսված տարածաշրջանային հնգօրյա աշխատաժողովը, որին ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Աշխատաժողովին մասնակցում էին տարբեր երկրների ներկայացուցիչներ, փորձագետներ, հյուրեր։

Արփինե Սարգսյանը աշխատաժողովը Հայաստանում անցկացնելու համար Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպությանը՝ ընդգծելով, որ նման ներկայացուցչական կազմը փաստում է համատեղ աշխատանքի և գիտական փորձի փոխանակման հանձնառության մասին։ Նրա խոսքով՝ աշխատաժողովը միջոցառման մասնակիցների համար մասնագիտական նոր հնարավորությունների դաշտ է ստեղծելու։

«Աշխատաժողովը ոչ միայն պայմանագրի արդյունավետ իրականացմանը միտված փորձ է, այլև՝ Հայաստանի Հանրապետության դիմակայության բարձրացման հնարավորություն։ Ուզում եմ փաստել, որ Հայաստանը հավատարիմ է Համապարփակ միջուկային փորձարկումների արգելման պայմանագրի նպատակներին և միջազգային խաղաղության ու անվտանգության ամրապնդմանը»,-նշել է Արփինե Սարգսյանը։

Նշելով, որ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը կարևոր ներդրում ունի միջազգային մշտադիտարկման համակարգում, Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ այդպիսի ներգրավվածությունը վկայում է Հայաստանի՝ ոլորտում ակտիվ դերակատարություն ունենալու պատրաստակամության մասին։

Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անձնակազմին և գործընկեր կառույցներին՝ միջոցառման կազմակերպման գործում ներդրած ջանքերի և արդյունավետ աշխատանքի համար։

Աշխատաժողովում ելույթներ են ունեցել ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի տեխնիկական քարտուղարության ներկայացուցիչ Յասին Շաարին։

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները կծանոթանան ոլորտի նորարարական լուծումներին, ինչպես նաև սիմուլիացիոն վարժանքների միջոցով կկատարելագործեն մասնագիտական հմտությունները։




DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին


Ավտո


Օգոստոսի 3-ին՝ ժամը 15։54-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին «DAF» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քարշակման միջոցով «DAF» մակնիշի բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված։



Մնալ «Սանթոսում», թե՞ գնալ այլ ակումբ, թոշակի անցնել, թե՞ շարունակել. Նեյմար


Սպորտ


Բրազիլիայի հավաքականի և բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը խոսել է իր ապագայի մասին։ Բրազիլիայի ընթացիկ առաջնության ինը խաղում ֆուտբոլիստը խփել է վեց գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։

«Չգիտեմ, թե որքան ժամանակ կխաղամ։ Չեմ պլանավորում կանգ առնել, բայց չգիտեմ՝ որքան ժամանակ։ Ես պայմանագիր ունեմ «Սանթոսի» հետ մինչև այս տարվա դեկտեմբեր։ Մտադիր եմ կատարել իմ պայմանները և արժանապատվորեն ներկայացնել ակումբը։ Այնուհետև կմտածեմ, թե ինչ անեմ հաջորդը՝ մնալ «Սանթոսում», թե՞ գնալ այլ ակումբ, թոշակի անցնել, թե՞ շարունակել։ Իսկապես դեռ չգիտեմ, թե ինչ կանեմ։ Դեկտեմբերը դեռ շատ հեռու է, այնպես որ պետք է խաղ առ խաղ բարելավվեմ։ Ֆիզիկապես լավ եմ զգում՝ սա է գլխավորը», – ասել է Նեյմարը։

Նշենք, որ 34-ամյա հարձակվողը վերադարձել է բրազիլական ակումբ անցյալ տարի։ Բրազիլիայի՝ ԱՄՆ-ում կայանալիք 2026 թվականի աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո նա հայտարարել է ազգային հավաքականից հեռանալու մասին։



Եղբայրական Թուրքիայի շահերը միշտ էլ առաջնահերթ են եղել Ադրբեջանի համար


Հարեվաններ


Շուտով Հայաստանում կսկսվի նոր սահմանադրության ընդունման գործընթացը։ Սա այն ազդանշանն է, որը մենք ստացել ենք այս առումով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմաթ Հաջիևը։

«Հնարավոր է հանրաքվե անցկացվի։ Երբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն Հայաստանի սահմանադրության նախաբանից, մենք որևէ խնդիր չենք տեսնում վերջնական խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում», – ընդգծել է Հիքմաթ Հաջիևը։

Նա նաև հայտարարել է, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը լրջորեն անհանգստացրել է Ադրբեջանին։ Եղբայրական Թուրքիայի շահերը միշտ էլ առաջնահերթ են եղել Ադրբեջանի համար, և այս հարցը միշտ էլ կարմիր գիծ է եղել մեզ համար։ Հենց որ այս հարցը ծագեց, Ադրբեջանը, նախագահի հանձնարարությամբ, սկսեց ինտենսիվ դիվանագիտական ​​գործունեություն։ Մենք նաև մեր ուղերձները փոխանցեցինք իսրայելական կողմին, որ նման որոշումը, առաջին հերթին, անարդար է, չի արտացոլում պատմական իրականությունը, և մենք այն ճիշտ չենք համարում։ Դրական կողմն այն է, որ իսրայելական կողմը նույնպես լուրջ ընդունեց Ադրբեջանից ստացված այս ուղերձները։ Մենք կարծում ենք, որ հետագա առաջընթացը կանխվեց։ Մեր կարծիքով, սա կլիներ լիովին անարդար քայլ, որը ոչ մի կերպ չի արտացոլում պատմական իրականությունը», – ընդգծել է Հիքմաթ Հաջիևը։