Իտալիայի Վարչապետի հասցեին հնչեցրած վիրավորական հայտարարությունները՝ սկանդալի առիթ


Ոճ և դեմքեր


Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանին այդ երկում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Պարամոնովին կանչել է ԱԳՆ։ Պատճառը ռուսական հեռուստատեսությամբ կրեմլի քարոզիչ համարվող Վլադիմիր Սոլովյովի կողմից Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հասցեին հնչեցրած վիրավորական հայտարարություններն են եղել։

Սոլովյովը, օգտագործելով իտալերեն հայհոյանքներ, Մելոնիին անվանել է «ֆաշիստ», «հիմար» և «անբարոյական»։ Նա Իտալիայի վարչապետին մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «դավաճանելու» մեջ՝ հայտարարելով, որ «դավաճանությունը Մելոնիի երկրորդ անունն է»։

ՌԴ դեսպանը, ըստ իտալական լրատվամիջոցների, հայտարարել, որ Սոլովյովի խոսքերը կառավարության պաշտոնական դիրքորոշումը չեն, և ռուսական ղեկավարությունից ոչ ոք երբեք «վիրավորական գնահատականներ չի հնչեցրել Մելոնիի և Իտալիայի հասցեին»

«Մելոնին,- գրել է դեսպանը,- պետական օրինական պաշտոնյա է, և ռուսական իշխանությունների ոչ մի ներկայացուցիչ երբևէ վիրավորական դիտողություններ չի արել նրա կամ Իտալիայի հասցեին։ Ոչ մի ողջամիտ մարդ երբեք որևէ մեկի անձնական գնահատականները չէր դիտարկի որպես օտարերկրյա պետության կառավարության պաշտոնական հայտարարություններ»։



Meta-ն ԱԲ մոդելների ուսուցման համար ծրագիր է ներկայացրել


Գիտություն


Meta ընկերությունը ԱՄՆ-ում աշխատող իր անձնակազմի համակարգիչներում տեղադրում է նոր հետագծող ծրագրային ապահովում, որը արձանագրում է մկնիկի շարժումները, սեղմումները և ստեղնաշարի հարվածները։ Հավաքագրված տվյալները նախատեսվում է օգտագործել արհեստական բանականության մոդելների ուսուցման համար՝ որպես ինքնավար առաջադրանքներ իրականացնող ԱԲ գործակալների ստեղծման լայնածավալ ծրագրի մաս։ Ընկերությունը այդ մասին տեղեկացրել է աշխատակիցներին ներքին հուշագրերով, հաղորդում է Reuters գործակալությունը։

Ծրագիրը, որը կրում է Model Capability Initiative (MCI) անվանումը, գործելու է աշխատանքային հավելվածներում և կայքերում՝ պարբերաբար իրականացնելով նաև էկրանի լուսապատճենում (snapshot)։ Հուշագրերից մեկում նշվում է, որ նախաձեռնության նպատակը ԱԲ մոդելների կատարելագործումն է հատկապես այն ոլորտներում, որտեղ դրանք դժվարությամբ են վերարտադրում մարդու և համակարգչի փոխազդեցությունը, օրինակ՝ բացվող ընտրացանկերի օգտագործումը կամ ստեղնաշարի «թեժ» համադրությունների կիրառումը։

«Սա այն դեպքն է, երբ Meta-ի բոլոր աշխատակիցները կարող են նպաստել մեր մոդելների զարգացմանը՝ պարզապես կատարելով իրենց առօրյա աշխատանքը»,- ասված է հուշագրում։

Facebook և Instagram հարթակների սեփականատեր Meta-ն ակտիվորեն ընդլայնում է արհեստական բանականության կիրառումը իր աշխատանքային գործընթացներում՝ միաժամանակ վերակազմավորելով անձնակազմը այդ տեխնոլոգիայի շուրջ։ Ընկերության համոզմամբ՝ այս քայլերը կբարձրացնեն գործունեության արդյունավետությունը։

Meta-ի տեխնիկական տնօրեն Էնդրյու Բոսվորթը երկուշաբթի տարածված մեկ այլ հուշագրում նշել է, որ ընկերությունը կուժեղացնի տվյալների ներքին հավաքագրումը «AI for Work» նախաձեռնության շրջանակում, որը ներկայումս վերանվանվել է Agent Transformation Accelerator (ATA)։




Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորական մրցույթում այս տարի կներառվի խորեոգրաֆիկ տարր


ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 12-18-ը Երևանում կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթը: Նախագծի գործընկերն է Քալաշյան պարարվեստի դպրոցը։

Նախագիծը կմեկնարկի մայիսի 12-ին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը: Մասնակիցներն այդ օրը հարգանքի տուրք կմատուցեն կոմպոզիտորի հիշատակին՝ այցելելով Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն։ Պատանի ստեղծագործողների մրցույթը կանցկացվի Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում՝ երկու փուլով, տարիքային երկու խմբի համար:

Մայիսի 13-ին՝ մրցութային առաջին փուլում, ավագ խմբի (14-18 տարեկան) մասնակիցները պետք է ներկայացնեն անսամբլային ստեղծագործություն (2-4 գործիքի համար՝ առավելագույնը 10 րոպե տևողությամբ)։ Կրտսեր խմբի (մինչև 13 տարեկան) մասնակիցները պետք է ներկայացնեն մել երգ՝ գրված ցանկացած գործիքի և ձայնի համար (տողերի հիմքում՝ հայ հեղինակի հայալեզու բանաստեղծություն), որի առավելագույն տևողությունը պետք է չգերազանցի 5 րոպեն:

Երկրորդ փուլում՝ մայիսի 15-ին, մասնակիցները պետք է ներկայացնեն ցանկացած գործիքի համար գրված 1 մենանվագ ստեղծագործություն. կրտսեր խմբի մասնակիցները՝ մինչև 5 րոպե, ավագ խմբի մասնակիցները՝ մինչև 10 րոպե տևողությամբ ստեղծագործություն:

Մայիսի 18-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա մրցույթի գալա համերգ-մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի կդառնան այս տարվա մրցանակակիրները: Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն երկու խմբերի մրցանակակիրների ստեղծագործությունները:

Մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն դրամական պարգևով, մրցույթի անվանական գավաթով, պատվոգրերով, խրախուսական նվերներով: Մրցանակային հորիզոնականներ չզբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն պատվոգրերով, խրախուսական նվերներով: Լավագույն մասնակիցները, ի թիվս մյուս մրցանակների, հնարավորություն կստանան մասնակցելու նաև մարզային համերգի, որը կանցկացվի Աշտարակում:

Այս տարի առաջին անգամ մրցույթում կընդգրկվի նաև խորեոգրաֆիկ տարր: Մրցույթի հաղթողները հնարավորություն կստանան աշխատելու Հայաստանի առաջատար պարային դպրոցներից մեկի՝ Քալաշյան պարարվեստի դպրոցի մանկավարժ պարուսույցների հետ, որի շրջանակում հաղթող մասնակիցների ստեղծագործությունների համար կբեմադրվեն պարային համարներ։ Սա հնարավորություն ընձեռի պատանի ստեղծագործողներին առնչվել նաև խորեոգրաֆիկ արվեստի հետ՝ համատեղ աշխատելով պարուսույցների հետ: Պարային համարները կներկայացվեն մրցույթի ավարտից հետո՝ մինչև տարվա վերջ։

Դրամական պարգևներ կստանան նաև մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 10-ն է:

Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է այցելել www.mirzoyan.am պաշտոնական կայք, զանգահարել +37455 07 07 80 հեռախոսահամարով կամ գրել մրցույթի ֆեյսբուքյան պաշտոնական էջին:


Պատանիներն առաջին մեդալներն են նվաճել սամբոյի Եվրոպայի առաջնությունում

Ապրիլի 21-ից 23-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի պատանիների ու երիտասարդների առաջնության մրցումային առաջին օրը մեդալաշատ է եղել Հայաստանի հավաքականի համար։

 

Հայաստանի հավաքականը նվաճել է Եվրոպայի առաջնության 4 բրոնզե և 2 արծաթե մեդալ։

 

Մեդալակիրներն են՝

 

Դավոյան Սևակ -53 կգ՝ բրոնզ

Սիմոնյան Նարեկ-58 կգ՝ բրոնզ

Ումուրշատյան Հակոբ-64 կգ՝ բրոնզ

Շատվերյան Գոռ-71 կգ՝ արծաթ

Մուրադյան Գոռ-79 կգ՝ արծաթ

Բաբայան Գոգա-88 կգ՝ բրոնզ

Լիբանանն ու Իսրայելը կրկին կբանակցեն Վաշինգտոնում


Քաղաքականություն


Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին կլինի ԱՄՆ պատվիրակության կազմում Իսրայելի և Լիբանանի միջև առաջիկա ուղիղ բանակցություններին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի խոսնակին։

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Լիբանանում ԱՄՆ դեսպան Միշել Իսան և Պետդեպարտամենտի խորհրդական Մայքլ Նիդհեմը նույնպես կմասնակցեն ապրիլի 23-ին, հինգշաբթի, Վաշինգտոնում, Պետդեպարտամենտում նախատեսված բանակցություններին։

Ինչպես նախորդ փուլում, Իսրայելը և Լիբանանը կներկայացվեն ԱՄՆ-ում իրենց դեսպանների կողմից։ Սա դեսպանների միջև բանակցությունների երկրորդ փուլը կլինի վերջին երկու շաբաթվա ընթացքում։



Lufthansa-ն ամառային սեզոնի ընթացքում 20 000 հազար ոչ շահավետ չվերթ կչեղարկի


Բիզնես


Գերմանիայի գլխավոր ավիափոխադրող Lufthansa ընկերությունն ամառային սեզոնի ընթացքում 20 000 հազար ոչ շահավետ չվերթ կչեղարկի ավիավառելիքի խնայողության համար, որը թանկացել է Իրանում ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով ավիաընկերության հաղորդագրությունը։ 

Թռիչքների կրճատումը կվերաբերի Ֆրանկֆուրտի և Մյունխենի օդանավակայաններին և կգործի մինչև հոկտեմբերի վերջը։ Միևնույն ժամանակ ընկերությունը նոր չվերթեր կգործարկի Ցյուրիխից, Վիեննայից ու Բրյուսելից և դեպի այդ քաղաքներ։

Lufthansa-ի ներկայացուցիչները կարծում են, որ այս չվերթերի չեղարկման միջոցով հնարավոր կլինի խնայել ավելի քան 40 000 տոննա ավիավառելիք։ Ընդ որում, ավիաընկերության արդյունավետությունը, որը չափվում է հասանելի ուղևորային կիլոմետրերով (այս ցուցանիշը հավասար է հասանելի նստատեղերի քանակի և տրանսպորտային միջոցի անցած կիլոմետրերի բազմապատկմանը), կնվազի մեկ տոկոսային կետից էլ պակաս ցուցանիշով։

Ընկերությունն արդեն չեղարկում է մինչև մայիսի 31-ը նախատեսված չվերթերը։ Օրինակ՝ ապրիլի 20-ին Lufthansa-ն չեղարկել է առաջին 120 ամենօրյա չվերթերը։ Մասնավորապես, ժամանակավորապես դադարեցվել են Ֆրանկֆուրտից դեպի լեհական Բիդգոշչ և Ժեշով քաղաքներ, ինչպես նաև դեպի նորվեգական Ստավանգեր թռիչքները։ Այլ փոփոխությունների մասին ընկերությունը կտեղեկացնի ապրիլի վերջին։



Հայաստանը ցանկանում է ինտեգրվել եվրոպական տրանսպորտային, էներգետիկ և թվայնացման ցանցերին


Քաղաքականություն


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ Պատվիրակության ղեկավար, դեսպան  Վասիլիս Մարագոսին:

ԵՄ դեսպանի հետ կայացած հանդիպմանը փոխվարչապետը հույս է հայտնել, որ Եվրոպական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ առաջիկա գագաթնաժողովները կարտացոլեն կողմերի մտադրությունը շարունակելու համագործակցային և փոխադարձ շահեկան գործընկերությունը, որը միտված կլինի Հայաստանի ինտեգրմանը եվրոպական տրանսպորտային, էներգետիկ և թվայնացման ցանցերին՝ դրանով իսկ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը և կայուն զարգացմանը։

Սույն թվականի մայիսին Երևանում անցկացվելիք բարձր մակարդակի միջոցառումներին ընդառաջ զրուցակիցներն անդրադարձել են ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդման և փոխկապակցվածության օրակարգերին՝ կարևորելով ռազմավարական առաջնայնություն հանդիսացող ծրագրերում հայաստանյան և ԵՄ մասնավոր հատվածների համար ներդրումներ կատարելու հնարավորությունները։



Քննարկվել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր


Քաղաքականություն


Վրաստանի պաշտպանության նախարարությունում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո մեկնարկել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր։
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։



Բյուրեղավանում բազմաթիվ քաղաքացիներ նույնատիպ գանգատներով դիմել են պոլիկլինիկա


Հայաստան


Վերջին օրերին Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում բազմաթիվ  քաղաքացիներ պոլիկլինիկա են դիմել նույնատիպ գանգատներով՝ սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմության բարձրացում։ Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ սահմանված կարգի համաձայն՝ նմանատիպ մի քանի դիմումների դեպքում պոլիկլինիկան պարտադիր տեղեկացնում է համապատասխան առողջապահական մարմիններին։

«Մենք օրենքով նախատեսված կարգով հայտնել ենք համապատասխան կառույցներին, և այժմ իրականացվում են ստուգումներ։ Մասնավորապես՝ կատարվում են ջրի և հնարավոր այլ աղբյուրների նմուշառումներ՝ պարզելու պատճառը»,-ասաց տնօրենը։ Նրա խոսքով՝ այս պահին որևէ վերջնական տվյալ դեռ չկա, և հետազոտությունները շարունակվում են։ «Այս պահին «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչները համայնքում են, իրականացնում են նմուշառումներ և ստուգումներ։ Դեռևս որևէ բան չի հայտնաբերվել»,-հավելեց նա։

Տնօրենի փոխանցմամբ՝ դիմած քաղաքացիների առողջական վիճակը ներկայում գնահատվում է բավարար, իսկ նման գանգատներով նոր կանչեր չեն գրանցվել։ «Հիվանդների վիճակը նորմալ է, կանչերը դադարել են։ Մենք շարունակում ենք սպասել ստուգումների արդյունքներին և գործում ենք սահմանված ընթացակարգով»,– ընդգծել է Վարդումյանը։

Ապրիլի 22-ին Բյուրեղավանի համայնքապետարանն էր հաղորդագրություն տարածել՝ հայտնելով, որ Բյուրեղավան քաղաքում վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ են դիմել շտապ օգնության ծառայություն հետևյալ գանգատներով’ սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում։ Նշվել էր, որ իրավիճակի մասին տեղյակ են համապատասխան հակահամաճարակային ծառայությունները։ «Խնդրում ենք նման գանգատների առկայության դեպքում անպայման դիմել բժշկի, հնարավորինս զերծ մնալ ջրօգտագործումից կամ օգտագործել եռացրած վիճակում»,- ասված էր համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։