Հայտնի է Նուբարաշենի աղբավայրում պայթյունի պատճառը


Հայաստան


Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել Նուբարաշենի աղբավայրի պայթյունին։ Զեկուցվել է, որ սանհանգույցում արտառոց հոտ է տարածվել, տնօրենը փորձել է ճշտել՝ ինչով է պայմանավորված, և երբ մտել ու լույսը վառել է, պայթյուն է տեղի ունեցել։ Նրա և աշխատակցի վիճակը կայուն ծանր է։

Տիգրան Ավինյանը, արձագանքելով կատարվածին, նշել է. «Աղբավայրում ամբողջական մոնիտորինգ պետք է անցկացնենք։ Շատ վատ դեպք է եղել։ Բավականին վտանգավոր միջավայր է և պետք է համապատասխան սարքավորումներով հագեցած լինի բոլոր հատվածները, որտեղ գտնվում են մարդիկ»։

Ըստ քաղաքապետի՝ աղբավայրում շատ մեծ ծավալի աշխատանք է արվել. «Բայց նման դեպքերը ցույց են տալիս, որ անվտանգության կանոնների հետ կապված անելիք ունենք։



8 նոր ավտոբուսի գումար է հավաքագրվել


Ավտո


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ նախկինում տրանսպորտի համար չվճարող անձանց վճարելու հաշվին երկու շաբաթվա ընթացքում հավաքվել է մոտ 8 նոր ավտոբուսի գումար։ «Որքան էլ մեր նոր մեթոդը որոշակի անհարմարություններ ստեղծում է, այնուամենայնիվ, հավաքագրման ու կարգապահության տեսանկյունից այն բավական էֆեկտիվ է»,- ասել է քաղաքապետը։

«Մոտակա շաբաթների ընթացքում սպասում ենք 45 նոր տրոլեյբուս»,- նշել է նա՝ հավելելով, որ 170 նոր ավտոբուսի գնման հայտը պետք է պատրաստել։

Քաղաքապետին զեկուցվել է, որ այժմ տրոլեյբուսները ճանապարհին են՝ ՌԴ-ում։



Աջափնյակի մետրոյի կայարանը մեր ամենամեծ առաջնահերթությունն է


Հայաստան


Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ներկայացվել է մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցման ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ «Աջափնյակի մետրոյի կայարանը մեր ամենամեծ առաջնահերթությունն է»։ Նա հանձնարարել է ամեն շաբաթ զեկուցել այդ ուղղությամբ տարվող աշխատանքները։ «Սա դառնալու է նորմա մինչև այն պահը, երբ մենք բուն իրական շինարարությունը սկսելու ենք այնտեղ»,- ասել է նա։



Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ

 

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» իրականացրել է ավտոերթի տեսանկարահանում Երևան–Գյումրի Մ-1 ավտոճանապարհի Ուջան բնակավայրի հարևանությամբ՝ ավտոերթի մեկնարկի վայրում, 9:30–10:00-ի միջակայքում: Մեքենաների հաշվարկի արդյունքում պարզվել է, որ ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա»,- նշված է հայտարարության մեջ։

Nvidia-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը շնորհակալություն է հայտնել ԲՏԱ նախարարությանը՝ Firebird-ի հետ նախագծի իրականացման համար


Բիզնես


Nvidia ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը LinkedIn-ի իր էջում անդրադարձել է նախօրեին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Firebird AI ընկերության միջև ստորագրված պայմանագրին, որով ՀՀ կառավարությունը Firebird AI ընկերությունից 5 տարի ժամկետով ձեռք կբերի 25 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ:

Nvidia ընկերության փոխնախագահի խոսքով՝ ազգային բյուջեն պարզապես թվերի շարք չէ․ այն երկրի արժեքների ուղիղ արտացոլումն է։

Լեբարեդյանը գրառման մեջ ընդգծել է, որ այս հայտարարությամբ Հայաստանը աշխարհին ասում է, որ մենք հավատում ենք ինքներս մեզ։

«Մենք հավատում ենք, որ արհեստական բանականության գերազանց հաշվարկային հնարավորությունների հասանելիությամբ մեր հետազոտողները, նորարարները, հիմնադիրներն ու քաղաքացիները կունենան անհրաժեշտ գործիքները՝ համաշխարհային բեմում մրցունակ լինելու և Հայաստանը դարձնելու համաշխարհային մակարդակի արհեստական բանականության ոլորտում»,- նշված է գրառման մեջ։

Նա շնորհակալություն է հայտնել ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝  նախաձեռնությունը Firebird AI-ի հետ կյանքի կոչելու համար։

«Սա միայն սկիզբն է»,- խոսքը եզրափակել է նա:

Ձեռք բերվող 25 միլիոն դոլարի բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսները կբաշխվեն ոլորտի ընկերություններին՝ արհեստական բանականության համակարգերի նախագծման նպատակով:



Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել


Ավտո


ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ ապրիլի 19-ին՝ ժամը 12։10-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոդի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 49-րդ կմ-ին բախվել են Opel և Jeep մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Jeep մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է․ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները, «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել դիատար մեքենային։

Opel մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևորի փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են։

Այնուհետև փրկարարներն ուղղել են Jeep մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։



ՀԷՑ-ը 4.1 մլրդ դրամ է ուղղել պետական բյուջե


Բիզնես


Հայաստանի էլեկտրական ցանցերը պետական բյուջե է ուղղել շուրջ 4,1 միլիարդ դրամ՝ որպես շահութահարկի գծով վճարում, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀԷՑ ղեկավարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը:

«Եվս 2,4 մլրդ ՀՀ դրամ կվճարենք մինչև տարեվերջ (ըստ՝ կարգի)։ Արդյունքում 2026 թվականի ֆինանսական տարում ՀԷՑ-ի շահութահարկի գծով վճարումները պետական բյուջե կկազմեն շուրջ 6,5 մլրդ ՀՀ դրամ»,- գրել է Պետրոսյանը:

Ռոմանոս Պետրոսյանը հավելել է, որ 2021-ից 2024 թվականներին ՀԷՑ-ը ռեզիդենտի շահութահարկի գծով որևէ վճարում պետական բյուջե չէր իրականացրել, միայն անցյալ տարի շուրջ 185 մլն ՀՀԴ վճարվել էր որպես շահութահարկի գծով կանխավճար։



Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության


Հայաստան


Ըստ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ ապրիլի 19-ի երեկոյան և ապրիլի 20-21-ը սպասվում են ինտենսիվ տեղումներ և ամպրոպ:

Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում:

Վեդի և Մարմարիկ գետերի ավազաններում հեղեղումների ռիսկով պայմանավորված՝ ՆԳ նախարարի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։

Փրկարար ծառայությունից խնդրում են ցուցաբերել զգոնություն, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։



ՀՀ ԲՏԱ նախարարության և Firebird AI ընկերության միջև ստորագրվել է ԱԲ նորարարությունների զարգացման 25 մլն դոլարի պայմանագիր


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Firebird AI ընկերության միջև ստորագրվել է բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների ձեռքբերման պայմանագիր, հայտնում են ԲՏԱ նախարարությունից։ Պայմանագիրը բխում է ՀՀ կառավարության որոշումից, համաձայն որի՝ պետությունը Firebird AI ընկերությունից 5 տարի ժամկետով ձեռք կբերի 25 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը և Firebird AI ընկերության հիմնադիր և տնօրեն Ալեքսանդր Եսայանը:

Կարևորելով պայմանագրի կնքումը՝  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ այս նախագիծը հնարավոր է դարձել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև ձեռք բերված ռազմավարական պայմանավորվածությունների, ինչպես նաև ընկերության հիմնադիրների գործուն ջանքերի շնորհիվ։

 «Սա երկար ճանապարհի միայն սկիզբն է։ Այս նախագիծը նոր հնարավորություններ է ստեղծում գիտության, առաջատար տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում՝ սահմանելով զարգացման նոր ուղենիշ»,- ընդգծել է նախարարը։

Մխիթար Հայրապետյանը շեշտել է, որ ծրագրի առանցքային գաղափարներից մեկն այն է, որ Հայաստանում գեներացվող ռեսուրսները նախ և առաջ ծառայեն տեղական էկոհամակարգի զարգացմանը։

Նրա խոսքով՝ դեռ նախորդ տարի ստեղծված «Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտ»  (AIVI) հարթակը կծառայի այդ ռեսուրսների հասանելիության ապահովմանը։ Նախարարը նաև հավելել է, որ նախաձեռնությունը պետություն-մասնավոր համագործակցության հաջող օրինակ է, որը կնպաստի Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը, տնտեսության և երկրի դիրքի ամրապնդմանը համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա։

Firebird AI ընկերության հիմնադիր և տնօրեն Ալեքսանդր Եսայանն իր հերթին արձանագրել է, որ այս համագործակցությունը միտված է Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի ամրապնդմանը և նորարարական նախագծերի խթանմանը։ 

«Արհեստական բանականությունն այսօր վերափոխում է աշխարհը և այն երկրները, որոնք հիմա համարձակ որոշումներ են կայացնում, վաղը կսահմանեն խաղի կանոնները։ Մենք ոգեշնչված ենք նախարարության մոտեցմամբ և տեսլականով, որի կենտրոնում Հայաստանի տեխնոլոգիական ապագան է։ Սա պետության և մասնավոր հատվածի համատեղ խոստումն է գիտնականներին, հետազոտողներին, ուսանողներին ու ստարտափներին, որ նրանք ունենալու են արհեստական բանականությունը ի շահ Հայաստանի զարգացմանն օգտագործելու անհրաժեշտ գործիքը»։

Պայմանագրի կարևորության մասին է խոսել նաև NVIDIA-ի Omniverse և մոդելավորման տեխնոլոգիաների փոխնախագահ Ռև Լեբարեդյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը կարող է դառնալ ոչ միայն զարգացող, այլ նաև առաջատար տեխնոլոգիական երկիր՝ առաջնորդելով աշխարհը։

«Այս գաղափարի նպատակն է` երկիրը դուրս բերել համաշխարհային առաջնագիծ՝ հենվելով արհեստական բանականության գերհամակարգիչների հզորության վրա։ Նախագծի առաջին փուլով նախատեսված բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների գործարկումը Հայաստանին հնարավորություն կտան հասնել Գերմանիայի մակարդակին, իսկ մինչև տարեվերջ՝ երկրորդ փուլի ավարտին, այդ հզորությունների ընդհանուր ծավալով երկիրը կհայտնվի աշխարհի առաջատար հնգյակում։ Պետության և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցության շնորհիվ ստեղծվող այս ենթակառուցվածքը Հայաստանին հնարավորություն կտա ունենալ միլիարդավոր բնակչություն ունեցող երկրներին բնորոշ հզորություն և արտադրողականություն»։

Պայմանագիրը նշանակալի առաջընթաց է Հայաստանի տեխնոլոգիական կարողությունների զարգացման ճանապարհին։ Այն ձևավորում է անհրաժեշտ նախադրյալներ՝ արհեստական բանականության ոլորտում նոր լուծումների ստեղծման, գիտահետազոտական գործունեության ակտիվացման և նորարարական միջավայրի ընդլայնման համար՝ նպաստելով մրցունակ, գիտելիքահեն էկոհամակարգի կայացմանը։



Մատուռ բարձրանալիս վնասվածք ստացած քաղաքացուն սարալանջից փրկարարներն են իջեցրել


Հայաստան


Ապրիլի 19-ին՝ ժամը 20։32-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ բնակավայրից «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են սարալանջից։