ԱՄՆ-ը կրկին ժամանակավորապես թույլատրել է ռուսական նավթի հետ կապված գործարքները


Բիզնես


ԱՄՆ-ը թույլատրել է մինչև մայիսի 16-ը ռուսական նավթի և նավթամթերքի վաճառքը, փոխադրումն ու բեռնաթափումը, որոնք բեռնվել են լցանավերում մինչև ապրիլի 17-ը: Նախորդ լիցենզիայի գործողությունն ավարտվել էր ապրիլի 11-ին:

ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալով՝ այն չի տարածվում Իրանի, ինչպես նաև իրանական ծագում ունեցող ապրանքների և ծառայությունների հետ կապված գործարքների և գործունեության վրա:



«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ 17 անձ ձերբակալվել է․ ՔԿ


Քաղաքականություն


Ապրիլի 17-ին Հակակոռուպցիոն դատարանի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածների հատկանիշներով:

Ինչպես հայտնում են քննչական կոմիտեից, քրեական վարույթի նախաքննության ընթացքում 17 անձ ձերբակալվել է:

Կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ:



Իրանը մասամբ բացել է օդային տարածքը


Հարեվաններ


Իրանը մասամբ բացել է օդային տարածքը և սկսել ավիահաղորդակցության աստիճանական վերականգնումը։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է, որ շաբաթ օրվանից արևելյան օդային տարածքի մի մասը պաշտոնապես բացվել է: Գերատեսչության հայտարարության համաձայն՝ երկրի արևելյան շրջանների օդանավակայանները վերսկսել են աշխատանքը բնականոն ռեժիմով, և դրանցից թռիչքներ իրականացնելու հնարավորությունն ամբողջությամբ ապահովված է:



Թուրքիայում ձերբակալվել են դպրոցների վրա հարձակումների սպառնալիքի համար կասկածվող անձինք


Հարեվաններ


Անթալիայում ձերբակալվել է 19-ամյա անձ, որը Քահրամանմարաշի ուսումնական հաստատություններում հարձակումներ կազմակերպելու սպառնալիքներ է հրապարակել սոցցանցերում։

Սամսունում ձերբակալվել է ևս 7 անձ, որոնցից 6-ն անչափահասներ է։ Նրանց մեղադրում են նախապատրաստվող հարձակումների մասին կեղծ տեղեկատվության և միջնակարգ դպրոցի պատերին սպառնալից գրություններ կատարելու համար։

Ավելի վաղ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգի միջնակարգ դպրոցում կրակոցների հետևանքով հաղորդվել էր 9 զոհի և 13 վիրավորի մասին: Կրակողը, որը 13 տարեկան էր, նույնպես մահացել է:



ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Յոսրի Բարսումի հետ․ քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացը


Աշխարհ


Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել MITRE կազմակերպության ներքին անվտանգության ապահովման կենտրոնի (Center for Securing Homeland) փոխնախագահ և տնօրեն Յոսրի Բարսումի հետ՝ հայտնում են դեսպանությունից։

 

Քննարկվել են մի շարք հարցեր՝ ՀՀ–ԱՄՆ օրակարգի, ԹՐԻՓՓ նախաձեռնության տարածաշրջանային նշանակության, դրա իրականացման գործընթացի, ինչպես նաև ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռման հուշագրի վերաբերյալ։ 

 

Դիտարկվել են կիբեռանվտանգության և կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։



Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը


Հայաստան


Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վրթանես Սիմոնի Հակոբյանից (մեղադրվում է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության և հանցավոր կազմակեպության կողմից առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր իրացնելու համար) և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 1 անշարժ գույք՝ Երևան քաղաքում.
  • 4 շարժական գույք.
  • 270 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:



Լիանա Գյուրջյանը ստացել է 2019 թ․-ի Եվրոպայի առաջնության փոփոխված մեդալները


Սպորտ


Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը ստացել է 2019 թվականի Եվրոպայի առաջնության փոփոխված մեդալները:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից հիշեցնում են, որ Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան որակազրկել էր 81 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկներին՝ ինչի շնորհիվ Լիանա Գյուրջյանն արժանացել էր փոփոխված բրոնզե (պոկում ու երկամարտ) և ոսկե (հրում) մեդալների:



Ֆրանսիայում տեղի է ունեցել Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոների պետերի 21-րդ համաժողովը


Ապրիլի 8-10-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոների պետերի 21-րդ համաժողովը։ Մասնակցում էին Ինտերպոլի 148 անդամ երկրների 300 պատվիրակ, Ինտերպոլի գլխավոր քարտուղարության և տարածաշրջանային բյուրոների ղեկավարներ: Այդ մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը: Հայաստանը ներկայացնում էր ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, Հայաստանում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի պետ Նարինե Հակոբյանը:


Համաժողովում ելույթ են ունեցել Ինտերպոլի գլխավոր քարտուղարը, նախագահը, Ինտերպոլի ենթավարչությունների ղեկավարներ և անդամ երկրների պատվիրակներ:

 

Քննարկվել են հանրության համար լուրջ սպառնալիքներ ներկայացնող հանցավորության ոլորտների դեմ պայքարին, առկա մարտահրավերներին ու անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ կազմակերպված հանցավորության, կիբեռհանցավորության, մարդկանց թրաֆիքինգի և ապօրինի միգրացիայի դեմ պայքարին ուղղված հարցեր։


Ներկայացվել է հանցավորության դեմ պայքարում Ինտերպոլի գործիքակազմը։ Կարևորվել են անդամ երկրների միջև համագործակցության և տեղեկատվության փոխանակման ընդլայնումը, հանցագործությունների բացահայտման գործում թվային տեխնոլոգիաների ու արհեստական բանականության կիրառումը, ինչպես նաև իրավապահ մարմիններում կանանց դերի բարձրացումը:

 

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետի տեղակալ, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ Նարինե Հակոբյանը համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել Ինտերպոլի նախագահի, տարբեր ենթավարչությունների ներկայացուցիչների ու մի շարք անդամ երկրների ԱԿԲ պետերի հետ, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանական համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր:

 

Ընդունվել է չորս որոշում` Ազգային կենտրոնական բյուրոների դերի բարձրացման և հզորացման, համագործակցության ընդլայնման և մի շարք այլ թեմաներով:

 

Ինտերպոլի ԱԿԲ պետերի ամենամյա համաժողովը միջազգային ոստիկանական համագործակցության ամրապնդման, գործնական հարաբերություններ կառուցելու, փորձի փոխանակման հնարավորություն է, ինչը նպաստում է հանցավոր սպառնալիքներին արդյունավետ դիմակայելուն։


Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է բրոնզե մեդալների


Սպորտ


Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախկին անդամ, երջանկահիշատակ Աղասի Աղասյանը հետմահու արժանացավ 2014 թվականին Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության հրում վարժության ու երկամարտի բրոնզե մեդալների, հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։

2019 թվականին EWF-ի կողմից որակազրկման պատճառով Աղասի Աղասյանի հետ նույն` 85 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկները զրկվել էին մեդալներից: Մեդալի հանձնման արարողությունը կայացավ Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի կոնգրեսի շրջանակներում:

Աղասյանի մեդալը ստացավ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան այն առաջիկա օրերին կփոխանցի Աղասյան ընտանիքին:



Լիբանանում հրադադարից հետո տասնյակ հազարավոր տեղահանվածներ վերադառնում են տուն


Քաղաքականություն


Վաղ առավոտից մարդկանց հոսքը ուղղվել է դեպի Բեյրութի հարավային արվարձաններ, ինչպես նաև երկրի հարավում գտնվող քաղաքներ ու գյուղեր, որտեղ շաբաթներ շարունակ ընթանում էին թեժ մարտական գործողություններ։ 

Վերադարձի գործընթացն ընթանում է զգուշավոր տոնական մթնոլորտում, երբ մարդիկ, երկարատև ընդմիջումից հետո, հնարավորություն են ստացել կրկին տեսնել իրենց տները։

Տեղահանվածների զանգվածային վերադարձը հանգեցրել է լուրջ խցանումների հիմնական տրանսպորտային հանգույցներում։ Բեյրութից հյուսիս ընկած ճանապարհները ծանրաբեռնված են մայրաքաղաքի հարավային շրջաններ շտապող մեքենաներով։